16 Dec Ռոզա Մեյ Բիլինգհըրսթ | Rosa May Billinghurst
Ռոզա Մեյ Բիլինգհըրսթ | 1875-1953թթ.
գիրք | «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը»
էսսեի հեղինակ | Հասմիկ Սիմոնյան
Բանտը, իհարկե, ամենահարմար տարածքը չէր քարոզարշավ իրականացնելու համար, բայց մի՞թե տարածքի անհարմարությունը կկանգնեցներ նրան, ում անունը Ռոզա Մեյ Բիլինգհըրսթ էր:
1912 թվականի մարտն էր: Ռոզա Մեյը դեռ մեկ ամիս պետք է անցկացներ բանտում, ցուցված էր տաժանակիր աշխատանք: Նա ջարդել էր լոնդոնյան հարուստ թաղամասերից մեկի՝ սեփականություն համարվող շինության ապակիները՝ ի դիմադրություն և ի պահանջ մեկ բանի. կանայք պիտի ունենան ընտրելու իրավունք:
Ռոզա Մեյը սուֆրաժիստ էր ու անգամ բանտում չէր պատրաստվում նահանջել իր սկզբունքներից, ավելին՝ նա ոգևորում էր բանտախցի մյուս կալանավորներին, բացատրում էր, պատմում: Նա առաջին անգամ չէր բանտում և ոչ էլ վերջին: Կյանքի ընթացքում նա պարբերաբար բախվել էր ոստիկանական դիմադրությանը, մասնակցել անհնազանդությունների և օգտագործել դիմադրության բոլորովին այլ մարտավարություն՝ գունային: Որպես շարժման գույներ նա ընտրել էր մանուշակագույնը՝ արքայական ընտանիքի, սպիտակը՝ մաքրության, և կանաչը՝ հույսի նշան:
Նա առավելապես հայտնի էր իր երկրորդ անունով՝ Մեյ: Փոքր տարիքում հիվանդացել էր պոլիոմելիտով ու կորցրել քայլելու ունակությունը: Նա շարժվում էր եռանիվ անվասայլակին նստած: Երիտասարդ տարիներին սոցաշխատանքներ էր կատարում՝ օգնելով անապահով կանանց, նաև դասավանդում էր կիրակնօրյա դպրոցում:
1907 թվականին նա միացավ Էմիլի Պանկհըրսթի հիմնադրած «Կանանց սոցիալ-քաղաքական միությանը», որը կողմ էր անհնազանդ մարտավարություններին՝ ի շահ կանանց իրավունքների պաշտպանության: Երկրի տարբեր մասերում շատ արագ հանձնաժողովներ են ձևավորում, միլիոնավոր ստորագրություններ հավաքում: Միայն հարկ վճարող կանանց էր թույլ տրվում մասնակցել համայնքային ընտրություններին, բայց խորհրդարանական ընտրություններին նրանք էլ չէին կարող մասնակցել:
Դարավերջին հանձնաժողովները միավորվեցին: Էմիլին կոչ արեց կանանց խաղաղ ակցիաներին վերջ տալ, փոխարենը հացադուլ հայտարարել և չվախենալ անգամ բռնություն գործադրելուց: Ապա Բիլինգհըրսթը բացեց կազմակերպության գրինվիչյան մասնաճյուղը, իսկ հայտնի ակցիաներից մեկի ժամանակ Մեյն իր անվասայլակով բախվեց ոստիկաններին:
Շուտով բռնություններին վերջ դրեցին հենց կանայք: 1910 թվականն էր: Բոլորն անհամբեր սպասում էին օրենքի ընդունմանը, որն առավելապես հայտնի էր «Հաշտության օրինագիծ» անվանումով, որի հաստատումը թույլ կտար շուրջ մեկ միլիոն կանանց ձայնի իրավունք ստանալ և քվեարկել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այդ կանայք հիմնականում ապահով սեփականատերեր էին և ներկայացնում էին Անգլիայի միջին խավը:
Թեև խորհրդարանականների մեծամասնությունը կողմ էր քվեարկել օրինագծին առաջին և երկրորդ ընթերցմամբ, վարչապետը որոշեց՝ դրա ժամանակը չէ հիմա, և հայտարարեց, որ պառլամենտը ցրվում է, և արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Կանայք այս քայլը դիտարկեցին որպես մերժում և քայլերթ կազմակերպեցին դեպի պառլամենտական շենք: Երթին մասնակցում էր շուրջ երեք հարյուր կին: Բախումը չուշացավ: Ոստիկանները բռնի ուժ գործադրեցին: Շուրջ հարյուր քսան կին ձերբակալվեց: Բիլինգհըրսթին դուրս նետեցին իր անվասայլակից, ձեռքերը կոպտորեն ոլորեցին, իսկ մի մատն այնպես ծալեցին, որ ցավից տանջվի: Ոստիկանները նրան տարան ու մենակ թողեցին անծանոթ մի փողոցում, ապա անվասայլակի անիվները քանդելով ու փականները գրպանելով՝ հեռացան՝ վստահ, որ խուժան ամբոխը կհոշոտի անօգնական կնոջը: Պարզվեց՝ այդտեղ գտնվողները, բարեբախտաբար, նրա ընկերներն էին:
1911 թվականին շուրջ երկու հարյուր քսան կնոջ են բանտարկում: Նրանք մուրճերով ու քարերով ջարդել էին Պառլամենտական հրապարակի ապակիները՝ որպես ընդդիմության նշան այն օրինագծի, համաձայն որի՝ բոլոր տղամարդիկ ընտրելու իրավունք ունեն, իսկ կանայք՝ ոչ:
1912 թվականին շուրջ հարյուր հիսուն կնոջ են բանտարկում: Այս անգամ նրանք մուրճերով ու քարերով ջարդել էին Լոնդոնի պատուհաններն ու փոստարկղերը: Դատարանի առաջ Ռոզա Մեյն ասաց.
– Պարո՛ն դատավոր, մենք խուլիգաններ չենք՝ ոչնչացնելու հակում ունեցող, բայց մենք ուզում ենք արթնացնել հանրային քնած կարծիքը այս ապատիկ վիճակից:
Մեյը դատապարտվեց ութ ամսվա բանտարկության: Ի պատասխան ազատազրկումի՝ նա հացադուլ հայտարարեց ու մորը գրած նամակում պատմեց, թե ինչպես են իրեն փորձում բռնի կերակրել:
Բիլինգհըրսթն ասում էր. «Չնայած մարմնական թուլությանս՝ իմ ներքին ուժն անսասան է: Կառավարությունը կարող է խեղել իմ հաշմանդամ մարմինը՝ բռնի կերպով կերակրելով, որովհետև այսօր նրանց ուժը պատում է միայն թույլ կանանց վրա՝ գտնվող բանտում: Նրանք անգամ ինձ կարող են սպանել ընթացքում, որովհետև ֆիզիկապես ուժեղ չեմ, բայց նրանք չեն կարող խլել ինձանից ազատության ոգին և իմ պատրաստակամությունը՝ պայքարելու այս մարտում մինչև վերջ»:
1918 թվականին կառավարությունը տեղի տվեց, և ընդունվեց օրինագիծ, ըստ որի՝ սեփականություն ունեցող երեսուն տարեկանից բարձր կանայք ընտրելու իրավունք ունեն Անգլիայում: Իսկ արդեն տասը տարի անց քսանմեկ տարեկանից բարձր բոլոր կանայք ու աղջիկները տղամարդկանց հավասար ձայնի իրավունք ստացան:
Ռոզա Մեյն ապրում էր ծնողների հետ Միդլսեքս քաղաքի Սյուրեյ կոմսությունում: Նա երբեք չամուսնացավ, բայց 1933-ին որդեգրեց Բեթին, ով ավելի ուշ մոր մասին գիրք կգրի ու կպատմի բոլորին անհայտ Ռոզա Մեյ Բիլինգհըրսթի պատմությունը: Մահվանից առաջ Մեյը կտակեց իր մարմինը գիտությանը: Երկրի վրա անգամ վերջին ունեցածը՝ ի նպաստ երկրի, ի շահ գիտության ու մտքի առաջընթացի:
No Comments