Ծնվել է Նյու Յորքում: Հայրը Վիլյամ Սարոյանն է, մայրը` դերասանուհի Քերոլ Գրեյսը, ով հրեական ծագում ուներ: Քույրը դերասանուհի Լյուսի Սարոյանն է: 1960-ականների ամերիկյան ավանգարդ բանաստեղծության հայտնի դեմքերից է, հարել է բիթ ուղղությանը:
Արամ Սարոյանի չորքոտանի ”m”-ն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենակարճ բանաստեղծություն: Բոբ Գրամընը գրեց, որ դա «Ես եմ» (”I am”)-ի բառախաղ է` ինքնագիտակցության ձևավորում: Սարոյանի` սպիտակ էջի կենտրոնում գրված «Լույս» (”lighght”) բանաստեղծությունը (1965թ.) հայտնվեց Ամերիկյան գրականության անթոլոգիայում (խմբագիր` Ջորջ Փլիմպթըն) և մյուս բոլոր հեղինակներին հավասար 500$ հոնորար ստացավ` շահելով Արվեստի Ազգային Ֆոնդի մրցանակն ու շատերի հակակրանքը` թե` մի բառը դեռևս բանաստեղծություն լինելուց շատ հեռու է: 25 տարի անց էլ Ռոնալդ Ռեյգանը չէր դադարում կծու ակնարկներ նետել ”lighght”-ի հասցեին: 1968թ. Արամ Սարոյանի նոր տպագրած գիրքը` շուրջ 30 բանաստեղծություն, NBC-ի լուրերի հաղորդավար Էդվին Նյումանը լուրերի թողարկման ժամանակ կարդաց ամբողջությամբ: Հրատարակել է դատարկ էջերով գիրք և շահել տարվա մրցանակ:
ՍՈՆԵՏ
Որոշ մարդիկ սիրում են գրել Նույնիսկ, երբ սերը հոլանի Նստած է իրենց կողքին` մահճակալին Դյութիչ ստինքներով Ու նուրբ զգայություններով
Նրանք շարունակում են գրել Ֆրանց Կաֆկան այդպիսին էր Այդպիսին էր և Թ. Ս. Էլիոթը Մի դեպքում նրանք ունեին շատ դժբախտ մանկություն Իսկ մյուս դեպքում ուրիշ դժվարություններ
Բայց սա զուտ տեսական է Ես կարող եմ ծանր լինել թեև անտանելի չեմ Ու եթե դու մերկ նստես կողքիս` մահճակալին Ես գլուխս կբարձրացնեմ կնայեմ
ՀԱՅՐԻԿ
Ինչքան ավելի եմ տարիք առնում Այնքան ասում են Ավելի եմ նմանվում Իմ հորը
Երբեմն Հայելու մեջ Լոգասենյակի Նույնիսկ տեսնում եմ նրան
Նա ետ է նայում ինձ Կարծես ասելով` Այո ես եմ Է՞
Դա Հայրիկն էր Առեղծվածային Հումորով լի Ուղղակի փոքր-ինչ Մեկուսի
ՊՏՏԱԴՌՆԱԿ
Սեղանի մոտ նստած Չեմ հավատում ես էլ կմեռնեմ Դե այնքան անհավատալի է
Քո հետևում թողնել արևը Եվ լուսինը Որ արտացոլում է արևալույսը
Ինչպես սովորում էինք դպրոցում Մեր մտքերը` դրոշմված աստղագիտությամբ Մի կյանքի տևողության համար
Իրական չի թվում Չունենալ ծնկներ Թեկուզ ատամներ, էլի կարող եմ հասկանալ
Միտքս անցնում Թռչում է ուղեղի սահմաններից դուրս Գիշերով թռչող ինքնաթիռի պես
Ով գիտե դեպ ուր Որպեսզի շուտ մոռանաս դրա մասին Չես մտածում քո նահանջների մասին
Որպես մի մանուկ Ամպակույտի միջով Հենց ինքնաթիռի արևորված թևի տակ
Իսկ Ստյուարդուհիները անցուդարձ են անում Դու երկրի վրա ես գիշեր է Եվ ստիպված ես գնալ որևէ տեղ
Ու դա է պահպանում քեզ Անըմբռնելիությունից, որ լի է էներգիայով Ծառի, գլաժայռի կամ երկնաքերի նման
Ու տղամարդ ու կին անցնում են Պտտադռնակի միջով Դա մահ չէ, լոկ թարգմանությունը
Որևէ մարդու մտատեսության Որևէ բանի, որի կարիքը բոլորս ունենք Մի գաղափար երկրի վրա ըմբռնելի
No Comments