07 Jan Մարինե Պետրոսյան | Բանաստեղծություններ
Մարինե Պետրոսյան
ծնվ. 1960թ., Հայաստան
Բանաստեղծություններ
Առաջին գիրք
«Կոսսու» հրատարակչություն
1993թ., Երևան
*
Բառը միշտ մեկն է,
մնացած բոլորը դատարկ են:
Եվ ճանապարհը
այն է, որ կողքով է անցնում:
Ես անունները հերթով փորձեցի,
բոլորը:
Ես նորից մնացի անանուն:
*
Եկար ու անցար
ուղիղ սրտի միջով
ճակատագրի:
Գետը լվաց
հաղթանակներ ու արյուն:
Գետը բերում է անունդ,
Ալեքսանդր:
*
Նույնն է արևը,
հեռո՜ւ այն առավոտից
միշտ նույն արևն է:
Եվ նույնն է առավոտը,
պայծառ ու սառը այն առավոտը
երբեք չի ավարտվում:
Որովհետև նույնն է,
անվերջ նույնն է հարցը
քո մահու չափ տխուր աչքերի մեջ, Աբել,
քո մահու չափ տխուր աչքերի մեջ, Կայեն:
*
Կիրակի էր, ու ես ցած ընկա
քո հազար ու երկու աշտարակներից:
Ուզեցի վեր կենալ՝ արդեն չկայիր,
Անի քաղաք:
Քո վերջին արքան հեռացավ
առանց հետ նայելու:
Ես խեղկատակն եմ, որ մնացի
Երևանի լռության մեջ կանգնած:
ՏԻԳՐԱՆ ՄԵԾ
Արքայի թիկնոցը սպիտակ էր փոշուց,
բայց կապույտ էր երկինքը,
և կարմիր էր ծիծաղը խեղկատակի:
Ի՜նչ հեռվից էր գալիս զորքը,
Ի՜նչ լայն էր ճանապարհը:
Եվ ի՜նչ թեթև էր տխրությունը
առաջին պարտության:
*
Պտտվում են տները, լեռները,
լճափին ընկած նավակները,
անշարժ են երկինքն ու աստղերը,
և լիճը թվում է հեռու:
Այսօր առավոտ է, և տոն է,
իջեցրեք բոլոր կամուրջները,
և թող գան նրանք, որ գալիս են,
թող գան բարձրաձայն խոսելու:
Այսօր առավոտ է, և տոն է,
Ոչինչ, որ թաց է ավազը,
Ոչինչ, որ դարձյալ նավակները
դատարկ են ափից հեռանում:
Այսօր առավոտ է, և տոն է,
իջեցրեք բոլոր կամուրջները,
և պայծառ հիշեք անունները
նրանց, որ դեռ նոր են գալու:
*
Ես պարտեզում իմ աճեցրի անօգտակար բույսեր,
Գեղեցիկ՝ ինչպես արցունքը, և՝ իզուր:
Իզուր՝ ինչպես արևը արևոտ օրվա մեջ,
գեղեցիկ՝ ինչպես անձրևը անձրևից հետո:
Ես լսում ու չեմ լսում, և շուրջն իմ լռություն է,
այնքան խոր՝ երևում են քարերը հատակի:
Ես նայում եմ ու չեմ տեսնում, ես չես տեսնում ոչինչ,
արևից ու արևից բացի:
*
Ես տեսա գործող հրաբուխը Ֆոգու,
ես խոսեցի առյուծների հետ
Կանաչ Հրվանդանի Կղզիների:
Ես տուն շինեցի կարմիր ավազի վրա,
բայց առավոտյան՝
թութակները կերել էին շաքարեղեգի ցողունները:
Ես տխրեցիմ ես տխուր նայեցի արևելք
ու լաց եղա հսկա կղզու համար՝ Աֆրիկա,
որ իջնում էր հատակը օվկիանոսի:
*
Ես կանգնած եմ ծովի ափին,
իսկ ծովում քնած են ձկները:
Կգան ու նորից կանցնեն
իմ տեսած բոլոր նավերը:
Ես խաղող եմ ուտում, ու կարմիր
ավազոտ են խաղողի հատիկները:
Եկան ու նորից անցան,
եկան ու անցան իմ մոտով,
նորից ինձ չտեսան առյուծները:
*
Լուսին է:
Աղվեսները եկել են գետը,
բոլորի աչքերում լուսին է
երերուն:
Իսկ ամենափոքրիկ աղվեսը չկա,
եկել է գետը ու չկա:
Ինչո՞ւ:
Իսկ ամենափոքրիկ աղվեսը ես եմ,
գնում եմ հեռու դաշտերով:
Ու իմ աչքերում լուսին է,
իմ վառվող աչքերում լուսին է,
երերուն:
*
Մի օր կբացենք դուռը
և չենք կարողանա փակել:
Կարմիր կդառնա գետը
քո երակներով հոսող:
Եվ պարիսների վրա, քաղաք,
կաղաղակի բառը,
որ վախենում ենք ասել:
*
Դանակը կտրում է խնձորը,
նավը կտրում է օվկիանոսը,
արքան դրամ է կտրում
իր պատկերով:
Հաննիբալը մտնում է Իտալիա,
շահում է բոլոր մարտերը
և տանուլ է տալիս
պատերազմը իր:
*
Տառասխալով գրեք բառերը,
սենյակում մութ է,
փողոցում՝ ձմեռ:
Գոնե իսկական տոնածառ լիներ,
գոնե փետրվար լիներ ամիսը,
գոնե ցուրտ լիներ:
Եթե գրում եք՝
տառասխալով գրեք բառերը.
այդպես ուրախ է:
*
Անցնում էի գիշերվա միջով,
տեսա աստղը, որ փայլում էր երկնքում միայնակ:
Ջրհորները քեզ՝ հաց, եթե քաղցած ես:
Սիրտդ դիր քարերին,
քարերը բոցի մեջ են՝ սառույց:
Ես եկա, որ պարտվեմ,
պարտությունը բառն է միակ:
*
Հիշում եմ արևը, որ շատ էր,
առուն, որ հոսում էր
պարտեզում, ուր ես կայի:
Մասուրների մոտ կանգնել,
քաղցած հեկեկում էի:
Իսկ արևը շատ էր,
արևը միշտ էր
պարտեզում, ուր ես կայի:
*
Գետը հոսում է սառույցի տակով,
սառույցը սև է:
Այնքան կանգնեցի ես արևի տակ,
որ սև է սիրտս:
Սիրտս հոսում է սառույցի նման:
*
Վերադառնում են նավերը,
հեռացել էին ու վերադառնում են:
Վերադառնում են նավերը՝
բեռնված մեղրով ուրախության:
Սիրտս է թափուր,
զրնգում է ոսկում մեջ առավոտի:
*
Ձյուների կարմիր տխրության նման
իմ սիրտն է տխուր:
Ես ինչպե՞ս խոսեմ խոսքը մենավոր,
որ դու այն կարդաս:
Միայն մահն է շատ,
մահն է անընդհատ իր կերպը փոխում:
Ու հոգին խուլ է,
հոգին խավարն է առնում իր վրա
որպես վիրակապ:
*
Գնամ քարեր բերեմ,
դնեմ սենյակումս:
Այսքան աղմուկի մեջ՝
մի քիչ իրականություն:
*
Աշխարհը վերջանում է,
և առավոտները տխուր են այլևս,
նավահանգիստն այս, ուր նավեր չկան
և չեն լինի նավեր,
ծովածոցն այս, որ անուն ուներ,
հիմա անանուն է, ինչպես հատիկը ավազի,
դանդաղ ջնջվում են գրերը քարերի վրայից,
անդառնալի ցածր է թռչում թռչունը,
այլևս
վերջանում է աշխարհը:
*
Քաղաքը թափուր է
ինչպես ծառ, որ կտրել են,
ինչպես տոն, որ չկա:
Իմ սիրտը լալիս է,
չի ուզում լռել:
Ջրհորը սառել, սառույց է:
Ձմեռ է տարին:
*
Գնամ կանգնեմ
փողոցում, ձյունը
ծածկի աչքերս:
Այնքա՜ն, այնքա՜ն
լռեմ, պատռվի
վարագույրը հեռվում:
Ձեռքս տանեմ
սրտիս, կարմիր
դառնան մատներս:
No Comments