Թիլի Ասթոն | Tilly Aston

Թիլի Ասթոն  | 1873-1947թթ.


գիրք
  |  «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» 

էսսեի հեղինակ  |  Արմինե Դանիելյան

Աշխարհում շատերը երբեք չեն լսել միսս Թիլի Ասթոնի մասին, ում Ավստրալիայում համարում են հերոսուհի: Մինչդեռ իր նվիրյալ ծառայության համար նա  ավելի մեծ երախտագիտության ու հիացմունքի է արժանի: Լինելով փոփոխության համար պայքարող առաջամարտիկ` նա կարծես իր ուսերին էր բարձել «իր կույր եղբայրներին» օգնելու խնդիրը:

Մաթիլդա Էնն Ասթոնը, որին բոլորն անվանում էին պարզապես Թիլի, ծնվել էր 1873 թվականին ավստրալական Քարիսբրուկ քաղաքում`բազմազավակ հանքափորների ընտանիքում: Ութ երեխաներից ամենափոքրն էր: Տանը միշտ աղմուկ էր, թոհուբոհ, հայրը հեքիաթներ ու հանելուկներ էր կարդում, մայրը ազգային երգեր էր սովորեցնում, ու ոչ մեկին չէր վախեցնում այն փաստը, որ իրենց կրտսեր աղջկա մի աչքը թույլ տեսողություն ունի: Վեց տարեկանում Թիլին արդեն սովորում է կարդալ մեծ տառերով տպագրված գրքեր ու անգիր արտասանել իր սիրելի բանաստեղծությունները: Սակայն մեկ տարի անց կամաց-կամաց պատկերները սկսում են ծածկվել մշուշով, մինչև խավարը վերջնականապես չի պատում Թիլի աչքերը:

Զարմանալի է, բայց աղջիկն ամենևին չի կորցնում իր կենսուրախությունն ու չի հուսահատվում: Նրան տեղափոխում են ուրիշ քաղաք` տեսողական հաշմանդամություն ունեցող աղջիկների գիշերօթիկ դպրոց: Սա արկածային մի ճամփորդություն էր Թիլի համար: Նա ջանասեր աշակերտ էր, ով արագ սովորում է գրել ու կարդալ Բրայլի այբուբենով, մեծ հաջողություններ է գրանցում գրականության ու երաժշտության դասերին, ձեռագործ հմտություններ ձեռք բերում: Գուցե հիմա դրանով շատերին չես զարմացնի, բայց հարյուր տարի առաջ հաշմանդամություն ունեցող կինը համարվում էր պարզապես անպետք: Նա հաշմանդամություն ունեցող առաջին կինն էր, որ ստացավ դպրոցի ավարտական դիպլոմ:

Այդուհանդերձ 19-րդ դարի վերջում տեսնող հասարակության մեջ անկախ, ազատ և սովորել կամ աշխատել ցանկացող, կուրություն ունեցող կին լինելը  չափազանց բարդ էր: Նախևառաջ չկային դասագրքեր Բրայլի այբուբենով: Թիլին խնդրում էր իր ընկերներին կարդալ ու փորձում էր նշումներ անել, սակայն գործն առաջ չէր գնում: Նա մի քանի անգամ ստիպված էր թողնել ուսումը, որովհետև այլընտրանք չկար: Բայց մի օր օրիորդ Թիլի Ասթոնը գտավ խնդրի լուծումը: Իսկ երբ նրան միացան մի քանի կամավորներ, սայլը տեղից շարժվեց:

Շաբաթը մեկ Թիլին սովորեցնում էր մի խումբ կանանց կուրություն ունեցող մարդկանց համար ստեղծված այբուբենը, իսկ մյուս օրերին այդ կանայք վերատպում էին սովորական գրքերը Բրայլի տառերով: Իսկ Թիլին ու իր ընկերները իրար էին ամրացնում մեքենագրված էջերը` կազմելով ինքնաշեն գրքեր: Շուտով կամավորների թիվը ավելացավ, ու Բրայլի լեզվով թարգմանվեցին բազմաթիվ նոր գրքեր: Այսպես ստեղծվեց կուրություն ունեցողների համար նախատեսված առաջին գրադարաններից մեկը: «Այս բոլոր գործերը, որ մենք հանդգնում ենք անել, հավանաբար մի օր մի տեղ պետք կգան»,- ասում էր Ասթոնը:

Իր ընկերների հետ Ասթոնը հիմնադրեց «Կույրերի առաջընթացի ընկերակցությունը», որի պտղաբեր ու փութաջան աշխատանքի արդյունքում կուրություն ունեցող մարդիկ Ավստրալիայում ստացան ընտրելու իրավունք ու հասարակական տրանսպորտից զեղչված տոմսերով երթևեկելու թույլտվություն: Նա դարձավ տեսողության խնդիրներ ունեցողների համար դպրոցի առաջին չտեսնող տնօրենը: Բայց դա էլ իր հերթին նոր գլխացավանք բերեց: Տեսողության խնդիրներ չունեցող ուսուցիչները միավորվեցին Թիլիի դեմ` նրա ամեն նորամուծություն կամ որոշում դիմավորելով քննադատությամբ ու քմծիծաղով: Նրանք նույնիսկ դասամիջոցներին չէին զրուցում իրենց տնօրենի հետ: Տասը տարուց ավելի Թիլի Ասթոնը հանդուրժում էր նվաստացուցիչ վերաբերմունքը, քանի որ համոզված էր` նա ծառայում էր աշակերտներին, որոնք այնքան շատ ունեին իր կարիքը: Հետագայում դպրոցի շրջանավարտների անսահման երախտագիտությունը ապացուցեց, որ Ասթոնը զուր չէր աշխատում: Թոշակի անցնելով` ձեռքերը ծալած չնստեց. տպագրեց տարիների ընթացքում գրված բանաստեղծությունների ժողովածուն, որը լայն տարածում գտավ թե՛ իր հայրենիքում, թե՛ դրա սահմաններից դուրս: Թիլին աշխարհով մեկ հայտնի դարձավ որպես Ավստրալիայի առաջին չտեսնող պոետ:  

No Comments

Post A Comment