Ռոքսան Գեյ | Վատ ֆեմինիստ | մաս 2

Ռոքսան Գեյ | ծնվ. 1974թ., ԱՄՆ


Վատ ֆեմինիստ  մաս 2

Ես ձախողում եմ որպես կին: Ես ձախողում եմ որպես ֆեմինիստ: Ֆեմինիստի պիտակը հեշտությամբ ընդունելն անարդար կլիներ լավ ֆեմինիստների հանդեպ: Եթե ես իսկապես ֆեմինիստ եմ, ապա վատերից եմ:

 Ես ուզում եմ լինել անկախ, բայց ուզում եմ, որ իմ մասին հոգ տանեն ու տանը ինձ սպասող մեկը լինի: Ես ունեմ աշխատանք, որից լավ եմ գլուխ հանում: Ես որոշ բաներ եմ ղեկավարում: Ես կոմիտեների անդամ եմ: Մարդիկ ինձ հարգում են ու լսում իմ խորհուրդները: Ես ուզում եմ լինել ուժեղ և պրոֆեսիոնալ, բայց ատում եմ, թե որքան շատ ջանք պետք է գործադրեմ, որպեսզի ինձ լուրջ վերաբերվեն, այլապես կարող եմ արժանանալ ուշադրության փշրանքների: Երբեմն լաց լինելու ցանկությունն ինձ խեղդում է, այդ պատճառով փակում եմ գրասենյակիս դուռն ու կորցնում ինձ:

Ես ուզում եմ լինել ղեկավար, հարգված ու իրավիճակի պատասխանատու, բայց իմ կյանքի որոշ ասպեկտներում ուզում եմ լիովին հպատակվել: Ո՞վ է ուզում մեծանալ:

Երբ աշխատանքի եմ գնում, մեքենայի մեջ բարձր ռեփ եմ լսում, չնայած որ երգի խոսքերը նվաստացուցչի են կնոջ համար ու խորապես ինձ վիրավորում են:

Գիտե՞ք «Ying Yang Twins»-ի դասական դարձած «Salt Shaker» երգը: Հրաշալի գործ է:
“P poppin’ til you percolate / First booty on duty no time to wait / Make it work, with your wet T-shirt / Bitch you gotta shake it til your calf muscle hurts.”
(տողացի թարգմ.՝ «Պ*ցը ցցած մինչև չքամվես/ Հերթապահ առաջին հետույքը գործի է անցնում, ժամանակ չի վատնում/ Գործի դիր քո թաց շապիկով/ Քած, պիտի թափ տաս մինչև սրունքիդ մկաները չցավեն»)
Պոեզիա:
(Ես ամոթից մեռնում եմ իմ երաժշտական հակումների համար):
Ինձ մտահոգում է ուրիշների կարծիքը:
Իմ սիրած գույնը վարդագույնն է: Նախկինում ես ասում էի, որ սիրածս գույնը սևն է, որպեսզի ավելի զիլ թվայի, բայց իրականում վարդագույնն է՝ վարդագույնի բոլոր երանգները: Եթե ես ինչ-որ աքսեսուար ունեմ, ապա այն հավանաբար վարդագույն է: Ես կարդում եմ «Vogue» ու դա անում եմ առանց հեգնանքի, չնայած կարող է հակառակ տպավորություն ստեղծվել: Ես մի անգամ լայվ թվիթեր էի գրում սեպտեմբերյան համարը կարդալիս: Ես ակնհայտ քիչ ապացույցներ եմ տրամադրել, բայց ունեմ անհագուրդ մի երազանք, որտեղ  գեղեցիկ կոշիկներով, պայուսակներով ու համապատասխան հանդերձներով լցված մի պահարան ունեմ: Ես սիրում եմ զգեստներ: Տարիներ շարունակ ձևացնում էի, թե ատում եմ դրանք, բայց այդպես չէ: Մաքսի զգեստները ամենանրբաճաշակ հագուստն են, որ վերջին տարիներին դարձել են նորաձև: Ես շատ եմ մտածում մաքսի զգեստների մասին: Ես սափրում եմ ոտքերս: Ու կրկին ամոթից մեռնում եմ: Եթե ինձ մտահոգում են գեղեցկության անիրատես չափանիշները, որոնց պետք է համապատասխանի կինը, ապա ես չպետք է գաղտնի սեր տածեմ նորաձևության ու հարթ սրունքների հանդեպ, այնպե՞ս չէ:

Ես ոչինչ չեմ հասկանում մեքենաներից: Երբ տանում եմ մեքենաս վարպետի մոտ, նա ինձ համար օտար լեզվով է խոսում: Վարպետը հարցնում է՝ ինչ է պատահել մեքենայիս, ու ես գլուխս կորցնում եմ: Ես կակազելով արտաբերում եմ. «Դե, ձայն է գալիս, որը ես փորձում եմ խլացնել ռադիոյով»: Մեքենայիս ապակու մաքրող հեղուկն այլևս չի ցայտում ետին ապակու վրա: Այն պարզապես օդ է ցայտում: Ես չգիտեմ՝ ինչ պետք է անել: Թանկարժեք խնդիր է թվում: Մեքենայի հետ կապված հարցերով ես դեռ զանգում եմ հորս ու առանձնապես հետաքրքրված չեմ ավտոյին վերաբերող տգիտությանս մեջ փոփոխություններ կատարել:  Ես չեմ ուզում լավ հասկանալ ավտոներից: Ենթադրում եմ՝ լավ ֆեմինիստները բավականին անկախ են, որպեսզի մեքենային առնչվող ճգնաժամերն ինքնուրույն հաղթահարեն, նրանք բավականին անկախ են, որպեսզի մտահոգվեն:

Ինչ էլ որ մարդիկ մտածում են՝ հենվելով իմ գրվածքներին, ես իրականում սիրում եմ տղամարդկանց: Նրանք ինձ հետաքրքիր են, և ես հիմնականում կուզեի, որ նրանք ավելի լավ վերաբերվեին կանանց, որպեսզի ես ստիպված չլինեի այդքան հաճախ մատնացույց անել նրանց սխալները: Ամեն դեպքում ես հանդուրժում եմ ինձ ոչ հարմար տղամարդկանց հիմարությունները, չնայած լավ հասկանում եմ իրադրությունն ու ավելի լավին կարող եմ գտնել: Ես սիրում եմ ադամանդներ ու հարսանեկան ճոխություններ: Կարծում եմ՝  տնային որոշ գործեր գենդերային պատկանելիություն ունեն, հիմնականում իմ օգտին եմ հաշվարկում, քանի որ ես չեմ սիրում տնային հոգսերով զբաղվել, օրինակ՝ բակի խոտը կտրելը, միջատներին սատկացնելն ու աղբ թափելը տղամարդու գործն են:

Երբեմն, անկեղծ ասեմ՝ մեծամասամբ, ես լիովին «կեղծում» եմ, քանի որ այդպես ավելի հեշտ է: Ես օրգազմների մեծ երկրպագու եմ, բայց դա ժամանակ է պահանջում, և շատ դեպքերում ես չեմ ուզում վատնել այդ ժամանակը: Հետո ինձ մեղավոր եմ զգում, որովհետև քույրությունը չէր հավանի իմ արարքը: Ես նույնիսկ հաստատ չգիտեմ, թե ինչ է քույրությունը, բայց քույրության գաղափարը ինձ սարսափեցնում է՝ թաքուն հիշեցնելով, թե որքան վատ ֆեմինիստ եմ: Լավ ֆեմինիստները չեն վախենում քույրությունից, որովհետև գիտեն, որ իրենց վարքը համայնքահավան է:

Ես սիրում եմ երեխաներին ու ուզում եմ երեխա ունենալ: Ցանկությունս իրականացնելու համար պատրաստ եմ որոշ փոխզիջումների (ոչ զոհաբերությունների), հատկապես պատրաստ եմ հղիության ու ծննաբերության արձակուրդին ու սկսել քիչ աշխատել, որպեսզի ավելի շատ ժամանակ անցակցնեմ երեխայիս հետ, ավելի քիչ գրեմ, որպեսզի ավելի շատ ներկա լինեմ իմ կյանքում: Ինձ անհանգստացնում է միայնակ, չամուսնացած ու աներեխա մեռնելու միտքը, որովհետև ես այնքան շատ ժամանակ եմ ծախսել իմ կարիերան կառուցելու ու կոչումներ ստանալու վրա: Այս տիպի մտքերն ինձ գիշերը չեն թողնում քնել, բայց ես ձևացնում եմ, որ այդպես չէ, քանի որ ես պետք է լինեմ առաջադեմ: Իմ հաջողությունը, ինչպիսին որ կա, պետք է ինձ բավական լինի, եթե ես լավ ֆեմինիստ եմ: Բավական չէ: Նույնիսկ մի քիչ: 

Քանի որ գենդերային հավասարության վերաբերյալ իմ տեսակետը շատ ամրակուռ է, ինձ բավականին դժվար է համապատասխանել որոշ իդեալների: Ես պետք է լինեմ ֆեմինիստ, ով ամեն ինչ ունի, ամեն ինչ անում է: Սակայն իրականում ես երեսունն անց կին եմ, ով դժվարությամբ է ինքն իրեն ընկալում: Երկար ժամանակ ինքս ինձ ասում էի, որ ես այն կանանցից չեմ՝ միանգամայն մարդկային ու թերություններով լցված: Ես ավելի շատ էի աշխատում, որպեսզի հանկարծ չնմանվեմ այդ կնոջը, իսկ դա ինձ մաշում էր ու չէր կարող շարունակական լինել, և նույնիսկ ավելի ծանր էր, քան պարզապես իմ էության հետ հաշտվելը:

Ու մինչ ես գուցե վատ ֆեմինիստ եմ, ես լիովին նվիրված եմ ֆեմինիստական շարժման առանցքային հարցերին: Ես ունեմ իմ հստակ դիրքորոշումը կնատյացության հարցում, ինստիտուցիոնալ սեքսիզմի հարցում, որի պատճառով կանայք մշտապես հայտնվում են անբարենպաստ պայմաններում, անհավասար վարձատրվում են, բախվում են գեղեցկության ու նիհարության պաշտամունքին, պարբերբար խախտվում է նրանց վերարտադրողական ազատությունը, կանայք ենթակվում են բռնության և այլն, և այլն: Ես նույնքան նվիրված եմ հանուն հավասարության կատաղի պայքարին, որքան նվիրված եմ ոչնչացնել այն գաղափարը, թե կա իսկական ֆեմինիզմ:

Ես այն տեսակ ֆեմինիստներից եմ, որ արգահատանք է ապրում «օրինական բռնաբարություն» արտահայտությունից ու Միսուրի նահանգի ներկայացուցիչ Թոդ Ակինից, ով վերահաստատում է իր ընդդիմադիր դիրքորոշումը հղիության ընդհատման հարցում՝ հենվելով պսևդո-գիտության և այն մշակույթի վրա, որ բռնաբարության երևույթին անփութորեն է վերաբերվում. «Եթե դա օրինական բռնաբարություն է, ապա կնոջ մարմինը ունի իր ձևերը , որպեսզի ամեն ինչին վերջ տա: Բայց ենթադրենք, որ միգուցե այսպես չի ստացել կամ ուրիշ պատճառներ կան: Իմ կարծիքով՝ պետք է որոշակի պատիժ լինի, բայց հարկավոր է պատժել բռնաբարողին, ոչ թե հարձակվել երեխայի վրա»:

Այդուհանդերձ, ֆեմինիստ լինելը, թեկուզև վատ, ինձ նաև սովորեցրել է, որ ֆեմինիզմի անհրաժեշտությունը նկատելի է առաջին հայացքից պակաս լուրջ թվացող հարցերում:

Ես այն տեսակի ֆեմինիստներից եմ, ով գիտի՝ իսկական երեսպաշտություն է, երբ Կրիստեն Ստյուարտին հրապարակավ հալածում են իր ընկերոջը՝ Ռոբերթ Պաթինսոնին դավաճանելու համար՝ չնայած, եթե հավատանք թերթերին, Պաթինսոնն ինքն էր տարիներ շարունակ դավաճանում: Վատ ֆեմինիստ լինելն ինձ թույլ է տալիս զայրանալ, երբ կարդում եմ, որ Ստյուարտին կարող են զրկել «Ձյունանույշն ու որսորդը» գրքի երկրորդ ֆիլմում նկարահանվելու հնարավորությունից, մինչդեռ, ասենք, Քրիս Բրաունը, ով հայտնի  աբյուզեր է ու խնդիրներ ունի զայրույթը զսպելու հետ, դեռ ելույթ է ունենում մրցանակաբաշխություններին ու ալբոմներ վաճառում՝ վայելելով հազարավոր հիացած երկրպագուների սերը:

Ես այն տեսակի ֆեմինիստներից եմ, ով նայում է 2012 թվականի սեպտեմբերյան «Vogue»-ի՝ Էդիթ Ուորթոնին նվիրված ֆոտոշարքն ու հասկանում, որ այնտեղ լուրջ խնդիր կա: Ուորթոնն իմ ամենասիրելի գրողն է: Ես նաև սիրում եմ «Vogue» ամսագիրը, կամ, միգուցե, ատում եմ, որ սիրում եմ «Vogue»: Այս ֆոտոշարքը պետք է որ ինձ հիացներ: Բայց: Ջեֆրի Յուջենիդեսը մարմնավորել է Հենրի Ջեյմսին, Ջոնաթան Սաֆրան Ֆոերը մարմնավորել է Օգդեն Քոդման կրտսերին, իսկ Ջունո Դիազը ՝ դիվանագետ Ուոլթեր Վան Ռենսլեր Բերիին: Ուորթոնի դերը կատարում է մոդել Նատալիա Վոդյանովան. նա չքնաղ է, ու  «Vogue»-ն էլ նորաձևության ամսագիր է, բայց հասցված վնասը մեծ է:

Ամսագրի խմբագիրներն, ըստ երևույթին, անտեղյակ են հայտնի, տաղանդավոր ժամանակակից կին գրողներից, ովքեր հրաշալի ընտրություն կարող էին լինել ֆոտոպատումի համար: Զեդի Սմիթի գիրքը հրատարակվել էր սեպտեմբերին: Կային նաև Քարեն Ռասելը, Ջենիֆեր Իգանը, Էմի Բենդերը, Նիքոլ Կրոսը, Ջուլիանա Բեգոտը, Ալիսիա Էրիանը, Քլեր Վեյ Ուոթկինսը, ցուցակը կարելի է անվերջ շարունակել:

Այս վնասի պատճառը մասամբ մեր մշակույթն է, որը կարծում է, թե կին գրողները պակաս հիշարժան են, քան նրանց արական գրչընկերները, որ ընդհանուր առմամբ կանայք պարզապես այնքան էլ կարևոր չեն, որ նրանց գրածն այնքան էլ արժեքավոր չէ արվեստի ու գրականության համար: Այս վնասի պատճառը մեր մշակույթն է, որտեղ Ջոնաթան Ֆրենզենը չի ստացել Պուլիցեր, ոչ թե Ջենիֆեր Իգանն արժանացել է մրցանակի:

Շատ հաճախ այս բոլոր թվացյալ փոքր խնդիրները մնում են աննկատ, որովհետև կանանց առաջ ավելի լուրջ հարցեր են ծառացել:

Խնդիրն ուրիշ կողմեր էլ ունի: Անհամար կանայք, հատկապես նախամարտիկներն ու ոլորտի առաջատարները, վախենում են ֆեմինիստի պիտակից, վախենում են ոտքի կանգնել ու ասել. «Այո, ես ֆեմինիստ եմ», քանի որ վախենում են պիտակի  իմաստից, քանի որ չգիտեն ինչպես արդարացնեն պիտակի հետ առաջ եկած հույսերը, վախենում են, որ ֆեմինիզմը կենսական մի բան է, վախենում են պատիժներից՝ թե՛ ակնհայտ, թե՛ անուղղակի, որ հայտնվում են, երբ բացահայտ ֆեմինիզմի աջակից ես կամ սխալ ֆեմինիստ ես:

Ինչ-որ մի պահ ուղեղիս մեջ պարզ դարձավ, որ ֆեմինիստը յուրահատուկ տիպի կին է: Ես խաբվել էի չափազանց կեղծ առասպելներով, որ ֆեմինիտները ռազմատենչ են, անթերի են և՛ իրենց վարքի, և՛ անհատական շփման մեջ, ատում են տղամարդկանց, չունեն հումորի զգացում: Ես խաբվել էի այս առասպելով, չնայած իմ մտավոր ունակություններից ելնելով՝ ես պետք է տեսնեի իրականությունը: Ես չեմ հպարտանում սրանով: Այլևս չեմ ուզում խաբվել այդ առասպելներով: Ես չեմ ուզում խիզախաբար ուրանալ ֆեմինիզմը, ինչպես չափից դուրս շատ կանայք են արել:

Ես նաև ուզում եմ լինել, ինչպիսին որ կամ: Վատ ֆեմինիզմը կարծես միակ տարբերակն է, որի դեպքում ես կարող եմ ընկալել ինձ որպես ֆեմինիստ և միաժամանակ չդավաճանել ինքս ինձ:

Կապ չունի, թե ինչ խնդիր եմ տեսնում ֆեմինիզմի մեջ, ես դրանցից մեկն եմ: Ես չեմ կարող, ոչ էլ երբևէ կհերքեմ ֆեմինիզմի կարևորությունն ու բացարձակ անհրաժեշտությունը: Շատերի պես ես լի եմ իրարամերժ հատկանիշներով, բայց ես նաև չեմ ուզում, որ ինձ վերաբերվեն քաքի պես, որովհետև ես կին եմ:

Ըստ այդմ՝ ես վատ ֆեմինիստ եմ: Բայց ավելի լավ է լինել վատ ֆեմինիստ, քան ընդհանրապես չլինել այդպիսին:

                        2014թ.

Անգլերենից թարգմանեց Արմինե Դանիելյանը, Լուսինե Սահակյանը 

No Comments

Post A Comment