Դորըթի Հոջքին | Dorothy Hodgkin

Դորըթի Հոջքին | 1910-1994թթ.


գիրք
  |  «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» 

էսսեի հեղինակ  |  Հասմիկ Սիմոնյան

Թեև Դորըթի Հոջքինը ծնվել էր 20-րդ դարում, բայց ստացել էր 19-րդ դարի վերջին հատուկ կրթություն: Ծնողները հնագետներ էին, աշխատում էին անգլիական գաղութային երկրներում: Չորս աղջիկներից ամենամեծը Դորըթին էր: Նա ծնվել էր Կահիրեում: Այն ժամանակ Եգիպտոսը դեռ գտնվում էր Բրիտանական կայսրության ենթակայության ներքո և համարվում էր անգլիական գաղութներից մեկը: Դորըթին չորս տարեկան էր, երբ ծնողները որոշեցին Անգլիա գնալ: Սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Ծնողները վերադարձան Եգիպտոս՝ շուրջ չորս տարի Անգլիայում թողնելով երեխաներին միայն դայակների խնամակալության ներքո:

Դորըթին հետաքրքրվում էր քիմիայով, հատկապես գայթակղիչ էին բյուրեղներն ու նրանց կառուցվածքը, ինչը, ի դեպ, շատ տարածված հոբբի էր ու զրույցի թեմա 1800-ականներին հանգստյան մեկնող կանանց շրջանում: Մի անգամ, երբ քույրերի հետ մեկնում է Հյուսիսային Աֆրիկա՝ տեսակցելու ծնողներին, բակում փայլուն սև բյուրեղ է գտնում ու հիացած սկսում զննել: Նա հարցնում է ծնողների ընկերոջից՝ երկրաբան պարոն Ջոզեֆից, թե կարո՞ղ է արդյոք մի քիչ այն ուսումնասիրել: Պարոն Ջոզեֆը ոչ միայն թույլատրում է, այլև նվիրում է աղջկան գեոդեզիայի սարքավորումներով լի մի տուփ ու խրախուսում շարունակել նույն կերպ:

Իր տասնվեցամյակին Դորըթին անակնկալ նվեր ստացավ. ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Հենրի Բրեգի գիրքն էր, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես ռենտգենյան ճառագայթների միջոցով ուսումնասիրել բյուրեղները: Դորըթին ցնծում էր: Ավելի լավ նվեր անհնար էր պատկերացնել:

Դպրոցում հատուկ թույլտվություն է խնդրում, որպեսզի իրեն թույլ տան միանալ տղաների խմբին, ուր քիմիա էին սովորում: Դորըթին ու իր ընկերուհի Նորան խմբի միակ աղջիկներն էին: Դպրոցական ծրագրում ներառված չէր լատիներենի ուսուցումը, որը հարկավոր էր իմանալ Օքսֆորդ ընդունվելու համար: Դպրոցի տնօրենն անձամբ սովորեցնում է աղջկան:

Երբ 1932 թվականին Դորըթին ավարտեց Օքսֆորդը, աշխատանք գտնելը գրեթե անհնար էր: Ռենտգենյան բյուրեղագրության լաբորատորիայում ուսումնասիրում էին կենսաբանական բյուրեղներն ու պարզում մոլեկուլների կառուցվածքը: Դորըթին միանում է նրանց:
Ու թեև քսանչորս տարեկանում Դորըթիի մոտ ախտորոշում են ռևմատիկ արթրիտ, նա դառնում է իր ժամանակի լավագույն բյուրեղագետներից մեկը: Մի քանի տարի անց ծնվում է նրա առաջնեկը, գիտական հետազոտություններն էլ մեկը մյուսի հետևից փայլուն հաջողությամբ էին պսակվում, բայց վարակի պատճառով արթրիտը գլուխ է բարձրացնում: «Ես նկատեցի, որ դժվարությամբ եմ վեր կենում ու հագնվում: Սովորական բաները վերածվել էին ցավոտ պրոցեսի, բոլոր հյուսվածքներս ցավում էին»: Մի քանի շաբաթվա բուժումից հետո, երբ Դորըթին վերադարձավ լաբորատորիա, նկատեց, որ մատներն այնպես են վնասվել, որ չի կարողանում ռենտգենի սարքի գլխավոր անջատիչն օգտագործել, իսկ այն շատ անհրաժեշտ էր փորձերի ժամանակ: Դորըթին համբերատար կերպով ավելի երկար բռնակ սարքեց անջատիչի համար ու սկսեց գլուխը կախ աշխատել:

Տասնամյակ շարունակ, չհաշված արթրիտի սուր նոպաները, նա մշտապես անխոնջ աշխատում էր: Քեմբրիջում, ապա Օքսֆորդում նա ընտրում էր հենց այն ծրագրերը, որոնցից մյուսները խուսափում էին:
Մի անգամ պատահաբար հանդիպում է Էռնստ Չեյնին, որը կենդանիների վրա պենիցիլին էր փորձարկում: Շուրջ չորս տարի Դորըթին գլուխ ջարդեց՝ հասկանալու պենիցիլինի խճճված կառուցվածքը: Այդ գիտելիքը հետագայում կօգտագործեն դեղագետները՝ ստեղծելու կիսասինթետիկ պենիցիլին:
Տասը տարի անց Դորըթին հայտնագործեց վիտամին  B12-ի կառուցվածքը, իսկ 1964 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի քիմիայի բնագավառում: Նա առաջին անգլիացի կինն էր, որ Նոբել էր ստանում, իսկ քիմիայի բնագավառում մինչ Դորըթին երկու կին էին արժանացել այս մրցանակին՝ Մարի Կյուրին և Կյուրիի դուստրը՝ Իռեն Ժոլիո-Կյուրին:
1969 թվականին նա վերջապես գտավ ինսուլինի գաղտնիքը: Դորըթին հիմնեց բյուրեղագետների միջազգային ասոցացիան:

Երիտասարդ տարիներից Դորըթին ներգրավված էր խաղաղության համար պայքարող կազմակերպությունների աշխատանքներում, օրինակ՝ Ազգերի լիգայի: Առաջին աշխարհամարտի ժամանակ Դորըթին կորցրել էր իր չորս քեռիներին և շատ լավ գիտեր կորստի գինն ու ցավը: 
1953 թվականին ԱՄՆ-ն մերժում է նրան մուտքի վիզա տրամադրել, որովհետև Դորըթին անդամակցում էր գիտական մի խմբի՝ «Գիտությունը հանուն աշխարհի», որի անդամներից ոմանք կոմունիստ էին: Ավելի ուշ նրան թույլատրեցին երկիր մտնել գլխավոր դատախազի երաշխավորությամբ:

1977 թվականին նա անցավ հանգստի՝ շարունակելով ակտիվ մասնակցել խաղաղասիրական տարբեր ակցիաներին ու միջոցառումներին:
1990 թվականին նրան տրվեց անժամկետ անձնագիր: Նա ոչ միայն փայլուն գիտնական էր, այլև բարի ու առատաձեռն ընկեր, հարազատ ուսուցիչ, ի դեպ, նրա ուսանողներից էր նաև Մարգարետ Թետչերը: Նրա մասին ասում էին. «Դորըթին սեր է ճառագայթում առ քիմիա, առ իր ընտանիք ու ընկերներ, առ իր ուսանողներ, իր սիրելի բյուրեղներ ու առ իր քոլեջ… Նա երկաթե կամք ուներ, փխրուն ու հաշմված մարմին և սքանչելի ուղեղ: Նա մարդ-կախարդանք էր»:

No Comments

Post A Comment