29 Oct Հովհաննես Գրիգորյան | Բոլորովին ուրիշ աշուն
Հովհաննես Գրիգորյան
1945-2013թթ., Հայաստան
Բոլորովին ուրիշ աշուն
բանաստեղծություններ
«Սովետական գրող» հրատարակչություն
1979թ., Երևան
ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպէս նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
ԵՎՍ ՄԻ ԵՐԳ
Եվ նրանք, ովքեր սպանվեցին երեկ,
և նրանք, ովքեր կսպանվեն վաղը,
և նրանք, ովքեր գոռացին «Կեցցե հայրենիքը»,
և նրանք, ովքեր չհասցրեցին գոռալ,
նրանք բոլորն էլ ունեին
կապույտ կամ սև աչքեր,
ունեին անուն և ազգանուն,
տխրելու և ուրախանալու առիթներ:
Դե թող հնչեն ազգային բոլոր նվագարանները,
դե ողբացեք մայրեր տարբեր լեզուներով,
ողբի լեզուն նույնն է,
նույնն է գույնը արտասուքի
և հասկանալի բոլորին:
Իսկ ես,
որ բազմաթիվ մեղքեր ունեմ ինձ վերագրված,
գուցե վաղը,
գուցե այսօր,
կանաչ շորեր հագիս,
վերջին գնդակը պարպեմ հանուն քաղաքակրթության
և ընկնեմ գոռալով «Կեցցե հայրենիքը»
և կամ գուցե չհասցնեմ գոռալ:
Եվ մայրս կողբա վրաս Շիրակի բարբառով,
և նույն բարբառով կանիծի
աշխարհի բոլոր պատերազմները:
1968թ.
*
Մի թողեք, որ մեռնեմ անարցունք:
Դաշտերի վրա հիմա ձյուն է ու խաղաղություն,
շրջում են որսորդներն ու որոնում վերջին աղավնուն,-
չափից դուրս շատ է մշակված ձեր ձայնը, օրիորդ,
այն չի հուզի քարացած սրտերը որսորդների:
Վառվում են լույսերը շենքերի աչքերում:
Թանաքը վառվում է որոշում դառնալու ցանկությունից:
Եվ վերջին տրամվայն է անցնում արցունքն աչքերին,
և փողոցը փակում է իր սգավոր դեմքը:
Մի թողեք, որ մեռնեմ անարցունք:
Մայրիկ, ահա և հիշեցի քեզ,
ես մամռակալած եմ, ներիր ինձ դրա համար,
մնաս բարով չեմ ասում քեզ,
ինչու իզուր խոցեմ սիրտդ ծերացած:
Վերջապես փակում եմ աչքերս մենակության մեջ:
Բառ առ բառ իջնում է գիշերվա կացինը, –
և լուսինն ինչպես մահապարտի կտրված գլուխ
ընկնում է ճերմակ դաշտերի վրա…
Մի թողեք,
մի թողեք, որ մեռնեմ անարցունք:
ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ, ԵՐԲ ՕՐԸ ՄՈՏԵՆՈւՄ Է ԱՎԱՐՏԻՆ
Լռություն,-
վայրկյանը սարդի նման արագ վազեց
և անհետացավ ժամացույցի զսպանակված որոգայթի մեջ…
Սիրտս տրոփում է մեկ-մեկ, հատ-հատ:
Իսկ երեկոն արդեն ուժի մեջ է,
սենտիմենտի իր բոլոր անհրաժեշտ տարրերով:
Իսկ դու, պարզվում է, բավականին լուրջ մարդ ես
և խոսակցությունների մեջ կարծիք ես հայտնում,
որ ռեժիմով սնվելու մեջ է չգիրանալու ամբողջ գաղտնիքը
և ավտոմեքենաների բանեցրած գազն իսկապես
մեծ վտանգ է մարդկության ապագայի համար,
և որ երաժշտությունն օգնում է մարդուն
սեքսը դարձնել ավելի մաքուր ու հարմար:
Եվ լռում, չես խոսում այն մասին,
որ տառապում ես սովից մեռնողների համար
և ողբում ես մահը Պաբլո Ներուդայի,
որի բանաստեղծություններն ես թարգմանում դու հիմա,
ակնածանքով ու խոնարհ տքնելով ամեն մի տողի վրա,
որովհետև դու ինքդ վաղուց ես համոզվել,
որ բառերը խեղճ են ու անզոր,
որովհետև բառերը դեռ չեն հասունացել
մեծ ցավի և մեծ ուրախության համար:
Օ՜, շարեք պատերը տան և պայթեցրեք
մարդու սիրտը լաբորատոր պայմաններում,-
երեխաներ կծնվեն առանց ոտ, առանց ձեռ,
մայրերն առանց արցունք սարսափից կհամրանան:
Օ՜, սարքեք տներ առանց պատուհանների,
չէ՞ որ արևի լույսի արդարությունը կխանգարի ձեզ,
և մանեկենները կլցվեն փողոցները` ճերմակ սիլիկոնե ուղեղներով,
ամուր բիցեպսներով և անմազ դեմքերով
և չեն հասկանա, թե ինչու են մարդիկ թավալվում իրենց կրակոցներից:
Իսկ դու լռում ես, դու չես խոսում,
այլ` գլուխդ թաղել ես թերթերի մեջ
և սիրտդ բաբախում է չափից դուրս արագ:
Եվ լսում ես առօրյա մի խոսակցություն այն մասին,
որ ճապոնական գարունը չափազանց անհասկանալի է,
որ իջել է հեռուստացույցների գինը,
որ շատ ճաշակով են հագնվում աղջիկներն այս ամառ,
որ Դեմիս Ռուսոսն ազգությամբ հույն է, ապրում է Փարիզում
և երգում է անգլերեն,
իսկ մենք հայ ենք ու պիտի բազմանանք:
Ասել, որ դու սիրում ես խաղաղությունը և որ ուզում ես բոլորը լինեն երջանիկ, ճշմարիտ կլինի, բայց չի լինի բանաստեղծական:
/Կամ` թող երկնքում ճախրեն աղավնիները և արևի դեմքը երբեք
չծածկվի մշուշով, դու մի քիչ այլ կերպ կդասավորեիր բառերը, և
կստացվեր մոտավորապես այսպիսի նախադասություն.-
Եթե երկնքում աղավնիներ կան,
մենք բոլորս էլ հանգիստ գնում-գալիս են
արևի տակ/:
Բայց դու կարող էիր ապրել աշխարհում
և ֆաշիզմի մասին չունենալ ոչ մի գաղափար:
Բայց դու կարող էիր լինել առավել երջանիկ,
թե չիմանայիր ինչ բան է գենոցիդը
ու թե չիմանայիր ինչ է խտրականությունը ռասայական:
Կխմեիր քո սուրճը հանգիստ, կհամբուրեիր կնոջդ,
կպառկեիր մեջքի վրա` երազելով տիեզերագնաց դառնալ
և զարմացնել ձեր թաղի բոլոր անմեղ քաղքենիներին,
որոնք գիշեր-ցերեկ փայլեցնում են իրենց
բյուրեղապակյա անոթներն ու սկահակները
և թանկարժեք կահույքի վրայից մանրադիտակի
օգնությամբ հայտնաբերում և մեկ-մեկ թռցնում են փոշին:
Օ՜, բառարանները լիքն են ավելորդ բառերով,
այս փոքրիկ երկրագնդի վրա ո՞վ հնարեց դրանք….
Հեռախոսի զանգը ստիպեց փոխել մտածումներիդ. ուղղությունը
դու հիշեցիր քաղաքը, որտեղ ծնվել ես 28 տարի առաջ,
և ժպիտն ու ցավը ողողեցին դեմքդ` հիշեցիր մորդ
և քույրերիդ, ու չփոխվեց դեմքիդ արտահայտությունը,
երբ հորդ հիշեցիր: Բայց դու ներքուստ զգում ես,
որ տարիները ետ են գնում արագորեն,
դու մանկանում ես արագորեն,
և շուտով, շուտով կհասնի այն պահը,
երբ այլևս անհնարին կլինի զսպել
թարթիչներիդ տակ ուռճացող հեղեղը արցունքի
և ճիչդ,
ճիչդ,
նորածնի ճիչդ անհոդաբաշխ ու ցնծագին:
ՕՐՎԱ ՎԵՐՋ ԿԱՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈւԹՅԱՆ ՎԵՐՋ
Եվ այն ամենը, ինչի մասին դու ոչ մի խոսք չասացիր,
և քո սիրտը ցավից միայն դուրս ընկավ, շեղվեց ռիթմից, –
դու բառ-բառ կպցրեցիր ու դարձրիր տող:
Հրաժեշտի համար, ահա, բարձրացնում ենք մեր ձեռքերը:
Եվ այն ամենը, ինչ դու տեսար օրվա ընթացքում,
և հարցերը, որ տվեցին քեզ, և պատասխանները,
ինչքա՜ն քիչ էին կապվում քո կյանքի և օրվա վախճանի հետ:
Այդ դու չէ, դու չէ, թող ուրիշներն արտասվեն,
դու բարձրացրու քո ձեռքերը հրաժեշտի այս պահին:
Ու թեև քեզ խփեցին տեղի ու անտեղի և ասացին
խոսքեր, որոնցից դառնացավ քո սիրտը` բայց դու
հավատարիմ ես քո ժողովրդին սկզբից մինչև վերջ,
հավատարիմ ես և ոչ թե պարտական, և ոչ թե ի պաշտոնե,
և դրա համար չէ, որ աշխատավարձ ես ստանում,
այլ` ճակատագրով, որովհետև դու այդպես ես ծնվել
և գուցե այդպես էլ մեռնես:
Այդ դու, դու, միայն դու պիտի արտասվես
և հրաժեշտի համար պիտի բարձրացնես քո ձեռքերը:
Սիրելիս, նայիր` տող-տողի ետևից շարվում է քո կյանքը,
և սերն ու ցավը քեզ ասում են` ապրիր,
և ամպերն ու արևը, և անձրևն ու վիշտը, և աստղերն ու քամին.
բոլորն են այստեղ, քեզ հետ են, ինչ արած:
Բայց դու բարձրացրու քո ձեռքերը հրաժեշտի այս պահին:
Եվ մարդիկ…սիրիր նրանց առանձին-առանձին,
արատների համար սիրիր,
առավելությունների համար կսիրեն ուրիշները,
որովհետև դու այդպես ես ծնվել
և գուցե այդպես էլ մեռնես:
Իսկ անհրաժեշտության դեպքում, խնդրեմ,
ահա, այս պատկերը,-
Մարդիկ թռչունների թևերով
դանդաղ հեռանում են երկրագնդից…
Բայց դու հրաժեշտի համար
բարձրացնում ես քո ձեռքերը,
դու մնում ես այստեղ` սիրելու, երգելու և մեռնելու համար:
Anonymous
Posted at 05:20h, 27 AprilՀանճարեղ է, անհրաժեշտ է թարգմանել այլ լեզուներով
հասմիկ սիմոնյան
Posted at 11:15h, 27 Aprilկա թարգմանված, ֆրանսերենով ու ռուսերենով գրքեր էլ կան, անգլերեն, պարսկերեն և այլ լեզուներով էլ կան առանձին թարգմանություններ: