
27 May Անրի Գրիգորյան

Անրի Գրիգորյան | ծնվ. 1987թ., Վրաստան
Աղջիկների հետ վերջին զրույցներիցս
Ֆրանսուհին.
– Ֆրանսիացիներս Մարիոն Քոտիարին չենք սիրում, որովհետև նա շատ է նման ֆրանսուհու:
Հունգարուհին.
– Սևերին ատում եմ: Հա, ռասիստ եմ:
Չեռնոգորուհին.
– Դու չես կարող ինձ ապացուցել, որ Աստված գոյություն ունի: Դա նույնն է՝ փորձես ապացուցել, որ Սպայդերմենը գոյություն ունի:
Խորվաթուհին.
– Ես կենդանաբան եմ: Սիրում եմ բոլոր կենդանիներին: Սիրում եմ նրանց փայփայել, շոյել և ուտել:
Ֆրանսուհին.
-Ես ինը լեզու գիտեմ:
Սլովակուհին.
– Ես լութերական եմ, պաստոր եմ դառնալու, եկեղեցում քարոզ եմ կարդալու, բայց ամուսնանալ ինձ կթույլատրվի:
Չեռնոգորուհին.
– Դե ապացուցի, որ Սպայդերմենը գոյություն ունի, որովհետև ես պնդում եմ, որ գոյություն ունի:
Հունգարուհին.
-Նախկին բոյֆրենդս սև էր:
Խորվաթուհին.
– Օձերից վախենում եմ ու զզվում, բայց նրանց համարում եմ համակրելի:
Հունգարուհին.
– Քննությունից հերթական անգամ կտրվեցի: Առավոտյան դասագիրքը կառնեմ:
Ֆրանսուհին.
– Միայն համակրանքը բավական է, որ աղջիկը որևէ մեկի հետ սեքս անի:
Չեռնոգորուհին.
– Ամուսինս տգեղ է, բայց գլխավորը բոյով է:
Խորվաթուհին.
– Նախկին բոյֆրենդս օձ էր պահում:
Անգլուհին.
– Կարծեմ բոյֆրենդս ինձ չի սիրում:
Հունգարուհին.
– Ես ուզում եմ պառկել անկողնուս մեջ, ուտել շոկոլադ և ատել հասարակությունը:
Ալբանուհին.
– Իմ երկրում այնքան շատ կրոն կա, որ ամենաճիշտը ոչ մեկին չդավանելն է:
Ֆրանսուհին.
– Ինձ հետաքրքիր չի, թե որ թվին է մեռել Հյուգոն կամ որ թվին է ծնվել: Ինձ հետաքրքիր չի նրա կյանքը: Չէ, Հյուգոն չէր նեղանա, որովհետև չեմ կարծում նա էգոցենտրիկ լիներ:
Չեռնոգորուհին.
– Ես ընկերներիս ծննդյան օրերը ուղղակի չեմ կարողանում հիշել ու երբեք չեմ շնորհավորում: Չէ: Չեն նեղանում: Ինչո՞ւ պիտի նեղանան:
Հունգարուհին.
– Ընկերուհիս չափազանց ամաչկոտ է: Նույնիսկ չգիտեմ, թե ոնց է խոսելու քո հետ, որովհետև տղա ես ու քեզնից կամաչի: Չէ, օրիորդ չի:
Լեհուհին.
– Առանց խմիչքի մարիխուանա երբեք չեմ ծխել: Հըմ, կարելի է փորձել նաև առանց խմիչքի: Հետաքրքիր է՝ ինչու երբեք չեմ մտածել այդ մասին: Բայց կոկայինը առանց խմիչքի հնարավոր չի, չառարկես:
Հունգարուհին.
– Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ է զգում տղամարդը օրալ սեքս կատարելիս:
Ուկրաինուհին.
– Մինետ երբեք չեմ արել, իմ երկրի ավանդույթները թույլ չեն տալիս:
Ֆրանսուհին.
– Ես նորմալ տղաներին չեմ սիրում:
Չեռնոգորուհին.
– Կարևորը ամուսինս բոյով է ու նորմալ:
Իտալուհին.
– Սուրբ Ծնունդին խաղալիքներ մեզ Հիսուս Քրիստոսն է բերում, որովհետև մենք կաթոլիկներ ենք:
Ալբանուհին.
– Դժբախտաբար ծնողներս ինձ հյուր են եկել: Երբ են գնալու, որ նորից ազատ ծխեմ:
Հունգարուհին.
– Արի տան քաշած պալինկա խմենք ու մեռնենք, հազիվ հաջողվեց հորիցս գողանալ:
Ֆրանսուհին.
– Հետաքրքիր տղա ես, բայց մի քիչ տարօրինակ: Բուդապեշտում կհանդիպենք:
Not The End
No Comments