Գևորգ Թումանյան | ծնվ. 1974թ., Հայաստան
.
Հորս սարքած թռչնաբունը
միշտ թափուր է:
Չնմանվեմ:
Պետք է զուսպ լինել
Մայրս նոր տարվա սեղանի համար
500գրամ չամիչ է գնել:
Ինձ զգուշացրեց՝ զուսպ լինել:
Ամեն անգամ,
երբ աչքս ընկնում է
սկուտեղում չորացվող չամիչին,
երկու-երեք հատիկ թռցնում եմ:
Ինքս էլ հասկանում եմ՝ պետք է զուսպ լինել:
.
հասկացա
որ թեպետև ողջ
բայց վաղուց մեռած եմ
ահա
մի քանի տարի էլ
գարնանը
սիրտս վարդի պես չի բացվում
և մարմինս չի լսում
մոտեցող աշնան
ոտնաձայները
հնարավոր է
ես ամեն օր
կամաց-կամաց մահացել էի
իմ անաստված առօրյայից
հարազատ քաղաքում
տանը
աշխատատեղում բանտված լինելու զգացողությունից
բացառված չէ նաև
որ աղքատությունը
դժվարությամբ մարվող վարկերը
և չնչին պարտքերը
ինձ մի քիչ սպանեցին
գուցեև
ալկահոլը ծխախոտը
քայքայվող լյարդս
և մազաթափվող ցայլքս
դանդաղորեն սպանեցին ինձ
ենթադրելի է
որ հայրենիքիս
արդեն ժամանակավոր իշխանությունը
ինձ սպանեց
նաև մեռցնելու
հազար ու մի հնար գիտի
որոշակիորեն
հստակ
չեմ կարող ասել
թե ով կամ ինչը ինձ սպանեց
.
Վասն տեխնիկայի կատարելագործման,
նոր շերտերի, խորքերի հայտնաբերման
ես ինձ խոսք տվեցի
գրել օրը մեկ բանաստեղծություն:
Երեկ կեսգիշերին տուն վերադարձա:
Այսօր էլ նստել,
ձեռքիս երակներն եմ ուսումնասիրում:
Աղոթք հանուն բանաստեղծության
Ապագայում ևս
թող չտրտնջամ,
որ սևը սև է:
Հայոց լեզու
Ծուղակ
որտեղ շարունակում եմ
գայթել
No Comments