Մարիա դա Պենյա | Maria da Penha

Մարիա դա Պենյա | ծնվ. 1945թ.


գիրք  |  «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» 

էսսեի հեղինակ  |  Արմինե Դանիելյան

Բրազիլիան շատերիս պատկերացումներում արևադարձային տաք երկիր է, որտեղ բոլորը հրաշալի ֆուտբոլ են խաղում ու սրտաճմլիկ սերիալներ նկարահանում: Բայց քչերը գիտեն, որ Բրազիլիան կանանց համար աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկն է: Այստեղ ամեն երկու րոպեն մեկ որևէ կնոջ ինչ-որ վտանգ է սպառնում:
Այսօր 75-ամյա Մարիա դա Պենյան արդեն քառասուն տարի շարունակ կատաղի պայքար է մղում հանուն կանանց իրավունքների: Նրա մասին ասում են. «Այս կինը փոխեց հասարակությունը»: 2006 թվականին Բրազիլիայի Հանրապետությունն ընդունեց Մարիա դա Պենյայի օրենքը: Ու՞մ էր այն պետք:

Մարիան հիշում է, որ տարիներ առաջ, երբ դեռ երիտասարդ էր ու շատ բան չէր հասկանում, ոչ ոք չէր խոսում ընտանեկան բռնության մասին. կանայք ունեին լավ կամ վատ ամուսին, ու եթե կնոջ բախտը չէր բերել, և նրան վատ ամուսին էր բաժին հասել, նա պարզապես լռում էր` համակերպվելով ճակատագրին:

Մարիան ուսանող էր, երբ հանդիպեց Մարկոսին` համեստ ուսուցչին Կոլումբիայից: Սիրահարվեցին, ամուսնացան, երեք հրաշալի աղջիկ ունեցան, ու հետո մի օր ամեն ինչ սկսեց փոխվել: Ամուսինը կամաց-կամաց դարձավ անկառավարելի, մոլեգին բռնարար: Վիրավորանքն ու ծեծը դարձավ նրանց կյանքի մի մասը:

Յոթ տարի անց` մի չարաբաստիկ գիշեր էլ, վայրագ ամուսինը կրակում է քնած Մարիային: Փամփուշտը դիպչում է կնոջ ողնաշարին` ընդմիշտ զրկելով նրան ինքնուրույն քայլելու ունակությունից: Սակայն ոստիկանները հավատում են Մարկոսի ստերին, թե իբր նա խռմփացնում էր իր անկողնում, երբ ինչ-որ գողեր հարձակվել են իր կնոջ վրա:

Հիվանդանոցից վերադառնալիս Մարիան հայտնվում է փակի տակ. բռնարար ամուսինը թույլ չի տալիս անգամ զրուցել հարազատների կամ ընկերների հետ: Մի անգամ էլ նույնիսկ փորձում է էլեկտրահարել լոգանք ընդունող կնոջը, ու Մարիան հասկանում է` ամեն գնով պետք է փախչել տնից: Եթե անգամ անվասայլակով է տեղաշարժվում, միևնույնն է, պիտի սկսի գործել, պիտի բարձրաձայնի իր փորձությունների մասին, պիտի պատժի հանցագործին:

«Ես տասնինը տարի և վեց ամիս պայքարել եմ, որպեսզի նախկին ամուսինս բանտում հայտնվի, բայց ամեն անգամ նրան ազատ էին արձակում»:  

Բրազիլիայում պարզապես չկար որևէ օրենք, որի համաձայն` կանայք պաշտպանված կլինեին ընտանեկան բռնությունից: Ոստիկանության և դատարանների դռները ապարդյուն ծեծելուց հետո Մարիան դիմում է Մարդու իրավունքների միջամերիկյան կոմիտեին:

«Դա Պենյան ընդդեմ Բրազիլիայի» գործը քննելուց հետո կոմիտեն հարկադրում է երկրի կառավարությանը փոփոխություն անել օրենսդրության մեջ: Առաջին անգամ ընդունվում է մի օրենք, որը կարևորում էր կնոջ իրավունքներն ու անվտանգությունը: Դա նաև նշանակում էր, որ Մարիան դեռ շատ բան ուներ անելու իր հայրենիքում: Հարկավոր էր կանանց իրազեկել օրենքի մասին, օգնության ձեռք մեկնել բռնության զոհերին, պատմել, որ նրանք այլևս միայնակ չեն:

Հիմա ամբողջ Բրազիլիան գիտի Մարիա դա Պենյայի օրենքի մասին: Բազմաթիվ կանայք խոստովանում են, որ օրենքը փրկել է իրենց կյանքը: Մարիան համոզված է՝ չի կարելի կանգ առնել, որովհետև ոչ մի կին արժանի չէ նման տառապանքների:

No Comments

Post A Comment