Էմիլ Սիորան | Ծնված լինելու անհարմարության մասին

Էմիլ Սիորան  | Emil Cioran
1911-1995թթ., Ռումինիա

Ծնված լինելու անհարմարության մասին 
փիլիսոփայական էսսե
ֆրանսերենից թարգմանեց Նունե Աբրահամյանը

Ինքնագիր գրական ակումբ
Երևան, 2008թ.

 

Չարժե ինքդ քեզ պարտադրել որևէ ստեղծագործություն գրելու ջանքը: Պետք է ընդամենը որևէ բան ասել, որը կարելի լինի շշնջալ հարբեցողի կամ մեռնողի ականջին:

Մարդկանց միջև իրական շփումը հնարավոր է միայն լռությամբ, երևութական ոչ շփումով, խորհրդավոր ու անբառ փոխանակմամբ, որը ներքին աղոթքի է նման:

Եղբորս խոսքն այն խանգարումների ու ցավերի մասին, որ մայրս տարավ. «Ծերությունը բնության ինքնաքննադատությունն է»:

«Պետք է հարբած կամ խենթ լինել, – ասում է Սյեյեսը, – որպեսզի լավ խոսես հայտնի լեզուներով»:

Պետք է հարբած կամ խենթ լինել, կավելացնեի ես, որպեսզի դեռ համարձակվես օգտվել բառերից, որևէ բառից:

Թախծի համառոտագիր մոլեռանդը կարող է կատարելության հասնել ցանկացած մասնագիտության մեջ, բացի գրողի մասնագիտությունից:

Ուրիշի լեզվով գրելու անհարմարությունն այն է, որ իրավունք չունես չափից ավելի սխալներ թույլ տալու: Բայց անճշտությունների միջոցով է, իհարկե, առանց չարաշահելու, ու նաև` ամեն վայրկյան շարադասական սխալներ թույլ տալու գնով, որ կենդանություն ենք տալիս գրավոր խոսքին:

Սոսկ Աստված ունի մեզ թողնելու առավելությունը, մարդիկ կարող են միայն լքել:

Պորփյուրոսը պատմում է, որ Պլոտինոսը մարդկանց հոգիները կարդալու շնորհ ուներ: Մի օր, շատ անսպասելիորեն, նա զարմացնում է իր աշակերտին` ասելով, որ հանկարծ չփորձի ինքնասպան լինել, այլ, ավելի լավ է, ճամփորդություն ձեռնարկի: Պորփյուրոսը մեկնում է Սիցիլիա. այնտեղ նա բժշկվում է իր մելամաղձությունից, բայց, ավելացնում է նա ափսոսանքով, չի կարողանում ներկա լինել ուսուցչի մահվանը, որը վրա էր հասել իր բացակայության ընթացքում:

Արդեն վաղուց է, որ փիլիսոփաները չեն կարդում մարդկանց հոգիները: Սա նրանց մասնագիտությունը չէ, կասեն ոմանք: Հնարավոր է: Բայց այդ դեպքում թող չզարմանան, որ փիլիսոփաները մեզ այլևս չեն հետաքրքրում:

Ստեղծագործությունը գոյություն ունի միայն այն դեպքում, երբ նախապատրաստվել է ստվերում` նույն ուշադրությամբ և խնամքով, որով մարդասպանը մտորում է իր հասցնելիք հարվածի մասին: Երկու դեպքում էլ առաջնայինը հարված հասցնելու կամքն է:

Եթե կարողանայինք մեզ տեսնել ուրիշների աչքերով, անմիջապես կանհետանայինք:

Գիտակցությունն ավելին է, քան մատի փուշը, այն մարմնի մեջ խրված դաշույնի է նման:

Ցանկացած մարդատյաց, որքան էլ անկեղծ լինի, երբեմն հիշեցնում է անկողնում գամված այն ծեր բանաստեղծին, որը, բոլորի կողմից մոռացված, ու կատաղությամբ լցված ժամանակակիցների հանդեպ, հայտարարել էր, թե էլ չի ուզում տեսնել: Նրա կինը, գթասրտությունից դրդված երբեմն իրենց դռան զանգն էր տալիս: 

Երևակայական ցավերն ամենաիրականն են, որովհետև անընդհատ դրանց կարիքն ունենք և հորինում ենք դրանք, քանի որ անհնար է առանց դրանց յոլա գնալ:

Որքան ավելանում են մարդու ապրած տարիները, այնքան նա իր մահվան մասին խոսում է որպես հեռավոր, շատ քիչ հավանական իրադարձություն: Ապրելու սովորությունն այնքան է արմատացել նրա մեջ, որ նա մեռնելու անկարող է դարձել:

Ինչպե՞ս զսպես քեզ, ինչպե՞ս տիրապետես, երբ ծնունդով մի երկրից ես, ուր ոռնում են թաղումների ժամանակ:

Ֆիլմ են նկարում. հազար անգամ վերսկսում են նույն տեսարանը: Մի անցորդ, հավանաբար` ինչ-որ գավառացի, դրանից ուշքի չի գալիս. «Սրանից հետո էլ երբեք կինո չեմ գնա»:

Կարող էինք նույն կերպ արձագանքել ցանկացած բանին, որի ներքին խոհանոցին ծանոթացել ենք ու ըմբռնել գաղտնիքը, մինչդեռ գիտակցության անբացատրելի մթագնումը ստիպում է, որ գինեկոլոգները սիրահարվեն իրենց հիվանդներին, գերեզմանափորները երեխա ունենան, անբուժելի հիվանդները անվերջանալի ծրագրեր կազմեն, իսկ թերահավատները գրականությամբ զբաղվեն…

Իմ հայրենի գյուղից մի քանի կիլոմետր հեռու` բարձունքից թառած, միայն գնչուներով բնակեցված մի գյուղակ կար: 1910-ին մի սիրողական ազգաբան եկավ գյուղակ` լուսանկարչի ուղեկցությամբ: Նա կարողացավ իրար գլխի հավաքել բնակիչներին, որոնք համաձայնեցին լուսանկարվել`չիմանալով, թե դա ինչ է: Այն պահին, երբ նրանց խնդրեցին չշարժվել, մի ծեր կին բղավեց. «Զգուշացեք, նրանք ուզում են մեր հոգին գողանալ»: Ու անմիջապես բոլորը հարձակվեցին երկու այցելուների վրա, ու նրանք հազիվ կարողացան ճողոպրել:

Այս կիսավայրենի գնչուների բերանով արդյոք այդ պահին նրանց նախահայրենիքը` Հնդկաստանը, չէր խոսում:

Չնայած իր ճերմակ մազերի, նա դեռ մարմնավաճառությամբ էր զբաղվում: Նրան հաճախ էի հանդիպում թաղամասում գիշերվա երեքի կողմերը, և երբեք տուն չէի գնում առանց նրանից որևէ պատմություն կամ անեկդոտ լսելու: Ես մոռացել եմ անեկդոտներն ու պատմությունները, բայց լավ հիշում եմ, թե ինչպես մի գիշեր, երբ հոխորտում էի քնած «ոջլոտների» դեմ, նա, մատնեմատն արագ դեպի երկինք ուղղելով, հարցրեց. «Իսկ ի՞նչ կասեք ամենավերևի ոջլոտի մասին»:

Երկու թշնամին նույն մարդն են` երկուսի բաժանված:

Ամեն կողմից լսում ենք, որ ամեն ինչ անիմաստ է, բայց երբ գործդ լավ ես անում, դա արդեն իմաստ ունի: Այնինչ դա էլ է անիմաստ: Նման եզրակացության հանգելու ու դրան դիմանալու համար պետք է ոչ մի մասնագիտություն չունենալ կամ էլ, ամենաշատը` թագավոր լինել, ինչպես Սողոմոնը:

Տարիներն անցնում են, ու գնալով ավելի է նվազում այն մարդկանց թիվը, ում հետ կարող էիք լեզու գտնել: Երբ այլևս չի մնա ոչ մեկը, ում կարողանաք դիմել, այդ ժամանակ, ի վերջո, կլինեք այնպիսին, ինչպիսին էիք մինչև անունի մեջ ընկնելը:

Ֆրանսերենը գավառական լեզու է դարձել: Բնիկները հարմարվում են դրան: Միայն խառնածինն է տառապում դրանից: Միայն նա է սգում Նրբերանգի կորուստը…

Պետք է գրքեր գրել միայն նրա համար, որ դրանցում ասես այն ամենը, ինչ չէիր համարձակվի վստահել ոչ ոքի:

Ինչ ափսոս, որ չենք կարող հետ գնալ հասկացությունից էլ առաջ, գրել իմաստուններին շատ մոտ գտնվելով, արձանագրել ամենաչնչին փոփոխություներն այն ամենի. ինչին դիպչում ենք, անել այն, ինչ կաներ սողունը, եթե սկսեր որևէ երկ գրել:

Գիրքը հետաձգված ինքնասպանություն է:

«…Բայց Էլոհիմը գիտե, որ այն օրը, երբ դուք դրանից կուտեք, ձեր աչքերը կբացվեն»:

Աչքերը հազիվ էին բացվել, երբ ողբերգությունը սկսվեց: Նայել` առանց հասկանալու սա է դրախտը: Դժոխքն ուրեմն այն տեղն է, ուր հասկանում են, ուր չափից շատ են հասկանում:

Խոր, ճշմարիտ է միայն այն, ինչ թաքցնում են: Այստեղից էլ` ստոր զգացմունքների ուժը:

Երկրորդ դարի աստվածաբանական մի գրքում ասվում է. «Տխուր մարդու աղոթքը երբեք Աստծուն հասնելու ուժ չի ունենա»:

…Քանի որ աղոթում ենք միայն, երբ անկումային տրամադրության մեջ ենք, պիտի եզրակացնենք, որ ոչ մի աղոթք երբեք Աստծուն չի հասել:

«Դուք սխալվել եք ինձ վրա հույս դնելով»:

Ո՞վ կարող է նման բան ասել. Աստված և ձախողակ մարդը:

Հին Չինաստանում, երբ կանայք ջղայնացած էին կամ տխուր, բարձրանում էին փոքրիկ բեմերի վրա, որ փողոցներում տեղադրվել էին հատուկ նրանց համար, և, այնտեղ կանգնած, ազատություն էին տալիս իրենց կատաղությանը կամ արցունքներին: Արժեր ամեն տեղ վերականգնել և յուրացնել նման խոստովարանների ավանդույթը, թեկուզ` դրանցով փոխարինելու համար Եկեղեցու հնացած խոստովարանները, կամ էլ` այս կամ այն անարդյունավետ հոգեթերապիայի սենյակները:

Սեփական մենությունդ պահպանելու միակ եղանակը բոլորին վիրավորելն է, սկսած նրանցից, ում սիրում ես:

Եթե մահը միայն բացասական կողմեր ունենար, մեռնելն անհնարին կլիներ:

Ինչ երջանիկ էիր, Հոբ, որ ստիպված չէիր մեկնաբանել աղաղակներդ:

Դեռ մարսած չլինել ծնված լինելու վիրավորանքը:

 

No Comments

Post A Comment