Չավելա Վարգաս | Chavela Vargas

Չավելա Վարգաս | 1919-2012թթ., Մեքսիկա

Երիտասարդության տարիներին նա հագնվում էր տղամարդու նման, ծխում էր սիգարներ, հարբում մինչև վերջին խազը, մշտապես կրում էր ատրճանակ և հայտնի էր իր մեքսիկական կարմիր թիկնոցով` պոնչոյով, որն օգտագործում էր նաև պերֆորմանսների ընթացքում: 

ՍԵՎ ԱՂԱՎՆԻ

Ես հոգնել եմ անհույս լացելուց
ու չգիտեմ անիծել, թե աղոթել քեզ համար:
Ես վախենում եմ քեզ փնտրել ու գտնել:
Ընկերներս ասացին` գնացել ես:

Կան պահեր, երբ ուզում եմ մեռնել
ու կրծում եմ եղունգներս` թեթևացած ցավից:
Բայց իմ աչքերը կմեռնեն, թե չտեսնեն աչքերդ,
ու լուսաբացին իմ սերը վերադառնում է նորից` քեզ սպասելու համար:

Քեզուքեզ որոշեցիր խրախճանքներ անել,
սև՛ աղավնի, սև՛ աղավնի, ու՞ր ես դու հիմա,
մի՛ խաղա պատվիս հետ, խրախճանքի աղջիկ,
քո շոյանքները պիտի իմը լինեն, միայն իմն ու էլ ոչ մեկինը:

Ու մինչ ես քեզ սիրում եմ գժի պես, մի՛ վերադարձիր ինձ մոտ,
սև աղավնի, հիմա դու ապրում ես տառապանքի վանդակի ճաղերի ետևում,
իսկ ես ուզում եմ լինել ազատ ու ապրել իմ կյանքը ում հետ որ ընտրեմ:
Աստված իմ, ինձ ուժ տուր, ես մեռնում եմ,
ուժ տուր ինձ գնալու
և գտնելու համար
նրան:

լսել երգը այստեղ

ԼԱՑՈՂ ԿԻՆԸ

Բոլորն ինձ սև են ասում, ողբասա՛ց,
սև, բայց քնքշահեր:

Լացկան եմ, ինչպես կանաչ պղպեղը,
կծու, բայց համով:

Վա՜յ ինձ, ողբասա՛ց,
ողբասա’ց, ինձ տար գետի մոտ,
ծածկիր ինձ քո շալով, ողբասա’ց,
որովհետև ես մեռնում եմ ցրտից:

Ու որովհետև ես քեզ էի սիրում, ողբասա՛ց, արդյո՞ք ինձ դրա համար էիր սիրում,
ու հիմա ուզում ես նորից, որ քեզ սիրե՞մ ավելի,
երբ վաղուց արդեն քոնն է ունեցած-չունեցած իմ կյանքը, ողբասա՛ց:

է՛լ ի՞նչ ես ուզում ինձանից,
սրանից ավելի է՛լ ի՞նչ տամ ես քեզ:

լսել երգը այստեղ
 
(թարգմանեց անգլերենից Հասմիկ Սիմոնյանը՝  հմմտ. իսպաներենի հետ ու լսելով երգերը)
Չավելան Ֆրիդա Կալոյի մտերիմ ընկերներից էր, իսկ մի որոշ ժամանակ՝ նաև սիրուհին
 
No Comments

Post A Comment