Արմեն Շեկոյան

 

Արմեն Շեկոյան | ծնվ. 1962թ., Հայաստան


ՎԱՂՎԱ ՕՐ

Եթե մի օր, ամենաուշ ժամին
ցերեկվա երկիրը խլրտա թարթիչներիդ տակ,
միակ ժամանակդ մի կորցրու իզուր,
միակ գրիչդ գցիր ձեռքիցդ
(եթե ունես իրոք),
գրպաններդ թափ տուր մաշված պատկերների փոշուց,
կիսատ երգդ կախիր լվացքի պարանից
և դուրս եկ քաղաք,
որի ամենագեղեցիկ մայթին
(եթե ունես իրոք),
դու կհանդիպես անցնող աշնանը:

Եթե մի օր, ամենաուշ ժամին
տերևների դեղինը խլրտա թարթիչներիդ տակ,
միակ ժամանակդ մի կորցրու իզուր,
ամենագեղեցիկ մայթին մի մնա երկար,
հետևիր անցնող աշնանը,
մտիր ամենամոռացված զբոսայգին,
նստիր ամենասառը կարուսելի ձին,
մտքիդ թռիչքը խառնիր երեխաների ուշացած հայացքներին,
և երեխաներն իրենց աչքերում կպահեն
աշնան հիշատակը:

Եթե մի օր, ամենաուշ ժամին
ամենագեղեցիկ մայթը ծածկվի դեղին տերևներով,
և անաղմուկ քայլելը դառնա անհնար,
բոլոր ներբանները սրբիր առօրյա փոշուց,
տերևների թախիծը պահիր աչքերիդ մեջ,
և տերևները կճչան առանց նստվածքի.
– Մենք հրաժեշտ ենք տալիս,
մեզ վրա երեխաների սառած հայացքներ կան,
մենք հրաժեշտ ենք տալիս,
մենք ուզում ենք ապրել այսպես,
մի քանի անգամ:


ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Մարդը եկել էր հեռու ճանապարհներից
և ասում էր,
որ ինքը ամեն ինչ տեսել է:

Նա տխուր էր,
որովհետև ճանապարհին կորցրել էր
իր բոլոր երգերը,
տխուր էր.
ճանապարհին հորինած երգերն 
էլ չէր կարող երգել:

Նա ասում էր, որ ինքը եկել է`
թափանցելու մարդկանց հոգիները,
բայց ճանապարհի փոշին դեռ ուսերին էր
և այդպես անհարմար էր,
իսկ մարդն էլ ուժ չուներ
ինքն իրեն թափ տալու:

Եվ քանի որ եկել էր հեռու ճանապարհներից,
խիստ հոգնած էր,
նա նստեց գոտնին, որ շունչ քաշի,
և քանի որ հողը ծանոթ բույր ունեև,
և մարմինը խիստ ծանրացել էր,
մարդը խառնվեց հողին:


ԱՐԹՆԱՑԻՐ

Արթնացիր,
բոլոր օրերի նման
այս օրը նույնպես քոնն է,
կանչում է քեզ.
քոնն է սերը, որին չգիտես ինչու
դարձրել ես լուսանկարի փոշի,
քոնն են աչքերդ, 
նայիր և կտեսնես,
որ բոլորովին էլ անցյալ չի անցածը…
Նայիր,
և կտեսնես, կզարմանաս,
կկուրանաս լուսանկարի փոշուց,
որովհետև անցածը աչքերիդ մեջ կգտնես,
որովհետև անցածը դու ինքդ ես,
որովհետև սովոր չես նայել ինքդ քեզ
առանց հայելու:
Նայիր
և կտեսնես, կհասկանաս,
որովհետև այսօր դու առավել տխուր ես,
որովհետև հոգնածությունն իջել է վրադ`
որպես եզրափակիչ նամակ կամ վերջակետ,
որովհետև ճակատիդ քրտինքը թևով սրբող չկա,
որովհետև այս օրը բոլոր օրերի նման
նույնպես քոնն է, կանչում է քեզ.
քոնն են աչքերդ և քոնն է սերը,
որին, չգիտես ինչու, էլ չես հանդիպի
դիմացի սրճարանի հոգնած մայթին:


ԵԹԵ ՔԵԶ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԱՐԴԵՆ

Եթե քեզ հաջողվել է արդեն
կանգ առնել ճանապարհի կեսին
և բարձունքից
անցած ճանապարհդ դիտել,
ուրեմն` էլ չունես շտապելու տեղ,
և մանկությունդ շուտով կմատնի քեզ:

Եթե քեզ հաջողվել է արդեն
սեղմված բռունցքդ տեսնել կողքից,
նրանց աչքերով, ուրմեն` բռունցքդ սեղմիր
որքան կարող ես ամուր –
թող քամվի գնա, – 
մի քանի կաթիլ գուցե կընկնի հողին:

Եթե քեզ հաջողվել է արդեն
ձուլվել արմատներին
և դեպի պտուղը բերող արահետը բռնել, – 
ուրեմն ձուլվիր մինչև վերջ,
մինչև հագուստդ վերջին, մինչև
հորիզոնի գիծը լրիվ կփակի քեզ:

Եթե քեզ հաջողվել է արդեն
գտնել ակունքը քո արյան
և զարկերակդ վերջնականապես ճշտել,
ուրեմն` ճանաչիր բարեկամիդ, ընկերոջդ,
որոնք օրը ցերեկով գտան քեզ:

Եթե այս ամենը քեզ հաջողվել է արդեն,
ուրեմն` օրեցօր կծաղկի քո մանկության դաշտը,
օրեցօր կբացվի Ագռավաքարը քո ու կարճ կյանքի, – 
և դու կաճես, կբարձրանաս քո միակ դաշտում,
կաճես` ամբողջովին տրված քո միակ տարերքին,
կաճես որպես գերի, որպես մի բուռ ցորեն,
կաճես և կընկնես ընկույզի պես ամուր:

Ահա վերջին հագուստդ քամու թևին կորավ,
ահա կաթիլւ կրկին դարձավ բռունցք,
ահա կորած բառը,
որ լույս է սփռում դաշտի վրա:
Ահա քեզ դիմավորում են քո ընկերները`
աչքերին արցունք և հոգում կրակ:


ԵՐԵՎԱՆ


1.
Դժվար է գրել քո մասին,
երբ փառաբանելու ցանկությունը
անտեսանելի թելերով քաշում-տանում է թևերս
դեպի երկինք:
Հոգ չէ,
թող երկնքի բեռը 
մի զույգ թևով էլ ավելանա,
իսկ ես մնում եմ քեզ մոտ,
այստեղ, գետնի վրա,
մնում եմ` ճախրելու առանց թևերի,
մնում եմ` ճախրելու առանց երկնքի,
մնում եմ` գտնելու ամենապարզ բառերը.
մնում եմ` գտնելու քանդված շուկաներդ,
որ գունազարդում են հիշողությունս,
մնում եմ` գտնելու առաջին սերը,
որ քո մարմինն ունի,
մնում եմ` գտնելու մանկության հեծանիվը,
որ այդպես էլ չունեցա:

Սեր իմ, իմ քաղաք,
ես չեմ կարող քեզ նայել կողքից,
ուրիշի աչքով ու փառաբանել,
ես չեմ կարող բաժանվել քեզնից` 
թեկուզ վերադառնալու նպատակով.
ես չունեմ այդքան ուժ:

Ես այնքան ուժ ունեմ, որ մինչև վերջ
ամուր կսեղմեմ իմ ու քո դաշինքը,
որ արցունքով է գրված:

2.
Բոլոր ծայրերից բերում ես
դեպի քեզ, ինչպես ծաղիկն է մեղուներին ձգում,
մենա անվերջ բարձրանում ենք
ցողունն ի վեր
քո սեպագիր աստիճաններով:

Ես նա եմ,
ով ծնվեց աստիճանների մեջտեղում,
ես նա եմ,
ով անմնացորդ շնչեց քո փոշին,
ես նա եմ, 
ում հարազատ են ամենավերջին երկնաքերդ
և խրճիթդ վերջին, որ կարծես ուզում է
ամոթից գետինը մտնել,
այն մեռնողի նման,
որ մեռնում է ամաչելով,
բայց ունենում է հարյուրապատիկ հուշարձաններ:

Ես քեզ ամեն օր ներկում եմ
ամենագեղեցիկ աչքերի հուշով:
Քո աչքերը – 
հնի ու նորի գրկախառնություն,
քո աչքերը –
համբույր աստիճանների մեջտեղում,
քո աչքերը – ճերմակ-ճերմակ առագաստներ,
որ ոչ թե գնում են մակերեսով,
այլ բարձրացնում են ծովը մինչև երկինք,
և մակույկի մեջ նստած եմ ես:


ՈՒՇ ԱՇՈՒՆ

Բառեր, գրիչ, թուղթ.
ահա քո ունեցվածքը սկզբից մինչև վերջ:
Նորից սկսվում են երկար անձրևենրը
տխուր աշնան, – 
այդ մասին քեզ այսօր հուշեց
մի հարբած անցորդ:
Երեկ երդվյալ մի պոետ քեզ համոզում էր,
որ պոեզիայի մեջ թույն պիտի լինի:
Աստված նրա հետ:
Իսկ քո ունեցածը` սկզբից
մինչև վերջ – բառեր, գրիչ, թուղթ, աստված…

Դու նորից ընտրում ես այն վայրը, 
որ գույություն ունի քո կամքից անկախ,
որտեղ գումարվում են բոլոր աշուններդ:
Հասունացած աղջիկները
այս ամառ կրկին մարդու չգնացին. –
նրանք այստեղից ամեն օր մեկնում են
անաստղ երկինք`
աչքերի մեջ պահած փայլը մատանիների:-
Մոլորված աստղեր… ավելի մոլորված,
քան մերժված սիրահարը տխուր աշնան մեջ:

Քամին պտտտվեց դժբախտ ծառի շուրջ
և գրկեց բարակ իրանը նրա:
Ահա ուշ աշնան քո ծառը.
նրա մազերը թափվում են արդեն,
նր ահոգին վաղուց համբարձվել է երկինք,
նա ինքը ընտրեց իր ճանապարհը,
նրա խոստումներին ոչ ոք չի հավատա:
Հարբած անցորդը հազար անգամ երդվեց,
որ ճանապարհները նման են իրար.
ինքը իր համար զբաղմունք էր ընտրել,
նրա երդումներին ոչ ոք չի հավատա:
Երդվյալ պոետը մինչև վերջ համոզում էր,
որ պոեզիայի մեջ թույն պիտի լինի:

Քո ունեցվածը – բառեր, աստված…
Դու արդեն լրիվ հավատում ես մարդկանց
և կարող ես ոմանց հաշվի չառբել.
վաղը նրանք քեզ կծաղրեն քո բառերի համար,
վաղը նրանք քեզ կդատապարտեն նույն բառերի համար,
վաղը նրանք մեղավոր կժպտան. – 
դու հավատա նրանց,
նրանք քեզ մի օր երկինք կհանեն…


ԱՌԱՆՑ ԱՓՍՈՍԱՆՔԻ

Բաց աչքերդ և ընդունիր
մի ամբողջ ընթացք,
որ դարեր շարունակ գալիս է դեպի քեզ,
մտքերի ու զգացմունքների մի ամբողջ երկիր,
որ դարեր շարունակ հոսում է դեպի քեզ:
Լայն բաց արա աչքերդ,
որովհետև այն ամենը, ինչ տրված է քեզ
և հոսում է դարերի խորքից,
միշտ քեզ մոտ է եղել
և երբեք չի մոտենա քեզ:
Դու մոտեցիր ծովին,
ընտրիր քո սեփական ալիքը,
քո սեփական ժամանակը,
որ ժամացույցի վրա չի ցուցադրվում,
որ ոչ մի դանակով չես կտրատի,
որ ծնվել է քեզ հետ և երբեք
չի մեռնելու:

Աշնան տերևները լռությամբ
թափվում են հողին: Նրանք մեռնում են:
Ահա քո կարծիքտ,
որ օձի նման փաթաթվում է վզիդ:
Նետիր դանակդ առանց ափսոսանքի
և փոխարենը մի պահանջիր ոչինչ, –
փոխարենը – 
հախուռն մի ընթացք ալիքների մեջ…

Բաց աչքերդ և ընդունիր անձայն
հախուռն ընթացքը անսանձ ալիքների,
օտար ձայներից պաշտպանվելու համար
ահա քեզ պատյան-քո բնական մաշկը,
որ քեզ հավատարիմ կծառայի մինչև վերջ:
Օտար ձայներից պաշտպանվելու համար
ահա քեզ պատյան-քո սեփական ձայնը-
մոլորված ժամերի ահազանգ:

Եվ վերջապես
օտար ձայներից պաշտպանվելու համար
ահա քեզ պատյան-քո սեփական ուղին,
որ դարեր շարունակ գալիս է դեպի քեզ,
որ ձգվում է քո ծնունդի ու մահվան միջով,
որ քոնն է միայն, ինչպես երգերը քո,
որ ծնվել է քեզ հետ և երբեք
չի մեռնելու:

Աշնան տերևները լռությամբ
թափվում են հողին: Նրանք մեռնում են:
Ահա քո կարծիքը, որ մոլորված անցնում է
օտար կարծիքների ծնունդի ու մահվան միջով,
որ ձուլվում է քիչ-քիչ սեփական ստվերիդ, –
ահա քեզ պատյան-քո միակ կյանքը,
որի միջով քո միակ ձայնն է հոսում,
որ նետում ես անձայն, առանց ափսոսանքի
և փոխարենը չես պահանջում ոչինչ:


ՁԵԶ ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՅՍ ԵՐԵԿՈՆ

Երեկոյան ուշ ժամերին,
երբ առօրյա հոգսերը լքում են ինձ,
ես դառնում եմ մի քիչ սենտիմենտալ:

Կապույտ օդի մեջ լուծվում է
ավտոմեքենան:
Ամենահին ձկնորսը վերադառնում է
ձեռնունայն.-
Նրա ընկերները մեռել են վաղուց:
Հանդիսավոր իջնում է կոպը`
իր հետ բերելով երկու բաժին արցունք:

Ծուլորեն հեռանում է քաղաքը`
տեղը զիջելով գյուղին.-
հոգնած հնձվորները վերադարձան հնձից`
մանգաղների վրա ամրացրած ծաղիկ:-
Ես այստեղ, քաղաքում,
աղբյուրից հեռու, կժերից հեռու,
աղջիկների համար հորինում եմ տարազ:
Օ, դուրս եկեք հիմա ձեր կաշվից,
զգալու համար, որ օրը նման էր
հեքիաթի:

Հետաքրքիր է գյուղի զգացողություն այս ժամին,
երբ դու երբեք բախտ չես ունեցել գյուղում բնակվելու. – 
քեզ իր մոտ է տանում հնձվորների երգը,
բարդիների օրորից արթնանում են ականջներդ,
իսկ աղջիկների մաշկի գունը
դու անպայման կհամեմատես
ամառվա ամենաթանձր արշալույսի հետ:

Օ, դուրս եկեք ձեր թափանցիկ սենյակներին,
դուրս եկեք ձեր մաշկից, որ նույնպես թափանցիկ է,
ահա հնձվորները, աղջիկներն ու բարդիները
հրաժեշտ են տալիս ձեզ,-
նրանք բոլորն էլ թափանցիկ են,
որովհետև երբեք ձեզ չեն տեսել:
Ձեզ մնում է միայն այս սենտիմնետալ երեկոն`
երգելու, թախծելու, սավառնելու համար:


ՔՈ ԾՆՈՒՆԴԸ

Քո ծնունդը, մահը և ապագան
ահա դրված են քո առաջ` մեծ ափսեի մեջ,
դու նրանց վրայով մի քանի անգամ
գնացիր ու եկար,
դու նրանց վրայով մի քանի անգամ 
սլացար դեպի վեր,
թվում է` ամեն ինչ պարզ էր,
թվում է` ոչինչ չկար,
սակայն ճանապարհին սայթաքում էիր, ընկնում,
լեզուդ դառնում էր
մաշված ծամոնի պես կպչուն,
բառեր էին կրկնում, որոնք անզոր էին
քեզ տեղից շարժել:

Եվ ամեն անգամ դու արթնանում էիր,
արթնանում էիր ճիշտ ժամանակին,
ոչ ոք չէր զգում, որ էլ չկաս դու,
որ ամեն անգամ ծնվում է
նոր ու խարտյաշ 
մի ուրիշ մանուկ:

Բայց ինչո՞ւ, ընկեր իմ,
ինչո՞ւ չխոսել անցյալ ժամանակով,
ինչո՞ւ չգեղգեղալ սոխակի պես
անփույթ ու ժրաջան,
երբ այսքան պարզորոշ քո առաջ դրված են
քո ծնունդը, մահը, քո ապագան,
որոնք ստորոտում աշխույժ խլրտում
ու բարձրանում են` ինչպես լեռնագնաց,
քո խարտյաշ վայրկյանը, ժամը, քո ներկան:
Ինչո՞ւ, ընկեր իմ, ինչո՞ւ չկրկնել
այս ընթացքը այսպես, մի քանի անգամ,
գուցե այս անգամ մեզ կհաջողվի
ճանապարհին գտնել խնձորն անմահական:

1979թ.

 

No Comments

Post A Comment