
13 Dec Ջենիֆեր Բրիքեր | Jennifer Bricker
Ջենիֆեր Բրիքեր| ծնվ. 1987թ.
գիրք | «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը»
էսսեի հեղինակ | Արմինե Դանիելյան
Ինչպես ԱՄՆ-ում 1990-ականներին ապրող ցանկացած դեռահաս աղջիկ, Ջենիֆերը նույնպես հեռուստացույցով նայում էր մարմնամարզության աստղ Դոմինիկ Մոչեանուի ելույթներն ու հիանում: Նա էլ էր ուզում հնարքներ անել իր կուռքի պես, ախր նրանք այնքան նման էին. գրեթե նույն տարիքին էին, դիմագծերով շատ չէին տարբերվում, երկուսի նախնիներն էլ Ռումինիայից էին: Ապա ի՞նչն էր խանգարում, որ Ջենիֆերն էլ դառնար լավ մարմնամարզիկ:
Մինչդեռ Ջենիֆերը շատ էր տարբերվում իր շրջապատի բոլոր աղջիկներից: Նա ծնվել էր առանց ոտքերի: Ծնողները անմիջապես հրաժարվել էին երեխայից` նորածնին թողնելով մանկատանը:


Բայց բախտը ժպտացել էր փոքրիկ Ջենիֆերին: Բրիքերների ընտանիքը չէր կարողացել անտարբեր անցնել կենսուրախ աղջնակի կողքով և որոշել էր որդեգրել նրան: Նոր ընտանիքում, շրջապատված նոր ծնողների ու երեք եղբայրների անսահման սիրով և խնամքով, նա անհոգ մանկություն ուներ: Նրան բոլորը քաջալերում էին, սատարում ու հավատում, որ Ջենիֆերը կարող է սարեր շուռ տալ:
Ընտանիքի խրախուսանքներից ոգևորված` Ջենիֆերը որոշեց չհրաժարվել իր երազանքից ու զբաղվել մարմնամարզությամբ: Հենց առաջին քայլերից պարզ դարձավ, որ աղջիկն ունի բնատուր աթլետիզմ և ունակություններ, իսկ երբ դրան էլ գումարվում էին Ջենիֆերի համառությունն ու քրտնաջան աշխատանքը, ապա նա վերածվում էր բացառիկ մարզիկի: Եվ նա սկսեց մեկը մյուսի հետևից բարձունքներ նվաճել` բազում հաղթանակներ, տիտղոսներ, մեդալներ, միջազգային փառք:
Չբավարարվելով արդեն ձեռք բերածով` Ջենիֆերը սկսեց մարմնամարզության նոր ուղղություններ ուսումնասիրել ու հղկել իր հմտությունները: Նա հետաքրքրվեց օդային ակրոբատիկայով և բատուտով: Մի քանի հեղինակավոր երաժիշտներ առաջարկեցին միասին հրավառ բեմադրություն ստեղծել, որտեղ ոչ միայն կլինեին երաժշտություն ու պար, այլև Ջենիֆերի ակրոբատիկ ներկայացումները: Այդպես ստեղծվեցին մի շարք շոու ծրագրեր, որոնք հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց: Ջենիֆերը դարձավ աստղ, ում ամեն ելույթից հետո երկրպագուները հանգիստ չէին տալիս:
Կարծես ամեն ինչ դասավորվել էր ավելի լավ, քան կարելի էր երազել: Բայց մի բան պակասում էր: Ու Ջենիֆերը որոշեց, որ ժամանակն է գտնելու իր կենսաբանական ծնողներին: Պահոցներում երկար փորփրելով` նա գտավ իր որդեգրման փաստաթղթերը ու չհավատաց իր աչքերին: Պարզվում է` ծննդյան պահին նրա ազգանունը Մոչեանու է եղել. իր կուռքը, ում նա երկրպագում էր ու փորձում էր կրկնօրինակել, ում ազդեցությամբ նա որոշել էր դառնալ մարմնամարզիկ ու լիովին փոխել իր կյանքը, Ջենիֆերի հարազատ քույրն էր: Նրանք սկզբում նամակագրական կապ հաստատեցին, այնուհետև հանդիպեցին: Ու այսօր քույրերին այլևս ոչինչ չի բաժանի: Երբեմն կյանքը իսկապես նմանվում է կախարդական հեքիաթի:

No Comments