Հարիեթ Թաբմեն | Harriet Tubman

Հարիեթ Թաբմեն  | 1822-1913թթ.

 

գիրք  «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» 
էսսեի հեղինակ  Հասմիկ Սիմոնյան

 

Հարիեթն աֆրոամերիկացի աղջիկ էր, որ ծնվել էր ստրկության մեջ: Ստրուկ էին նրա ծնողները, ստրուկ էին նրա եղբայրներն ու քույրերը, և սովորական էր, որ նա էլ պիտի լիներ ստրուկ:

Ստրուկներին անվանում էին «խոսող գործիք»: Նրանք աշխատում էին տանն ու դաշտերում, գործարաններում: Հարիեթի մայրն, օրինակ, խոհարար էր, հայրը՝ փայտահատ: Հինգ տարեկանից Հարիեթն էլ էր աշխատում: Ի դեպ, այդ ժամանակ նրա անունը դեռ Հարիեթ չէր, այլ Արամինթա:

Մինթին ստուգում էր առնետների թակարդները սառցե գետի ճահճուտներում: Փոքրիկ աղջիկը հաճախ էր հիվանդանում ու ջերմում: Վերակացուները որոշում են, որ ավելի լավ կլինի՝ Մինթին մնա տիրոջ տանն ու մաքրություն անի:  Եթե տնային գործերը լավ չէր անում, տանտիրուհին նրան ծեծում էր: Մինթին նաև նորածին տղայի դայակն էր: Ամեն անգամ, երբ երեխան զարթնում էր ու լաց լինում, Մինթին մտրակի հարվածներ էր ստանում:
 
Մի անգամ իսկապես «մեղք» է գործում: Սեղանին շաքարաման էր դրված: Շաքարը շա՜տ գրավիչ տեսք ուներ: Նա երբեք ոչ մի քաղցր բան բերանը չէր դրել, ու չգիտեր՝ քաղցրը ինչ համ ունի: Տանտիրուհին շրջվել էր ու ամուսնու հետ էր վիճում, և Մինթին չզգաց, թե ինչպես մատները թաքուն ձգվեցին դեպի շաքարամանն ու մի կտոր շաքար հանեցին: Հաջորդ վայրկյանին տանտիրուհին շրջվեց, ու Մինթին զգաց կաշվե մահակի շրխկոցը դեմքին: Եվ նրան տեղափոխում են աշխատելու ավելի ծանր պայմաններում՝ դաշտ:

Ստրկությունը փոխանցվում էր մորից երեխային: Եթե մայրն ազատ կին էր, երեխան էլ էր ծնվում ազատ: Բայց ստրուկները պատկանում էին իրենց տիրոջն ու համարվում տիրոջ գույքի մի մասը: Նրանք ոչ մի բանի իրավունք չունեին: 

Տերերը կարող էին նրանց աշխատեցնել սրտի ուզածի չափ, սոված պահել, ծեծել, վարվել նրանց հետ այնպես, ինչպես ուզում են: Ստրուկը տիրոջ սեփականությունն էր:  Ցանկության դեպքում տերը կարող էր իր ստրուկին սպանել, դրա համար նա չէր պատժվի. ինքն էր ու իր ունեցվածքը, բայց եթե մեկ այլ մարդ ուրիշի ստրուկին սպաներ, դա համարվում էր ուրիշի ունեցվածքի հանդեպ ոտնձգություն, և պատժելի էր օրենքով: 

Եթե տերը թույլ տար, ստրուկը կարող էր ամուսնանալ, բայց տերն էր որոշում, թե քանի անգամ ու երբ ամուսնացած ստրուկները տեսակցեին միմյանց: Տերը կարող էր նաև ստրուկի երեխաներին վաճառել այլ տիրոջ: Այդպես, օրինակ, Արամինթայի քույրերին էին վաճառել՝ խլելով մոր գրկից, ու նրանք այլևս երբեք չկարողացան իրար տեսնել:

Մինթին հաճախ չէր դիմանում ու փախչում էր տնից, բայց սովը հետ էր բերում տուն, ուր նրան սպասում էին դաժան ծեծն ու մտրակի նորանոր հարվածները:

Մի անգամ բարկացած վերակացուն երկաթե ծանր կշռաքարը նետում է ստրուկներից մեկի ուղղությամբ: Ստրուկը ճարպկորեն խուսանավում է, բայց կշռաքարը հարվածում է Արամինթային: Նա գլխի վնասվածք է ստանում՝ հիպերսոմնիա: Այս հիվանդությունը ցերեկային քնկոտությունն է, որի պատճառով մարդիկ չեն կարողանում արթնանալ, սոսկալի գլխացավեր են ունենում, ամբողջ օրն իրենց քնատ են զգում, նաև չեն կողմնորոշվում տարածքում և տեսիլքներ են ունենում՝ չհաշված մշտական գլխապտույտները:

Երբ տերը որոշում է Արամինթային վաճառել՝ համարելով նրան անպիտան ստրուկ, աղջիկը որոշում է փախչել Ամերիկայի հյուսիս, ուր սևամորթները կարող էին ազատ լինել: Այդ ժամանակ Մինթին ամուսնացած էր Ջոն Թաբմենի հետ: Ջոնի մայրն ազատ սևամորթ էր, հետևապես Ջոնն էլ էր ազատ, բայց ի տարբերություն Արամինթայի՝ նա երբեք չէր մտածում փախուստների ու ազատության մասին, կնոջն էլ տարհամոզում էր՝ փորձելով խելքի բերել: Աղջիկը չի լսում, փախչում է ու հասնում Ֆիլադելֆիա: Նա փոխում է իր անունն ու մոր անունն ընտրում՝ Հարիեթ: Ազատությունն անսովոր էր ու հրաշալի, բայց նա մենակ էր այստեղ ու գիտեր, որ իր ընտանիքն ու ընկերները տառապում են հարավում: Հարիեթն արդեն ճանապարհը գիտեր ու որոշում է հետ գնալ ու ընտանիքի անդամներին ևս օգնել փախչել: Նա ազատում է ծնողներին ու եղբայրներին, բայց որոշում է կանգ չառնել: Կատաղած տերերը նոր օրենք են ընդունում՝ փախուստի դիմաց ստրուկներին մահվան սպառնալիքով պատժող, բայց Հարիեթն անսասան էր. «Մահ կամ ազատություն: Մենք այլ ընտրություն չունենք, ու ես պայքարելու եմ մինչև վերջին շունչս»:
 
«Ստորգետնյա երկաթուղի». այդպես էր կոչվում փրկության ճանապարհը, որը Հարիեթն արդեն անգիր գիտեր: Իրականում այդ ճամփան ոչ ստորգետնյա էր, ոչ էլ գնացք կար՝ ստրուկներին տեղափոխող. դա ծածկագիր էր: Ծածկագիր էին նաև ստրուկների երգերը, որ երգում էին նրանք աշխատելու ընթացքում: Իսկ գլխամաշկին կպած աֆրոամերիկյան բարակ հյուսերը ոչ թե գեղեցկության համար էին արվում, այլ փախուստի հնարամիտ քարտեզներն էին:

Հարիեթն օգնում է շուրջ երեք հարյուր ստրուկների փախչել ու ազատվել ստրկությունից, նաև օգնում էր վերջիններիս աշխատանք գտնել: Երեսունում նրան անվանում էին Մովսես, քանի որ հենց այդ աստվածաշնչյան մարգարեն էր հրեաներին ազատել ստրկությունից՝ օգնելով փախչել Եգիպտոսից: Հարիեթն հպարտորեն ասում էր, որ երբեք ոչ մի ստրուկի ճանապարհին չի կորցրել ու կարողացել է անվնաս տեղափոխել բոլորին:

Հարիեթի հետ ծանոթանալուց հետո ստրուկների դեմ պայքարի առաջնորդ Ջոն Բրաունը նրան մշտապես դիմում էր «Գեներալ Թաբմեն» և ասում էր. «Նա ինձ հանդիպած բոլոր տղամարդկանցից ավելի տղամարդ է»: Նրանք երկուսն էլ վստահ էին, որ միայն զինված դիմադրությունը կկարողանա իսպառ ազատագրել ստրկության ճիրաններում հայտնված ժողովրդին: Երբ Ջոնին կախաղան են բարձրացնում, Հարիեթն ասում է՝ նա հասարակ մահկանացու չէր, այլ աստված էր ապրում նրա մեջ, ու նրա մահը հավասար էր հարյուր մարդու ապրած կյանքի:

1861թ. Թաբմենը միանում է քաղաքացիական պայքարին, մտերմանում գեներալներից մեկի հետ և օգնում զորքին: Նրա շնորհիվ սևամորթ զինվորները ակտիվորեն ներգրավվում են պայքարի մեջ: Հարիեթի ջանքերի արդյունքում շուրջ յոթ հարյուր հիսուն սևամորթներ ազատություն են ձեռք բերում:
Նա դառնում է առաջին բուժքույրն ու սովորեցնում մյուս սևամորթ կանանց բուժքույրություն անել: Դառնում է հետախույզ, իսկ պատերազմի ավարտից հետո ամուսնանում է երկրորդ անգամ ու որդեգրում Գերթի անունով մի աղջկա:
Քանի որ պաշտոնապես գրանցված չէր որպես պատերազմի մասնակից, նա երբեք աշխատավարձ չի ստանում: Եվ միայն ամուսնու մահից հետո ստանում է թոշակ՝ որպես պատերազմի մասնակցի այրի, ինչն էլ բաժանում էր կարիքավորներին:

Հարիեթն իր ձայնն էր բարձրացնում ոչ միայն սևամորթների համար, այլև մշտապես խոսում էր կանանց իրավունքներից: Նա միանում է սուֆրաժիստների պայքարին, հրապարակային ելույթներ ունենում ու պատմում սեփական կյանքից ու կրած զրկանքներից: Նա դառնում է սոցիալական ռեֆորմների հիմնադիրը ԱՄՆ-ում:
1897թ. բրիտանական թագուհի Վիկտորիան հրավիրում է Թաբմենին Անգլիա՝ տոնելու միապետի տարեդարձը: Ֆինանսական դժվարությունները խոչընդոտում են Հարիեթի այցին, բայց թագուհին վերջինիս մետաքսե շալ է ուղարկում և արծաթե մեդալ: Թաբմենն այս նվերները պահում էր ակնածանքով ու աչքի լույսի պես:

«Գնամ՝ ձեզ համար տեղ պահեմ», – Հարիեթի վերջին խոսքերն էին:

No Comments

Post A Comment