Մանե Գրիգորյան

Մանե Գրիգորյան | ծնվ. 1989թ., Հայաստան

 

  •  

Ես խաղում եմ, Արթուր թագավոր,
չգիտեմ` կհաղթահարես խաղը ու խաղից հետո
ում կսիրես

թագավորների մեջ ամենաթագավոր,
որ թիթեղե մատները սահեցնում է
մարմնիս երկայնքով
ու շերտ առ շերտ,
բարակ-բարակ մաշկս մնում է
ձեռքերիդ տակ

Արթուր թագավոր, ես քո թագը կուլ կտամ
ու վրայիցդ պատռելով շորերդ`
կգոռամ` ալելուիա, ալելուիա,
թագավորը մերկ է

ես սիրում եմ քեզ, Արթուր, սիրելիս,
ու հասկանում, որ քեզ չսիրող
միաչքանի կռունկները
ինձ մի օր  հեռու կտանեն

աչքերի փոխարեն կոճակներ կլինեն,
չենք տեսնի,
ականջների փոխարեն` խեցիներ,
չենք լսի

դու, Արթուր, թագավոր կդառնաս

ոտքդ առաջ մեկնիր
իմ վախկոտ արքա,
ոտքդ դիր հատակին ու շան պես հաչա
ծառաներիդ ետևից

թող ոռնոցդ ցնցի ամրոցդ,
թող ոռնոցդ քեզ գայլ դարձնի

դղյակդ պատեր չունի

իմ տղամարդը Արթուր արքան է,
որին քարկոծում են երեխաները,
և ես ամեն անգամ ուղղում եմ թագդ,
շորերիդ վրայից դեղին փոշի է թափվում,
ժանգ է, Արթուր, ժանգ, իմ արքա

Արթուր թագավոր՝
թագավոր բոլոր թագավորների,
հողը փախչում է,
դղյակը ավազ առ ավազ ծորում,
թագդ կուլ տվեցին գայլերը

դու ոչինչ չունես կորցնելու,
ոտքդ առաջ դիր, արքա,
ոտքդ, որ էլ չկա

  •  

անտառը հրկիզվում է դանդաղ,
անտառը հրկիզում են աստիճանաբար

որդու հետ սողում ենք պատերի վրայով,
ես նրան պատմում եմ,
թե որքան հրաշալի է կյանքը,
երբ հայրդ մահացած չէ,
երբ քաղաքում էրկու հոգի կարդում են քեզ,
երբ ամեն առավոտ տեսնում ես
նույն երկինքը,
նույն աստղերով,
ու երկնքից տաս քայլ էն կողմ
նույն աստված

որդիս թերահավատորեն ժպտում է,
զգում եմ` խղճում է

անտառը հրկիզում են նրանք,
անտառից տաս քայլ էն կողմ ես եմ`
պատառոտված մարմնով,
անհաջողակ ցեցի պես
դեսու դեն շպրտելով գոյությունս,
ու տղաս, որ աստծո պես ներող է
ու տղամարդու պես խղճում է ինձ

– մամ, լավ կլինի մի օր, –
պատերի երկայնքով գալարվում է
որդուս ձայնը,
ու սպիտակի մեջ ձուլվող
իմ ժպիտը` կարմիր,
ինչպես առավոտը,
երբ լքեցի քեզ

իմ ամեն ճիգի հետ
մի բան թողնում է ինձ,
ու գնդակահարության պատրաստ
բառերս,
որ թույլ են ու մենակ,
հիվանդ ու տխուր,
ու անեծքի նման երկար
էս սողանքը

նախ փլվեց գետինը,
տղաս աչքով տվեց`
իբր բանի տեղ մի դիր,
կյանք է. էսպես էլ կպատահի

ես վախից կծկվեցի,
ու կարմիր ժպիտս`
պոռնիկի պես ծախու ժպիտս,
որ որդուս համար էի պահել,
այլանդակեց դեմքս,
տարածվեց մարմնովս ու…

անտառը հրկիզում էին,
անտառը պետք չէր նրանց

հետո փլվեց առաստաղը,
վերացան պատերը,
ես սովորության համաձայն կառչել էի,
կողքիս տղաս էր
իր նույն նյարդային ժպիտով,
որ տենդի պես փոխանցվում էր ինձ,
ու դողը,
որ շնչառության հետ տարածվում
ու ցնցում էր անտառը

տղաս գունատ էր,
ինչպես պատը, որ էլ չկար.
մտքումս կրկնում էի
ինձ պատ է պետք,
ինձ պատ է պետք,
ինձ պատ է պետք

պատը դանդաղ օղակում էր
որդուս մարմինը

Հանդիպում

Ես հավատում եմ, որ չկա առավել հիասքանչ, առավել իմաստուն,
առավել կատարյալ մեկը, քան փրկիչը:
Ես ինքս ինձ ասում եմ խանդոտ սիրով` չկա և չի կարող լինեն Նրա նման:   

Ֆ. Դոտտոևսկի 

մաս առաջին

քամին մեղմ կնոջ պես
շոյում է  այգու իրանը,
ծառերի հոտը խտացել է օդի մեջ,
խոտերը հպվում են երեկոյան զգեստիս`
դեղին, ինչպես աշունը
ու թեթև, ինչպես ցողը մարմնիս

վերևից ու ներքևից,
թափվելով ու թռչելով,
տերևները նայում են նրան,
ում այգուց դուրս կսպանեն մի օր

մտածեցի տղամարդ է,
ում սիրելիս մոռանում ես
ինքնասպանության անհաջող փորձերդ,
ցեցի  պես բզկտող անհանգստությունդ,
ու նվաղուն,
սուր ձայնով հիստերիան,
որ բռնել է կոկորդիցդ
ու  քարշ է տալիս
փողոցներով,
տներով,
գրախանութներով
ու վերջապես հասցնում այգի

ինձ համար չէ,
շատ եմ խառը

դեղի պես կթառի վերքերիս,
աստծու պես կների,
մեղմ ժպիտով կհանդարտեցնի
շարժումներս, բառս, ներսս, միտքս

ձյունը կամաց իջնում էր
մազերին,
հավատարիմ շան պես,
գլուխը կախ քայլում  ետևից

տղամարդը  փակ էր, ինչպես խեցի
ու  մենակ, ինչպես գիրք


մաս երկրորդ

ոտքերս կոտրված ծաղկի պես
ծալվում էին ամեն քայլափոխի,
եթե մեխակ լինեի, կկոտրեին իրանս,
անմխիթար կպառկեցնեին կողքիդ

մեկ, երկու
ավազե տնակի պես
փլվեցի ոտքերիդ մոտ

տղամարդու համար շատ էիր ուրիշ

բառերը  հրթիռի պես դուրս թռան ներսիցս,
անհանգիստ գիշերվա պես
շարվեցին  կողքիդ

խոր գիշեր իջավ,
ծառերին սև  եղյամ նստեց
– քեզ չէի սպասում, բայց…, –
կմկմում էի ,
ներսումս եռացող բառերը
ձախողված մարմին ունեին,
ու ձայնն էլ այն չէր…

– անհանգիստ ես երևում,-
ասացիր, շոյեցիր գլուխս,
եղջյուրներս քիչ-քիչ
ներծծվեցին մարմնիս մեջ

– ինչ անեմ, որ լավ զգաս,-
լռեցիր,
հոգնած էիր թվում,
այգին աչքով տվեց,
մի բան այն չէր,
հիշեցի մեռնելուդ օրը,
նեխած յասամանի հոտ փչեց,
ծառերը խաչի պես օղակեցին մարմինս

ժպտացիր,
չէիր փոխվել

– այգուց դուրս կսպանե՞ն քեզ
– չգիտեմ, եթե չասես ոչ մեկի…
ծիծաղեցինք.
օդը կապարի պես ծանր էր

-բայց քեզ իրոք սիրում են
– ովքե՞ր
– գրեթե բոլորը
-ի՞սկ կացինը
– կացինը հոգի չունի
-ի՞սկ փայտահատը

լռեցի,
ժպտացիր,
հոգնած էիր թվում

այգին փախստականի պես հավաքեց
իրերը,
քամին սուլում էր `
քշշշշ քշշշշշշշշշ…
թռչունները խելագարված ճեղքեցին
մարմինդ…
չգիտեի` ոնց փրկել քեզ,
հուսահատությունից  գրկեցի ոտքերդ,
դողը երկրաշարժի պես ցնցեց մարմինդ

 

3 Comments
  • Սամվել Ավդալյան
    Posted at 06:32h, 01 May Reply

    Գրիչ վերցնելուց առաջ նախ կարդա բոլոր ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆեՐԻՆ։ եթե կարդաս քեզ այս քո գրածը ծիծաղելի կթվա ու ինքդ քեզնից կամաչես։

  • հասմիկ սիմոնյան
    Posted at 10:58h, 01 May Reply

    քոմենթ գրելուց առաջ կարդա ոչ միայն հայ դասականներին, այլ նաև նրանցից հետո եկածներին, ու գրածդ քեզ ծիծաղելի կթվա, և ներսումդ նստած մարդը կկարմրի:

  • Flora Asryan
    Posted at 06:26h, 19 November Reply

    Ժամանակակից գրականությունն է իր բոլոր դրսևորումներով պատասխանատու դասական գրականության կենսունակության համար, իսկ բարձր արժեքների պատվիրատուն ՄԵԾՆ ԺԱՄԱՆԱԿՆ է: Ի վերջո, նա է արժևորում ու հստակեցնում ամեն ինչ: Ինչ մնում է Մանե Գրիգորյանի պոեզիային, ես նրանից թարմ օդի հոսանք եմ զգում, և դա դուր է գալիս ինձ…

Post A Comment