30 Nov Մարիամ Դանիելյան
Մարիամ Դանիելյան| ծնվ. 1985թ., Հայաստան
Recopier յայլոց
«Մենք միջանցքում ենք, սիրելի բարեկամ..»
Ա. Կամյու
Օրը մրոտվում ու գլորվում է աչքերիս առաջ,
ինչպես մոխրով լիքը վառարանից դուրս ընկած կարտոֆիլ,
որ երկար ծամծմվում է պապուս բերանում…
Ուղղում եմ բարձը գլխիս տակ.
վաղն ավարտվում է ծոմի ժամկետը և
կարող եմ վերադառնալ
նախնադարյան գյուղի փտած սիմվոլիկայով հարուստ բուրող պիջակով
դեպի մրոտ թրաֆիքը, հասարակական ժամացույցն ու
գարեջուրը, որոնց արանքում շրջադարձից առաջ
կանգնում եմ մի պահ
ու հռհռում տխմարի պես…
Պապուս կարած կոշիկները դուրս չեն գալիս,
ես կվերադառնամ ոտաբոբիկ երկար ճանապարհով`
ոտերիս տակ զգալով երկրիս պաղած քրտինքը,
չեմ մտածի ճշտի ու սխալի մասին,
կիսաբաց դռնից կնետեմ. «ես ձախողվել եմ»…
Կիսաբաց դռան մեջ կանգնած.
բաց ազդրերս քամու ձեռքերի տնօրինությանը,
որոնց հետ դեպի կրծքերս է սողում թարմ թրիքահոտը.«բազմացե՛ք, կովե՛ր, բազմացե՛ք, կյանքը կարճ է»…
վաղն ավարտվում է ծոմի ժամկետը
ես կվերադառնամ դեպի հունիսյան երեկոն,
երբ արևն իր կատվային մեջքն է շփում ոտքերիդ,
ու թիկունքիդ սառչում է պատը.«ծովեն կու՛գաք, մարմա՛նդ հովեր..».
թրջված հացի պես ծանրանում, բաժան-բաժան է լինում
հիշողությունդ ու սրտիդ գարշապարն է դեղնում…
Օրը մաքրում է իր մրոտ կեղևը պապուս դողացող մատներով,
որոնք հրամցնում են ինձ մաքրած կարտոֆիլ
առավոտվա նախաճաշին…
Կվերադառնա՞մ արդյոք…
*
«..Ես ստույգ եմ, անգութ, սիրում եմ քեզ,բայց դու չունես փրկություն»:
Ու. Ուիթմեն
Երկար կանգնեցի ներթկաթափ ժանգոտ դարպասի մոտ.
ո՛չ պապուս տունն էր, ո՛չ սիրածիս,
պարզապես ներկաթափ ժանգոտ դուռ էր,
որից այն կողմ ժամանակին մարդիկ են ապրել
և որի վրա (այս տարի աննախադեպ) ցրտից
սառել է ինչ-որ մեկի` զայրույթից քրտնած ձեռնահետքը`
ափի մեջ աստղ ու լուսնի համադրություն…
Այսօր տնից դուրս էի եկել համոզմունքով
անելու մի բան, որ ավելին է, քան պարզապես գրելը.
ասենք` հաստատել մոնիստական սկզբունքը
ինտեգրված հայացքներին հակադիր բարձունքից…
Բացեցի պատահած դուռը
ու ապուշի պես կանգնեցի սրճարանի մեջտեղում…
Դատարկաջեբ հպարտությամբ
քայլում եմ դեպի մարդկային խումբը,
որ ինչ-որ թղթեր ճակատի դեմ պահած`
գոռում է ամբողջ կոկորդով,
գոռում է մինչև ձայնը խզվի, մինչև դառնա անլսելի.
գոռում եմ ամբողջ կոկորդով,
բայց ձայնս չեմ կորցնում, մի քիչ պահում եմ
գրելու համար,
բայց այսօր պիտի անել ավելին, քան պարզապես գրելն է.
ասենք` սպանել վճռաբեկ դատարանի դատավորին,
որի աչքերի առաջ «մեղավորի» սփրթնած դեմքը լղոզվում է
ու վերածվում իր կնոջ փամփլիկ քամակին, որն առավոտյան…
կամ` կախաղան հանել լիբերալ-դեմոկրատներին,
որ վիսկու շշեր էին ջարդում իրար գլխի`
չնկատելով մուժիկի կարոտ հայացքը
շեփորականչից առաջ և հետո…
Արնոտել երեկոյի մանուշակագույն լնդերը,
որից գարշահոտ է տարածվում աշխարհի վրա,
որն ի սկզբանե բնավ էլ օրհնված չի եղել…
Կամ ասենք`
ճակատով զարնվում եմ ներկաթափ ժանգոտ դռանը,
որի վրա գրված է. «սա քո հայրենիքն է, բարի՛ գալուստ».
ոտքերիս տակ հողը լպրծուն է,
ու հասկանում եմ, որ եթե չքայլեմ, կսուզվեմ ընդհատակ:
*
«Քարերի մեջ մտածելը դժվար է»:
Թ. Ս. Էլիոթ
Անդրօվկիանոսյան ֆուրշեթը
շքեղ կայծկլտումներով լուսավորում է իր չորս բոլորը և
ես, անկեղծ ասած, շլացած եմ` նստած սովետական հին,
բայց ամուր աթոռին…
երեխայի ճիչ
հայհոյանք
դռան շրխկոց
տարվա չվացուցակը, որ ամեն օր եմ կազմում,
գրպանս եմ դնում…
սառած մայթերին անդրադառնում է
քնաթաթախ հավաքարարի պես խոնարհված առավոտը,
որ անցնում է մյուս փողոց ու չքանում կեսօրվա
հետ Ատլանտիկի ծանր հևքը փոթորկում է
երկնաջրերը, որ լվանում են հեռացողների թևերն ու
փետրահան անում…
(ճիզվիտ խոսքը մատը շրթներին է տանում)
ցրտից փշրվում են կենտրոնական ժամացույցի սլաքները,
և փոշու ամպ է կախվում քաղաքիս վրա,
մինչ արևին հասած թռչունները
պատմում էին իրենց տպավորություների մասին, անորոշությունը
որոշակիանում է 30 աստիճանում,
որ ո՛չ երկինք է,
ո՛չ երկիր,
և կախվում պատահածի փեշից,
որ շտապում է ջերմացնել ոտքեր,
հողաթափերում ջերմությունը
ոտքերիս պատրանք է ծնում…
ձեռքս եմ վերցնում չվացուցակը, որ երեկ եմ կազմել
ու որ վաղը պիտի փոխեմ…
հայրս ընկնում է գետնին ու զարմանում,
որ սովետական ամուր աթոռը կոտրվեց…
*
«..Անտառապահը գյուղում է հիմա
Ու չի կասկածում, որ այստեղ կանգնած`
Դիտում եմ ձյունոտ անտառը նրա»:
Ռ. Ֆրոսթ
Ես շնչում եմ օվկիանոսների խոնավությունը
Վանաձորի անտառներում, որոնց խորքերում
արևը պորտապար է պարում`
ջղաձգելով ու թուլացնելով մեղրածոր փորը…
Սենտիմենտալ քնքշանքով գրպանիցս գուցե հանեի
մամռակալած հիշողություններս,
բայց իմ ջեբի եղածը 720 դրամն է, որ ստիպված եմ
տալ իբրև հետադարձ ուղեվճար
զգայական զեղման` Վանաձոր գալուս համար..
Այստեղ թռչունները սլանում են քամու դեմ`
իրենց ետևից թողնելով փետրահյուս մշուշ,
որ փաթաթում եմ վզիս իբրև շալ
ու իջնում դարավանդն ի վար..
Թաց փայտաթեփի հոտը
խառնվում է դեկտեմբերյան ծխին,
որ տարածվում է անտառի վրա,
ուր հոտնկայս ծափահարում են հատուկենտ քծնողներ…
Հիմա իմ քաղաքում ցեխաջուրը հոսում է փողոցներով,
լճանում հրապարակներում,
ուր երկար բանակցում են ձկները..
ցեխը լցվում է տները,
և փոքրիկ աղջիկը ճաշում է պահարանի գլխին նստած…
Հետճաշյա քամին թաց փեշով ապակիներին է
սոսնձում
հնացած լրագրեր, և մարդիկ անցուդարձին հետևում են
սևատառ թղթերի մշուշից…
Անցումների միզահոտ անկյուններում
խառնվում են ծխահար կեսօրվա դեղնած սարսուռները,
և միայն շներն են քչփորում գիշերվա կնճիռները,
որոնց արանքից ծորում են անալի արցունքներ…
Ես կարող եմ գրել բանաստեղծություն այն մասին,
որ Լոռվա բարձր սարերում հայտնաբերվել են
էկզոտիկ թռչուններ, որ ծայրեծայր գիտեն հայոց պատմությունը,
որ Լոռվա տղերքը նրանց հետ միասին փորում են ճահճամերձ հողերը,
հերձում ճիճուներ` նախնյաց մարմինները գտնելու…
բայց այստեղ կանգ եմ առնում, որովհետև մարմինս,
որ թիկնել է ծառին, ներծծեց շուրջ 80 տոկոս խոնավություն
և փոխանակ ծաղկելու, փուլ է գալիս իբրև կավ…
No Comments