Ալեքսանդր Ցիպկին | Александр Цыпкин

Ալեքսանդր Ցիպկին  | ծնվ. 1975թ., Ռուսաստան

 

Գենադի Վալենտինովիչ. առակ կանացի առեղծվածային սիրո մասին

    Գենադի Վալենտինովիչն իզուր չէր ապրում: Քչերը կարող են պարծենալ, որ իսկապես օգուտ են բերում մարդկանց՝ լինելով ընդամենը մոսկովյան ուժային՝ իհարկե ոչ թե վերին արտերից, բայց գոնե ստորին բոստաններից: Շատ հաճախ  նման պաշտոնյանները ռուսների մեջ արթնացնում են կա՛մ ատելություն, կա՛մ անտարբերություն, կա՛մ վախ: Երբեմն այս երեքի հերթագայությունը փոխվում է:

    Գենադի Վալենտինովիչին շատերն անկեղծորեն սիրում էին՝ ընդ որում և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Անհրաժեշտության դեպքում նա օգնության էր հասնում, և, տեսե՛ք, միշտ մնում էր ստվերում: Երբեք առանձնահատուկ ուշադրություն չէր պահանջում, քաջ գիտակցում էր իր դերը յուրաքանչյուրի կյանքում, ում աջակցել էր, սակայն երբեք երեսով չէր տալիս: Այո, նա կարող էր երբեմն զանգահարել գիշերվա կեսին կամ գրել իր հովանավորյալներին, բայց դա պատահում էր միայն բացառիկ դեպքերում, և ամեն ինչ ներելի էր նրան: Նույնիսկ իր թևի տակ առած միջակ (եթե չափենք ռուսական «Ֆորբսի» արշինով) գործարարների կանայք: Բայց պետք է խոստովանենք. Գենադի Վալենտինովիչը մի գաղտնիք ուներ…
   Սպասե՛ք, ամեն ինչ իր հերթին:

   Կոլյան, Տոլյան ու Բորյան վաղեմի ընկերներ էին, յուրաքանչյուրը համատեղում էր սեփական բիզնեսն ու պոակի ղեկավարի պաշտոնը, ինչը հարիր էր հայրենական  տնտեսությանը: Նման գործունեության դեպքում գոնե անհրաժեշտ է ունենալ քո մարդուն որևէ ուժային կառույցում: Չէ՞ որ երբեք չգիտես, թե որտեղից հարված կստանաս. կարող են և՛ բիզնեսին նեղել, և՛ նույնիսկ գրիչների հափշտակության մեջ մեղադրել: Հենց այսպիսի դեպքերի համար էլ երեք ընկերները գրանցել էին կախարդական Գենադի Վալենտինովիչի հեռախոսահամարը: Որպես զինվորական՝ հովանավորը փող չէր սիրում, ավելի ճիշտ՝ փողից առավել գերադասում էր անձնական այցելությունները տարատեսակ տոնական առիթներին: Գենադի Վալենտինովիչը ծառայել էր երեք տիպի զորքերում, այդ իսկ պատճառով խմում էր ոչ միայն Չեկիստի օրվա կապացությամբ, այլև Ռազմաօդային բանակի օրն ու Սահմանապահ բանակի օրը: Սրանց գումարենք նաև փետրվարի 23-ը, մայիսի 9-ը, Սահմանադրության օրը, Անխակության օրը, Ազգային միաբանության օրը, նոյեմբերի 7-ը , Նոր տարին, Սուրբ Ծնունդն ու, չգիտես ինչու, պիոներական կազմակերպության տարելիցի օրը: Այս գաղնիքը Գենադի Վալենտինովիչը ոչ մեկին չէր հայտնում, սակայն բոլորը գիտեին, թե որքան մեծ սեր է տածում այդ ամսաթվի հանդեպ: Ասում էին՝ պատանեկության տարիներին նա սիրահարվել էր պիոներ ջոկատավարուհուն: 
    Իսկ եթե սրանց էլ գումարեինք  այսպես կոչված հովանավորյալների գործերին առնչվող հանդիպումները, ապա տարվա մեջ ստանում էինք մոտավոր քսան այցելություն: Յուրաքանչյուր այց ուղեցկվում էր ընծաներով՝ սիմվոլիկ կամ ոչ այնքան, ինչպես նաև բացարձակապես ոչ սիմվոլիկ գինարբուքով:

    Ամենածիծաղելին այն էր, որ այս հարգարժան մարդու ծնունդը թեթևսոլիկ փետրվարի 14-ին էր: Երբ Ռուսաստան եկավ Սուրբ Վալենտինի աստվածապիղծ տոնը, Գենադի Վալենտինովիչն իր հայրանվամբ հանդերձ հայտնվեց բավականին երգիծական իրավիճակում: Նրան՝ իսկական գեներալին, շնորհավորում էին նրբին բառերով մակագրած բացիկներով: Քիչ էր մնում նա պետդումայով օրենք անցկացներ, որը կարգելեր վերոնշյալ տոնը, սակայն ռեսուրսները չբավականացրեցին: Լուրեր էին պտտվում, որ անհեթեթ դիպվածի պատճառով նույնիսկ վերևներում էին ծաղրում զինվորականին: Ինչպես կարող եք կռահել՝ փետրվարի 14-ին Կոլյան, Տոլյան ու Բորյան նվերներ էին գնում նախ գեներալի համար,  հետո միայն իրենց կանանց համար:

    Վերջիններս համակերպվել էին սրա հետ, ինչպես նաև այն փաստի հետ, որ սիրահարների տոնի երեկոները նրանք անցկացնում էին միայնակ: Գենադի Վալենտինովիչն ամեն տարի չէր, որ նշում էիր իր ծննդյան օրը, սակայն եթե տոնում էր, ապա միայն շռնդալից: Իհարկե, միայն տղամարդկանց ընկերակցությամբ: Գենադի Վալենտինովիչի կինը խիստ էր ու պայքարում էր ամուսնու հարբեցողության դեմ, այդ իսկ պատճառով պայծառ մի օր նրան հեռացրել էին տոնակատարության մասնակցությունից, որպեսզի հյուրերն անվերջ չլսեին. «Գենա, հերիք է, սիրտդ չի դիմանա»: 
    Այլ կերպ ասած՝ Գենադի Վալենտինովիչը երեք ընկերների ընտանիքների անտեսանելի անդամն էր, կանայք նրան բարևներ և ճամփորդություններից բերված մանր-մունր նվերներ էին  փոխանցում, նա էլ՝ ծաղիկներ կանանց ծննդյան տոների առթիվ: Երբեք ոչ մեկինը բաց չէր թողնում:

    Գենադի Վալենտինովիչը նաև ընտանեկան արժեքների օրինակելի ջատագով էր: Կոլյան, Տոլյան և Բորյան խոստովանում էին, թե ինչպես է գեներալը սովորեցնում իրենց հարգել ամուսնությունը: Նա ամուսնացել էր , երբ դեռ լեյտենանտ էր, ու ամուսնալուծության  մասին խոսք անգամ չէր կարող գնալ:  Ընկերները կանանց պատմում էին իրենց ուսուցչի հնաոճ հայացների մասին, ծաղրում էին նրան, իսկ կանայք իրենց աղջկական հավաքույթների ժամանակ գաղտնի հույս էին հայտնում, որ զինվորականի ազդեցությունն ու հեղինակությունը  թույլ չէր տա ամուսներին անպարկեշտ վարքագիծ ցուցաբերել և հաստատ կբացառի բաժանման մասին որևէ միտք: Կանայք սիրում են զինվորականներին, առավել ևս ընտանեկան ուղղվածություն ունեցողներին: Ամեն անգամ, երբ կանայք տեսնում էին՝ զանգում է Գենադի Վալենտինովիչը, նրանք սկսում էին լայն ժպտալ ու ձեռքով անել հեռախոսին:

    Հարկ է նշել, որ ընկեր գեներալն իր գործը լավ գիտեր: Հասկանում էր, որ սպառողի փորը միայն արտաժույթով չի լցվում: Օգնում էր թե՛ երեխային անհրաժեշտ դպրոց տեղավորելու, թե՛ ճիշտ բժիշկ գտնելու հարցերում: Օգնեց նույնիսկ կանանցից մեկի մորը թաղել հարգարժան մարդուն պատշաճ գերեզմանատանը:
    Պատահական չէր, որ Նոր տարուն Տոլյայի, Կոլյայի և Բորյայի ընտանիքներում առաջինը խմում էին Գենադի Վալենտինովիչի առողջության և երկարակեցության կենացը:
    Ռուս ուժայինի կյանքում ամեն ինչ հրաշալի էր՝ բացառությամբ աննշմարելի, բայց ակնհայտ թերության: Կասեք՝ հոգ չէ, սակայն ամեն դեպքում տհաճ է:
    Գենադի Վալենտինովիչը չուներ մարմին:

    Ամեն ինչ ուներ՝ ճակատագիր, պաշտոն, տոներ, կին, երեխաներ, ղեկավարություն, ստորադասներ, նույնիսկ նախաձողներ ու թշնամիներ, մինչդեռ մարմին չուներ: 
    Փորձենք մեղմ ձևակերպել. նա ուրվական էր: Բորյան, Կոլյան ու Տոլյան վաղուց պայմանավորվել էին Գենադի Վալենտինովիչի անվան տակ գրի առնել իրենց սիրուհիների հեռախոսահամարները: Ստիպված էին գեներալի համար կյանք հորինել, որը տարիների ընթացքում համալրվում էր գունագեղ, և կարևորը՝ ձեռնտու մանրամասներով: Մի՞թե հանճարեղ չէր Գենադի Վալենտինովիչին ծննդաբերել փետրվարի 14-ին, ու սիրառատ մարդու համար այդքան կարևորը օրը երեքին էլ հնարավորություն ընձեռել  բացակայել  մինչև առավոտ: Իսկ երեք տիպի զորքերը՞ կամ պիոներության օրը: Իսկ մնացա՞ծ հաճույքները:

    Եվ ամենակարևորը՝ երեք կանայք էլ գիտեին բարերար Գենադի Վալենտինովիչի՝ մեծատառով մարդու մասին: Երբ կեսգիշերին զանգում էր հեռախոսը, ամուսինը նույնիսկ չէր փորձում բազմոցի վրայից թաքցնել հեռախոսը, քանի որ պարզ էր՝ Գենադի Վալենտինովիչն անհանգստացնում էր շատ կարևոր գործով, հատկապես եթե այդ պահին ամուսինը դուրս էր գալիս սենյակից ու վերադառնում քարացած դեմքով, իսկ հետո հավաքում էր ընկերոջ համարն ու ասում.
    – Քեզ արդեն զանգե՞լ է: Այո, ասաց ստուգումների մասին, վաղը պետք է մի բան որոշենք:

    Ո՞ր մի կինը կընդդիմանա նմանատիպ զանգերին, առավել ևս երբ աղջիկներով հավաքված նրանք խոսում էին միայն Գենադի Վալենտինովիչի մասին: Փոխվում էին սիրային հետաքրքրությունները, իսկ հեռախոսի մեջ սուրբ անունը միշտ մնում էր նույնը:

    Եվ մի անգամ՝ փետրվարի 14-ի նախօրյակին, Բորյան ընթրում էր կնոջ հետ:
    – Ինչպե՞ս եք վաղը շնորհավորելու գեներալին:
    – Կզանգենք: Այս տարի Գենադի Վալենտինովիչը որոշեց բոլորիս խնայել: Ասաց՝ կնոջ ու երեխաների հետ է տոնելու:

    Այնպես համընկավ, որ Բորյան ու Տոլյան անձնակազմի հերթափոխություն էին անցկացնում. առանձնապես ինչ-որ մեկին շնորհավորելու կարիք չկար, քանի որ տղամարդիկ սկսում էին թանկարժեք ընծաների տեսքով ներդրումներ անել միայն երեքամսյա փորձարկումից հետո: Կոլյային էլ համոզել էին սատարել ընկերներին:

    – Այնպես որ վաղը միասին կգնանք ռեստորան:
    – Բորյա, լսիր, վերջին շրջանում ինձ միայն մի հարց է հուզում:
    – Ո՞րը:
    – Իսկ ինչո՞ւ հենց Գենադի Վալենտինովիչ:
    – Ինչը՞ ինչու:
    Բորյան պատասխանեց առանց մտածելու՝ չշեղելով  ուշադրությունը մանրախեցգետնով պաստայից ու փորձելով փաթաթել ծովամթերքը սպագետիի մեջ:
    – Դե ինչո՞ւ եք ձեր սիրուհիների համար այդ անունը ընտրել: Ինչո՞ւ ոչ Իվան Պետրովիչ կամ Պյոտր Իվանովիչ… Ո՞վ է հորինել:
    Բորյան մեքենայաբար շարունակում էր պտտել պատառաքաղն, ու թացանի կաթիլները ցփնվում էին վերնաշապկին: Աչքերը վախենում էր բարձրացնել: Արևային հյուսակին հասցված հարվածը չափազանց ուժեղ էր: Կինն այնքան խաղաղ ձայնով հարցրեց, կարծես խոսքը վերաբերում էր իր քրոջ շան անվանը: Նա հանգիստ մի բաժակ գինի լցրեց իրեն ու շարունակեց.
     – Վայ, այդպես մի՛ լարվիր: Ինձ իսկապես հետաքրքիր է, ինչ-որ մեկի մտքով անցե՞լ է, չէ՞: Իրականում, իհարկե, տաղանդավոր միտք է՝ փետրվարի 14-ի ծննդյան օրն էլ,  մեր բարեկամներին օգնելն էլ: Այսինքն դուք նույնիսկ զոհաբերում էիք ձեզ հասանելիք երախտապարտությունը և բոլոր դափնիները շնորհում էիք նրան: Գլուխգործոց է: Իսկական դրամատիկ թատրոն: Իմիջիայլոց, ինձ իրոք հաճելի է, որ դու խնայում էիր իմ զգացմունքները: Այսօր դա հազվադեպ է պատահում: Բոլորը վերջնականապես լկտիացել են:

    Բորյան դպրոցական տարիներից ի վեր չէր զգացել ամոթի, վախի ու շփոթմունքի այսպիսի համադրություն, այդ իսկ պատճառով տվեց հավանաբար ամենից հիմար և ամենից ժամանակավրեպ հարցը.
    – Որտեղի՞ց իմացար:
    Իռան քմծիծաղեց:
    – Այո, իսկապես այս պահին դա ամենակարևորն է: Լավ, արի փոխանակենք մեր գաղտնիքները: Դու ինձ ասում ես՝ ինչո՞ւ հենց Գենադի Վալենտինովիչ, իսկ ես՝  ինչպես եմ իմացել:
     Վերջապես Բորյան նայեց կնոջ աչքերին: Այնտեղ տեսավ բաժանում ու ջերմ թախիծ, մի պահ նույնիսկ թվաց, որ թախիծ չէր, այլ անտարբերություն:
    – Մոտ տասը տարի առաջ Կոլյան հորինեց. ինչ-որ աղջկա համար էր  գրել իսկական Գենադի Վալենտինովիչի այցեքարտի ետին մասում: Բաճկոնը քիմմաքրման տանելիս կինը գտել էր այցեքարտն ու հարցրել՝ արդյոք պե՞տք է Գենադի Վալենտինովիչի քարտը : Այդպես էլ նա ծնվեց: Ներիր: Չգիտեմ էլ ինչ ասեմ:
    – Իսկ ինչ կարող ես ասել, ամեն ինչ պարզ է: Լսիր, կներես, բայց պիոների օրվա հանդեպ սերը որտեղի՞ց հորինեցիք: Այսօր կարծես թե պիոներուհիններ չկան, թե՞ դուք որոշել եք վերանայել արխիվը:
     – Տոլյան իր կնանիքից մեկին սիրում էր պիոների շորեր հագցնել:
     Բորյան այնքան ընկճված էր, որ մատնում էր բոլորին:
    – Ծիծաղելի է, լավ է` գոնե հոկտեմբերիկ չէր:   Ուրեմն  իմ գաղտնիքի հերթն է: Իմիջիայլոց, ինչ-որ տարբերակներ մտքովդ անցնո՞ւմ են:    
     Բորյան տրանսից դուրս չէր գալիս, կարծես ուսուցչի հարցերին էր պատասխանում.
    – Զանգեցի՞ր ու կնոջ ձայն լսեցի՞ր: Հեռախոսի համարը ստուգեցի՞ր: Կնանիք մատնեցի՞ն:
   – Ես այնքան չեմ ցածրանա, որ հետևեմ քեզ, իսկ Ռուսաստանում կանանց կարելի է վստահել: Սովորաբար չեն մատնում: Չես հավատա, բայց սիրեկանս իմ համարը գրանցել էր որպես Գենադի Վալենտինովիչ, իսկ ես, ինչպես կարող ես ենթադրել, մի փոքր զարմացա: Հարցրեցի՝ ինչու հենց այդ անունով, նա էլ պատմեց, որ իր բոլոր ընկերներն են այդպես գրանցում իրենց սիրուհիներին, երկար ծիծաղեցինք, դա նրան շատ զվարճալի թվաց: Դուք՝ տղամարդիկդ, բերաններդ փակ պահել չգիտեք, Աստված վկա, կանանցից ավելի վատն եք: Դե ես էլ որոշեցի, որ բաժանվելուց առաջ վերջիվերջո հստակեցնեմ, գուցե համընկնում էր: Իսկ դու ամեն ինչ միանգամից հաստատեցիր:

    Բորյան այլայլվել էր ու նույնիսկ չնկատեց սիրեկանի մասին պատմող հատվածը:
    – Այսինքն դու չգիտեի՞ր հաստատ…
    Իռան անկեղծ ժպտաց:
    – Ոչ, չգիտեի:
    Ամուսինն այնքան էր ապշել դեպքերի անկանխատեսելի գունապնակից, որ հույզերն ի ցույց դնելու փոխարեն սկսեց ռեբուս լուծել: Նա փորձում էր կառուցել իրադարձությունների տրամաբանական շղթան, թվում էր՝ դուրս էր եկել կինոյից, որը չէր հասկացել ու հիմա ուզում էր իմանալ կնոջ կարծիքը: Հայացքում ինչ-որ երեխայական տարակուսանք էր սառչել, ինչն էլ ծիծաղեցրեց Իռային:
    – Շփոթվեցի՞ր: Դե եթե դու միանգամից ամեն ինչ չխոստովանեիր, ես գուցե  շարունակեի պնդել, ախր, հավաստի մանրամասները շատ էին, չէի սպասում, որ այդքան ջանք գործադրած կլինեիք:
    – Սպասիր… Ասացիր՝ «բաժանվելուց առա՞ջ»:
    – Այո, վաղը ես դիմում եմ ամուսնալուծության:
    Ձայնը դարձավ ավելի կոպիտ:
    – Ես ոչինչ չեմ հասկանում… Եթե դու չգիտեիր Գենադի Վալենտինովիչի մասին, ապա ինչո՞ւ էիր բաժանվում:
     Բորյայի դեմքին անչափելի տարակուսանք էր դրոշմված:
    – Որովետև ես քեզ էլ չեմ սիրում, ու ինձ թվում է՝ ուրիշին եմ սիրահարվել: Չեմ ուզում ստուգել, քանի դեռ ամուսնացած եմ: Վաղուց էի որոշել, բայց Նոր տարի էր, արձակուրդներ, դրա ժամանակը չէր: Ի՞նչ ես քարացել: Այդ դուք եք՝ տղամարդիկդ, հեռանում ինչ-որ մեկի մոտ, իսկ մենք հեռանում ենք ինչ-որ մեկից: Ինձ գրեթե մեկ տարի առաջ են անվանել Գենադի Վալենտինովիչ. եթե այդքան կարևոր լիներ, ես դեռ այն պահին քեզ կհարցնեի:
    – Ի՞նչ իմաստով՝ չես սիրում:
     Բորյան բառերը հասկանում էր, բայց բովանդակություն չէր ըմբռնում, ուստի կախվեց ամենապարզից:
    – Ուղիղ իմաստով… Բորյա՛, հասկացիր, ես հեռանում եմ, ոչ թե որովհետև դու սիրուհիներ ունես: Դու դադարել ես լինել  ինձ համար ամուսին ու տղամարդ: Դու ընդամենը լավ մարդ ես, իսկ դա այնքան քիչ է… այնքան քիչ:
    Բորյան սկսում էր կամաց-կամաց հասկանալ աչքերի առաջ ծավալվող արհավիրքը, բայց շարունակ էր խաղալ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»:
    – Իսկ դու հեռանում  ես նրա մոտ, ով քեզ Գենադի Վալենտինովիչ է անվանել:
    Իռան հոգոց հանեց:
    – Ես հեռանում են հենց այն պատճառով, որ դու, մոտ տասը տարի ինձ ճանաչելով, այս գռեհիկ հարցը տվեցիր: Մի՞թե կարծում ես, որ ես գոնե մեկ օր կապրեի ուրիշ հեռախոսի մեջ այդպիսի անվան տակ: Ես, իհարկե, բարեպաշտ չեմ, բայց ամեն դեպքում… Քանի չեմ մոռացել, դարդ չանես, ընկերներիդ չեմ մատնի: Թող Գենադի Վալենտինովիչը երկար ապրի, լավ մարդ է՝ կեղծ չի, գիտի՝ որն է ճիշտ:

Ռուսերենից թարգմանեց Արմինե Դանիելյանը

No Comments

Post A Comment