Նայիրա Վահիդ | Nayyirah Waheed

Նայիրա Վահիդ 


*
Իմ ներսի
բոլոր կանայք
հոգնել են:

Ողբ

ես փորձում եմ հիշել քեզ
և
թողնում եմ, որ հեռանաս ինձնից
միաժամանակ:

Բանաստեղծ, ով խնամքով թաքցնում է իր կենսագրությունը հանրությունից և նկարագրում ինքն իրեն որպես «հանդարտ պոետ»:

Բանաստեղծական երկու գրքի հեղինակ է՝ «Աղ» (2013թ.), «Նեյմա» (2014թ.):

Վահիդի բանաստեղծությունները մինիմալիստական ֆրագմենտներ են, որ բարձրացնում են ձայնը ընդդեմ ռասիզմի, կնատյացության, քսենոֆոբիայի:

Խորհուրդ սկսնակ գրողներին

ինչից, որ ամենաշատն եք վախենում
գրել,
հենց դրա մասին էլ գրեք:

Յուրացում

և, այնուամենայնիվ,
կմեկնեի՞ք ճամփորդության՝
պայմանով, որ ձեզ հետ չպետք է լինի
լուսանկարող սարք:

*
ես սիրում եմ ինձ.
ահա անաղմուկ,
ամենապարզ,
ամենից
հզոր
հեղափոխությունը
երբևէ եղած:

*
քո սիրտն աշխարհի ամենափափուկ տեղն է.
խնամիր նրան:

*
ինչ-որ մեկին պատկանելուց առաջ
նախ և առաջ ես իմն եմ:

Տունը

դու ես ու դու:
քո սիրային կապը:
ամենակարևոր սիրային կապը:

*
կոտրիր սիրտդ դանդաղ,
պարբերաբար, օր առ օր,
գտիր ուրիշ սրտեր քո մարմնի ներսում,
քո մարմնից այլ սրտեր կերտիր:

Երկիր

առաջին տեղը, որ եղել եմ,
առաջին երկիրն, ուր ապրել եմ
ամենասկզբում,
մայրս է:

Մեզ, որ մեր բերանի մեջ պահեցինք մեր կյանքը

իմ ամբողջ կյանքում
ես կերել եմ իմ լեզուն
ես կերել եմ իմ լեզուն
ես կերել եմ իմ լեզուն
ես լիքն եմ, շատ-շատ եմ իմ լեզվով
ու դու կմտածես որ խոսելն այնքան հեշտ է
բայց բնավ այդպես չի


Ատելություն

դաժան մայրերը ևս մայր են
նրանք հրահրում են պատերազմների սկիզբը
նրանք հեղափոխություն են անում
սովորեցնում են զատել թացը չորից
մայրերը մարդ են, որ
երբեմն երեխաների փոխարեն
ծնում են
սեփական վերքերը:


Հայելու գործը

գեղեցկության
քո
չափանիշը
դու
ես


*
ես ուշադրություն չեմ դարձնում
աշխարհի վերջին:
ինձ համար այն մի քանի անգամ եկել է
հետո նորից
առավոտ է բացվել:

*
մեկն ինձ հարցրեց՝
ոնց որ սիրահարվել ես, հա՞,
ինչի նման է սերը:
ասացի՝
նման ա նրան,
ոնց որ կորցրածդ բոլոր բաները գտնես
հանկարծ:

*
մեկ-մեկ բառերիցս
ծնողներիս հոտն եմ առնում
ու լացս գալիս ա

Առողջացում

բոլորս էլ ջարդվել ենք
սեփական ճամփան անցնելիս:
և բնական է,
որ սիրտը հեռու ենք պահել մարմնից
օրեր շարունակ
ամիսներ
տարի
ամբողջ ժամանակ

*
գտնվել իրարից մեծ հեռավորության վրա ՝
ապրելով նույն սենյակում
նույն մարդու հետ
երկար տարիներ:

*
Ապօրինի երեխա
ինձ օտար ու անհասկանալի ձևակերպում
ես ծնվել եմ մորիցս
և ահա
ես այստեղ եմ հիմա
օրինականը
սա է

*
Ամենատաք լույսը
մարմինն է
քո


Սուտ

ամիսը մեկ
ես արնահոսում եմ
ու
չեմ մեռնում:
ինչ պակաս
հրաշք է:

Դառնալ… թև

թեթև ապրիր:
խնայիր ժամանակդ:
դու գալիս ես
տուն:
քեզ մոտ:

Արդյունքում

պիտի ազնիվ լինեմ
երբ խոսում եմ
վերքերիս մասին.
նրա՛նք են դարձրել ինձ անպարտելի:


Եթե քեզ ոչ ոք չի ասել, որ քո ազատությունն ավելի կարևոր է, քան այլոց բարկությունը

ոչ-ը
հավանաբար կկատաղեցնի նրանց,
բայց
քեզ կդարձնի ազատ:

*
նե նայեց աչքերիս մեջ ու ասաց.
«կյանքն անընդհատ ցավեցնում է ինձ»:
բռնեցի նրա ձեռքն ու ասացի.
«երբեմն ցավ զգալը
ապրելու նշաններից է»:

Գանձ

դու թաքուն գանձ ես:

Գրելը

ես քայլում եմ
բանաստեղծության միջով՝
հեռանալով ինչ-որ մեկից:
 

*
Ես թավշե դաշտն եմ
խոցելիության:

Ցավացնելու մասին

քո՝
ինձ չցանկանալը
սկիզբն էր
իմ՝
ինձ սիրելուն:
շնորհակալ եմ:

Հանգամանքներ

«որտեղ ես դու»-ն
կապ չունի
«ով ես դու»-ի
հետ:

*
որոշ բառեր տուն են սարքում կոկորդիդ մեջ
ու ապրում այնտեղ գոհ ու երջանիկ:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

No Comments

Post A Comment