11 Feb Ալվարդ Ջիվանյան | Թուղթ ու գրի ոգիներ
Ալվարդ Ջիվանյան
ծնվ. 1964թ., Հայաստան
Թուղթ ու գրի ոգիներ | գրաշարի կնոջ օրագրից
դիցաբանական բառարան
«Զանգակ» հրատարակչություն
Երևան, 2020թ.
[հատվածներ գրքից]
Ալրմաղիկ
Գրքի թիթեռ է. կրծոտում հեռացնում է պատմությունների տխուր դրվագներն ու անձայն հառաչում: Ձվադրում է մեծատառ Օ-ի մեջ:
Գրաբաժինք
Հարսին տրվող համեստ օժիտ-գրադարան՝ սովորաբար բաղկացած խոհարարական բառարանից, Հայկական սովետական հանրագիտարանի մամռակող հատորներից ու «Ագապին» վեպից:
Գրաբարձուհի
Տպարանաբնակ փերի, որի օգնությանը դիմում են, երբ դժվար գրքի ծնունդ է լինում, և գրքի տպագրությունը ձգձգվում է: Շատ բանիմաց է, հոնորարների հարցում՝ խստասիրտ ու բծախնդիր:
Գրաբույն
Ատլասե էջանիշներից հյուսած փոքրիկ բույն, որտեղ քնեցնում են նորածին փոքրատառերին, մինչև սրանք կարողանան տողերի վրա ինքնուրույն կանգնել:
Գրազվարթներ
Գրքերի էջերի արանքներում բնակվող չորացած ծաղիկների ոգիներ են, որ հառաչելիս անուշ բույր են արձակում: Ամենից շատ սիրում են հեքիաթներ ընթերցել, որովհետև անտառաշատ պատմություններ են: Խոնարհվում են Հովհաննես Տիրակալին ու Ալեքսանդր անունով վաղամեռ մի այրի. սա, երբ գրում էր, էջը ծաղկում էր այն ծառի ծաղիկներով, որի փայտից իր թուղթն էր: Նրան բանտում փակեցին, որպեսզի Անտառի գաղտնիքը ոչ ոք չիմանա: Գերեզմանն անհայտ է, ու գրազվարթները մինչև օրս չեն կարողանում սգահան լինել, բայց ամառնամուտին Խոնարհ անունով գրազվարթը լքված գերեզմանատեղերից գրկերով եղինջ է քաղում ու նրա գրվածքների լուսանցքները զարդարում այրող պսակներով. բանտապետի աչքը դուրս գար:
Գրալեզներ
Գանգրահեր, թուխ տղա ոգիներ են: Փափուկ երկար լեզուներով լիզում սոսնձում են գրքերի վնասված էջերը:
Գրամուղ թեյեր
Գրաբուժակներն առաջին հերթին նշում են սպիտակ հասմիկի թեյը, որը խմելուց հետո հայտնվում են ու ձեռք ձեռքի տված՝ պար բռնում, մինչև մի երկու բերան շնորհքով բան գրես:
Գրկապ
Հմայության տեսակ, որի զոհն իսպառ կորցնում է գիրք ընթերցելու ազնիվ ցանկությունը և միայն ժամկետանց թերթեր է կարդում:
Դադրապարիկներ
Երբ կարդալ-գրելուց հոգնում ես, հասնում են դադրապարիկները, շոյում քունքերդ, մի երկու գավաթ քնախոտի թուրմ խմեցնում ու կամացուկ հիշեցնում նրանց մասին, ովքեր այլևս չկան, որ հոգնեն:
Թանաքախում
Գրաշխարհի վնասատուներից է՝ նենգ ու չարակամ արարած: Գործածում է ENCRE NOIRE (թարգմ.՝ սև թանաք) օծանելիք, որի մշկաբույրը ստիպում է զգայուն ընթերցողուհիներին աչքերը փակել ու սրտահույզ բաների վրա մտածել: Թանաքախումն աննկատ մոտենում է, մսալի շուրթերը ձյում ու բաց հատորներից ամբողջ պարբերությունները գլուխը քաշում:
Թեյպարիկներ
Թեյատուփերի վրա գրառումներ են անում թեյի որակի, տերևների մեծության և այլ կենսական խնդիրների շուրջ: Շար մրսկան են ու հաճախ են մեջքները թեյնիկի կամ ինքնաեռի փորին տալիս, որ տաքանան: Ազատ ժամանակ, թեյնիկի կնճիթից կախ ընկնելով, ճլորթի են խաղում, մինչև մաշիկները ոտքերից թռչում, չլմփոցով ընկնում են հյուրերի գավաթների մեջ: Սիրում են գլխներին քաշել թեյի ցանցն ու, հմտորեն շրջանցելով թեյալճակները, հետուառաջ անել սեղանի եզրով, իբրև հրշեջ տղաներ են: Թեյի օգտագործված քսակները շալակում տանում են իրենց տները, արև եղանակին փռում չորացնում են, լուցկու չոփով մի լավ չբխում ու իրենց որդիներին անկողին սարքում: Շաբաթ երեկոները սրանց մեծավորը՝ քավոր Չայպարիկը, բոլորին հրավիրում է երիցուկի թեյ վայելելու: Հյուրերը գնալով շատանում են, կենացները՝ քաղցրանում, ավազի գույն վուշե սփռոցին թեյնիկների ամբողջ քարավան է չոքում: Քավոր Չայպարիկը թեյը տաք-տաք է խմում, որ գոլորշին դեմքին տա ու ահագին քիթը սխմրտելով՝ խորանիստ պզուկներին բնավեր անի: Երիցուկը քավորկինն է անտառից հավաքում, չորացնում է ու մի «լավ տեղ» պահում՝ իսկույն մոռանալով՝ ուր է դրել: Իսկ խոհանոցի հեռավոր գզրոցներից մեկում թրթուրները քեֆ են քաշում՝ օրհնելով քավորկնոջ փայլուն հիշողությունն ու անուշ անում երիցուկների յուղալի գլխիկները:
Ինքնագիր
Կախարդված գիրք է, որ ինքն իրեն գրում է՝ անասելի շփոթության մեջ գցելով հեղինակին: Հոնորարի սահմանված օրն ահագին ղալմաղալ է բարձրացնում՝ իր հասանելիք գրավարձը պահանջելով:
Լուսապարիկ
Գրքերի լուսանցքներում ծվարող նրբակազմ փերի: Հսկում է, որ փոքրատառերը մինչև մութն ընկնելը քնեն: Սնվում է գաղտնավանկ ը-ով: Այժմ արդեն տարագիր ոգի է՝ գրքերից գաղթել է հին տետրակներ, որովհետև նորատիպ գրքերում ողջամիտ ոչ մի Ը իր թաքստոցից դուրս չի գալիս:
Խիթարիկներ
Վշտահար ընթերցողներին սգահան անող ոգիներ: Կլոր կարճատես աչքեր ունեն ու մեղրագույն գանգուրներ: Առվի դաղձից հյուսված փոքրիկ ավելով սրբում են մարդկանց սրտներից տխուր հուշերն ու տեղը զվարթ զրույցներից պատառիկներ դարսում, մինչև սիրտն ուրախությամբ լցվի: Մետաքսե թաշկինակներով չորացնում են նրանց արցունքներն ու կոպերին կապույտ սուրմա քսում: Գալիս են առանց հրավերի, հեռանում՝ խոնավ բարձերեսների մեջ սփոփանքի քսակներ թողնելով: Չոր աչքով կարդա՜ք…
Հացիկ դիցուհի
Լուսերես որբևայրի փերի է: Կերակրում է անոթի գրական ոգիներին, որ մթնշաղին հավաքվում են նրա տանը, նստոտում թուջե վառարանի կողքին ու մրսած ոտքերը գոլ ջեռոցի բերանը տալիս: Մինչև խմորը հաց ու բան դառնա, սրանք, իրար ընդհատելով, հանելուկներ են ասում ու գրպաններից սանրերը հանելով՝ աննման սաղմոսներ նվագում:
Սգապարիկ
Դալուկ, տխրադեմ փերի է: Սև գլխատառերին թիկնած՝ երկար սգում է հերոսների անժամանակ մահը: Գրքերի էջերի դեղին բծերը նրա արտասուքների ցամաքած լճակներն են:
Տառուսուցիկներ
Փոքրերին տառեր սովորեցնող մանուկ ոգիներ են: Հեշտությամբ տարբերվում են սովորական երեխաներից. մազերը միշտ ոլորած են փոքրիկ եղջյուրիկների տեսքով, իսկ ուսերին քնքուշ ոսկեգույն աղվամազ կա բռնած: Շա՜տ բարեկիրթ են: Խոսելիս բայերի առաջին վանկերը պարտադիր կրկնում են: Մաշված, բայց վայելուչ հագուստների վրա անհամար գրպանիկներ են կարված, որոնց մեջ ամեն տառից երկուական օրինակ են պահում: Շարունակ կորցնում են Ո և Օ տառերը: Մեծատառ և-ը մինչ այսօր փնտրում ու չեն գտնում:
Փոշեհան փերի
Գրքերի փոշին իր փարթամ փեշերով սրբող ոգի է: Ոտքը հաճախ է թողնում փակվող էջերի տակ և թեթևակի կաղում է: Սնվում է էջերի արանքում չորացող ծաղիկների նեկտարի մնացորդներով: Պատահում է՝ մոռանում ենք գրքերի մեջ ծաղիկներ դնել, ու փոշեհան փերին ստիպված անոթի է շրջում:
Փոշոտ փահլևան
Բնակվում է գրապահոցներում, հնագրավաճառների ու անփույթ տանտիկինների գրադարաններում: Սնվում է գրքերին նստած փոշու հատիկներով: Հագուստն ու փոքրիկ ագահ բերանը միշտ փոշեթաթախ են: Հեղինակն է Փոշեհան փերու հասցեին ուղղված մի երկու տասնյակ զորավոր անեծքների, որոնցից լավագույններն ամփոփված են «Անեծքն ու հիշոցը հայոց մեջ» աշխատասիրության պրակներում:
Փոստանույշներ
Աներևույթ փոստային ոգիներ են, տեղաշարժվում են փոստային աղավնիների գավակներին հեծած: Տխուր նամակներից ու կարոտագրերից սև ժապավենով մարգարտահատիկ են կախ տալիս, ուրախ նամակները կախարդում են այնպես, որ ծրարը բացվելիս մանրիկ ծիծաղ է հնչում: Ազատ օր չունեն. հանգստանում են փոստարկղերում՝ հոգնած ոտքերը վեր պարզելով:
Քչով բավարարվող ժողովուրդ են: Սնվում են սառնաշաքարով, որ գնում են փերեզակներից փոստատան աշխատակցուհիների պայուսակներից աննկատ թռցրած մանրադրամով:
No Comments