05 Aug Վահե Արսեն
Վահե Արսեն | ծնվ. 1979թ., Հայաստան
ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ես կարող եմ
գրել սիրո մասին,
այսօր,
երբ ձյունը մատնում է
անտեսանելի էակներին,
երբ մետրոն մի պահ
արևին աչքով է անում և կրկին
մայր մտնում,
երբ զարդատուփի պարուհին դանդաղեցնում է
երազ-պտույտները,
և իրերն է արցունքով զննում,
ես կարող եմ գրել սիրո մասին:
Հիմա զբոսնում եմ, գիշերն էլ ինձ հետ,
սեփականացնում մայթի բոլոր լապտերները,
իսկ Արևը դաժան էր,
լապտերները` սառույց,
կներես,
այդ ես եմ`
Վահե Արսենը,
թիկունքովս թիակներիդ հենված,
կչքվեմ, թե շրջվես,
վրահաս փողոցի անկյունում,
«Պալերմո»-ից զեղչ-գնված կոշիկներով
տրոհվող բետոնին ամուր կանգնած,
կտրվող ծառերի հարևանությամբ
ես կարող եմ գրել սիրո մասին:
Քամին իր ուրվական երգն է երգում,
ընդհատվում ռադիոընդունիչի խզզոց-հազով,
և ամեն շշուկ համերգ է,
այլաբանություն,
անձրև,
հարյուր տարի անընդմեջ,
մաշկս մրսում է,
ուրվագծվում,
սրբիր ճակատիս քրտինքն ու
վերցրու քեզ հետ,
ես կարող եմ գրել սիրո մասին:
2005թ.
ՔԱՂԱՔԸ ԵՐԲԵՄՆ ԶԱՐԹՆՈՒՄ Է…
ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԻ ԺԱՆԳՈՏ ՔԱՂԱՔԸ
Քաղաքը երբեմն զարթնում է…
Զարթնում է առավոտվա արխիվում,
զարթնում է և երկաթյա մեղուներ ծնում:
Էքսպրես լուսանկարվում պատառոտված ֆոտոթղթի վրա:
Քաղաքը կանխորոշված է ափիս մեջ…
Մենք կանխորոշված ենք մեր Քաղաքում…
Եվ քաղաքն արդեն լրացնում է մեկ օրեկան փոշով ծածկված օրագիրը`
թաքուն պոկելով նախորդ օրվա էջը թափանցիկ-ընտրական
և դառնում է գրականություն
սեփական ցավը վավերագրողների համար:
Իսկ նույն այդ րոպեին,
ավելի ճիշտ` պարագային,
աղբարիկ գրողներու մի փոքր-Մեծ բանակ
կանաչ դոլարը հապճեպորեն վերածում է
հայ Գրականության և
մեկնում սեփական ինքնաթիռով
Սեփական ծերուկ միլիոնատերի հետ
դեպի դրական-գրական
դրախտ-կղզին Սեփական:
Այստեղ միաձուլվում են գրամեքենան և
դռռոցը փողահաշվիչ մեքենայի,
որ լավագույն աղոթքն է, օրորոցայինը և կարոտի ծորուն-զարթներգը:
(Իսկ թե չունես մեքենա, մատ թքոտելը կա ու կա…)
Քաղաքի սիրտը, կարծես, մեռնում է ականջիս մեջ,
լսում եմ լռության մարող թշշոցը և սկսում փնտրել,
փնտրել Աստծուն,
փնտրել մանրադիտակով,
Յուպիտերից մարդկային մեկ կյանք դեպի Արև`
սև անցքով կեգել-բան խաղալիս,
կամ ժամանակի փամփշտաթմբուկը պտտելիս`
ռուսական ռուլետկայի ոճով,
որ երբեմն…
պատկերացրեք…
սպանում է…
Եվ ինչ-որ անկյուն-մոլորակում միշտ պատերազմ է և
թերթերում ֆոտոլուր դարձած մանկություն,
Իրականություն և ռումբի պայթյուն, պայթյուն, պայթյուն…
Անշեփոր պատերազմի դաշտով հիմա
հարսնացուների շքերթն է անցնելու,
Իսկ ընթրիքից հետո մերժվածները կապստամբեն,
և մարդն ու ափը բռունցք կդառնան:
Ռազմի դաշտում միշտ գիշեր է…
Կարո՞ղ է գիշերը փոխել մեր մեջ ինչ-որ բան,
թեկուզ աննշան,
կարո՞ղ է ներշնչել բռնակ-հոգուս, որ արևը մեռել է նախորդ օրը`
նախորդ օրվա հետ միասին,
և օրերը երազներ կդառնան,
տեղանքը`
փոշի և խուզարկու շուն:
Կանգ առ, Ժամանակի մեքենա,
մերձավորի գազը թանկանում է,
թշնամու նավթը` նույնպես,
իսկ նավը Կիլիկիո նույն ռուսական «Ուրալն» է քարշ տալիս
լեռնանցքն ի վար`
դեպի…
ծովից ծով Հայաստան:
Ժամանակի մեքենա, վերափոխվիր առանց
կախարդական փայտիկի…
(մոռացել-թողել եմ այն գիտակցական-ենթագիտակցական կանգառում
կամ երբևէ չեմ էլ ունեցել…)
Վերափոխվիր և դարձիր ինձ համար
էժանագին-հնամաշ դեղին մի տաքսի
և պտտիր ինձ իմ Երևանում
այսօր`
առանց կյանք-հաշվիչի,
ինձ համար իրական կամ
թվացյալ իրական ժամանակներում:
զգուշացեք…
դռները փակվում են…
հաջորդ կանգառը` «Անհայտություն»…
Ես հրաժեշտ կտամ գրպանային-սեփական տիեզերքիս,
և խաղալիք-լուսնագնացս կդառնա անհրաժեշտ
պահեստամաս քեզ համար:
2006թ.
ANI VARDANYAN
Posted at 07:11h, 26 Aprilo,im shat sireli ,shaaaat anhaskanali u amenahaskanali Dasaokhos prn Arsenyan…inchpes misht paylim eq))