
18 Jan Շաֆաք Փավեյ | Şafak Pavey
Շաֆաք Փավեյ | ծնվ. 1976թ.
գիրք | «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը»
էսսեի հեղինակ | Արմինե Դանիելյան
Շաֆաք Փավեյն ամենևին չէր ծրագրել պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, չէր ցանկանում զբաղվել մարդասիրական կամ խաղաղաշինական գործերով, երբեք չէր ուզել դառնալ քաղաքական գործիչ կամ ակտիվիստ: Նա սովորական աղջիկ էր Անկարայից, որ մեկնել էր Ցյուրիխ՝ արվեստ ուսանելու, և ուրիշ ապագա էր մտովի գծագրում: Բայց ինչպես հաճախ պատահում է, ճակատագիրը մեր փոխարեն որոշումներ է կայացնում, ու մեկ ակնթարթում մեզ ծանոթ կյանքն անհետանում է:
Մի օր գնացքը, որի ուղևորների մեջ էր Շաֆաքը, ծանր վթարի է ենթարկվում: Երիտասարդ աղջիկը կորցնում է մի ձեռքն ու մի ոտքը՝ հայտնվելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մարտահրավերներով լի աշխարհում:
Հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկները հասարակության ամենախոցելի խմբերից են: Հաշվել են, որ ամեն րոպե աշխարհի տարբեր կետերում մոտ 30 կին լուրջ վնասվածք կամ հաշմանդամություն է ստանում: Այդուհանդերձ այդ 15-50 միլիոն կանայք, որպես կանոն, անուշադրության են մատնված: Իհարկե, կան բացառություններ` կանայք, որ պայքարում են իրենց և մյուսների հավասարության համար:




Շաֆաքը սկսեց լիարժեք ու իմաստալից կյանքով ապրելու իր քրտնաջան պայքարը: Հանկարծ նա նկատեց իր հայրենի Թուրքիայում հաշմանդամություն ունեցողների լռակյաց համայնքին, նա որոշեց փոխել շատերի կանխակալ վերաբերմունքն ու կարծրատիպային մտածելակերպը:
Շաֆաքը կայացրեց խիզախ որոշում` դարձնել իր պայքարը պիտանի հօգուտ մյուսների` փոքրամասնությունների, երեխաների, բռնության ենթարկված կանանց, հաշմանդամություն ունեցողների, փախստականների և մյուս բոլոր նրանց, ում իրավունքները պարբերաբար ոտնահարվում են բռնապետական պետությունում:
Նա սկսեց աշխատել տարբեր կազմակերպություններում, մշակել համազգային ու միջազգային ծրագրեր: Փավեյը դարձավ թուրք-հայկական երկլեզու «Ակոս» թերթում տպագրվող առաջին թուրք լրագրողներից:
Յոթ տարի շարունակ Շաֆաքը աշխատում էր ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում: Իրավապաշտպան առաքելություններով այցելում է Ալժիր, Եգիպտոս, Իրան, Լիբանան, Սիրիա, Եմեն, Աֆղանստան:
Տասնհինգ տարի հայրենիքից դուրս ապրելուց հետո Շաֆաքը վերադարձավ Թուրքիա ու մասնակցեց խորհրդարանական ընտրություններին:
2011 թվականին նա ընտրվեց պատգամավոր ընդդիմադիր կուսակցությունից` դառնալով թուրքական խորհրդարանում հաշմանդամություն ունեցող առաջին կին պատգամավորը:
Շաֆաքին ճանաչողները ասում են, որ նա անսպառ էներգիայի աղբյուր է, անտրտունջ մարտիկ, որ այնքան շատ մարդու կյանք է փոխել երկրագնդի տարբեր անկյուններում:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Շաֆաքին Խիզախության համար մրցանակ հանձնելիս ասել է. «Նա իր հաշմանդամությունը փոխակերպել է ուժի»:
Փավեյի խիզախությունը, համարձակությունը և համառությունը թույլ տվեցին նրան դառնալ հավասարության համար պայքարող առաջամարտիկ: Նա գերազանցում է բոլորի ակնկալիքները, որ հասարակությունը սահմանում է Շաֆաքի և Շաֆաքի նման հաշմանդամություն ունեցող այլ կանանց համար:




No Comments