Սերգեյ Կոզլով | Ոզնուկը մշուշում | մաս 6-րդ

Սերգեյ Կոզլով  | 1939-2010թթ., ԽՍՀՄ

 

Ոզնուկը մշուշում | Մի նայիր ինձ այդպես, Ոզնուկ |  մաս 6-րդ


– Ես անպայման, լսու՞մ ես, ես անպայմա՛ն,- ասաց Արջուկը: Ոզնուկը գլխով արեց:
– Ես անպայման կգամ քեզ մոտ, ինչ էլ որ պատահի: Ես միշտ կլինեմ կողքիդ:
Ոզնուկը նայում էր Արջուկին անխոս աչքերով ու լռում էր:
– Դե՜, ի՞նչ ես լռում:
– Ես հավատում եմ,- ասաց Ոզնուկը:
Ոզնուկը գայլափոսն էր ընկել եւ այնտեղ նստած մնացել մեկ շաբաթ: Նրան պատահաբար գտել էր Սկյուռիկը. Նա վազելիս էր եղել մոտակայքում և լսել էր Ոզնուկի նվաղած ձայնը:

 Արջուկը մի շաբաթ փնտրում էր Ոզնուկին անտառով մեկ, հալից ընկել էր, ու երբ նրա մոտ էր վազել Սկյուռիկը, հանել էր Ոզնուկին փոսից ու բերել տուն:
Ոզնուկը պառկած էր՝ մինչև քիթը սավանով ծածկված, ու նայում էր Արջուկին անխոս աչքերով:
– Մի նայիր ինձ այդպես,- ասաց Արջուկը,- չեմ կարողանում, երբ ինձ այդպես նայում են:
Ոզնուկը փակեց աչքերը:
– Դե ըհը, հիմա էլ ոնց-որ մեռած լինես:
Ոզնուկը բացեց աչքերը:
– Ժպտա,- ասաց Արջուկը:
Ոզնուկը փորձեց, բայց նրան հազիվ էր հաջողվում:
– Հիմա ես քեզ  արգանակ կխմեցնեմ,- ասաց Արջուկը,- Սկյուռիկը թարմ սնկեր էր բերել, ես էլ  արգանակ եփեցի:

Նա արգանակը լցրեց բաժակի մեջ ու բարձրացրեց Ոզնուկի գլուխը:
– Չէ, էսպես չէ,- ասաց Արջուկը,- դու նստիր:
– Չեմ կարող,- ասաց Ոզնուկը:
– Ես քեզ բարձին կհենեմ: Այ էսպես:
– Ծանր է ինձ համար,- ասաց Ոզնուկը:
– Դիմացիր:
Արջուկը Ոզնուկին մեջքով պատին հենեց ու նեցուկ արեց բարձով:
– Մրսում եմ,- ասաց Ոզնուկը:
– Հիմա-հիմա,- Արջուկը ձեղնահարկ բարձրացավ ու ծածկեց Ոզնուկին քուրքով:- Ոնց էլ չես սառցակալել: Ախր գիշերներն այնքան ցուրտ են,- ինքն իրեն խոսում էր Արջուկը:
– Ես թռվռում էի,- ասաց Ոզնուկը:
– Յոթ օ՞ր:
-Ես գիշերն էի թռվռում:
– Բա ի՞նչ էիր ուտում:
– Ոչինչ,- ասաց Ոզնուկը,- դու ինձ կտա՞ս բուլյոն:
– Վայ, հա է՜: Խմիր,- ասաց Արջուկը:
Ոզնուկը մի քանի կում արեց ու փակեց աչքերը:
– Խմիր-խմի՜ր:
– Հոգնեցի,- ասաց Ոզնուկը:
– Չէ՛, խմի՛ր,- ու Արջուկը սկսեց Ոզնուկին գդալով խմեցնել:
– Էլ չեմ կարողանում:
– Իմ խաթեր:
Ոզնուկը կում արեց:
– Սկյուռիկի՛ խաթեր:
Ոզնուկը խմեց:
– Նապաստակի՛ խաթեր: Գիտե՞ս ոնց էր օգնում:
– Սպասիր,- ասաց Ոզնուկը,- շունչ քաշեմ:
– Խմիր Նապաստակի խաթեր, չարչարվում էր…
Ոզնուկը կուլ տվեց:
– Գերմանամկնիկի՛ խաթեր:
– Իսկ Գերմանամկնիկն ի՞նչ է արել: 

– Ոչ մի բան: Ամեն օր գալիս հարցուփորձ էր անում:
– Թող սպասի: Էլ ուժ չունեմ,- ասաց Ոզնուկը:
– Մեկ-մեկ առավոտյան էլ էր գալիս,- ասաց Արջուկը,- մի գդալ էլ կեր:
Ոզնուկը կուլ տվեց:
– Իսկ հիմա՝ Բվեճի՛ խաթեր:
– Բվե՞ճն ինչ կապ ունի:
– Ո՜նց: Չէ՜, Բվեճի խաթեր դու երե՛ք գդալ կխմես:
– Բայց ինչու՞:
– Վայ ես նրա վրա նստած երեք օր թռչում էի: Քեզ էինք փնտրում:
– Բվեճի վրա՞:
– Դե հա՛:
– Խաբում ես,- ասաց Ոզնուկը:
– Գետինը մտնեմ, թե խաբում եմ:
– Էդ ո՞նց էիր բարձրացել նրա վրա:
– Դու գիտե՞ս ինչ պինդն է նա: Նստեցի վզին ու թռանք: Դու պետք է տեսնեիր, թե Նապաստակը ոնց մեզնից վախեցավ:
– Ո՞նց:
– Այ որ խմես՝ կասեմ:
Ոզնուկը վրա-վրա երեք գդալ խմեց ու փակեց աչքերը:
– Ո՞նց,- հարցրեց նա:
– Ի՞նչը:
– Ո՞նց Նապաստակը ձեզնից վախեցավ:
– Հա՜, Նապաստա՞կը: Պատկերացնում ե՞ս: Ես թռչում եմ: Ու մեկ էլ՝ ինքը: Արի մի գդալ էլ, էլի: Զգում ես՝ ոնց է բուրու՜մ: Ո՛ւխ:
Ոզնուկը խմեց:
– Հա ուրեմն: Նստած է, ականջներն է դեսուդեն անում: Ու հանկարծ՝ մենք:
– Բվեճի հե՞տ:
– Ըհը: Սա հո՜ վեր չի թռնում, հո՜ չի վազում: Բվեճը քիչ էր մնում ծառին բախվեր: Արի Բվեճի խաթեր: 
– Չէ, էլ ընդհանրապես չեմ կարողանում,- ասաց Ոզնուկը,- Արի ես պառկեմ:
Արջուկը պառկեցրեց Ոզնուկին նախկին տեղը ու ծածկեց քուրքով:
– Ո՞նց է,- հարցրեց Արջուկը,- տա՞ք է:
– Ըհը,- Ասաց Ոզնուկը,- Իսկ Բվեճի մասին հորինեցի՞ր, ճիշտն ասա:
– Վայ ի՞նչ ես ասում: Այ հենց առողջանաս, միասին կթռչենք:
– Կթռչենք,- հազիվ լսելի մռմռթաց Ոզնուկը՝ ննջելով:

Ռուսերենից թարգմանեց Վահագն Թևոսյանը

 

 

 

No Comments

Post A Comment