Սարգիս Հովսեփյան | Հանդարտություն

Սարգիս Հովսեփյան
ծնվ. 1983թ., Հայաստան

Հանդարտություն
վեպ

«Մետրո» հրատարակչություն
Երևան, 2022թ.

[հատվածներ գրքից]


Մարդն ավելի շուտ կամ ավելի շատ հակադրվելու, ինչ-որ բան ժխտելու համար է ապրում, քան որևէ մի այլ բանի:


Վիրավորանք, նվաստացում, վրեժ, մի քանի իրական բաները կյանքում, որոնցից կարելի է կառչել:


Գեղեցկության բոլոր տեսակի դրսևորումներից միայն արարքի գեղեցկությունն է հասկանում. կոնկրետ մարդու կողմից կոնկրետ շարժառիթով ու կոնկրետ համատեքստում կատարված արարքի գեղեցկությունը: Միայն հնարավոր կորստի, ձախողման, մահվան, կործանման ռիսկի առկայությունն է, որ որևէ բան գեղեցիկ է դարձնում:


Այ էս ֆանտանի պես մեր ներսն էլ ա չորացել: 


Տուրոն գիտի սիրել, բայց նա չի սիրում, երբ մարդիկ դրա մասին իմանում են ու տառապում է այն մտքից, որ դա կնկատվի: Իսկ ինքը չգիտի սիրել, և տառապում է այդ գիտակցումից, որ չգիտի սիրել, իսկ շուրջը մտածում են, թե սիրո անկառավարելի ու աննպատակ մեծ դոզաներից է տառապում:


Չէր կարելի ասել, թե տասնհինգ տարի հենց միայն վրեժի մասին էր մտածել, ամեն վայրկյան կամ նույնիսկ ամեն օր, բայց չէր էլ մոռացել: Վրեժը դարձել էր նրա էությունը, նրա բնավորությունը, նրա բոլոր արարքների հիմնական դրդապատճառը, ենթագիտակցության մակարդակում ամուր տնավորված այն հիմնական վառելիքը, որ ապրեցնում էր, նույնիսկ եթե նրա մասին չէր էլ մտածում: Բենը հենց վրեժն էր:


Հեղափոխությունների ժամանակ ամենապահանջված ռեսուրսը քավության նոխազներն ու օգտակար ապուշներն են, և մարդիկ այդպիսին  դառնում էին հազարներով՝ չլինելով ամենավերջին հիմարները, չլինելով պատեհապաշտներ ու արկածապնդիրներ: Ընդամենը հանգամանքների բերումով: Հեղափոխությունների ժամանակ մարդիկ ուղղակի անկեղծ են, զգացմունքային, ունեն դիրքորոշում, և այսքանը բավարար է օգտագործվելու համար:


Հիվանդությունն ուղիղ իր կյանքի խտացված դրսևորումն է, կյանք, որն անցնում է ականապատ դաշտում, ու երբեք չգիտես՝ երբ կպայթես:


Ի՞նչ է վրեժը, եթե ոչ գոնե արդարության պատրանք ունենալու միակ հնարավորություն՝ առանց ավելորդությունների, առանց դեսուդեն ընկնելու, առանց նորաձև հումանիստական ձևակերպումների, ատամն ընդ ատաման, ուղիղ, սառը, իրական, արյան դեմ արյուն, մսի դեմ միս:


Ի վերջո, միակ բանը, որ գոյություն չունի աշխարհիս վրա, արդարությունն է, միակ բանը, որին չի կարող մարդը երբևէ հասնել, ամբողջական, մինչև վերջին բջիջը, գիտակցության ամենամութ անկյունները հասնող ու բավարարող արդարությունը, առանց ափսոսանքի, առանց կասկածի, առանց մեկնաբանելու հնարավորության՝ արդարությունը: Ահա այն միակ բանը, որը գոյություն չունի, բայց որն այնքան կարևորում է մարդը, որին այնքան ձգտում է, ու որի համար պատրաստ է ինչ ասես հորինել: Հորինել դատարան, փիլիսոփայություն, գաղափարախոսություն, կրոն, Աստծուն, միայն արդարության անտանելի  անհնարինությունը տանելի դարձնելու համար, ու եթե այս բոլորն ընդամենը մխիթարություն են, ապա վրեժը երևի թե ամենամխիթարիչն է բոլորից: Ի վերջո, նրանք բոլորն էլ օգտվում են վրեժի ծառայություններից, չնայած կոչվում են արդարադատություն, ամեն մեկն իր պատկերացրած արդարության պատրանքը ստեղծելու համար:


Մայրն ընդհանուր առմամբ սառը կին էր, և եթե նույնիսկ անտարբեր էլ չէր, մի տեսակ անհաղթահարելի վիրավորանք էր կրում իր մեջ. Վստահաբար հորը չէր կարողացել ներել, և այդ վիրավորանքն անընդհատ պատի նման կանգնում էր մոր ու որդու միջև, հենց սիրո ու հոգատարության անհրաժեշտություն էր լինում: Ամեն անգամ նույնիսկ երկար բաժանումից հետո մորը գրկելիս Բենը զգում էր, թե ինչպես նրա փափուկ մարմնի մեջ մկանները լարվում ու ձգվում են ամրանների նման՝ ասես թույլ չտալու համար, որ մայր ու որդի քանդվեն միմյանց գրկում:


Ինչ կատարվում ա հիմա իմ շուրջը, ոչինչ ինձ հետ կապ չունի, ոչինչ:

Հեսա երկու ժամից քույրը գալու ա, սանիտարի հետ միասին իմ էս գոմեշի չափ ծանր մարմինը զոռով մի քիչ թեքելու են կողքի, ասեղը կոխելու ա ոռս, ու մենակ էդ ժամանակ էդ ցավը իմ հետ կապ ա ունենալու, ու մենակ էդ ժամանակ ես էդ ցավով կապվելու եմ արտաքին աշխարհին:  


Գարնան հետ եկող փուչ հույսեր կան, չէ՞, որ ոչ մի հիմնավոր բացատրություն չունեն, էն որ մենակ էն պատճառով, որ արևը մի քիչ մաշկդ տաքացրել ա, մի փոքր երևակայությունդ խուտուտ ա տվել, բայց իրականում նույնիսկ արևի տակ, եթե սառը դատես ու ինքդ քեզ չխաբես, կընդունես, որ ոչ մի հեռանկար էլ չկա: Պերսպեկտիվա, ռսի ասած: Իսկ փետրվարը՝ ուրիշ. գիտակցությունդ, մարմինդ, երևակայությունդ, ամեն ինչ պատրաստ ա մեռնելու… Ես կասեի հենց մեռած ա արդեն, մնում ա ֆիքսել:


Բենը զգում էր, թե ինչպես է մարմինը միլիմետր առ միլիմետր նվաճվում, ինչպես է հրդեհը, իր ճանապարհին ամեն ինչ այրելով, սողում իր վրա՝ հետևից թողնելով մաշկի տակ եռացող խելագարություն, …և Բենը փակեց աչքերը, քանզի Ժաննային նա հիմա տեսնում էր իր մակերեսով, նրա ձևերը, նրա բոլոր ծալքերը, տեղ-տեղ փշաքաղված մազարմատներն ու աղվամազերը:


Հազվագյուտ մարդիկ ունեն մենակի տաղանդ:

 

No Comments

Post A Comment