Էնն Սեքսթըն | 1928-1974թթ. ԱՄՆ
Սիլվիայի մահը
Սիլվիա Փլաթի համար
Օ, Սիլվիա, Սիլվիա,
մեռած արկղի հետ՝ մեջը քար ու գդալ
երկու երեխայի՝ երկնաքար երկու
թափառումդ կորցրած խաղասենյակում պուճուր,
բերանդ՝ թղթի մեջ,
գերաններին տանիքի, համր աղոթքում
(Սիլվիա, Սիլվիա
Ու՞ր գնացիր
կարտոֆիլի բերքատվության
ու մեղուներին ճիշտ պահելու մասին
Դևոնշիրից գրած
այն նամակից հետո)
ինչի՞ն հենվեցիր
չէ, ո՞նց գնացիր, պառկեցիր ներսում:
Գող…
դու ո՞նց մտար ներս,
մտար մենակդ
մահվան մեջ, ում ես սպասել էի այնքան, այնքան երկար ու շատ
մահը, ասացինք մենք, որն օգնեց մեզ հասունանալ,
մի բան, որ կրեցինք մեր նիհարիկ կրծքին
մի բան, որի մասին ամեն անգամ խոսում էինք շատ երկար,
երբ Բոսթոնում իջնելուց պատվիրում էինք երեքական ամենաչոր մարտինին
մահը, որ խոսում էր բժիշկներից, բուժումներից,
մահը, որ խոսում էր տեսարաններ սարքող հարսի պես,
մահը, ում կենացն էլ խմեցինք՝
իմանալով պատճառներն ու գործելաոճը հանգիստ:
(Բոսթընում
մեռյալները
գնում-գալիս էին տաքսիով,
այո, կրկին մահը,
որ գնում էր տուն
մեր տղայի հետ:)
Օ Սիլվիա, ես հիշում եմ քնկոտ թմբկահարին,
որ խփում էր մեր աչքի տակ մի հին պատմություն,
ինչքան էինք ուզում, որ թողնի ու գնա
ինչպես մի սադիստ կամ Նյու Յորքյան մի մոգ՝
անելու իր գործը,
անհրաժեշտաբար, ինչպես լուսամուտը պատի մեջ կամ նկուղում,
ու այդ պահից սկսած նա սպասեց
մեր սրտների տակ, բաժակների դարակում,
ու ես տեսնում եմ հիմա, թե ոնց ենք պահում նրան հոգապահուստի նման,
տարին տարվա վրա, ծեր ինքնասպանների պես,
ու ես գիտեմ՝ լուրերից քո մահվան
անճաշակության, աղի համ է գալիս:
(ու ինձ,
ինձ նույնպես:
Ու հիմա, Սիլվիա,
դու նորից,
մահվան հետ ես նորից,
որ գնում է տուն
մեր տղայի հետ:)
Ու ես միայն ասում եմ,
տարածելով ձեռքերս այս քարերի մեջ,
ի՞նչ էր քո մահը,
եթե ոչ հնություն
կամ խլուրդ, որ ընկավ
քո տողերի միջից:
(Օ, ընկեր,
մինչ չարագույժ է լուսինն ու
արքաները մինչ գնան,
և թագուհիներն էլ խելքները թռցնեն
թռչող այս գինետունը պետք է որ երգի:)
Օ նիհարիկ մայր,
դու էլ:
Օ ծիծաղելի իշխանուհի:
Օ շեկլիկի մեկը
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
No Comments