Նուր Ինայաթ Խան | Noor Inayat Khan

Նուր Ինայաթ Խան | 1914-1944թթ.

գիրք  |  «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» 
էսսեի հեղինակ  |  Հասմիկ Սիմոնյան


Հաշմանդամության ոչ բոլոր տեսակներն են առաջին հայացքից երևում: Կան տեսանելի և անտեսանելի հաշմանդամություններ: Անտեսանելի հաշմանդամություն է, օրինակ, էպիլեպսիան: Անտեսանելի հաշմանդամություն ունեցող մարդիկ (աշխարհում ընդունված կարգ է) կրում են թևնոցներ, որոնց վրա գրված է իրենց հաշմանդամության տեսակը, և երբ, օրինակ, էպիլեպսիայով հիվանդ մարդը ցնցումների մեջ է ընկնում, թևնոցի շնորհիվ նրան ոչ թե շփոթում են հարբեցողի հետ, այլ անմիջապես օգնություն են ցուցաբերում: Կան դեպքեր, երբ ծոցագրպանում թուղթ են պահում, որի վրա գրված է, թե նման դեպքերում անծանոթներն ինչպես կարող են օգնել և ինչ չանել՝ օգուտ տալու փոխարեն ավելի վնասելով:


Նուր Ինայաթ Խանը անտեսանելի հաշմանդամություն ուներ. արյան շրջանառության խանգարման հետևանքով մշտապես ցավում էին նրա ձեռքերն ու հատկապես մատները, և հենց այդ պատճառով էլ նա ոչ բոլորի պես էր Մորզեի այբուբենն օգտագործում: Նա աշխարհում առաջին կին ռադիովարն էր:

Նուրը բրիտանացի հնդիկ արքայադուստր էր՝ մայսուրական սուլթանի ժառանգորդը: Նրա մայրն ամերիկուհի էր, հայրը՝ հնդիկ սուֆիստ, որ շրջում էր երկրեերկիր, հանդիպում իմաստուն մարդկանց ու փիլիսոփաների: Եթե իսլամն արգելում էր երաժշտությունը, ապա սուֆիները ոչ միայն չէին արգելում, այլև հատուկ տեղ էին տալիս երաժշտությանը իրենց փիլիսոփայական զրույցների ժամանակ. նրանք կարծում էին, որ երաժշտության շնորհիվ մոտենում են Աստծուն: Ոչ բոլոր սուֆիներն իրավունք ունեին սուֆիստական ուսմունքը տարածելու և սովորեցնելու: Նուրի հայրը այն քչերից էր, ում ասվել էր՝ գնա ու քո երաժշտությամբ արևելքն ու արևմուտքը կամրջիր: Եվ հայրը ճամփա էր ընկել: Միացյալ Նահանգներում ճամփորդելիս հանդիպել էր ապագա կնոջն ու առաջին իսկ հայացքից սիրահարվել:

Նուրը ծնվում է Մոսկվայում: Նա չորս երեխաներից ավագն էր, ու տանը կատակով Նուրին ասում էին «բաբուլյա» (ռուս. տատիկ), որովհետև մեծի պես խնամում էր իրենից փոքրերին: Վեց տարեկանում ընտանիքով տեղափոխվում են Փարիզ: Շատ մեծ տուն ունեին: Տարին բոլոր դուռը բաց էր բոլորի առաջ: Իմաստուն սուֆիները հավաքվում էին այստեղ՝ երկար-բարակ զրույցների ու բանավեճերի, նվագում էին, մեդիտացիաներ անում: Երեխաները համերգային փոքրիկ ներկայացումներ էին տալիս հյուրերի առաջ ու խաղում պարտեզում:

1927 թվականին հայրը որոշում է մեկնել հայրենիք: Կարոտել էր սիրելի Հնդկաստանը, նաև մի քիչ վատառողջ էր. կարծում էր՝ հայրենի եզերքը կօգնի շուտ ապաքինվելուն: Հիվանդությունը, ցավոք, խորանում է, ու հայրը հեռանում է կյանքից: Մայրը ցավից խելագարվում էր. նա փակվում է սենյակում ու հրաժարվում որևէ մեկին տեսնելուց: Տասներեքամյա Նուրը ստանձնում է քույրերի ու եղբայրների խնամակալի դերը ու նրանց համար մայր դառնում: Սակայն երբ հոգսը ծանրանում էր, ու զգում էր, որ ինքն այլևս չի դիմանա, սկսում էր գրել: Շուտով նա մանկական հեքիաթների գիրք է հրատարակում, այն թարգմանվում է անգլերեն և գերմաներեն ու Եվրոպայում դառնում շատ հայտնի:

Սորբոնում Նուրը մանկական հոգեբանություն է ուսանում, իսկ Փարիզի կոնսերվատորիայում՝ երաժշտական արվեստ: Նուրը նաև տիրապետում էր մի քանի լեզվի և բոլորն էլ՝ գերազանց: Որպես գրող ու խաղաղարար նրա երազանքները բոլորովին այլ էին ու կապված էին միայն արվեստի հետ: Բայց 1939 թվականին նացիստական Գերմանիան ներխուժում է Լեհաստան, ինչին ի պատասխան՝ Անգլիան ու Ֆրանսիան պատերազմ են հայտարարում Գերմանիային: Սկսվում է Համաշխարհային երկրորդ պատերազմը: Նուրը միանում է Կարմիր խաչին:
1940 թվականին, երբ գերմանական բանակը ներխուժում է Փարիզ, Նուրն ու իր փոքր եղբայրը՝ Վիլայաթը, որոշում են կայացնում: Այո, նրանք սուֆիներ էին ու դեմ էին բռնությանը, բայց ինքնակամ մեկնում են Անգլիա ու կամավորագրվում: Լոնդոնում Վիլայաթը միանում է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերին, Նուրը՝ ռազմաօդային ուժերի կանանց օժանդակ ծառայությանը: Այստեղ նա սովորում է ռադիովարություն (մինչ այդ ռադիովար էին միայն տղաները):
Եվ մինչ Մորզեի այբուբենով Նուրը հաղորդագրություններ էր ուղարկում, բրիտանական հատուկ ծառայությունները նկատում են աղջկան և առաջարկում համագործակցել օպերատիվ-հետախուզական շտաբում: Հարկավոր էր մեկը, որ գերազանց կտիրապետեր լեզուների: Նացիստների կողմից օկուպացված Ֆրանսիայում պետք էր լրտեսել և զորքերի տեղաշարժի մասին հայտնել՝ օգնելով ֆրանսիական դիմադրությանը:
Պատրաստվելուց հետո հետախույզը մեկնելու էր օկուպացված Փարիզ, նա չէր լինելու պաշտպանված, և բռնվելու դեպքում ամենայն հավանականությամբ նրան գնդակահարելու էին: Նուրն առանց երկմտելու համաձայնում է:

Լրտեսական դպրոցում նա սովորում է զենք գործածել, աշխատել պայթուցիկների հետ, քողարկված լինել, ծածկագրված նամակներ ուղարկել և այլն: Սովորում էր շատ արագ: Նուրն ասես բնատուր ռադիովար լիներ: Տավիղ նվագելու կարողությունը այստեղ նրան շատ էր օգնում: Նրա մատները սովոր էին արագագործության, բայց դրանք մշտապես ախտահարված էին, ծածկված բշտիկներով ու սառույցի պես սառն էին: Հաճախ ծաղրաբար նրան կանչում էին այդ թվերին տարածված երգի բառերով՝ «Հաջող, Լուլու»: Տնօրենությունից ոմանք ևս մտահոգ էին: Աղջիկն առանձնապես զենք չէր սիրում, դեմ էր երկակի խաղերին, բնավորությամբ խաղաղասեր էր: Հարցաքննությանը, կարծում էին, չէր դիմանա, անլուրջ էր, ֆիզիկապես անպատրաստ: Նուրն ականջի հետև է գցում այս բոլոր կասկածներն ու գնում առաջ. նա լրջորեն մտադրված էր օգնել իր դաշնակիցներին:  

Մադլեն. այդպես էր նրա լրտեսական անունը (թաքուն ձեզ ասեմ, որ այն իր պատմվածքի հերոսուհիներից մեկի անունն էր): Մադլենը «զինված» էր կեղծ անձնագրով, գրպանում մի քանի ֆրանկ ուներ, մի երկու դեղահաբ, որից մեկը ցիանիդ էր՝ թույն, որը կօգներ արագ մեռնել բռնվելու դեպքում: Վեց շաբաթ. ենթադրաբար այդքան էր տևում ռադիովար-հետախույզի կյանքը:

Նուրը միանում է օկուպացված Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ամենամեծ ցանցին, սակայն մի քանի օր հետո Գեստապոն՝ ֆաշիստական Գերմանիայի պետական գաղտնի ոստիկանությունը, ձերբակալում է լրտես ընկերներին: Ֆաշիզմի թշնամիներին մատնելու համար նացիստները կլորիկ գումար էին վճարում: Գայթակղվողները քիչ չէին: Նուրը պետք է շատ զգույշ լիներ: Լոնդոնից առաջարկում են հետ վերադառնալ: Նուրը մերժում է՝ գիտակցելով, որ Փարիզին Լոնդոնի հետ կապող միակ օղակն ինքն է:
Միայնակ նա վեց ռադիովարի գործ էր անում: Մշտապես փոխում էր բնակության վայրը, մազերը ներկում էր ու փոխում սանրվածքը, որպեսզի հանկարծ չբռնվեր: Փարիզի հնաբնակ ընկերներն ու ծանոթները շատ էին օգնում նրան:

Նուրի շնորհիվ հայտնաբերում են ֆաշիստական զինամթերքի կայանները, կարողանում են ֆինանսավորել ու զինել ֆրանսիական դիմադրությանը, նաև իրականացնում են վիրավոր օդաչուների անվտանգ տեղափոխությունը: Նացիստները գիտեին Նուրին, անգամ նրա հաղորդագրություններն էին լսում, բայց չէին կարողանում բռնել նրան: Լոնդոնից հիացած հետևում էին աղջկան ու ապշում. միջին վիճակագրական լրտեսի աշխատանքը սովորաբար տևում էր վեց շաբաթ, Նուրն աշխատում էր գաղտնի արդեն երեք ամիս: Նրա հաղորդագրություններն անթերի էին, ավելի արդյունավետ անհնար էր գործել:

Հարյուր հազար ֆրանկ. այդքան վճարեցին մատնիչին, որը հայտնեց Նուրի հասցեն: Կար ևս մի գաղտնիք, ինչը հայտնի էր Գեստապոյին. Նուրը պաշտում էր կապույտ գույնը, ու նրա զգեստապահարանը միայն այդ գույնի հագուստից էր բաղկացած:
Նուրը հեշտ հանձնվողը չէր: Անգամ ձերբակալված՝ նա մի քանի անգամ փորձում է փախչել, բայց փոխարենն ամեն անգամ կտտանքներն են շատանում: Նրան հայտարարում են «խիստ վտանգավոր» ու պահում հատուկ փակի տակ: Տասը ամիս շարունակ նրան հարցաքննում են: Նա պահվում էր դատարկ ու ցուրտ խցում՝ ոտքերն ու ձեռքերը շղթայված: Նրան շարունակ տանջում են, ծեծում, բայց ֆաշիստները նրա շուրթերից այդպես էլ ոչ մի անուն չեն լսում:

1944 թվականի սեպտեմբերին Նուրին տեղափոխում են Դախաու՝ համակենտրոնացման ճամբար: Նուրին ու ևս երեք լրտես կնոջ սպասում էր գնդակահարություն: Նուրի գնդակահարությունը հետաձգվում է մեկ օրով: Ֆաշիստները կատաղած էին. ամբողջ գիշեր նրան դաժանորեն ծեծում են: Առավոտյան Նուրը փլվում է հատակին: Նրան հրամայում են ծնկել: Պահնորդներից մեկը գնդակահարում է նրան: Մահվանից առաջ Նուրը մեկ բառ է գոռում՝ Liberte՝ ազատություն:

1946 թվականին ֆրանսիական կառավարությունը հետմահու պարգևատրեց Նուր Ինայաթ Խանին Մարտական խաչի արծաթե աստղ շքանշանով, իսկ 1949 թվականին Անգլիան արժանացրեց նրան Գեորգիևյան խաչի: Այն տրվում էր ծայրաստիճան դժվար պայմաններում ցուցաբերած բացառիկ քաջության համար:
Նուրը հարավասիական ծագմամբ առաջին կինն է, որ 2019 թվականին Լոնդոնում արժանացավ կապույտ հուշատախտակի: Առ այսօր նա միակ մուսուլման, ազգությամբ հնդիկ կինն է, որի կիսանդրին Անգլիայի հանրային վայրում է, նրա դիմապատկերով նաև բրիտանական նամականիշ է թողարկվել:

No Comments

Post A Comment