17 Dec Ռուզաննա Ոսկանյան
Ռուզաննա Ոսկանյան | ծնվ. 1989թ., Հայաստան
*
Ու մի քիչ դառն է գինին իմ մատներից պոկվող
լուսաբացի համար,
ու մի քիչ դառն է գինին լռությունը խեղդող
մերկ ափերի համար:
Դու ինձ երբեք չես նվիրել
քո ժպտացող աչքերը սև: Ու կարևոր չէ,
որ դա գուցե ոչ մի կապ չունի դառը գինու,
անձրևից հետո կիսաբաց աչքերով ժպտացող քարերի,
երկինք սլացող կապույտ վերելակի ու խանձված խոտերի հետ
Ու մի քիչ դառն է գինին մեր մատներից պոկվող
լուսաբացի համար, ու մի քիչ դառն է գինին
լռություն հորինող մեր ափերի համար
Հիմա ուզում եմ երեխա դառնալ: Ու կարևոր չէ,
որ դա գուցե ոչ մի կապ չունի դառը գինու,
տեևներին խաչված դատարկ հայացքների
ու թրջված այտերով լռության հետ
Ու կարևոր չի, որ էլ չեմ ճանաչի քեզ
մշտաժպիտ աչուկներից պոկված լուսաբացի հետո
Ու մի քիչ դառն է գինին իմ մատներից պոկվող
լուսաբացի համար, ու մի քիչ դառն է գինին
լռությունից փախչող
մերկ ափերի համար:
*
ճերմակ փողոցներում գարունը փնտրելիս
ես դողացող շուրթերս
թաքցնում եմ վերարկուիս տակ ու աչքերս կկոցում քո շուրթերից
պոկվող արևի ջերմությունից
Մի՞թե դու այնքան հեռու ես, որ չես լսում ինձ
Աղոթելիս մատներս դնում եմ դողացող
զարկերակներիս ու լռում
Քեզ համար երկնքից փաթիլներ կբերեի,
եթե ձմեռ չլիներ, ու ծրարված
կուղարկեի քեզ անձրևի դողացող
մատնահետքերով
Եթե ձմեռ չլիներ,
եթե գարուն չլիներ ու եթե դու չլինեիր, հիմարիկ:
Մարդկանց սև աչքերից ու
ճերմակած հուշերից գիշերվա հոտ է գալիս
Ես նախանձում եմ գարնան անձրևներից
սրթսրթացող ապակիներին
Մի քիչ հետո, երբ ստվերներ հայտնվեն, կարելի է լռել,
վախեցած աչքերը մատներով ծածկելով,
իսկ այժմ ժպտա, հիմարիկ:
Եթե ձմեռ չլինի, եթե գարուն չլինի, եթե ես չլինեմ
ճերմակ փողոցներում գարունը փնտրելիս,
գարունը փնտրելիս քո աչքերում:
Մի՞թե ձմռանն այնքան ցուրտ է, որ չի կարելի թեյի պես տաք արցունքներ
նվիրել անցորդներին: Եթե դու չլինեիր…
Ես վախենում եմ ձեռքերս դողացող զարկերակներիս
դրած լռել. իսկ եթե չլսե՞ս…
*
Ահա և ես` մի քիչ շիկնած, փոքրիկ, ժպտալուց կկոցած աչքերով
Ահա և ես` մի քիչ կանաչ, փոքրիկ, քամուց օրորվող:
Ես առավոտյան հողաթափերով եմ միայն թավալվում փողոցի
կանաչ ասֆալտի վրա, որ չտրորեմ ինչ-որ մեկի
երկինքը, որ մոռացել է այնտեղ, ես առավոտյան
շապկիս գզգզված մազերով ծածկում եմ
քրքջացող ուսերս ու անխղճորեն ժպտում`
հայելու ետևում թաքնված
ինչ-որ մեկի երկնքին:
Ես վարժվել եմ արդեն փիսիկի նման կամացուկ ճանկռոտել երկինքը,
դժվար չէ, գիտե՞ս
(Մի օր բարձրակրունկ կոշիկներ հագած ամաչկոտ
կանցնես իմ կողքով, իսկ ես, ծխախոտը ձեռքումս ճմռելով,
կսուլեմ քո ետևից):
Ասում են` տերևներն արդեն թափվում են, ու օրերը ցրտում են.
հեռանալու ժամանակն է:
Առավոտյան ձեռքերս ժպտալով թափահարում եմ օդում.
անկյունում կծկված երկինքը թող չկարծի, թե միայնակ է առաստաղից
կախված հազարավոր աստղերի պես:
Ոտքերի ծայրերով զգույշ
փշրում եմ գետնին թափված չորացած արևներն ու
թաքցնում գրպանումս. ձմռանը պետք կգան:
Իսկ ընդհանրապես ինձ ոչ ոք չի հարցնում, թե երբ եմ վերադառնալու:
Օրերը մի քիչ ավելի տաք են, քան հարյուր տարի
առաջ, ուրեմն կարելի է մնալ
Ահա և ես…
*
Ես քեզ երկինք թռչող աստղերին խառնեցի
ու արևներին այտերս այրող,
ես քեզ ծառերի` օդը համբուրող վախվորած
մատներին խառնեցի
ու աշնանը երկնքում թափվող կանաչ տերևներին:
Արդեն ուշ է ժպտալու կամ լացելու համար:
Բավականին ուշ է
ձեռքերը ետևի գրպաններում թաքցնելու
ու փակ աչքերով
քեզ փնտրելու համար: Ուշ է շնչահեղձ լինելու ու երկնքում
աստվածներից գոնե մեկին գտնելու համար…
դե՛, ես գնացի
Գետնին թափվող տերևների թաց ոտքերի տակ
տրորվում են արևները:
Ես որոշել եմ սրանից հետո միայն երկնքով քայլել:
Ափսոս են, չէ՞, արևները
ինչ-որ մեկն անընդհատ արևներ է նետում ու դրանք,
ձեռքերիս հպվելով
անձրևի կաթիլներ են դառնում: ես որոշել եմ սրանից հետո
ձեռքերս գրպանումս քայլել: Ափսոս են, չէ՞, արևները:
Վարագույրներն այնքան թափանցիկ են,
որ երկինքը մտել է սենյակ
Քեզ հորինելու համար ինձ ընդամենը մի կյանք պահանջվեց:
Այնքան լուռ է ծառի տակ կծկված նախամարդը,
որ շուրթերս անկարող են ճչալ:
Ինձ ընդամենը մի կյանք պահանջվեց քեզ հորինելու համար:
Օդում ճոճվող ձեռքերը որքան քոնն են, նույնքան և իմը:
Ների՛ր, Աստված, արդեն ուշ է: Դե, ես գնացի…
*
…տեսնո՞ւմ ես, սեր իմ, ես արդեն
զզվել եմ ապրելուց
ու միայն երկար,
հաստ ու կոշտ
պարանն է պակասում
սենյակի դատարկությունը լրացնելու համար…
…տեսնո՞ւմ ես, սեր իմ,
ինճ համահունչ են ճոճվող ձեռքերս
գազօջախին տժտժացող մենակության
ու սև ակնոց հագած
ստվերիս հետ…
ահա թե ինչպես են պատժվում
հրեշտակները երկրի վրա.
նրանք սկզբից մարդ են դառնում
ու հետո մեռնում են ամոթից,
երբ ինչ-որ մեկը ճանաչում է նրանց…
ես էլ, սեր իմ, մարդ չեմ,
որովհետև տարօրինակ է մարդ լինել,
երբ քնքշությամբ առաստաղից է կախվում
մեկօրեկան երկար,
հաստ ու կոշտ պարանը,
ու հաստատ հրեշտակ էլ չեմ, սեր իմ,
որովհետև թևերս այդպես էլ պետք չեկան…
No Comments