50 կանայք, որ փոխեցին աշխարհը

Հասմիկ Սիմոնյան , Արմինե Դանիելյան

50 կանայք, որ փոխեցին աշխարհը
Գրքում ներկայացվում են տարբեր մասնագիտություններ ունեցող հիսուն կանանց զարմանալի պատմությունները: Այս կանայք նոր հերոսների մոդելներ են, որոնք կարող են վառ օրինակ ծառայել, թե ինչպես հաղթահարել պատնեշները, երազել ու չվախենալ նոր հարցադրումներ անելուց, մտածել կարծրատիպերից ու արգելքներից այնկողմ:
Նախատեսված է դպրոցահասակ և բարձր տարիքի ընթերցողների համար:
 

տեքստ հարթակ
2019թ.

 

Առաջաբան

Ի՞նչ են ուզում դառնալ երեխաները, երբ մեծանան: Ո՞ր մասնագիտություններն են առավել տարածված: Արդյո՞ք աղջիկներն ու տղաները կարող են նույն երազանքն ունենալ, չէ՞ որ շատ հեռու չեն այն ժամանակները, երբ, օրինակ, աղջիկն իրավունք չուներ դառնալու բժիշկ կամ գիտնական, ուսումնասիրելու հրաբուխները կամ շենքեր նախագծելու: Ու՞մ շնորհիվ են այսօր կանայք ձայնի իրավունք ստացել, անարգել տաբատ կրում, մասնակցում սպորտային մրցումների, ասես հենց այդպես է միշտ եղել:

Շուրջ երկու տարի տևական աշխատելով՝ մենք ինքներս էլ բացահայտեցինք նոր անուններ մեզ համար: Զարմանալի էր հատկապես, երբ հայ կանանց էինք գտնում: Չէ՞ որ մեզանում ոչ մի գիտնական կնոջ անուն հանրայնորեն չի շրջանառվում, ոչ մի հայ կնոջ արձան չկա, ոչ մի փողոց չկա, որ ականավոր հայ կնոջ անունով է անվանակոչված: Մինչդեռ աշխարհում առաջին կին դեսպանը մի քաջ հայուհի էր՝ Դիանա Աբգարը, Իրանում քանդակագործության մայրը Լիլիթ Տերյանն էր, Մեքսիկայում աստղագիտության առաջընթացը մեծապես կապվում է Փարիզ Փիշմիշ-Սուքիասյանի անվան հետ և այլն, և այլն: Մենք հասկացանք, թե ո՛րն է մեր հաջորդ գիրքը լինելու: Հայ կանայք, որ փոխել են աշխարհը:

Իսկ այս գրքում մենք ընտրել ենք 50 պատմություն, աշխարհի տարբեր կողմերում ապրող 50 կանանց, որ ձեռքները ծալած չեն նստում՝ սպասելով հերոսների, որ պիտի գան ու փոխեն իրենց կյանքը: Այլ իրենք են որոշում կայացնում. Զոուի Կոպլովիցը շրջանցում է իր հաշմանդամությունն ու մասնակցում վազքի մարաթոնի, Ջեյն Գուդոլը գնում է Աֆրիկա ու կապիկներին ուսումնասիրում, քանդակագործ Լիլիթ Տերյանն Իրանում իրենց տունը դարձնում է արվեստանոց ու ուսանողներին շարունակում դասավանդել, Վանգարի Մաթաիի շնորհիվ շուրջ 51 միլիոն ծառ է տնկվում, Մարի Թարփն ուսումնասիրում է օվկիանոսները: Ու նրանցից յուրաքանչյուրը զբաղվում է իր ուզած գործով ոչ թե հակառակվելու համար կամ հանուն ինչ-որ մեկի, այլ որովհետև սիրում է իր գործը ու սիրում է ազնվորեն, մինչև վերջին խազը: Ու հենց դա էլ ոգևորում է մեզ՝ սովորել ապրել ու սիրել, սովորել սովորել և ոչ մի դեպքում կանգ չառնել, չհուսահատվել, սխալվելուց չվախենալ:

Մեր գրքի հերոսներից մեկը՝ խաղաղության նոբելյան մրցանակակիր Ջոդի Վիլյամսը, մի անգամ հանդիպում է ծեր մի վանականի: Վանականը խոստովանում է Ջոդիին, թե վերջերս կասկածամիտ է դարձել, ասում է. «Գիտե՞ս, Ջոդի, մարդիկ գալիս են, աղոթում, գնում, ու նրանց թվում է, թե իրենց խնդիրները իրենք իրենց պետք է լուծվեն, այնինչ ես հասկացել եմ, որ աղոթքը կարճաժամկետ հանգստություն է բերում միայն, իսկ խնդիրների լուծման համար մարդիկ պիտի քայլ անեն, շարժվեն, մղվեն առաջ, չընկրկեն»…

 

No Comments

Post A Comment