Նարինե Ավետյան

Նարինե Ավետյան | ծնվ. 1977թ., Հայաստան

*
Այսօր ես դուրս էի եկել փնտրելու մեր ոտնահետքերը…
Մայրս անհանգիստ է. ես սարսափելի հազում եմ…
Ինձ հայտնեցին, որ դու լքել ես քաղաքը…
Կեսգիշերը ծամել է մարմինս ու թքել անկողնուն…
Մայրս անհանգիստ է. ես սարսափելի ջերմել եմ…
Իմ դռան դեմ հավաքվել են բակի սոված կատուներն ու սպասում են…
Այևս դուրս չեմ գա, դեռ երեկ պանրի վերջին փշուրները տվեցի նրանց…
Մայրս անհանգիստ է. ես սեղմել բռունցքներս և չեմ բացում…

Մայթերը կարոտ են լալիս…
Ծառերը կարոտ են լալիս…
Բռունցքներս կարոտ են սեղմել…
Դու այլևս չես լինելու… Դեռ վաղուց
Մայրս անհանգիստ էր…

1997


*

Տղաս, կոպերիս մեջ անհույս լաց կա պահված,
Եվ աչքերիս հրաժարումի հրավերքը բռնի է:
Բոհեմի, կեղտի ու խառնափնթորության մեջ լերդացել են բառեր:
Մենք ճիգով փնտրում ենք կիսատը և գիտենք` ավարտ չկա:
Մեծ տղաս, քաղաքը ձյունել է հերթական անգամ:
Եվ ամեն ինչ հերթականն է:
Եվ ճիշտ ժամանակին ինձ ունենալը սովորույթ է դարձել:
Քեզ այդպես ունենալը, քեզ այդքան ունենալը արդեն մեղք է դառնում:
Եվ հերթական կիրքը, և այս կեսգիշերը չեն հերիքում լինել:
Տղաս, եթե անկարող լինեմ նետել սովորույթիդ շղթան,
ինքդ դեն նետիր այս այս անհույս
տանջանքը:
Շշերի, բաժակների, բառերի արանքում, մի անգամ ևս,
խեղդիր իմ տխուր հմայքը:
Տղաս, լուսաբացին գնդակահարիր ինձ ձյուներով հղի
այս քաղաքի փողոցներում…

1997


*
Աղջիկս, երբ եկար,
Միամիտ ու լուսե մի խենթ էիր,
Ներսդ արև կար, աղջիկս, երբ եկար…
Քո բաժին քաղաքը` կես որբ ու մրսած:
Քո բաժին ցավը` մի մրսած պատի տակ ծվարած:
Ու շռայլվում էիր լքված փողոցներին:
Աղջիկս, կրակ էիր, կրակ…
քաղաքը` կես որբ ու մրսած, ով հասավ` իր բաժինը քեզնից տարավ:
Սիրտդ վիրակապ էր անսիրտ Քաղաքի հիվանդ որովայնին:
Ում պետք էր` իր բաժինը շուրթերիցդ տարավ:
Ում պետք էր` իր երգին քեզնից մի տող տարավ:
Ում պետք էր` սիրտդ իր հետ տարավ,
Ով եկավ` քեզնով սնվեց, կշտացավ,
շուրթերը լիզեց` գնաց:
Հիմա, աղջիկս, կեսսուրբ, կեսպոռնիկ ու խելագար:
Հիմա կեսորբ ու ցաված է ներսդ:
Հիմա օրդ` դատարկ:
Հիմա տերդ Քաղաքն է ու մոռացել է լքված պատի տակ:
Աղջիկս, քո բաժինը մեծ Սեր էր,
Քո բաժինը մեծ Արև էր, աղջիկս…
Ով ուզեց` քեզնից տարավ:
Կրակ էիր, կրակ, աղջիկս…
Հիմա անտուն ու սոված շուն ես, աղջիկս.
(Վերցրու շիշը, բայց ո՞ւմ ճակատին ես խփելու)
Երկրում մի տխուր աստղ ունես,
հողին` մի տխուր ընկեր` մի շուն.
Հիմա քիչթեշատ իրար հետ եք:
Հիմա քիչթեշատ հաչում եք իրար հետ:
Հիմա քիչթեշատ մենակ չեք իրար հետ:
Հիմա քիչթեշատ ապրել եք սովորում:
…Ախր կրակ էիր, կրակ, աղջիկս,
Միամիտ ու լուսե մի խենթ էիր.
(Ոչ ոք արժեր ոտնահետքդ, Աղջիկ)
Քո բաժինը` մեծ Սեր,
Քո բաժինը` մեծ Արև էր, աղջիկս.
Ախր կրակ էիր, կրակ, աղջիկս…


*
Ես գիտեմ, որ այնտեղ արևները թույլ են,
Արևները մեռած ու գունատ են այնտեղ:
Այստեղ շիրիմները տխուր ու լքված են մնացել,
Ոչ ոք չի ջրում հողն արցունք-ծաղիկներով…

Ես գիտեմ, որ այնտեղ արևները թույլ են,
Իսկ այստեղ կրքերից շիկնել է հողը – 
Սերն այստեղ ափերից ելել
Ու շռայլվում է ինքնանպատակ.

Բաժանորդագրվել այլևս պետք չէ…

Իսկ այնտեղ փողոց. երեսնյոթամյա մի կին
Ու տասներկուամյա մի կին քայլում են փողոցող ու լալիս:

Ու այստեղ…
Ու ամեն տեղ
Գերեզմանները տխուր ու լքված են մնացել:
Գերեզմանները միշտ անդավաճան են:

1996

*
Տարին լքում է քաղաքը:
Տարին գնում է անդարձ:
Քաղաքը տխուր երգ է կրկնում ծառի ականջին
Ու անմնացորդ տրվել է ծառի մերկ արմատներին:

Ծառը շնչում է բաժանման ցավը:
Քաղաքը մրսում է վաղուց:
Վաղը դիմակահանդես է:
Հրաժեշտից առաջ իմ ո՞ր դիմակով հայտնվեմ այնտեղ
Եվ ինչպես վարվեմ Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ…
Չէ՞ որ 
Տարին լքում է քաղաքը:
Անվերադարձ լքում է մեզ:
Քաղաքը մրսում է վաղուց:

Եվ գուցե այսօր ես ընտրեմ դիմակ
Եկող տարվա համար…

1996


*

Հունվարի 1-ին 2-ին միս ծամվեց
Հատկապես իմ իսկ միսը իմ իսկ ատամների տակ
Եվ շարունակվեց ողջ հունվարին
Ես դատապարտվեցի դանդաղ ծամվելու
(Այսօր փետրվարի 13-ին սրտխառնուք չունեմ)
Դանդաղ դանդաղ մենք ցանկանում ենք մեր ծնողների մահը
Իրենց իսկ երջանկության համար
Ես իմ չգոյությամբ ոչ ոքի վշտացնել չեմ ուզում
Եվ այնուամենայնիվ
«ի սեր աստծու» և «ի փառաբանումն բնության»
Դեռ հավատարիմ եմ ինքս ինձ
Չէ՞ որ ես չեմ սահմանել մարմնի ջերմաստիճանը
Եվ ճիշտ է այն, ինչ կա մինչև այժմ
«ես միշտ պատրաստ եմ վերջին պատառս մուրացկանին տալ»
«Եվ կատարել աստծո բոլոր պատվիրաններն ամենայն ճշգրտությամբ»
Նաև գիտեմ որ իմը իմ ոտքերի տակ է
Եվ ցավալիորեն ընդմիշտ բարձր եղա իմ ոտքերից
Չէ՞ որ ես չեմ ցանկանում կրթել Կովկասի ուղիղ կեսը
Չեմ մերժում Ասիան
Եվ չեմ պարտվում Արևմուտքին
«Եվ չունեմ ցանկություն զատելու միսը եղունգից»
Եվ ընդամենը կին եմ բաղադրությամբ
Ամենապարզ գոյական
Հասարակ անուն
Հոգնակի թվով
Անձ
Երբեմն իրի առումով
Երբեմն վերացական
Ավելի հաճախ շոշափելի
Մի ոտքս երկնքում
Մյուսն ուղիղ ճահճում
Ու այսքանը ճիշտ
Աչք է պետք որ խաբվի
լեզու է պետք ատամների տակ սեղմելու համար
Ձեռք է պետք գրիչ ատելու համար
Երբ օրն է կիրակի
Հունվարի 17-ից 30 օր անց
Ես ձեզ ներում եմ չպատահածի համար
Դուք ինձ ներեք այն ինչ եղավ…

2000

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment