Դորոթեա Լենգ | Dorothea Lange

Դորոթեա Լենգ | 1895-1965թթ.

գիրք  |  «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» 
էսսեի հեղինակ  |  Հասմիկ Սիմոնյան

Կա մի նկար, որ գիտեն գրեթե բոլորը, անգամ եթե նկարչությունից կիլոմետրերով հեռու են: Երևի գլխի ընկաք, որ նկատի ունեմ Մոնա Լիզային: Դա Վինչիի պատկերած կինը խորհրդավոր է ու ասես ծածուկ ինչ-որ գաղտնիքներ գիտի, որ պատրաստ է քեզ պատմել, բայց ինչ-ինչ պատճառներով լռում է՝ կրկնապատկելով խորհրդավորության շերտը: Եվ կա մի կնոջ լուսանկար, որ նույնչափ տպավորիչ է ու մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ է համարվում: Այն հայտնի է «Մեծ ճգնաժամի Մոնա Լիզա» անունով և տպվել է միլիոնավոր բացիկների ու նամականիշների վրա, հայտնվել հոդվածներում ու ամսագրերում: Պատկերված կնոջ անունը երկար ժամանակ անհայտ էր, լուսանկարչի անունը ևս չէր թնդում, հեղինակային իրավունքն այդ թվերին քչերին էր հուզում:

Լուսանկարում կինը գրկել է երեխաներին, որոնք թաքցրել են իրենց դեմքը՝ փոքրիկ գլուխները անուժ հակելով մոր ուսին: Ֆոտոյում ձեռքերը հուսահատ են ու վճռականորեն տխուր. մոր ձեռքը սեղմում է շուրթի ծայրը, փոքրիկինը բռունցքված է՝ այտով ուսին հենված: Եթե Դա Վինչիի կինը աչքերով միշտ որսում է դիտողին, որ լռի հետը, ապա այս կնոջ թեք հայացքը չի նկատում իր դիտորդին: Նա ասես հոգսի դեմքն է՝ բոլորիս փոխարեն, բոլորիս մասին:

Այսօր մենք ճանաչում ենք նրան: Երեսուներկուամյա Ֆլորենսն էր կինը՝ յոթ երեխաների մայր, ով սոված էր ու հուսահատ: Վատ եղանակը փչացրել էր ոլոռի բերքը, ու տեղացիները, որ ոլոռ հավաքողներ էին, բառացիորեն սովամահ էին լինում:

Լուսանկարչուհին կնոջ անունն ու տարիքը չհարցրեց, բայց կինը պատմեց նրան, որ երեսուներկու տարեկան է, սնվում են սառեցրած բանջարեղենով ու թռչուններով, որոնց իր երեխաներն են սպանում, ու որ ինքն առավոտյան վաճառել է մեքենայի դողերը, որ ուտելու մի բան գնի:

1936 թվականին՝ լուսանկարի հրապարակումից անմիջապես հետո, ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարեց, որ 20 հազար ֆունտ սնունդ է ուղարկում ոլոռ հավաքողների ճամբար: Այդ ժամանակ արդեն անանուն կինն ու իր ընտանիքը հեռացել էին փախստականների ճամբարից, իսկ լուսանկարը շարունակում էր հայտնվել ամսագրերի շապիկներին, գովազդներում, ամենուր:
1978 թվականին Ֆլորենս Թոմփսոնը նամակ է գրում ամսագրերից մեկի խմբագրին՝ նշելով, որ ինքն է հանրահայտ լուսանկարի կինը: Նա իսկական ամերիկացի էր՝ չիրոկի հնդկացի ցեղախմբից, ամուսնու հետ տեղափոխվել էր Կալիֆորնիա ու աշխատանք գտել ջրաղացում: Ամուսնու մահից հետո ստիպված էր վեց երեխայի մասին հոգ տանել ու առավոտից իրիկուն աշխատել բամբակի դաշտերում: Լուսանկարի շնորհիվ Թոմփսոնը դարձավ ամենահայտնի փախստականը աշխարհում, և անգամ երբ նա մահացավ, ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը ցավակցություն ուղարկեց՝ նշելով, որ տիկին Թոմփսոնն ուժի ու վճռականության խորհրդանիշն էր Մեծ ճգնաժամի օրերին:

Իսկ ո՞վ էր լուսանկարիչը:
Դորոթեան ամերիկացի փաստավավերագրող ֆոտոլրագրող էր, որ հայտնի դարձավ Ամերիկյան մեծ ճգնաժամն ու հետևանքները լուսաբանող անչափ մարդկային ֆոտոպատումներով: Յոթ տարեկանում հիվանդացել էր պոլիոմելիտով, ինչի հետևանքով նրա աջ վերջույթը չորացած էր ու ոլորված, և ոտնաթաթը գետնին դնել չէր կարողանում: Ավելի ուշ նա կասի հարցազրույցներից մեկում. «Ինձ պատահած ամենակարևոր բանն այս կյանքում պոլիոմելիտն էր: Իմ կաղությունն ինձ ձևավորեց, ուղղություն տվեց, սովորեցրեց, օգնեց ինձ ու ստորացրեց»:     

Տասներկու տարեկանում հայրը լքում է ընտանիքը: Դորոթեան չի ներում հորն ու հրաժարվում է վերջինիս ազգանունից՝ փոխարինաբար ստորագրելով մոր ազգանունով՝ Լենգ: Ընտանիքը տեղափոխվում է Նյու Յորքի հրեական թաղամաս: Լենգը թափառում է փողոցներով, զննում մարդկանց ու սովորում նրանց նայել վավերագրողի աչքով: Դպրոցն ավարտելուց հետո որոշում է ֆոտոկրթություն ստանալ, աշխատակցում է ֆոտոստուդիաներին՝ ծանոթանալով ֆոտոյի գաղտնիքներին ու տեխնիկային:
Մի քանի տարի անց Սան Ֆրանցիսկոյում սեփական լուսանկարչատուն է բացում: Հիմնականում լուսանկարում էր կառավարության համար. ցավոք, նրա արած դիմանկարները շրջում էին անստորագիր ու առանց հեղինակային իրավունքի:

Մեծ ճգնաժամը իր հարվածներն է հասցնում: Մարդիկ դադարում են լուսանկարչատուն գալ, և Դորոթեան դուրս է գալիս փողոց՝ լուսանկարելու ու գտնելու նոր օբյեկտներ:

1935 թվականին Լենգին հրավիրում են որպես լուսանկարիչ տնտեսական հետաքննություն անցկացնելու: Տպավորված Լենգի աշխատանքներից՝ նրան հրավիրում են աշխատելու ԱՄՆ-ի կառավարությունում՝ ֆերմաների անվտանգության ադմինիստրացիայում:

Լենգը սկսում է նկարել աշխատավոր մարդկանց՝ վեր հանելով չքավոր բանվոր դասակարգի խնդիրները: Այդ տարիների նրա լուսանկարները դառնում են ամերիկյան պատմության և ֆոտոյի պատմության խորհրդանիշը:

Նա օգտագործում էր լուսանկարչատան տեխնիկան, լուսանկարելուց առաջ խնդրում էր մարդկանց կիսվել իրենց պատմությամբ, փորձում էր ճանաչել նրանց: Արտասովոր ունակություն ուներ. կարողանում էր շփվել ցանկացած մարդու հետ: Սաստիկ գաղտնապահ էր: Երբեք չէր խոսում իր անձնական կյանքից: Եվ երբեք չէր լուսանկարվում: Իր տեսախցիկն անվանում էր «շատ դեմոկրատ արարած»: Մարդիկ նրան վստահում էին, հաճախ շատ անձնական պատմություններով կիսվում:

Իր ուսանողներին մշտապես ասում էր. «Տեսախցիկը գործիք է, որ սովորեցնում է մեզ ինչպե՛ս տեսնել:
Տեսախցիկը գործիք է, որ սովորեցնում է մեզ ինչպես տեսնել առանց տեսախցիկի»:

 Լենգն առաջին կին լուսանկարիչն էր, որ Գուգենհեյմի կրթաթոշակի արժանացավ: Մահվանից երեք ամիս առաջ Նյու Յորքի ամենահեղինակավոր՝ Ժամանակակից արվեստի թանգարանը կազմակերպեց Դորոթեա Լենգի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Դա առաջին կին լուսանկարչի անհատական ցուցադրությունն էր ՄՈՄԱ-ի թանգարանում, որին, ցավոք, Լենգը չհասցրեց ներկա գտնվել. վերջին տարիներին նա պայքարում էր քաղցկեղի դեմ: Ի դեպ, 2020 թվականին ՄՈՄԱ-ն ևս մեկ ցուցադրություն կազմակերպեց. «Դորոթեա Լենգ. բառեր ու պատկերներ»:

2003 թվականին Լենգի անունը գրվեց ԱՄՆ Կանանց փառքի դահլիճում, իսկ 2008-ին՝ Կալիֆորնիա նահանգի Փառքի դահլիճում: Այսօր Դորոթեա Լենգի անունը պատվով կրում է այն դպրոցը, որի կողքին Լենգը լուսանկարել էր իր հանրահայտ ֆոտոն՝ փախստական մորը երեխաների հետ: 

No Comments

Post A Comment