11 Apr Անձրև մի տխուր առիթով | բանաստեղծությունների ընտրանի
Անձրև մի տխուր առիթով | բանաստեղծությունների ընտրանի
Դյորդյ Պետրի | György Petri
Փիլիսոփայության մասին
«Անձրև է գալիս», – ասում է տղան:
«Հետո ի՞նչ», – ասում է մայրը՝
զրկելով երեխային
ճանաչողության ուրախությունից:
Եվ այսպես
առանց վատ մտադրության
նա սկսում է ետ վարժեցնել մանչուկին
զարմանքից: Եվ արդեն իսկ գրանցել տալիս
դասընթացին, որի կարգախոսն է.
«Թեթև, արագ տխմարանանք»:
Հունգարերենից թարգմանեց Վահրամ Մարտիրոսյանը
Ալեխանդրա Պիսարնիկ | Alejandra Pizarnik
Նվիրվում է Անդրե Պիեռե Մանդիարգեսին
Այստեղ ապրում ենք կոկորդի մեջ խրած ձեռքով: Այն, որ ոչինչ հնարավոր չէ, գիտեին արդեն նրանք, ովքեր անձրևներ էին հորինում և գործում էին բառեր բացակայության փոթորիկով: Այդ պատճառով նրանց աղերսների մեջ կար մի շշուկ ձեռքերի՝ սիրահարված մշուշին:
Իսպաներենից թարգմանեց Մերի Զոհրաբյանը
Սոհրաբ Սեփեհրի | سهراب سپهری
Անձրևանոցները պետք է փակել,
Անձրևի տակ է պետք քայլել,
Միտքը, հուշը պետք է տանել անձրևի տակ,
Քաղաքի բոլոր մարդկանց հետ է պետք անձրևի տակ քայլել,
Ընկերոջը պետք է հանդիպել անձրևի տակ,
Սերը անձրևի տակ է պետք փնտրել,
Անձրևի տակ է պետք խաղալ,
Անձրևի տակ է պետք ինչ-որ բան գրել, խոսել, ծաղիկ ցանել,
Անձրևի տակ է պետք կնոջ հետ սեր անել,
Կյանքը անընդհատ թրջվելն է,
Կյանքը ներկայի ավազանում լողալն է,
Հանեք հագուստները,
Մի քայլ հեռու ջուրն է:
Պարսկերենից թարգմանեց Էդիկ Պողոսյանը
Արամ Պաչյան |
Քայլում էի
Քայլում
էի
քաղաքի
ու
անձրևի
միջով
հետո
հիշեցի
որ
երեկ
իմ
սենյակում
կարգին
ցուրտ
էր
իսկ
մենք
սկզբում
հավեսով
հանվել
էինք
ու
գրկել
իրար
գրկեցինք
ու
սառած
մնացինք
հետո
մի
տեսակ
տխրեցինք
ես
նայեցի
կրծքիդ
ու
դողդղալով
հարցրեցի
էս
պտուկիդ
խալը
բնածին ա
Ծիծաղեցինք…
Հովհաննես Գրիգորյան |
Ռիգա
Մի բարակ անձրև է հարկավոր քեզ նորից հիշելու համար,
մի թեթև քամի, որ օգնելու է թերթել այս գիրքը հաստաբեստ՝
լցված սև-սպիտակ նկարներով:
Ի վերջո, հրաշալի էր ծխել Բալթիկ ծովի ափին,
երբ քեզ հետ լռում են համերաշխ,
և ինչ է երջանկությունը՝ մի տուփ ծխախոտ,
լուցկի, որ խոնավությունից այլևս չէր վառվում,
և զարմանալիորեն մանր աստղեր,
ավելի մանր, քան ավազը՝ ծովեզերքին տարածված,
կամ, գուցե, երկինքն էր շատ բարձր,
և երազները սավառնում էին շատ վերևում,
և ահա թե ինչու են լատվիացիները բարձրահասակ ադքան,
այլ կերպ ինչպես կերազես այդքան բարձր երկնքի տակ,
կամ, գուցե, ծովն էր շատ ծանծաղ,
ինչպես սկսնակ բանաստեղծի տողացի թարգմանությունը,
որն արդեն քանի օր է ընկած է սեղանիս…
Տրամվայի մի հեռավոր զնգոց էր հարկավոր
քեզ նորից տեսնելու այնպես,
ինչպես հենց այն պահին, երբ մեկն ինձ լատվիերեն
ինչ-որ բան հարցրեց,
իսկ ես, ամենևին չտարակուսելով, պատասխանեցի հայերեն,
և հետո
սկսեցինք բարձրաձայն ծիծաղել ինչ-որ խառը լեզվով,
թփթփացնել իրար ուսի և նորից ծիծաղել…
Ի վերջո, հրաշալի էր ծիծաղել Բալթիկ ծովի ափին,
երբ բարակ անձրև էր գալիս,
և քամին չգիտես օգնում էր, թե խանգարում
թերթելու այս գիրքը հաստաբեստ,
որ հիշողություն է կոչվում…
Շամս Լանգյարուդի | شمس لنگرودی
Սիրում եմ գիշերային անձրևը`
Կեսգիշերին,
Զբոսայգիների վառած լույսերը
Եվ մեքենան, որ հեռանում է
Կյանքի արագությամբ:
Ժակ Պրևեր | Jacques Prévert
Բարբարա
Հիշի՛ր, Բարբարա՛,
այդ օրն անվերջ անձրևում էր Բրեստի վրա:
Իսկ դու քայլում էիր ծիծաղկոտ,
անձրևոտ, ծաղկուն, հիացկուն,
անձրևի տակ,
հիշի՛ր, Բարբարա՛,
անձրևում էր անվերջ Բրեստի վրա:
Ես քեզ հանդիպեցի Սիամ փողոցում.
դու ժպտում էիր,
ես էլ էի ժպտում:
Հիշի՛ր, Բարբարա՛,
դու, որին չէի ճանաչում,
դու, որ ինձ չէիր ճանաչում,
բայց և այնպես հիշի՛ր այդ օրը, հիշի՛ր,
մի՛ մոռանա:
Կամարի տակ պատսպարված մի մարդ
կանչեց՝ Բարբարա՛,
և դու վազեցիր անձրևի միջով նրա մոտ՝
անձրևոտ, ծաղկուն, ծիծաղկոտ,
և նետվեցիր գիրկը նրա,
Հիշի՛ր այդ ամենը, Բարբարա՛:
Եվ մի՛ նեղացիր, որ քեզ դու եմ ասում.
ես դու եմ ասում բոլորին, ում շատ եմ սիրում
նույնիսկ եթե միայն մի անգամ եմ տեսել նրանց,
ես դու եմ ասում բոլորին, ովքեր սիրում են միմյանց,
նույնիսկ եթե նրանց չեմ ճանաչում:
Հիշի՛ր, Բարբարա՛,
մի՛ մոռանա
անձրևն այն երջանիկ ու խաղաղ
քո երջանիկ դեմքի վրա,
այն չքնաղ քաղաքի վրա,
անձրևը ծովի վրա,
զինանոցի
և Ուեսանի նավի վրա:
Օ՜, Բարբարա՛,
Ինչ տխմար բան է պատերազմը:
Ու՞ր ես դու հիմա
անձրևի տակ այս երկաթե,
արյունոտ, կրակե, պողպատե,
եվ նա, որ սեղմել էր քեզ իր գրկում՝
սիրահարված,
դեռ ո՞ղջ է, մեռա՞ծ, թե՞ կորած:
Օ՜, Բարբարա՛,
անձրևում էր անվերջ Բրեստի վրա,
ինչպես անձրևում էր մի ժամանակ,
բայց ուրիշ է անձրևն այս, հիմնիվեր փոխվել է ամեն բան.
սա սգո անձրև է, սոսկալի, հուսահատ,
սա փոթորիկ չէ անգամ, կամ որոտ՝
երկաթե, պողպատե, արյունոտ,
սրանք ամպեր են սովորական,
որոնք սատկում են շների նման
և անհետանում ջրի հոսանքով,
գնում են նեխելու հեռվում,
հեռո՜ւ, շա՜տ հեռու Բրեստից,
որից չի մնացել ոչինչ:
Ֆրանսերենից թարգմանեց Անահիտ Դաշտենցը
Գայանե Բաբայան |
Ալպիական մանուշակ
Երբ մենակ գիշերվա ցուրտ անձրևի մեջ
Վնգստում եմ շան քոթոթի նման,
Իսկ հնձվորը արդեն խռռացնում է
Իր փսխուկի կողքին պառկած,
Հանգած վառարանի աշխարհում
Ես հավաքում եմ մեկ-մեկ
Արցունքներս,
Դրանից մանյակ-բան եմ սարքում,
Որով զարդարում եմ ինձ
Եվ ուզում եմ մի քիչ արցունք էլ
Քեզ ուղարկել,
Որով դու աղի-բլիթ կուտես,
Եվ տեսնես` այս անձրևում
Ո՜նց եմ ինձ սիրուն զարդարում…
Մարինե Պետրոսյան |
Լաց չլինես
մի հատ տեղ կա
որտեղ բոլոր կորած բաները գտնվում են
ուղղակի անձրև ա գալիս ամբողջ ճանապարհին
ու դու կարող ա չդիմանաս
կարող ա հոգնես, պառկես թաց խոտերի մեջ ու մեռնես
բայց դու մի մեռի
ես քեզ հաստատ հաստատ եմ ասում
կա էտ տեղը
որտեղ բոլոր կորած բաները գտնվում են
ես եղել եմ
Աշոտ խաչատրյան |
Մարգարիտին
Բարի գիշեր, բայց ես գալու եմ վաղը,
դու զարթնելու ես իմ ձայնից
և նայելու ես լույսը, որ ես եմ,
ես քամին եմ, որ տանելու է քեզ,
համբերիր ինձ, ես թափանցել եմ լույսը,
համբերիր ինձ, և սիրելու ես լույսը,
լույսը, որ ես եմ, դու սիրելու ես
ու նայելու ես երկինքը
ու՞մ համար էր թափվում անձրևը
և ու՞մ էր կանչում ձայնը հուսահատի,
ես գիտեմ պատասխանը
այն ցնցելու է քեզ
դու նմանվելու ես ինձ
համբերիր
բայց նայելու ես երկինքը
երկինքը դատապարտումներով է հարուստ
և անձրևը թափթփված ու անձև
և լույսը բեկված անձրևի մեջ
և կանչելու է ձայնը հուսահատ
պատասխանը չի լինելու
քամին տանում է ուժասպառ,
և վարագուրելու ես լույսը
լույսը, որ ես եմ, վարագուրելու ես
ու ջուր ես լցնելու ծաղկամանը դատարկ
բարի գիշեր, բարի գիշեր, սիրելիս, բարի գիշեր
բայց ես գալու եմ վաղը:
No Comments