Անետ Քելերման | Annette Kellerman

Անետ Քելերման  | 1886-1975թթ.


գիրք
  |  «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» 

էսսեի հեղինակ  |  Հասմիկ Սիմոնյան


Անետը թույլ ու ծուռ-մուռ ոտքերով աղջնակ էր. նրա ոսկորները կալցիումի պակասից ձևախեղված էին, ու շատ երկար ժամանակ բժիշկները չէին հասկանում հիվանդության պատճառը: Առողջական նպատակով ծնողները որոշում են լողի տանել: Որոշ ժամանակ անց Անետը, որ չէր կարողանում քայլել, ձկան պես լող է տալիս, ապա քիչ-քիչ նաև կազդուրվում է ու սկսում քայլել: Այդ ժամանակ դեռ ոչ ոք չէր պատկերացնում, որ տարիներ անց նա դառնալու է Ավստրալիայի լավագույն լողորդուհին:

Ավստրալիայից տեղափոխվելով Անգլիա՝ նա մասնակցում է լողի մի շարք մրցումների ու հաղթանակներ գրանցում: Նա մրցում էր ոչ միայն աղջիկների հետ, այլև տղաների: Աղջիկների գիմնազիայում սովորելուն զուգահեռ նա խորացնում է լողի գիտելիքները, դառնում փորձառու սուզակ ու ժամանցի կենտրոններից մեկում ձկների ընկերակցությամբ որպես ջրահարս աշխատում:

Տասնութ տարեկանում Անետը դառնում է առաջին կինը, որ խիզախում է հաղթահարել Լա Մանշը:
Նա առանց ջրի չէր պատկերացնում իր կյանքը, անչափ սիրում էր լողը և ուզում էր, որ բոլորը լողալ սովորեն, բայց կար մի բայց: Անետն ապրում էր Վիկտորյական դարաշրջանում:

Այդպես է կոչվում այն ժամանակաշրջանը, երբ կառավարում էր թագուհի Վիկտորյան: Նրա գահակալության տարիներին ոչ մի մեծ պատերազմ չի եղել, ծաղկում էին գիտությունն ու արվեստը: Բոլորն ուշի-ուշով հետևում էին թագավորին ու թագուհուն ու կրկնում նրանց արարքները: Օրինակ՝ թագուհի Վիկտորյան, որպեսզի աչքի ընկնի իր հարսանիքի ժամանակ, արքայական գունավոր հանդերձների փոխարեն ընտրում է ճեփ-ճերմակ մի զգեստ: Դրանից հետո բոլոր հարսնացուները սկսեցին սպիտակ զգեստ կրել: Կամ, օրինակ, թագուհին ու թագավորը տոներին միմյանց ընծաներ էին տալիս ու պատրաստում անակնկալներ: Մարդիկ էլ սկսեցին առիթների ժամանակ իրար նվերներ տալ:

Այս շրջանում կանայք հագնում էին փքված զգեստներ, կրում սեղմիրաններ: Առանց հովհարի, մեծ գլխարկի ու ձեռնոցների կանայք տանից դուրս չէին գալիս: Փոքր աղջիկները հագնվում էին Լուիս Քերոլի հերոսուհու՝ Ալիսի նման, դե իսկ մեծերի համար օրինակ էր ծառայում, արդեն գիտեք, թե ով՝ թագուհին:

Վիկտորյական շրջանում կանացի լողազգեստը բաղկացած էր լայն տաբատից, մինչև ծնկները հասնող փեշից, գլխարկից ու կոշիկներից: Լողորդուհիների դաստակները չպետք է երևային, մեջքի խորը բացվածքը անթույլատրելի էր, ընդգծված նստատեղը խիստ ամոթ բան էր: Մի խոսքով լողալը ամենահաճելի բանը չէր: Մեր հերոսուհին որոշում է այս արգելքները շրջանցել, ու ինքն է իր համար լողազգեստ կարում: Հետո հագնում է այն ու լողափ գնում:
          Նրա լողազգեստը կիպ էր, թևերը մերկ էին, ոտքերը՝ բաց: Անետը գրավում է բոլորի ուշադրությունը: «Ինչպիսի անամոթություն»,- փսփսում էին աջ ու ձախ: Ոստիկաններն անմիջապես ձերբակալում են աղջկան հանրային տարածքում անթույլատրելի վարք ցուցաբերելու համար:

– Պարո՛ն դատավոր, լողն առողջ ապրելակերպի լավագույն տեսակն է, բայց ընդունված լողազգեստով անհնար է լողով զբաղվել,- փորձում է դատարանում պաշտպանվել Անետը:
Դատավորը տուգանք է նշանակում, բայց որքան էլ զարմանալի լինի, համաձայնում է նրա հետ ու ազատ արձակում աղջկան՝ պայմանով, որ այդուհետ մինչև ջուրը մտնելը կրունկները հասնող թիկնոց կրի:

Լողափում ու լողավազաններում կանանց թույլատրվում է լողազգեստ կրել:

Անչափ ոգևորված՝ նա ստեղծում է կիպ լողազգեստների սեփական հավաքածուն: Այն կոչվում էր «Անետ Քելերման»: Հավաքածուն ցնցում է բոլորին և ստիպում շատերին վերանայել հնացած հայացքները:
Անետը գրում էր հոդվածներ ու գրքեր, զբաղվում էր բարեգործությամբ ու կանանց իրավունքներից խոսում: Նա խրախուսում էր առողջ ապրելակերպն ու բնական մարմին ունենալը: «Կնոջ մարմինը գեղեցիկ է ամեն ձևի մեջ. ոչ թե պետք է վախենալ այն ցուցադրելուց, այլ պետք է հիանալ նրանով»: Նա աղջիկներին սովորեցնում էր մարզվել ու ծանոթացնում շնչառական տեխնիկայի գաղտնիքներին: Նա երբեք չէր օգտագործում ալկոհոլ ու բուսակեր էր:

Քելերմանը նաև նկարահանվում էր ֆիլմերում: Դրանք հիմնականում «ջրային» էին ու շատ համարձակ: Նա 28 մետր բարձրությունից ցատկում է ծովն ու լողավազանում լողում կոկորդիլոսների հետ, դե իսկ հերթական անգամ ցնցում է հանրությանը, երբ մորեմերկ նկարահանվում է «Աստվածների դուստրը» ֆիլմում, որն այն ժամանակվա համար չլսված մեկմիլիոնանոց բյուջե ուներ: Ցավոք, ֆիլմը չի պահպանվել, բայց դա չի խանգարել, որ Հոլիվուդի Փառքի արահետում Անետն իր անունով աստղ ունենա:

52 տարեկանում նա շարունակում էր զբաղվել ջրային բալետով, իսկ երբ դադարում է նկարահանվել ֆիլմերում, ամուսնու հետ միասին առողջարանների ցանց և առողջ սննդի վաճառակետ է բացում: Ի դեպ, թագուհի Վիկտորյայի նման ինքն էր առաջարկություն արել իր կողակցին և վերջինիս մասին ասում էր՝ նա լավագույն ամուսինն է, որ երբևէ որևէ կին կարող է ունենալ: Նրանք հրաշալի ընկերներ էին և ապրեցին միասին մինչև խոր ծերություն:

Անգամ 80-ամյա հասակում Անետը չէր դադարում մարզվել ու լողալ իր սիրելի ծովում, իսկ երբ նա մահացավ, կտակի համաձայն՝ ամենաջրային արարածի աճյունափոշին հանձնեցին Խաղաղ օվկիանոսի ջրերին:

No Comments

Post A Comment