Հրաչյա Սարուխան

Հրաչյա Սարուխան | 1947-2016թթ., Հայաստան

ԱՅՍ ԳԻՇԵՐ

Անետին

Տերևների տակ թող սերը քնի:
Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…

Ատի’ր, խնդրում եմ, շուրթերս ատիր:

Լուսինն այս գիշեր ագռավ կդառնա:
Աստղերը` մոշի փայլփլուն հատիկ:
Խղճմտանքներիդ հաշիվը խառնած-

Ատի՛ր, խնդրում եմ, աչքերս ատիր:

Թող այս գիշեր էլ սրբերն ինձ խաբեն:
Սատանան հառնի երկնքի պատին:
Աղոթագրքի մրու՜րը լափեմ…

Ատի՛ր, խնդրում եմ, մեղքերս ատիր:

Թող զուգավորվեն ժպիտով ցինիկ
Ստույգ դժոխքն ու դրախտը պատիր:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…

Ատի՛ր, խնդրում եմ, աղոթքս ատիր:

ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴԸ
(Տխուր հեքիաթ)

Մի մարդ,
բոլորովին մենակ մի մարդ
տախտակ էր տաշում:
Մի քանի կտոր տաշեց-
իր հասակի չափով:
Հետո գրպանից ժանգոտ մեխեր հանեց,
մի քար վերցրեց
ու սկսեց մեխել:
Ու երբ հասկացավ,
որ դագաղն իր հասակի չափով է, –
նա հանեց վերարկուն,
արձակեց փողկապը
ու շունչը պահած`
զգուշորեն սողաց դագաղի մեջ:
Հետո նա հիշեց,
որ էլի մի քանի կտոր տախտակ կա,
ու էլի մի քանի մեխ ունի գրպանում:
Եվ որովհետև հիշեց,
զգուշորեն դուրս սողաց դագաղից,
փողկապը կապեց
ու հագավ վերարկուն:
Ու այդ մենակ,
բոլորովին մենակ մարդը
վերջին կտոր տախտակները տաշեց,
գրպանից ժանգոտ մեխեր հանեց,
մի քար վերցրեց
ու սկսեց մեխել:
Ու երբ հասկացավ,
որ կափարիչը դագաղի չափով է, –
նա հանեց վերարկուն,
արձակեց փողկապը
ու շունչը պահած
զգուշորեն սողաց դագաղի մեջ:
Մենակ,
բոլորովին մենակ այդ մարդը
վեց օր պառկեց նույն դրությամբ
և յոթերորդ օրը հիշեց,
որ էլի մի քանի մեխ ունի գրպանում:
Եվ որովհետև հիշեց,
զգուշորեն դուրս սողաց դագաղից,
փողկապը կապեց
ու հագավ վերարկուն:
Հետո գրպանից հանեց վերջին մեխերը,
մի քանի քար վերցրեց
ու սկսեց մեխել:
Ու երբ հասկացավ,
որ փակել է դագաղը, –
երբ գլխի ընկավ,
որ դագաղը դատարկ է, –
նա սկսեց բարձրաձայն հեկեկալ,
որովհետև էլ ոչ մի կտոր տախտակ չկար,
ու մեխ չկար գրպանում,
որովհետև
հողագնդի վերջին մարդն էր ինքը…

*
Ներեցեք ինձ,
Ազնիվ, խստաբարո սրբեր,
Ռոսլին ու Գրեկո ու Ռաֆայել,
Հանդգնում եմ
Ահա
Արտասուքով սրբել
Երանգների փոշին ու հոգուս մեջ պահել:

Մատներս արտասվում են կորցրածի համար:
Սարսափելի ծանր է այս լքումը:
Լեոնարդոն թեև իմ հոգին է համակ,
Նարեկացին սակայն ինձ ձգում է…

Ընդունեք ինձ,
Դանթե ու Լորկա ու Չարենց,
Ու մկրտեք ինձ էլ հեղուկով սուրբ…
Իմ հոգևոր կյանքում ինչ վրձինը չարեց`
Իմ գրիչը կանի –
Հմուտ ու նուրբ:

*
Ես ժամանակ չունեմ քեզ ուղեկցել կրկին
Ու ծառերից թափվող բաց բները տեսնել:
Անիմաստ է նստել ժամանակի կառքին – 
տերևների դեղին հոգևարքին հասնել:

Կատուների հոգում շնավախ կա խորունկ,
Մինչ շները վաղո՜ւց մոռացել են նրանց…
Առաջվա պես էլի տխրություն է ծորում
Տերևից էլ դեղին հոգիների վրա:

Անիմաստ է նաև ընկերակցել լացիդ
Ու խոսքերով խղճուկ մխիթարել:
Ցավ չէ, շուրթերդ ինձ կարոտ մնացին,
Քո կարոտը ինձ հետ ես հեռո՜ւ եմ տարել…

Ես ժամանակ չունեմ քեզ ուղեկցել կրկին
Ու ծառերից թափվող բաց բները տեսնել:
Անիմաստ է նստել ժամանակի կառքին – 
տերևների դեղին հոգևարքին հասնել:

ՍԻՐԵՐԳ

Գիշերն անթիվ ստվեր ունի
Ու մարմին մի պաղ…
Լուսնի դժգույն ուրվականը
Մոլորվեց մի պահ:

Սերս ինձնից թաքցրել են,
Տարել են հեռու:
Ես գիշերով դաշտ եմ գնում –
Սերս փնտրելու:

Աշնանային խոտերի մեջ
Թախիծ կա դեղին:
Ինձ ասացին անտեղի է
Արցունքդ լեղի…

Գիշերն անթիվ ստվեր ունի
Ու մարմին մի պաղ…
Լուսնի դժգույն ուրվականը
Դահիճ է կարմիր:

ԵՐԵԿՈ (ԻՆՔՆԻՆ ՏԵՍԻԼ)

Հորիզոնը խոնավ մութ է բուրում:
Հեռվում աղմկում են նայադները հղի:
Սև ամպերի ճերմակ փրփուրներում
Օրորվում է
Լուսնի առագաստը դեղին:

Տարածությունն շտապում է
Սահմանն անսահմանի:
Արուներ է փնտրում էգերի չուն:
Լուսնի առագաստը հողմն ուզում է տանի:
Լապտերներ է կտցում ինչ-որ թռչուն:

Լապտերների միտքը մթագնում է ցավից:
Խավարի մեջ
Խարխափում է բիբը Քրիստոսի:
Անմեկնելի քայլով –
Իրերի անձավից –
Ծերուկ Կանտն է ելնում`
Որպես ԻՆՔՆԻՆ ՏԵՍԻԼ:

Հղի նայադները աղմկում են անվերջ,
Հողմն ուզում է լուսնի առագաստը տանի…
Տարածության քայլքը հորիզոնին գամվեց –
Չհասնելով սահմանն անսահմանի:

 

No Comments

Post A Comment