Պաբլո Ներուդա | 1904-1973թթ., Չիլի
14-րդ բանաստեղծություն
Ամեն օր խաղում ես տիեզերքի լույսի հետ:
Նրբանուրբ այցելու, դու եկար ծաղիկների միջով ու ջրի
և ավելին ես, քան այս գլուխը սպիտակ, որ բռնում եմ ամուր
ծաղկեփնջի պես իմ ձեռքերով ամեն օր:
Քեզ սիրեցի, ինչպես ոչ ոքի:
Թույլ տուր տարածել քեզ ծաղկաթերթերի մեջ դեղին:
Հիմա
ո՞վ է գրում անունդ ծխահար նամակներում հարավի աստղերի մեջ,
Ա՜խ, թույլ տուր քեզ հիշել այնպիսին, ինչպիսին որ էիր քո գոյից էլ առաջ:
Ու հանկարծ ոռնում է քամին ու թակում պատուհանս փակ:
Մութ ձկների ստվերներ են այս ցանցկեն երկնքում:
վաղ թե ուշ այստեղ կգան քամիները բոլոր, բոլոր հնարավոր տեղերից,
ու անձրևը կմերկանա:
Փախչում են թռչունները, թևում հեռու:
Քամին: Քամին:
Ես կարող եմ մրցել միայն մարդու հետ:
Փոթորիկը օդ թռցրեց տերևները մութ
ու խորտակեց նավակները բոլոր, որ դեռ անցյալ գիշեր կապված էին երկնքին:
Դու այստեղ մնացիր: Ախ, չփախար դու հեռու:
Դու կձայնեիր իմ վերջին լացին:
Կկառչեիր ինձնից վախեցածի նման,
Նույնիսկ եթե քո աչքերի առաջ տարօրինակ մի ստվեր մի ակնթարթ է վազել:
Եվ հիմա, և հիմա էլ, փոքրիկս, դու բերում ես ինձ ցախակեռասներ,
ու կրծքերդ բուրում են նրանցով,
ու մինչ տխուր քամին հեռանում է՝ աջ ու ձախ սպանելով թիթեռներին,
ես սիրում եմ քեզ, ու երջանկությունն իմ կծոտում է սալորը քո բերանի:
Ախ, տեսնես ինչքան ես տառապել, մինչև որ համակերպվել ես դու ինձ հետ՝
իմ վայրի ու մենակյաց հոգուն, անվանս, որ ստիպում է բոլորին փախչել:
Մենք շատ անգամ տեսանք վառվող աչքը աստղալույսի, երբ համբուրվում էինք կրկին ու կրկին,
ու պտտվում էր մեր գլխավերևում մութ բանակը մեզնով հիացածների:
Բառերս անձրևում են քեզ վրա, շոյում քեզ:
Ես երկար եմ սիրել մարմնիդ արևոտ սադափը:
Ու կարծում եմ` դու միակն ես տիեզերքում:
Ես ուրախ ծաղիկներ կբերեմ քեզ համար լեռներից, զանգակածաղիկներ կբերեմ, սիրելիս
մութ տխիլներ ու գեղջկական զամբյուղներ՝ լի համբույրներով
Ես կուզեի քեզ անել այն,
Ինչ գարունն է անում բալենու ծառերի հետ:
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
No Comments