21 Jan Ռոքսան Գեյ | Վատ ֆեմինիստ | մաս 1
Ռոքսան Գեյ | ծնվ. 1974թ., ԱՄՆ
Վատ ֆեմինիստ | մաս 1
Ֆեմինիստի իմ ամենասիրելի սահմանումն առաջարկել է Սյուն՝ ավստրալիացի մի կին, որ Քեյթի Բեյլի՝ 1996 թվականի «Ինքնաշեն ֆեմինիզմ» անթոլոգիային տված հարցազրույցում բնութագրել էր ֆեմինիստներին ընդամենը որպես «կանանց, ովքեր չեն ուզում, որ իրենց քաքի պես վերաբերվեն»: Սա կարճ ու դիպուկ սահմանում է, սակայն ես դժվարանում եմ այն ընդարձակել: Ես ձախողված ֆեմինիստ եմ: Թվում է, որ ես այնքան էլ նվիրված չեմ, որքան պետք է լինեի, որ չեմ արդարացնում ֆեմինիստական իդեալները, որովհետև այսպիսինն եմ ու այսպես եմ որոշել ապրել: Մշտապես զգում եմ այս ճնշումը: Ինչպես 1988 թվականի իր «Պերֆորմատիվ ակտ և գենդերային կառուցվածք» էսսեում գրում է Ջուդիթ Բաթլերը. «Գենդերային դերակատարությունը սխալ իրագործելիս առաջ են գալիս մի շարք պատժամիջոցներ՝ թե՛ ակնհայտ, թե՛ անուղղակի, իսկ դրա ճիշտ իրագործումը հաստատում է այն համոզմունքը, որ ի վերջո գոյություն ունի գենդերային ինքնության էսենցիալիզմ»:
Այս ճնշումը (ըստ որի՝ կա կին լինելու, ամենաիսկական կին լինելու ճիշտ ձև) անդադար է ու համատարած: Մենք տեսնում ենք այս ճնշումը գեղեցկության՝ սոցիալապես թելադրված չափանիշներում. ճիշտ կին լինելու համար պետք է լինել նիհար, կրել շպար, հագնել ճիշտ հագուստ (ոչ շատ պոռնկային, բայց ոչ էլ շատ ամոթխած, տիկնա՛յք, մի քիչ ցույց տվեք ձեր ոտքերը) և այլն: Լավ կանայք հմայիչ են, քաղաքավարի և անտեսանելի: Լավ կանայք աշխատում են, բայց չեն դժգոհում վաստակել տղամարդկանց աշխատավարձի 77 տոկոսը: Կախված, թե ում եք հարցնում՝ լավ կանայք երեխա են ունենում ու նստում են տանը, որ անտրտունջ մեծացնեն նրանց: Լավ կանայք համեստ են, առաքինի, բարեպաշտ, ենթարկվող: Կանայք, որոնք չեն համապատասխանում այս չափորոշիչներին, անբարո են, զազրելի: Նրանք վատ կին են:
Բաթլերի թեզիսը կարելի է նաև կիրառել ֆեմինիզմի դեպքում: Կա իսկական ֆեմինիզմ, որ առաջ է քաշում ճիշտ և սխալ ֆեմինիստ լինելու գաղափարը, և կան հետևանքներ, եթե սխալ ֆեմինիզմով ես զբաղված:
Իսկական ֆեմինիզմը ենթադրում է զայրույթ, հումորի զգացումի բացակայություն, ռազմատենչություն, անհողդողդ սկզբունքներ և հստակ սահմանված կանոններ, թե ինչպես լինել ճշմարիտ ֆեմինիստ կին կամ առնվազն ճշմարիտ սպիտակամորթ, հետերոսեքսուալ ֆեմինիստ կին՝ ատել պոռնոգրաֆիան, միաձայն պարսավել կնոջ առարկայացումը, հագուրդ չտալ տղամարդու հայացքին, ատել տղամարդկանց, ատել սեքսը, կենտրոնանալ կարիերայի վրա, չսափրվել: Վերջին կետը մեծամասամբ կատակ էր: Սա ամենևին ֆեմինիզմի ճշգրիտ բնութագրումը չէ, բայց թյուր մեկնություններն այնքան երկար են աղճատել շարժումը, որ նույնիսկ այն անձինք, ովքեր պետք է գործից հասկանային, զմայլվում են իսկական ֆեմինիզմի այս պատկերով:
Դիտարկենք Էլիզաբեթ Վուրցելին, ով 2012 թվականի հունիսին «Atlantic» ամսագրում ասում է. «Իրական ֆեմինիստները վաստակում են իրենց ապրուստը, ունեն փող ու սեփական միջոցներ»: Վուրցելի տրամաբանությամբ՝ կանայք, ովքեր չեն վաստակում իրենց ապրուստը, չունեն փող ու սեփական միջոցներ, կեղծ ֆեմինիստներ են, արժանի չեն այդ պիտակին, հիասթափեցնում են կանանց համայնքին: Նա ավելի է զարգացնում իսկական ֆեմինիզմի գաղափարը «Harper’s Bazaar»-ի 2012 թվականի սեպտեմբերյան հոդվածում, որտեղ ենթադրում է, թե լավ ֆեմինիստները շատ ջանք են գործադրում գեղեցիկ լինելու համար: Վուրցելն ասում է. «Հրաշալի տեսք ունենալը ֆեմինիզմի խնդիրներից է: Ոչ մի ազատագրված կին չի խեղաթյուրի շարժումն ու հասարակությանը կներկայանա առնվազն առողջ ու երջանիկ»: Չափազանց հեշտ է վերծանել նման մտածելակերպի սխալները: Նա ենթադրում է, որ կնոջ արժեքը մասամբ որոշվում է վերջինիս գեղեցկությամբ, իսկ սա այն քիչ բաներից է, որոնց դեմ պայքարում է ֆեմինիզմը:
Իսկական ֆեմինիզմը մերժում է մարդկային փորձառության կամ ինքնության առանձնահատկությունները, և դա նրա առանցքային թերությունն է: Բազմազան կամ անհամաձայն կարծիքները, կարծես, իսպառ բացառված են: Իսկական ֆեմինիզմի շնորհիվ, օրինակ, լայն գործածություն ստացավ «սեքսամետ ֆեմինիզմ» արտահայտությունը, ինչը հստակ տարբերակում է դնում սեքսին դրական և բացասական վերաբերվող ֆեմինիստների միջև, որն էլ իր հերթին վերածվում է ինքնաստեղծ մարգարեության:
Ես երբեմն խորշում եմ, երբ ինչ-որ մեկն ինձ անվանում է ֆեմինիստ, կարծես թե պետք է ամաչեմ իմ ֆեմինիստ լինելուց կամ կարծես ֆեմինիստ բառը վիրավորանք է: Այս պիտակը հազվադեպ են հրամցնում բարեսրտությամբ: Ինձ մեծամասամբ ֆեմինիստ են կոչում, երբ հանդգնում եմ ենթադրել, որ մեր մշակույթի մեջ խորը արմատներ գցած կնատյացությունը իսկական խնդիր է, այն անհրաժեշտ է ամենայն զգոնությամբ հսկել: Այսպես՝ «Salon» ամսագրի իմ էսսեում ես գրում եմ Դենիել Թոշի ու բռնաբարության շուրջ կատակների մասին: Ես փորձում եմ չկարդալ մեկնաբանություները, որովհետև դրանք երբեմն թունոտ են, բայց աչքիցս չվրիպեց մեկը, որ ինձ անվանեց «կատաղած բլոգեր կին», ինչն ընդամենը «կատաղած ֆեմինիստ» ասելու տարբերակներից է: Բոլոր ֆեմինիստները կատաղած են, ոչ թե հախուռն:
Մի տղամարդ, ում հետ ժամադրվում էի, ինձ ավելի ուղիղ տեքստով նկատողություն արեց բուռն ինչ-որ քննարկման ընթացքում, որն անգամ բանավեճ էլ չէիր անվանի: «Չբարձրացնե՛ս ձայնդ ինձ հետ խոսելիս», – ասաց նա, ինչը տարօրինակ էր, քանի որ ես չէի բարձրացրել ձայնս: Ապշած էի, որովհետև ինձ երբեք ոչ ոք նման բան չէր ասել: Նա մանրակրկիտ բացատրեց, թե ինչպես պետք է կանայք խոսեն տղամարդկանց հետ: Երբ ես հերքեցի նրա պսևդո-տեսությունները, նա ասաց. «Դու ֆեմինիստներից ես, չէ՞»: Նրա ձայնից պարզ էր, որ ֆեմինիստ լինելը ցանկալի չէ: Այդ պահին ես վատ կին էի: Ես լռեցի՝ ներքուստ զայրույթից եռալով: «Պարզ չէ՞, որ ես ֆեմինիստ եմ՝ թեկուզ ոչ այնքան լավը»,- մտածեցի ես:
Ես միակ կինը չեմ, որ բարձրաձայն խուսափում է ֆեմինիստի պիտակից, որ վախենում է այդ պիտակը ընդունելու հետևանքներից:
2012 թվականի օգոստոսյան «Salon»-ի Էնդրյու Օհեյրին տված հարցազրույցում դերասանուհի Մելիսա Լեոն, ում ճանաչում են բեկումնային կանանց մարմնավորած դերերով, ասում է. «Դե, ինձ ընդհանրապես ֆեմինիստ չեմ համարում: Հենց մենք սկսենք պիտակներ փակցնել ու դասակարգել ինքներս մեզ կամ ուրիշներին, աշխարհի վերջը կգա: Ես երբեք դա չեմ անի: Օրինակ՝ ես վերջերս խաղացի Լուի Սի Քեյի հետ մի սերիայում»:
Լեոն, վերոնշյալն ասելիս, խաբնվում է իսկական ֆեմինիզմի ամենամեծ միֆերից մեկով: Ծնված պահից ի վեր մեզ դասակարգում ու պիտակավորում են՝ ըստ գենդերի, ռասսայի, չափսի, մազերի ու աչքի գույնի և այլն: Հասակ առնելով՝ մենք ավելի շատ պիտակներ ու դասակարգումներ ենք ձեռք բերում: Եթե պիտակավորումն ու դասակարգումը հանգեցնելու են աշխարհի վերջին, ուրեմն այդ պահը վաղուց անցել է: Սակայն ավելի հուսահատեցնող է այն պնդումը, որ ֆեմինիստը չէր նկարահանվի Լուի Սի Քեյի «Լուի» սիթքոմում կամ որ ֆեմինիստին չի կարող զվարճացնել Սի Քեյի հումորը: Լեոյի կարծիքով՝ կան ֆեմինսիտներ և կան կանայք, ովքեր հերքում են դասակարգումն ու ցանկանում են գրկաբաց ընդունել կարիերայի ընձեռած հնարավորությունները: 2012 թվականի հուլիսին «Guardian»-ին տված հարցազրույցում մեծ համբավ վայելող փերֆորմանս արվեստագետ Մարինա Աբրամովիչը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում միայն կանանց համար դասախոսություն վարելու հրավերին, պատասխանում է. «Ես իսկապես կամուկացի մեջ էի: Հստակ գիտեմ, որ ես ֆեմինստ չեմ: Քեզ դասակարգված ես զգում, իսկ դա ինձ դուր չի գալիս: Արվեստագետը գենդեր չունի: Կարևոր է միայն՝ լավ արվեստ ես ստեղծում, թե՝ վատ: Ուստի ես մտածում էի հրավերի շուրջ, իսկ հետո ասացի՝ այո»:
Եվ կրկին մենք տեսնում ենք դասակարգվելու վախը, արկղի մեջ դրվելու վախը, որտեղ կինը չի կարող ամբողջովին տեղավորվել: Աբրամովիչը կարծում է, որ արվեստագետը չունի գենդեր, բայց կան շատ արվեստագետներ, ովքեր չեն համաձայնի նրա հետ, ում արվեստն ինտիմ կապերով ձևավորվել է իրենց գենդերի շուրջ, այսպիսի արվեստագետ և քանդակագործ է Լուիզ Բուրժուան, ում վրա մեծ ազդեցություն է թողել ֆեմինիզմը: 1982 թվականին «Time» ամսագրի՝ Բուրժուայի ու Ժամանակակից արվեստների թանգարանում վերջինիս հետահայաց ցուցադրության մասին հոդվածում Թեդ Հյուզը գրում է. «Միջավայրը, ուր միշտ վերադառնում են Բուրժուայի ստեղծագործությունները, կանացի փորձառությունն է, որ տեղակայված է կնոջ մարմնի մեջ ու ներսից է իմաստավորվում: «Ես փորձում եմ, – պատմում է Բուրժուան ինչ-որ լրագրողի իր գործերից մեկի մասին, – ներկայացնել կնոջը, որ հղի է: Նա փորձում է լինել ահարկու, բայց ինքն է ահաբեկված: Վախենում է, որ որևէ մեկը կներխուժի իր անձնական տարածք, իսկ նա չի կարողանա պաշտպանել այն, ինչի համար պատասխանատու է»»:
Կորպորացիոն աշխարհի դրոշակակիր կին առաջնորդները նույնպես հակված են հրաժարվել ֆեմինիստի պիտակից: Մարիսա Մեյերը, որ դարձել էր «Yahoo!»-ի նախագահ և խորհրդի ղեկավար 2012 թվականի հուլիսին, հարցազրույցներից մեկում ասում է.
«Չեմ կարծում, որ ինձ ֆեմինիստ եմ համարում: Ես, իհարկե, հավատում եմ հավասար իրավունքներ ունենալուն, հավատում եմ , որ կանայք նույնքան, եթե ոչ ավելի մեծ բարձունքների կարող են հասնել բազմաթիվ ոլորտներում, բայց կարծում եմ՝ ես չունեմ ռազմական ջիղը կամ քինախնդիր այն զայրույթը, որ երբեմն իր հետ բերում է ֆեմինիզմը: Ու կարծում եմ՝ դա շատ վատ է, բայց ես իսկապես հավատում եմ, որ ֆեմինիզմը հաճախ վերածվում է բացասական բառի: Տեսեք՝ աշխարհով մեկ կանանց հրաշալի հնարավորություններ են ընձեռվում, և կարծում եմ՝ դրական էներգիան ավելի լավ հետևանքներ է թողնում, քան բացասական էներգիան»:
Չնայած որ Մեյերն առաջամարտիկ կին է, ֆեմինիզը զուգակցում է ռազմատենչության հետ: Անկախ այն վճռական քայլերից, որ նա արել է «Google»-ում և հիմա էլ «Yahoo!»-ում, Մեյերը գերադասում է դեն շպրտել պիտակը հանուն այսպես կոչված դրական էներգիայի:
Մի անգամ Օդրի Լորդը հայտարարեց. «Ես սևամորթ ֆեմինիստ եմ: Ուզում եմ ասել՝ ես հասկանում եմ, որ իմ ուժը, ինչպես նաև հիմնական կեղեքումները, սևությանս նաև իմ կին լինելու արդյունք են, և ուստի իմ պայքարները երկու ճակատում անբաժանելի են»:
Որպես մուգ գույնի մաշկ ունեցող կին՝ ես գտնում եմ, որ որոշ ֆեմինստներին այնքան էլ չի հուզում սոսկ մուգ մաշկ ունեցող կանանց խնդիրները՝ ռասիզմի և ետգաղութատիրության շարունակական հետևանքները, կնոջ դիրքը Երրորդ աշխարհում, սևամորթ կանանց վզին փաթաթված խայթիչ արքետիպերից ձերբազատման փորձերը (կատաղած սևամորթ կին, մամմի, Հոթենթոթ և մի շարք նման բաներ):
Սպիտակամորթ ֆեմինիստները հաճախ հայտարարում են, որ միայն սևամորթ կանանց հատուկ խնդիրներն առանձնացնելն անբնական տարաբաժանում կստեղծի, ինչը կխոչընդոտի համերաշխությանն ու քույրությանը: Մյուս դեպքերում սպիտակամորթ ֆեմինստները պարզապես անտեսում են այս խնդիրները: 2008 թվականին հայտնի բլոգեր Ամանդա Մարքոտին մեղադրեցին «Կարո՞ղ է անձը լինել անօրինական» հոդվածում բլոգեր «Brownfemipower» -ի գաղափարները սեփականաշնորհելու մեջ: Վերջինս նույն թեմայի շուրջ իր ելույթը տեղադրել էր Մարքոտի հոդվածի հրապարակումից մի քանի օր շուտ: Հարցը, թե որտեղ է սկսվում սկզբնական միտքն ու որտեղ են ավարտվում փոխառված հասկացույթները, բարդ է հատկապես այն առումով, որ սպիտակամորթ անձը հերթական անգամ սեփականաշնորհել է մուգ մաշկ ունեցողի ստեղծարար աշխատանքը:
Նույն ժամանակ «Seal Press» ֆեմինիստական մամուլին պատասխանատվության կանչեցին իրենց ցանկում մուգ գույնի կանանց քիչ տեղ հատկացնելու համար, ինչի արդյունքում գլխավոր խմբագիր Բրուք Ուորներն ու այլ սպիտակամորթ ֆեմինիստներն անցան պաշտպանության: Ուորները նույնիսկ պատասխանել էր «Blackamazon» բլոգերի մեկնաբանություններից մեկին՝ համանույն բլոգում գրելով. «Կապի մեջ է «Seal Press»-ը: Մենք ՈՒԶՈՒՄ ենք ավելի շատ մուգ գույնի կանանց: Զարմանալիորեն այնքան էլ շատ առաջարկներ չենք ստանում: Ենթադրում եմ՝ ատելու փոխարեն ավելի արդյունավետ կլիներ մեզ տեղեկացնել, թե ինչ կուզեիք կարդալ»: Պաշտպանողական կեցվածքին հավելյալ Ուորները մամուլի բազմազանության բեռը բարդեց մուգ մաշկ ունեցող կանանց վրա, ոչ թե որպես գլխավոր խնբագիր իր վրա վերցրեց պատասխանատվությունը: Արդարության համար պետք է ասել, որ Ուորները գրում էր բլոգում և գուցե մինչև վերջ չէր խմբագրել իր մեկնաբանությունը, բայց նա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին սպիտակամորթ ֆեմինիստն է, որ կարծում է, թե ֆեմինիզմն ու ֆեմինիստական կազմակերպություներն ավելի ներառական դարձնելու պատասխանատվությունը դրված է մուգ մաշկ ունեցող կանանց ուսերին:
Այս խնդիրների շուրջ բանավիճող ֆեմինիստական բլոգոսֆերան երբեմն այնքան թունոտ է, որ սևամորթ ֆեմինիստներին պիտակել են «ծայրահեղ սևամորթ ֆեմինիստներ», ովքեր «խաղարկում են ռասսայի քարտը»:
Սևամորթ կանանց խնդիրներն ու մտահոգություները ֆեմինիզմի հիմնական ծրագրի մեջ ներառելիս ցուցադրվող կանխամտածված տգիտությունն ու անտարբերությունն են ինձ ստիպում խուսափել ֆեմինիստի պիտակը կրելուց, մինչև շարժումը չընդգրկի ինձ նմաններին: Գուցե սա էլ ֆեմինիզմի իսկականացման ի՞մ ձևն է, այսպե՞ս եմ ես առաջարկում ճիշտ տիպի ֆեմինիզմ կամ ավելի ներառական ֆեմինիզմ: Հավանաբար: Այս ամենը դեռ ինձ համար մշուշոտ է, բայց մաշկի գույնի հանդեպ շարունակական անզգայությունը լուրջ խնդիր է ֆեմինիստների շարքում:
Չմոռանանք նաև մեկ այլ բանի մասին. վերջերս ամսագրերն ինձ տեղեկացնում են, որ ֆեմինիզմի կամ աշխատանք/կյանք հարաբերակցությունը հավասարակշռել ձգտող կանանց կամ ընդհանրապես ցանկացած կնոջ հետ մի բան այն չէ: 2012-ի հունիսյան վերոնշյալ հոդվածում, Վուրցելը՝ «Պրազակի ազգ» գրքի հեղինակը, թեժ բանավեճ է սկսում «մեկ տոկոս կին կողակիցների» մասին, ովքեր վնաս են հասցնում ֆեմինիզմին և կանանց առաջընթացին, երբ նախընտրում են մնալ տանը, ոչ թե աշխատավայրում: Վուրցելի էսսեի սկիզբը սադրիչ է.
«Երբ մտքիցս դուրս չի գալիս յուրաքանչյուր բան, որ սխալ է ֆեմինիզմի մեջ, ես վերածվում եմ տասնիններորդ դարի պոետի. եկեք հաշվենք hնարավոր ձևերը: Նախևառաջ, ֆեմինիզմը շատ նման է գեղեցիկ աղջկա, որ իսկապես շատ-շատ է ուզում, որ իրեն բոլորը սիրեն՝ կանայք, որ լանչ են ուտում, տղամարդիկ, որ ատում ենք կանանց, բոլոր տխմարները, որ ընտրություն են պահանջում, բայց չեն հասկանում՝ ինչ է պատասխանատվությունը. այն դարձել է սոցիալական շարժման հեշտ տարատեսակ»:
Տեսնում եք՝ ֆեմինիզմը խնդիրներ ունի: Այդպես է ասում Վուրցելը և եռանդով պաշտպանում իր տեսակետը: Վուրցելն անգամ պնդում է, որ գոյություն ունի հավասարության մեկ ձև՝ տնտեսական հավասարություն, ու մինչև կանայք չընդունեն դա և մասսայական չանցնեն աշխատանքի, ֆեմինիստները, հատկապես՝ ունևոր ֆեմինիստները, հաջողության չեն հասնի: Նրանք կշարունակեն լինել վատ ֆեմինիստներ, որ չեն համապատասխանում շարժման իսկական իդեալներին:
«Atlantic»-ի հենց հաջորդ համարում զետեղված է Անն-Մարի Սլոթերի 12000 բառանոց գրվածքը, որ պատմում է ազդեցիկ, հաջողակ կանանց՝ «ամեն ինչ ունենալու» մարտահրավերների մասին: Նա խոսում է կանանց փոքր, էլիտար խմբի մասին՝ հաջողակ կարիերա ունեցող հարուստների մասին՝ միաժամանակ անտեսելով միլիոնավոր կանանց, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ զավակների հետ ժամանակ անցկացնելու համար Պետդեպարտամենտում բարձրաստիճան պաշտոնը թողնելու ճոխությունը, ինչպես արել է հենց Սլոթերը: Շատ կանայք աշխատում են, որովհետև ստիպված են: Աշխատելն այնքան էլ կապված չէ ամեն ինչ ունենալու հետ ու ավելի շատ վերաբերում է սեղանին կերակուր դնելուն:
Սլոթերը գրում է.
«Ես այն կանանցից էի, ովքեր իրենք իրենց շնորհավորում են ֆեմինիստական գաղափարախոսությանն անմնացորդ նվիրվածության առիթով, մեծամիտ զրուցում են հետզհետե քչացող քոլեջի կամ իրավաբանական համալսարանի ընկերների հետ, որ հասել և ապահովել են իրենց տեղը մասնագիտական ամենաբարձր օղակներում: Դասախոսություններիս ընթացքում այդ ես էի, որ երիտասարդ աղջիկներին ասում էի, թե նրանք կարող են ունենալ ամեն ինչ, անել ամեն ինչ՝ անկախ նախընտրած ոլորտից»:
Բանն այն է, որ ես այնքան էլ համոզված չեմ, թե ֆեմինիզմը երբևէ խոստացել է՝ իբր կանայք կարող են ունենալ ամեն ինչ: Ամեն ինչ ունենալու գաղափարը սխալմամբ մշտապես վերագրվում է ֆեմինիզմին, մինչդեռ իրականում մարդու էությունն է ուզել ամեն ինչ:
Ավաղ, խեղճ ֆեմինիզմ: Այնքան շատ պարտականություններ են դրվել մի շարժման ուսերին, որի հիմնական նպատակը բոլոր հարթակներում կանանց և տղամարդկանց միջև հավասարության հաստատումն է: Ես շարունակ կարդում եմ նմանատիպ հովածներ, զայրանում եմ ու հոգնում, որովհետև այս հոդվածներն ինձ հուշում են, որ դժվար թե կինը երբևէ ճիշտ քայլ անի: Այս հոդվածներից կարելի է եզրահանգել, որ իսկապես կան կին լինելու ճիշտ ու սխալ տարբերակներ: Իսկ չափանիշները կարծես անվերջ փոփոխվում են ու դառնում անհասանելի:
2014թ.
Անգլերենից թարգմանեց Արմինե Դանիելյանը, Մետաքսյա Խաչիկյանը
No Comments