Վասկո Պոպա | 1922-1991թթ., Սերբիա
Փոքրիկ արկղը
Փոքրիկ արկղն իր առաջին ատամը հանեց
Եվ իր փոքրիկ երկարությունը
Փոքրիկ լայնությունն ու փոքրիկ դատարկությունը
Եվ էլ ինչ ուներ-չուներ
Շարունակեց մեծանալ
Բաժակների դարակը, որտեղ գտնվում էր առաջ
Հիմա իր մեջ է
Եվ նա աճեց ու դարձավ ավելի մեծ ավելի մեծ ավելի մեծ
Հիմա իր ներսում մի ամբողջ սենյակ կա
Եվ տուն և քաղաք և երկիր մոլորակ
Եվ աշխարհը որտեղ ինքն էր առաջ
Փոքրիկ արկղը հիշեց իր մանկությունը
Եվ շատ ուզեց
առաջվա պես նորից փոքրիկ արկղ դառնալ
Փոքրիկ արկղի մեջ
Հիմա դու ունես ամբողջ աշխարհի մանրակերտը
Կարող ես հեշտորեն տեղավորել գրպանումդ
Հեշտորեն գողանալ հեշտորեն կորցնել
Խնամիր փոքրիկ արկղին
Փոքրիկ արկղի երկրպագուները
Երգիր փոքրիկ արկղ
Չքնես հանկարծ
Աշխարհը քո մեջ է արթնանում
Քո քառակուսի դատարկության մեջ
Մենք փոխում ենք հեռավորությունը մոտիկով
Եվ մոռացումը հիշողությամբ
Չթողնես մեխերդ պոկվեն
Ամենաառաջին անգամ
Մեր աչքը բացվեց աշխարհի մյուս կողմից
Բանալու քո անցքից
Պտտիր մեր բերանների մեջ քո բանալին
Կուլ տալով բառերն ու թվերը
Որ երգիցդ դուրս են գտնվում
Չթողնես կափարիչդ բացվի
Երբ կզգաս որ ընկնում ես ցած
Փոքրիկ արկղ երգիր
Փոքրիկ արկղի բանտարկյալները
Փոքրիկ արկղ բացվիր
Մենք համբուրում ենք քո հատակն ու առաստաղը
Բանալու անցքն ու բանալին
Ամբողջ աշխարհն է քո ներսում
Ինքն իրենից բացի
Այն ամեն ինչի նման է
Եվ անգամ ոչ քո մայրը` երկինքը մաքուր
Այլևս կճանաչի այն
Ժանգը կուտի բանալիդ
Մեր աշխարհն ու մեզ` գտնվող ներսում
Եվ վերջապես նաև քեզ
Մենք համբուրում ենք քո չորս կողմը
Քո չորս անկյունները
Քսանչորս մեխն ու
Ինչ ունես չունես
Բացվիր փոքրիկ արկղ
Վերջին նորությունները փոքրիկ արկղի մասին
Աշխարհ պարունակող փոքրիկ արկղը
Սիրահարվեց ինքն իրեն
Եվ ծնեց
Մի ուրիշ փոքրիկ արկղ
Փոքրիկ արկղն էլ գտնվող փոքրիկ արկղի մեջ
Սիրահարվեց ինքն իրեն
Եվ ծնեց
Լրիվ ուրիշ փոքրիկ արկղի
Եվ այդպես շարունակ
Ըստ Փոքրիկ արկղի
Աշխարհը պետք է լինի
Փոքրիկ արկղի վերջին սերնդի ներսում
Բայց փոքրիկ արկղի ներսում գտնվող
Փոքրիկ արկղերից ոչ ոք
Վերջինը չէ
Տեսնենք աշխարհը հիմա կգտնես
Ցնցոտիներս վերադարձրեք
Վերադարձրեք ցնցոտիներս
Մաքուր երազների ցնցոտիներս
Թավշե ծիծաղներիս գծավոր կանխազգացումներիս
Հագուստիս քուղերի
Բծավոր հույսիս ցնցոտիները
Փայլեցված կրքի վանդակավոր հայացքների
Դեմքիս մաշկի
Ցնցոտիներս վերադարձրեք
Վերադարձրեք երբ դեռ հանգիստ եմ խոսում ձեզ հետ
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
No Comments