27 May Ահմադ Շամլու | Ahmad Shamlou
Ահմադ Շամլու |1925-2000թթ., Իրան
ՔԵԶ ԲԱՐԵՎՈւՄ ԵՄ
Քեզ բարևում եմ, քո կողքին նստում եմ,
Եվ քո մենության մեջ կառուցվում է իմ քաղաքը մեծ:
Եթե հավքի ճիչ եմ և ստվեր խոտի,
Քո մենության մեջ վերագտնում եմ ճշմարտությունն այդ:
Հոգնած, հոգնած գալիս եմ
Արահետներից կասկածանքների,
ԵՎ ես հայելու պես հագեցած եմ քեզանով:
Ոչինչ չի ապաքինում ինձ,
Ոչ ցողունը թևերիդ,
Ոչ աղբյուրները մարմնիդ:
Առանց քեզ մարած ու լուռ եմ, քաղաք եմ գիշերում,
Դու ծագում ես,
Հեռուներից ճաշակում եմ ջերմությունդ,
ԵՎ քաղաքս
Աղաղակներով, կասկածանքներով, պայքարներով և
Պայքարի տարակուսանքի աղաղակներով
Արթնանում է:
Այլևս ոչինչ չի ցանկանում ապաքինել ինձ,
Ով արև, առանց քեզ քաղաք եմ գիշերում,
ԵՎ մայրամուտդ այրում է ինձ:
Ես հետամուտ ցայգալույսին`
Թափառում եմ մոլորված,
Դու խոսում ես, չեմ լսում ես,
Դու լռում ես, հառաչում եմ,
Դու ինձ հետ ես, հեռու եմ ինձնից
ԵՎ առանց քեզ վերագտնում եմ ինքս ինձ:
Էլ ոչինչ չի կարող ապաքինել ինձ:
Եթե հավքի ճիչ եմ և ստվեր եմ խոտի,
Ճշմարտությունն այդ վերագտել եմ
Քո մենության մեջ:
Ճշմարտությունը՝ մեծ, ես փոքր եմ,
Քեզ՝ օտար:
Լսիր ճիչը հավքի,
Խոտի ստվերը միաձուլիր ստվերիդ,
Ինձ ծանոթացրու քեզ հետ, ով իմ օտարական,
Ինձ քեզ հետ նույնացրու:
ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ
Մեր կողմը գիշեր չէ,
Ձայնը չի հաշտվում լռության հետ,
Բառերը սպասում են:
Ես քեզ հետ միայնակ չեմ,
Ոչ ոք ոչ ոքի հետ միայնակ չէ,
Գիշերը աստղերից միայնակ է ավելի:
Մեր կողմը գիշեր չէ,
Պատրույգների կողքին անհամբեր են կայծքարերը:
Փողոցի զայրույթը քո բռունցքի մեջ է,
Քո շուրթերին հղկվում է պայծառ բանաստեղծությունը,
Ես քեզ սիրում եմ եւ գիշեր
Սարսափում է իր խավարից:
ՍԱՅԼԵՐԸ
Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը`
Զերծ աղաղակից երկաթների,
Որ հագեցրել է ունկերը մեր ժամանակի:
Ժամանակի մյուս ծայրից եկել են սայլերը:
Սովյալները չելան ոտքի,
Քանզի բեռից սայլերի
Չէր բուրում
բույրը տաք հացի:
Մերկանդամները չելան ոտքի,
Քանզի բեռից սայլերի
Չէր լսվում խշխշոցը հագուստների:
Բանտարկյալները չելան ոտքի,
Քանզի պարունակությունը սայլերի
Ոչ կախաղան էր,
Ոչ` ազատություն:
Մեռյալները չելան ոտքի,
Քանզի չէր փայփայվում այն հույսը,
Թե հրեշտակներ են սայլորդները:
Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը`
Զերծ աղաղակից երկաթների,
Որ հագեցրել է ունկերը մեր ժամանակի:
Ժամանակի մյուս ծայրից եկել են սայլերը:
Չբերելով իրենց հետ
Ոչ մի հույս…
ԱՍԵՄ ՔԵԶ…
Այլևս տեղ չկա…
Սիրտդ լի է տրտմությամբ,
Քո երկինքները կորցրել են
Ջերմությունը կապույտ գույնի…
Ապրում ես
Անգույն, անփայլ երկնքի տակ,
Քո հողում
Անձրեւը
Ծաղկատար է դարձնում դեմքը սերերիդ,
Թռչուններդ բոլոր մահացել են,
Ապրում ես
Անթռչուն, անստվեր դաշտում.
Այնտեղ, ուր
Մոխրանում է ամեն մի բույս`
Հավքի երգի սպասումից:
Այլևս տեղ չկա…
Սիրտդ լի է տրտմությամբ,
Բոլոր երկինքներիդ աստվածները
Գահավիժել, հողին են ընկել…
Անապաստան, միայնակ ես մնացել,
Ինչպես մի մանուկ,
Ծիծաղում ես սարսափից,
ԵՎ բութ մի հպարտություն
Զսպում է քեզ լացելուց:
Ահա մարդը,
Որ ստեղծել ես քեզանից,
Մարդ, որին սիրում էի,
Որին սիրում եմ…
Կյանքին ուս-ուսի
Մարտնչել էիր բոլոր մարտերում.
Անեծքներըը աստվածների
Անզոր էին ազդել քեզ,
Իսկ այժմ
Սառն ու տկար
Ինձ ծնկի ես բերում
Մենության առաջ…
Արդյոք դու
Մեր դարի մարդկանց
Արհեստական ճակատագրի շքեղ լու՞յսն ես,
Մարդիկ, որոնց սիրում էի ես,
Որոնց սիրում եմ…
Այլևս տեղ չկա…
Սիրտդ լի է տրտմությամբ,
Վախենում ես…
Ասեմ քեզ,
Դու վախենում ես կյանքից,
Մահից առավել, քան կյանքից,
Սիրուց առավել, քան այս երկուսից…
Նայում ես մթությանը,
Սարսափից դողում ես,
ԵՎ ինձ
Քո կողքին
Մոռանում ես…
ՄԻ ԱՅԼ ԳԱՐՈՒՆ
Նպատակս ինքնախաբեությունը չէ, ցանկալիս,
Նպատակս
Ինքնախաբեությունը չէ:
Եթե ստում են շուրթերը,
Քո ձեռքերից ակնհայտ է ճշմարտությունը,
ԵՎ ես խոսում եմ քո ձեռքերից:
Քո ձեռքերը քույրերն են իմ ճակատագրի,
Հրդեհված անտառներից, անձրևահար կալերից.
Ես իմ ճակատագրի գյուղակից եմ խոսում:
Ամեն մի խոտի վրա արյուն տեսա,
Ամեն մի ժպիտի մեջ տեսա ցավ:
Դու ծագում ես,
Քո պատասխանով բավարարվում եմ,
Ես հառաչում ու խաղաղվում եմ:
Նպատակս ինքնախաբեությունը չէ, ցանկալիս,
Նպատակս
Ինքնախաբեությունը չէ:
Դու այստեղ ես, և անեծքը գիշերվա ապարդյուն է,
Ամուլ մայրամուտին իմ սիրտը
Քո ներշնչանքից բեղմնավորվում է,
Քո ձեռքերով ամենալպրծուն գիշերներն
Ես հրավառում եմ:
Ես լավ եմ տեսնում կյանքը,
Ես ապրում եմ իմ երազները,
Ես ապրում եմ իրականությունը:
Արյան ամեն կաթիլքից խոտն է ծլարձակում,
Ամեն ցավից` ժպիտը,
Քանզի ամեն մի նահատակ ծառ է մի,
Ես խիտ անտառներից դեպի քեզ եմ գալիս,
Դու ծագեցիր,
Քո պատասխանով բավարարվեցի,
Ես հառաչեցի ու խաղաղվեցի:
Գարնանը մերձ երդվեցի տերևներին,
ԵՎ դու գիշերահար անցուղիներում
Զգուշացրիր նոր սիրուն:
Ես լսեցի թափառական գիշերաշրջիկների աղաղակը,
Ամենաանաստղ գիշերներին ժպիտդ հրախաղ դարձրի,
ԵՎ այնուհետ
Փողոցի սիրտը տունն է մեր:
Քո ձեռքերը քույրերն են իմ ճակատագրի,
Թող խոսեմ անձրևահար անտառներից,
Բերքառատ կալերից,
Թող խոսեմ մեր ընդհանուր ճակատագրի գյուղակից:
Նպատակս ինքնախաբեությունը չէ, ցանկալիս,
Նպատակս
Ինքնախաբեությունը չէ:
ԵՍ ՈՒ ԴՈՒ՝ ԱՆՁՐԵՎ ՈՒ ԾԱՌ…
Ես գարուն եմ, դու` հող,
Ես հող եմ, դու` ծառ,
Ես ծառ եմ, դու` գարուն.
Քո անձրևային մատների նազանքը
Ինձ այգի է դարձնում,
Անտառների մեջ դարձնում է կամար:
Դու մեծ ես, ինչպես գիշեր,
Լուսին լինի կամ ոչ.
Դու մեծ ես, ինչպես գիշեր:
Դու հենց լուսինն ես,
Դու հենց լուսինն ես, առհասարակ,
Եթե անգամ գնա լուսինը,
Դեռևս
Մենակ գիշերը
Պիտի
Գնա հեռու ճամփա,
Մինչ դարպասաշեմը ցերեկվա:
Գիշերվա պես,
Գիշերվա պես խորն ու մեծ ես:
Եթե անգամ ցերեկը գա,
Դու մաքուր ես, ինչպես ցող,
Ինչպես առավոտ:
Դու նման ես ամպի մետաքսի,
Դու նման ես բույրին խոտի,
Դու նման ես այն նուրբ մշուշի մարմաշին,
Այն մշուշի մարմաշը
Անորոշության վիճակում`
Բույրի վրա խոտերի,
Երկմտած ու անելանելի,
Գնալ – մնալու արանքում,
Կյանքի ու մահվան արանքում:
Դու նման ես ձյուներին,
Եթե անգամ ձնհալվեն ձյուներն ու
Սարը մերկանա,
Դու նման ես այն հպարտ,
Բարձր գագաթին,
Որ ծիծաղում է
Քամիներին չար
Ու սև ամպերին…
Ես գարուն եմ, դու` հող,
Ես հող եմ, դու` ծառ,
Ես ծառ եմ, դու` գարուն.
Քո անձրևային մատների նազանքը
Ինձ այգի է դարձնում,
Անտառների մեջ դարձնում է կամար:
ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ
Արմատները` հողում,
Արմատները` ջրում,
Արմատները` հառաչներում:
Գիշերը լի է լռության ուրվականներով,
ԵՎ ձեռքեր, որոնք վանում են ուրվականներին,
ԵՎ ձեռքեր, որոնք հեռու,
Հեռու են շպրտում ուրվականներին:
Երկու ուրվական խավարում
Պարել են մինչև սահմանները հոգնության:
Մենք պարել ենք,
Մենք պարել ենք մինչև սահմանները հոգնության:
Երկու ուրվական խավարում
Բացահայտել են հոգնությունները`
Կախարդական մի պարում:
Մենք պարել ենք,
Մենք բացահայտել ենք հոգնությունները:
Գիշերը լի է լռության ուրվականներով,
Արմատները` հառաչներով
ԵՎ պարերը`
Հոգնածությամբ:
ՓՈՂՈՑ
Երկու պատերի միջեւ
Անընդմեջ միջանցք,
ԵՎ ամայություն,
Որ ծանրորեն,
ինչպես ծերունի ձեռնափայտով
Անցնում է միջանցքով լռության,
Իսկ հետո
Արև
ԵՎ բեկված ստվեր,
ԵՎ մտահոգ եւ
Բեկված:
Տները,
Տուն, տները,
Մարդիկ,
ԵՎ մի ձայն վերից.
-Շախմատաձեւ քաղաք,
-Շախմատաձեւ քաղաք:
Երկու պատ,
ԵՎ լռության միջանցք,
Իսկ հետո
Ստվեր, որ խոսում է անկումից արևի:
Մարդիկ,
ԵՎ մի ձայն խորքից.
– Խաղաքար չենք,
Մենք խաղաքար չենք:
ԱՅԼԵՎՍ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՄ
Իմ ուսին քո բերանից ջուր խմող աղավնին է,
Իմ ուսին իմ կոկորդը թարմացնող աղավնին է,
Իմ ուսին ծանրաբարո աղավնին է բարի,
Որ ինձ հետ խոսում է լույսից
ԵՎ մարդուց, որ հեթանոս աստվածն է աստվածների:
Ես մարդու հետ քայլում եմ
Աստղազարդ հավերժության մեջ:
Ինչ-որ իրականություն խլրտաց խավարում,
Ինչ-որ մարդ փողոցում տապալվեց հողին,
Ինչ-որ կին լացեց տանը,
Ինչ-որ մանուկ ժպտաց օրորոցի մեջ:
Մարդիկ պայքարակիցն են իրականության,
Մարդիկ երկվորյակն են հավերժության,
Ես օտար չեմ հավերժությանը:
Կյանքը երգում է չարության բանտի շրջապարսպից,
Այլափոխված տիկնիկների աչքերի մեջ`
Շողարձակ է միտումը գիշերային լապտերի,
Ոչ մի տեղ,
Ոչ մի ժամանակ,
Կյանքի ճիչը չի մնացել անպատասխան.
Լսում եմ ձայները հեռավոր,
Հեռուներից ունկնդիր եմ իմ ձայնին:
Ես ողջ եմ,
Իմ ձայնն անպատասխան չէ,
Քո բարի սիրտը պատասխանն է իմ հառաչի:
Իմ ոսկեձայն հավքը
Քո տան ճյուղ ու տերևի մեջ է,
Նազելիս, հագիր զգեստդ լավագույն,
Սերը սիրում է մեզ,
Ես քեզ հետ կհետևեմ իմ երազը արթմնի,
Քո ճակատից
Ճշմարտության քերթությունը ես կզգամ:
Դու ինձ հետ խոսում ես լույսից եւ մարդուց,
Որ բարեկամն է աստվածների:
Քեզ հետ այլեւս միայնակ չեմ`
Իմ երազների հմայքներում:
ԵՍ ԵՎ ԴՈՒ…
Ես ու դու մի բերան ենք,
Որ իր ողջ ձայնով
Գեղեցկագույն երգն է երգում:
Ես ու դու մի տեսողություն ենք,
Որ աշխարհը ամեն պահ
Իր համայնապատկերում`
Թարմացնում է:
Ատելություն
Այն ամենի հանդեպ, ինչ ունի ժամանակը,
Այն ամենի հանդեպ, ինչը պարփակել է մեզ,
Այն ամենի հանդեպ, ինչը կստիպի մեզ
Ետ նայել…
Ձեռք,
Որ հանդուգն մի գիծ
Անվավեր է դարձնում…
Ես ու դու նույն հույզն ենք`
Ամեն մի բոցից առավել
ԵՎ մեզ չի նվաճի ոչ մի պարտություն,
Քանզի սերն է
Անխոցելիությունը մեր:
Մեր հովանու ներքո բնադրված ծիծեռնակը
Իր փութկոտ երթ ու դարձով
Մեր տունը հագեցրել է
Կորած
Ինչ-որ աստծով…
ԱԿՆԱՂԲՅՈՒՐ
Խավարի մեջ փնտրեցի աչքերդ,
Խավարի մեջ գտա աչքերդ,
Եվ գիշերս աստղավառ դարձավ:
Քեզ կանչեցի,
Ամենախավար գիշերներում սիրտս կանչեց քեզ,
ԵՎ դու իմ ձայնի արձագանքով եկար դեպի ինձ:
Ձեռքերովդ երգեցիր ձեռքերիս համար,
Աչքերովդ` աչքերիս համար,
Շուրթերովդ` շուրթերիս համար,
Մարմնովդ երգեցիր մարմնիս համար:
Ես մտերմացա քո աչքերի եւ ձեռքերի հետ,
Ես մտերմացա քո մարմնի հետ:
Ինչ-որ մի բան մարեց իմ մեջ,
Ինչ-որ մի բան ծաղկեց իմ մեջ,
Մանկությանս օրորոցում ես քնեցի վերստին
ԵՎ վերագտա այն օրերի իմ ժպիտը:
Իմ մեջ բույն էր հյուսել կասկածանքը:
Քո ձեռքերը աղբյուրի պես դեպի ինձ հոսեցին,
ԵՎ ես թարմացա, ես համոզվեցի,
ԵՎ համոզմունքը տիկնիկի պես գրկեցի,
ԵՎ քնեցի քո գոգի մեջ` օրորոցը երազներիս,
Օրորոցը իմ նախնական տարիների,
ԵՎ շուրթերս վերագտան իմ ժպիտը այն օրերի:
Մարմնովդ օրորոցային երգեցիր մարմնիս համար,
Քո աչքերը ինձ հետ էին,
Ես փակեցի իմ աչքերը,
Քանզի քո ձեռքերը ներշնչում են վստահություն:
Վատությունը խավարն է,
Գիշերները մարդասպան են,
Ով իմ ցանկալի, ով համոզմունք,
Ես խռով եմ խավարի հետ,
Եվ քեզ երգում եմ, ինչպես մի մեծ օր:
Կանչում եմ քեզ, լսիր, սիրտս կանչում է քեզ,
Գիշերը շրջապարիսպել է ինձ,
ԵՎ ես քեզ եմ նայում,
Սրտիս լուսամուտից նայում եմ քո աստղերին,
Քանզի ամեն մի աստղ արև է մի:
Ես հավատում եմ արևին,
Ես հավատում եմ ծովին,
ԵՎ քո աչքերը ակնաղբյուրն է ծովերի:
Մարդը
Ակնաղբյուրն է ծովերի:
ՊԱՅԾԱՌ ՀՈՐԻԶՈՆ
Մի օր վերստին
Մենք կգտնենք մեր աղավնիներին
ԵՎ բարությունը կբռնի ձեռքը գեղեցկության:
Մի օր, երբ փոքրագույն երգը համբույրը կլինի
ԵՎ ամեն ոք`
Եղբայրը մյուսի:
Մի օր, երբ չեն փակվի դռները տների
ԵՎ փականը առասպել կդառնա,
ԵՎ սիրտը բավարար միջոց`
Ապրելու համար:
Մի օր, երբ բոլոր խոսքերի մեկնությունը
Սերը կլինի,
Որպեսզի դու վերջին բառի համար խոսք չփնտրես:
Մի օր, երբ ամեն բառ ու բանի երաժշտությունը
Կյանքը կլինի,
Որպեսզի ես վերջին բանաստեղծության համար
Վանկի որոնման տանջանք չկրեմ:
Մի օր, երբ ամեն մի շուրթ երգ կլինի,
Որպեսզի փոքրագույն երգը համբույրը դառնա:
Մի օր, երբ դու գաս,
Գաս վերջնականորեն,
ԵՎ բարությունը նույնանա գեղեցկության հետ:
Մի օր, երբ մենք վերստին,
Կուտ կտանք մեր աղավնիներին:
ԵՎ ես սպասում եմ այդ օրվան,
Նույնիսկ այն օրը,
Երբ չեմ լինի արդեն:
Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
No Comments