27 May Ժակ Բրել | Jacques Brel
Ժակ Բրել | 1929-1978թթ., Բելգիա
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Պետք է մոռանալ
Չի հիշվում այն ինչ
Անցել է արդեն
Մոռանալ ժամանակն
Հիշաչարության
Կորած ժամանակն
Իմանալու թե
Ինչպես մոռանալ
Ժամերն այն որոնք
Փշրվում էին հաճախ
Ինչու-ի զարկով
Սիրտն ուրախության
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Կընծայեմ հուլունք
Ես քեզ անձրևի
Եկած այն երկրից
Ուր չի անձրևում
Հողը կփորեմ
Մահից հետո իսկ
Մարմինդ ոսկով
Լույսով ծածկելու
Կհիմնեմ կալվածք ուր
Լինի սերն արքա
Լինի սերն հավատ
Ու դու թագուհի
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Կհորինեմ սին
Բառեր քեզ համար
Որ դու հասկանաս
Կխոսեմ քեզ հետ սիրահարներից
Որ երկու անգամ
տեսան հրկիզվելն
Իրենց սրտերի
Կպատմեմ կյանքն այն
մեռած արքայի
Որ քեզ հանդիպել
Չկարողացավ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Տեսել եմ հաճախ
Ժայթքելը հրի
ՀԻն հրաբուխի
Կարծեցյալ հանգած
Թվում էր այրված
Հողերից է նա
Ավել բերք տվող
Քան ապրիլն հրաշք
Եվ երբ մութն ընկնում
Երկինքն է վառվում
Կարմիրն ու սևը
Չե՞ն ամուսնանում
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Էլ չեմ լացելու
Էլ չեմ խոսելու
Կքաշվեմ հեռու
Ես քո ժպիտն ու
Պարը նայելու
Հետո ծիծաղդ ու
Երգդ լսելու
Թույլ տուր ինձ դառնալ
Ստվերն ստվերիդ
Ստվերը ձեռքիդ
Մի լքիր դու ինձ
Մի լքիր դու ինձ
Մահը
Մահն ինձ սպասում է պառավ օրիորդ ինչպես
Մեզ հնձող մանգաղի ժամադրությամբ
Քաղելու շատ լավ ժամանակն անցնող
Մահն ինձ սպասում է արքայադստեր պես
Թաղումին իմ լավ երիտասարդության
Սգալու շատ խոր ժամանակն անցնող
Մահն ինձ սպասում է ինչպես Կարաբոս
Հարսանիքների մեր թեժ պահերին
Ծաղրելու մի լավ ժամանակն անցնող
Բայց հետևում դռան ի՞նչ կա
Եվ ո՞վ է ինձ սպասում արդեն
Հրեշտակ թե չարք ինչ փույթ ինձ դա
Դռան առջև դու ես հիմա
Մահն ինձ սպասում է հենց իմ բարձի տակ
Եվ մոռանում եմ քնից արթնանալ
Սառեցնելու պինդ ժամանակն անցնող
Մահն ինձ սպասում է որ գան տեսության
Բարեկամներս ուշ գիշերով
Որ ասեն միմյանց ժամանակն անցավ
Մահն ինձ սպասում է քո ջինջ ձեռքերում
Որոնք կփակեն թարթիչներս լուռ
Լքելու շատ հեշտ ժամանակն անցնող
Բայց հետևում դռան ի՞նչ կա
Եվ ո՞վ է ինձ սպասում արդեն
Հրեշտակ թե չարք ինչ փույթ ինձ դա
Դռան առջև դու ես հիմա
Մահն ինձ սպասում է վերջին ճյուղերին
Այն ծառի որ ինձ դագաղ կդառնա
Գամելու շատ պինդ ժամանակն անցնող
Մահն ինձ սպասում է ծաղիկների մեջ
Որ փոս փորողն ինձ վրա կնետի
Պճնելու շատ պինդ ժամանակն անցնող
Մահն ինձ սպասում է մի մեծ մահիճում
Ձգված պատանքի մոռացության մեջ
Գոցելու շատ պինդ ժամանակն անցնող
Բայց հետևում դռան ի՞նչ կա
Եվ ո՞վ է ինձ սպասում արդեն
Հրեշտակ թե չարք ինչ փույթ ինձ դա
Դռան առջև դու ես հիմա:
Քնքշանքը
Մի քիչ քնքշանքի համար
Կտայի գանձերն այն բազում
Որ շոյում է դևը չար
Իմ փողերի սնդուկում
Հավատում ես իմ սիրուն
Որ նավաստին ծովափին
Իր քսակն է դատարկում
Որ գանձերն իր նվիրի
Արքայադստերն այն սուտ
Քնքշանքի համար զուտ:
Մի քիչ քնքշանքի համար
Ես կթողնեի արբեցում
Կփոխեի դեմք ու կերպար
Ես կփոխեի իմ լեզուն
Հավատում ես իմ սիրուն
Որ երգերի բարձունքում
Շատ կայսրեր ու երգիչներ
Հաճախ թողնում են լքում
Զորություն գանձն անհամար
Մի քիչ քնքշանքի համար:
Մի քիչ քնքշանքի դիմաց
Ժամանակն այն կընծայեի
Որ ամառն իր ավարտած
Ջահելությունից է մնում
Հավատում ես իմ սիրուն
Որ երգն է իմ բարձրանում
Դեպ ժանյակն այդ լուսավոր
Որ պարում է ճակատիդ
Հակված դեպ կողմն իմ անճար
Մի քիչ քնքշանքի համար:
Ֆրանսերենից թարգմանեց Սլավիկ Չիլոյանը
Քնիր, սիրելիս
Քնիր, սիրելիս
Դրսում գիշերը սև է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Քնիր սիրելիս
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Անձրևը հանդարտ արտասվում է
Կոպերը փակող ծաղիկների վրա
եվ թռչունը որ երգելու է այգաբացին
Ննջում է և երազում է դեռ
Այսպես վաղը արդեն
նորից միայնակ կլինենք
Եվ դու ինձ կորցրած կլինես
Ես ունեի քո քնքշանքի կարիքը
Իսկ դու փոխանակ
Դեպի ինձ թեքվելու պարզորեն
Ինձանից ավելին ուզեցիր
Մահու չափ ձանձրալի
Հավերժական
երջանկություն
Գտնելու համար
Աղջիկները որոնց սիրում ենք
Չեն հասկանա երբեք
Որ իրենք ամեն անգամ
Մեր վերջին շուշաններն են
Մեր վերջին բախտը
Մեր վերջին թռիչքը
Մեր վերջին մեկնումի մեր վերջին նավը
Քնիր սիրելիս
Դրսում գիշերը սև է
Քնիր սիրելիս բարի գիշեր
Քնիր սիրելիս
Սա մեր վերջին գիշերն է
Քնիր սիրելիս ես մեկնում եմ
Ֆրանսերենից թարգմանեց Հ. Հարությունյանը
No Comments