Մարգրեթ Աթվուդ | Margaret Atwood

Մարգրեթ Աթվուդ | ծնվ. 1939թ., Կանադա

 

Փոքրիկ կարմիր հավը պատմում է ամեն ինչ

Բոլորն  ուզում են իրենց բաժինն ունենալ: Բոլո՛րը: Ոչ միայն կատուն, խոզն ու շունը: Նաև ձին, կովը, ռնգեղջյուրը, օրանգուտանը, եղջերավոր դոդոշը, ոմբաթը, բադակտուցը, մտքովդ ով անցնի: Էլ տեղ ու դադար չունեմ, ու ամբողջն այդ անիծյալ հացի պատճառով:
Հեշտ չէ հավ լինել:

Դուք գիտեք իմ պատմությունը: Հավանաբար ձեզ այն պատմել են որպես ճիշտ վարքի փայլուն նմուշ: Սթափ գլուխ և քրտնաջան ֆիզիկական աշխատանք: Արա ինքդ: Հետո կներդնես քո կապիտալը: Հետո կհավաքես: Ես սրա՞ համար պետք է օրինակ ծառայեմ: Ծիծաղեցնում եք:

Ճիշտ է, ես եմ գտել ցորենի հատիկը: Հետո ի՞նչ: Չորս կողմը լիքը ցորենի հատիկներ են: Ուշադիր նայեք երկանքի քարերին ու դուք էլ ցորենի հատիկ կգտնեք: Տեսա մի հատիկ ու վերցրեցի: Ոչ մի սխալ բան չեմ արել: Առաջինը ես գտա` իմն էր: Ցորենի մեկ հատիկը երկուս կդառնա: Քաչալ, ճար ունես` գլխիդ արա:

– Ո՞վ կօգնի ինձ ցանել ցորենի այս հատիկը, – ասացի ես: – Ո՞վ: Ո՞վ:

Ինձ գրողը տարած բու էի զգում:
– Ես` չէ, ես `չէ, – պատասխանում էին նրանք:
– Այդ դեպքում ես ինքս կանեմ, – ասացի ես, ինչպես հնարամիտ միանձնուհին շշնջում է վիբրատորին:   

Ոչ ոք չէր լսում իհարկե: Բոլորը գնացել էին ծովափ:

Չկարծեք, որ այդ բոլոր մերժումները վիրավորական չէին:  Թուխս նստած իմ ծղոտե բույնի մեջ` ես լացում էի փոքրիկ կարմիր հավի արցունքներով: Ճտերիս արյան արցունքներով: Դուք գիտեք` ինչ տեսք ունեն, դրանցից ահագին կերել եք: Նաև լավ թանձրուկ  կարելի է պատրաստել:

Այսպիսով ի՞նչ կարող էի ես անել: Կարող էի հենց տեղում ուտել ցորենի հատիկը: Ինքս ինձ սննդարար նվեր անեի: Բայց փոխարենը ես ցանեցի այն: Ջրեցի այն: Օր ու գիշեր պահակ կանգնեցի իմ փոքրիկ փետրածածկ մարմնով:

Հետո այն աճեց: Ինչո՞ւ չպիտի աճեր: Հետո դրանից ավելի շատ  հատիկներ ծլեցին: Հետո ես դրանք էլ ցանեցի: Հետո  դրանք էլ ջրեցի: Հետո աղացի, որ ալյուր դառնան: Հետո վերջապես բավական ալյուր ունեի հացի համար: Հետո հաց թխեցի: Տեսել եք նկարները. ես` իմ փոքրիկ կարմիր հավի գոգնոցով, թևերիս ծայրին անուշաբույր քուլաների մեջ  բռնած հացը, լայն ժպիտը դեմքիս: Ես բոլոր նկարներում եմ ժպտում, որքան հնարավոր է ժպտալ կտուցով: Ամեն  անգամ, երբ նրանք ասում էին. «Ես` չէ», ես ժպտում էի: Ես ոչ մի անգամ չկորցրեցի ինքնատիրապետումս:

– Ո՞վ կօգնի ինձ ուտել այս հացը, – ասացի ես:
– Ես, – ասացին կատուն, շունը և խոզը:
– Ես, – ասաց այծքաղը:
– Ես, – ասաց յակը:
– Ես, – ասաց սցինկյան մողեսը:
– Ես, – ասաց ցայլքի ոջիլը:

Նրանք իսկապես չէին ստում: Պարզում էին իրենց թաթերը, կճղակները, ճանկերը, ծնոտները, կառչուն պոչերը: Նայում էին ինձ թքածոր աչքերով: Նվնվում էին: Խցկում էին իրենց խնդրագրերը փոստարկղս: Դեպրեսիայի մեջ էին ընկնում: Պախարակում էին ինձ եսապաշտ լինելու համար: Տարբեր հիվանդություններ էին ձեռք բերում: Սպառնում էին ինքնասպան լինել: Ասում էին` ես եմ մեղավոր, որ ունեմ հաց, իսկ  նրանք չունեն: Յուրաքանչյուրը, թվում էր, այդ անիծյալ հացի կարիքն ավելի շատ ուներ, քան ես:

– Էլի կարող ես թխել, – ասում էին նրանք:

Հետո ի՞նչ տեղի ունեցավ: Ես գիտեմ` ինչպես ես պատմությունը ավարտում, ինչ պետք է ասած լինեի.
– Ես ինքս կուտեմ, ռադ եղեք:

Ոչ մի բառի չհավատաք: Ինչպես արդեն նշել եմ, ես հավ եմ, ոչ թե աքլոր:
– Ուրեմն, – ասացի ես, –  ներողություն եմ խնդրում առաջին հերթին նման մտքեր ունենալու համար: Ներողություն եմ խնդրում բախտս բերելու համար: Ներողություն եմ խնդրում ինքս ինձ զրկելու համար: Ներողություն եմ խնդրում լավ խոհարար լինելու համար: Ներողություն եմ խնդրում միանձնուհիների մասին այն կատակի համար: Ներողություն եմ խնդրում աքլորների  մասին այն կատակի համար: Ներողություն եմ խնդրում ժպտալու համար, իմ ինքնահավան հավի գոգնացի համար, իմ ինքնահավան հավի կտուցի համար: Ներողություն եմ խնդրում հավ լինելու համար:

Էլի կերեք:

Իմը կերեք: 


Անգլերենից
թարգմանեցին Արմինե Դանիելյանը, Նարե Հարությունյանը

Ժամանակով….

– Ժամանակով մի աղքատ աղջիկ է լինում` նույնքան գեղեցիկ, որքան բարի, որ ապրում էր իր չար խորթ մոր հետ իրենց տանը անտառում:
-Անտա՞ռ: Անտառն անցյալ դար է. ուզում եմ ասել` հոգնել եմ այդ վայրի բնության բաներից: Մերօրյա հասարակության ճիշտ պատկերումը չէ: Թող որպես նորույթ մի քիչ քաղաքային լինի:
– Ժամանակով մի աղքատ աղջիկ է լինում` նույնքան գեղեցիկ, որքան բարի, որ ապրում էր իր չար խորթ մոր հետ իրենց տանը քաղաքի արվարձաններում:
– Ավելի լավ է: Սակայն պետք է լուրջ քննարկել այս բառը` աղքատ:
– Բայց նա իսկապես աղքատ էր:
– Աղքատը հարաբերական է: Նա ապրում էր իր տանը, այնպե՞ս չէ:
– Այո:
– Ուրեմն սոցիալ-տնտեսական տեսանկյունից նա աղքատ չէր:
– Բայց նա ոչ մի կոպեկ չուներ: Պատմության ամբողջ իմաստն էլ դա է, որ չար խորթ մայրը ստիպում է նրան ցնցոտիներ հագնել ու քնել բուխարու…
– Ըհը՛: Նրանք բուխարի՛ ունեին: Աղքատի դեպքում, թույլ տուր նկատել, բուխարի չի լինում: Արի այգի, մութն ընկելուց հետո արի մետրոյի կայարաններ, արի որտեղ մարդիկ քնում են ստվարաթղթի արկղերում, ու ես քեզ ցույց կտամ աղքատը:
– Ժամանակով միջին խավի պատկանող մի աղջիկ է լինում` նույնքան գեղեցիկ, որքան բարի…
– Այստեղ կանգ առ: Կարծում եմ` կարող ենք ջնջել գեղեցիկը, համաձայն չե՞ս: Մեր օրերում կանայք առանց այդ էլ ստիպված են գործ ունենալ բազմաթիվ վախեցնող նմուշ-օրինակների հետ` այդ բոլոր կլորություններով մոդելները գովազդներում: Չե՞ս կարող նրան դարձել, ասենք, ավելի միջին:
– Ժամանակով մի աղջիկ է լինում, ով մի փոքր ավելորդ քաշ ուներ և ում առջևի ատամները դուրս ցցված էին, ով…
– Չեմ կարծում, որ գեղեցիկ է ծաղրել մարդկանց արտաքինը: Ավելին, դու խրախուսում ես անորեքսիան:
– Ես չէի ծաղրում: Ես պարզապես նկարագրում էի…
– Բաց թող նկարագրությունը: Նկարագրությունը ճնշում է: Սակայն դու կարող ես ասել` ինչ գույնի էր մաշկը:
– Ի՞նչ գույնի:
– Դե հասկանում ես` սև, սպիտակ, կարմիր, շագանակագույն, դեղին: Այսքան տարբերակներ կան: Ու հենց հիմա ասում եմ, որ զզվել եմ սպիտակից: Դոմինանտ մշակույթը այս արեց, դոմինանտ մշակույթը այն արեց…
– Ես չգիտեմ` ինչ գույնի էր:
– Ուրեմն հավանաբար քո գույնի կլիներ, չէ՞:
– Բայց սա իմ մասին չէ: Մի աղջկա մասին է…
– Ամեն ինչ քո մասին է:
– Ինձ թվում է, որ դու ամենևին էլ չես ուզում լսել այս պատմությունը:
– Օհ, դե լավ, շարունակիր: Կարող ես նրան տեղաբնիկ դարձնել: Օգտակար կլինի:
– Ժամանակով անհայտ ծագման մի աղջիկ է լինում` նույնքան միջին արտաքինով, որքան բարի, ով ապրում էր իր չար…
– Մի բան էլ: Բարի ու չար: Չե՞ս կարծում, որ հարկավոր է հրաժարվել պուրիտանական քննադատման բարոյական այդ մակդիրներից: Ուզում եմ ասել` պայմանականությունն այնքան շատ է, չէ՞:
– Ժամանակով մի աղջիկ է լինում` նույնքան միջին արտաքինով, որքան հարմարվող, ով ապրում էր իր խորթ մոր հետ, ով շատ գրկաբաց ու սիրառատ անձնավորություն չէր, քանի որ ինքն էլ էր բռնությունների ենթարկվել մանուկ հասակում:
– Ավելի լավ է: Բայց ես այնքան եմ հոգնել կանացի բացասական կերպաներից: Իսկ խորթ մայրերը միշտ անհիմն են պատժվում: Իսկ ինչո՞ւ չդարձնենք խորթ հայր: Ի վերջո այդպես  ավելի հասկանալի է` հաշվի առնելով այն վատ վարքը, որ հիմա նկարագրելու ես: Ու խոսիր մի քիչ էլ մտրակներից ու շղթաներից: Բոլորս էլ գիտենք ` ինչպիսին են այդ խեղված, ճնշված միջին տարիքի տղամարդիկ…
Հեյ՛, մի րոպե: Ես էլ եմ միջին տարիքի
– Փակիր բերանդ, պարոն Քիթս Ամեն Տեղ Խոթում Եմ: Ոչ ոք քեզ չխնդրեց մեջ գցել անպոչ շերեփդ կամ ինչ ես դրա անունը դրել: Սա մեր երկուսի միջև է: Շարունակիր:
– Ժամանակով մի աղջիկ է լինում…
– Քանի՞ տարեկան էր:
– Չգիտեմ: Ջահել էր:
– Վերջում ամուսնությամբ է ավարտվելու, չէ՞:
– Դե, չմատնեմ սյուժեն, բայց այո:
– Այդ դեպքում կարող ես աղբը նետել հայրիշխանական վերամբարձ տերմինաբանությունը: Նա կին է, ընկեր ջան: Կի՛ն:  
– Ժամանակով…
– Ի՞նչ է նշանակում ժամանակով: Հերիք է խոսենք մեռած անցյալից: Պատմիր ինձ ներկայի մասին:
– Ժամանակ…
– Ու՞:
– Ու ի՞նչ:
– Ու ինչո՞ւ ոչ անժամանակ:

Անգլերենից թարգմանեցին Արմինե Դանիելյանը, Էդիտա Մելիքյանը

No Comments

Post A Comment