Հասմիկ Սիմոնյան | հպումներ

Հասմիկ Սիմոնյան | ծնվ. 1987թ., Հայաստան

 

հպումներ

ինձ հազիվ էի զսպում՝ գրելու քեզ, ընկերս, սիրելիս, բարեկամս,
չորացած վրձնի պես նիհարել ես,
այտոսկրերդ սմքել են, փոս ընկել, և նաև բառերը՝ մեզ կապող իրար,
ահավոր քչացել են, դարձել հատուկենտ,
ինչպես ատամները մուրացիկ այն տղայի, որ անսեռ բերանով լայն ժպտաց

և դու, որ գրկելուց առաջ
ինձնից այլևս թույլտվություն ես հարցնում
օ տարիներ, տարիներ առաջ
իմ սիրելի ընկեր ու բարեկամ
ժպիտդ ու աչքերդ՝ գրկելի
ես վախենում եմ ավելորդ հարցեր տալ
դու վախենում ես ավելորդ պատասխաններից
կան արդյոք ծնողներդ
կա իմ կյանքում ամուսին ու երեխա
որտեղ ես ապրում ու աշխատում
դու սպասում ես գրքիս կամ…

սիրելի ընկեր ու բարեկամ
քայլելը այս գարուն բուրող փողոցում
այս կեսօրին
երբ ամեն անկյունը
հին օրերի վատ մոնտաժված կադր է աչքիս
այս կեսօրին տեսնելը քեզ ու հեռանալը անխոս
թփթփացնելը ուսիդ
ժպտալդ
և բառերը սակավ
որովհետև քաջ գիտենք իրար երկուսս էլ
մեր հանդիպումներին ասված ամեն բառ
մեր դեմ է ելնելու մի օր
պատմվածքից քո
բանաստեղծությունից իմ
ու ես հավես չունեմ կարդալու
որ տեսար նրան: չէր փոխվել: առաջվա հս-ն էր: պոետը:
պատմում էր, որ բաժանվել է նորից: նույն մարդուց: այս էլ որերորդ անգամ
և ամեն անգամ վերջինը երդվյալ:
պոետս, փոքրիկս և այլն,
խրատներ կյանքից,
մի ցիտատ, հավանաբար, բրոդսկուց և որևէ նկարի հիշատակում:
բողոքներ մի գլուխ
կամ տարիքի բերմամբ գուցե արդեն՝ կես:
հիշոցներ այս կյանքի հասցեին,
և որպես փրկօղակ մեզ նետված արվեստը, արվեստը,
որին փոքրիկը չի դավաճանում համառորեն,

ինչն անշուշտ շարունակում է զարմացնել, թեև լուրեր են պտտվում,
բազմակետ, բազմակետ,
բառեր, շատ բառեր, բառեր, և թուղթն ի վերա ցփնյալ սպիտակ կյանք
անգույն, ոնց որ դեմքը դագաղում
կարված շուրթերով, սոսնձով կպցված

և ուրախությամբ, և կամ տխրությամբ, ընկերս,
ես տեսնում եմ թափանցիկ մարմինդ քայքայված
գուաշներից սևացած տեղ-տեղ, համբուրելի մազափունջը կրծքիդ
և հոտը քո, որ չառա, բայց հիշեցի, երբ արդեն հեռու էիր ինձնից
և էլի բաներ հիշեցի, և սուպերմարկետում անգամ բարեկամներիդ տեսա
թավջութակահար մորաքրոջդ ու ամուսնուն
բոլորը կան, դու կաս, ինչ լավ է
ես այնքան ուրախ եմ, որ չես մեռել
և տարիներ անց, երբ տարիները սայթաքեն մեր դեմքերի ահռելի փոսորակներում,
ինչպես ռումբերը օտտո դիքսի քո սիրած մոնոտիպում
իմ սիրելի ընկեր ու բարեկամ
քայլելով փողոցներում մետաղի
շատ բաներ կմոռանամ, չեմ հիշի, ինչպես այս օրն ու այլ օրեր
բայց նկարը, նկարը մունքի՝ քո սենյակի կրկնակը, և մենք էլ լուսամուտի առաջ
գրկած իրար անտանելի մերկ ու անտեր
կապույտ
անտանելի կապույտ
անտարակույս կապույտ
ինչպես աչքերը հիմիկվա սիրածիս նախկին սիրածի
փառահեղ կապույտ նկար, որ ոչ մի պատ չի հանդգնի կրել
և ուր իմ մազերը դեռ երկար են
դու ջահել ես, բանակից նոր եկած
և վախերդ քեզ կրծում են ներսից
ինչպես առողջ ատամներն են հյութալի խնձորը խժռում

սիրելի ընկեր ու բարեկամ
ես քեզ չեմ կարոտում ու կարոտում եմ

ասա, որ անտանելի է սիրուց հետոն, երբ այսքան հարազատ են
նրանք, որ պիտի մնային սիրեկան
և խոսեին բաներից, որ տխուրի մասին ստացվեր, մի քիչ արվեստի ու սիրո
և կռվեին կատաղի, վիճաբանեին
բառերով ու բարձերով
կտավներով ու գրքերով լի նախ մի սենյակում, ապա՝ մյուս, և հետո մյուսում նույնպես
և ապա ես արցունք կթափեի հաճույքից

դու՝ սերմ

սիրելի ընկեր ու բարեկամ,
գրկիր գլուխս,
համբուրիր,
ինչպես ցեխի մեջ թավալվող խոզի թանկ գլուխ
այսօրը՝ գարուն՝ մերկացող սալոմե
և դու էլ եկար՝
որպես էլ գրեկոյի մի սուրբ՝
սմքած ու չոր, հավերժորեն սիրելի
և քո գալը, թույլ կտամ ինձ մեկնել,
որպես պատասխան մեկ այլ բանի մասին,
որ չի ստացվում շրջանցել անընդհատ
ու նույն տեղին եմ հասնում, նույն խութին,
ամենատարբեր նավերով և, սակայն,
նույն տեղում խորտակվո’ւմ եմ, խորտակվում կրկին
և միթե մե՛նք չենք ընտրում
ինչպես խորտակվել նորից
նույն սենյակում
նույն մթի մեջ
նույն թանձրացող սիրում
գլուխը ետ շրջող
կրկին, նորից, նորից իբրև մի օրփեոս,
որ դեռ պիտի սովորի՝ վստահությունն է սեր
և իր եվրիդիկեն պիտի մթում մնա
և նա պիտի շոյի մանուկ տավիղը իր՝ լարե տողատված սիրտ՝
մանուկ, բայց բանիմաց

սիրելի ընկեր ու բարեկամ
ահա մենք ենք
մենք ենք նորից
երեխաներ դաշտում աճած

և ահա որոնում ես տաք մի ստինք
մեն-մի ստինք՝ մորդ կուրծքը՝ կուչ եկած կրծկալում մենակ
և կապարճում նրա բառեր են, ընկերս, 
ամազոնուհին քեզ չի թողել նետեր, փոխարենը՝ հաց կերե՞լ ես այսօր,
հո մի տեղդ չի՞ ցավում,
մաղթանքներ, որ բազմանաս

ի դեպ, մեր ընկերները բարեհաջող բազմանում են
ու ես անգամ գիրք եմ գրել նրանց զավակների համար
և բոլոր կողմերը գոհ են
քո դ. մ. – ից ի՞նչ կա
նամակներ էլ չեք գրում երևի
նամակներ չեն գրվում այլևս
ոչ թղթի վրա և ոչ էլ արդեն ֆեյսբուքում
մենք լսում ենք իրար
մենք ոչ միայն այլևս իրար չենք տեսնում
մենք նաև չենք տեսնում իրար ասվող բառերը
բոլորս վերանում ենք քիչ-քիչ

աննկատ
պակասում
իրարից

սիրելի ընկեր ու բարեկամ
սքանչելի անզգուշությամբ,
ինչպես դաշնակահար սիրուհիս է համբուրվում ինձ հետ
և մատով բանիմաց
հպվում
զգուշորեն
ստեղներին
ես այդպես շոշափում եմ ատամներդ
ես լեզվով հպվում եմ լեզվիդ
ես լեզվով որոնում եմ բառերդ
ու հատ-հատ
արթնացնում
նրանց

No Comments

Post A Comment