Րաֆֆի | Հայ կինը

Րաֆֆի  | 1837-1888թթ.

Հայ կինը

«Կինը է այն առանցքը, որի շուրջը
պտըտվում է քաղաքակրթությունը»:

Ինձ շատ անգամ պատահել է կարդալ հատուկտոր հոդվածներ հայ կնոջ մասին, շատ անգամ տեսել եմ նրա նկարագիրը փոքրիկ վեպիկների մեջ, բայց այդ բոլորն այն աստիճան անկատար են եղել և այն աստիճան հարևանցիորեն նկարագրել են նրա տիպը, որ հազիվ թե ընթերցողը կարող էր ծանոթանալ ընդհանուր գծերի հետ: Առհասարակ շատ սխալ կարծիքներ են կազմվել արևելքի կանանց մասին ընդհանրապես, իսկ մեր մեջ հայ կնոջ մասին մասնավորապես: Մինչև անգամ նշանավոր հեղինակները, կամ պոեզիայով հափշտակված, նրանց պատկերացնում են որպես հարեմի զարդարանք, որպես ընտանեկան սրբարանի կուռքը, և կամ բոլորովին արհամարհելով, «ստրուկ» բառը տեղի և անտեղի կպցնում են նրանց ճակատին: Եթե «կինը է մարդկային ընկերության գլխավոր քաղաքակրթիչ տարերքից մեկը», — որպես ասում են գիտնականները, — ուրեմն պետք է լավ ուսումնասիրել նրան: Եվ այդ կլինի իմ հետազոտության նպատակը:


Ա.
ԳԵՂՋԿՈՒՀԻՆ

Ես սկսում եմ գյուղացի կնոջից և գլխավորապես ի նկատի ունեմ Կովկասի հայ ազգաբնակությունը: Բայց խնդիրն ինքնըստինքյան շատ դժվարին է, մանավանդ այն պատճառով, որ Կովկասի հայ ժողովուրդը բաղկանում է զանազան տարերքից, — առավել Տաճկաստանի, Պարսկաստանի և ուրիշ երկրների գաղթականներից, — որոնց մեջ որքան խառնուրդներ կան, այնքան ավելի բազմատեսակություն կա թե՛ բարքերի, թե՛ սովորությունների և թե՛ դեմքերի վերաբերությամբ:

Կյանքը դեռ բոլորովին չէ միակերպվել և այս պատճառով անհնարին է մի որոշ դասակարգի ներքո զետեղել ամենին: Բայց բացառությունները միայն ցույց տալով, մենք դարձյալ կստանանք մի ամբողջ նկարագիր, որովհետև ընդհանուր գծերը բոլոր գյուղացի կանանց մոտ, իրանց պատմական հատկանիշներով համարյա մնացել են միևնույնը:

Շատ անգամ մարդ զարմանում է, մտնելով մի մեծ գյուղական ընտանիք. նա բաղկանում է քսան, երեսուն և երբեմն քառասուն հոգուց — դա մի փոքրիկ պետություն է, որի մեջ տիրում է խորին ներդաշնակություն: Ալևոր պապերը դարևոր հասակներով — թվով մի քանի եղբայրներ — դեռ կենդանի են. կենդանի են և ծերունի պառավները: Նրանց շրջապատել են որդիները, թոռները, ծոռները, — մի քանի սերունդ իրանց կնիկներով և զավակներով: Ընտանիքի պետը համարվում է նա, որ հասակով ամենից ավագն է, այսինքն «մեծ պապը». բոլոր անդամները հպատակում են նրա հեղինակությանը: Նրանից հետո երկրորդ տեղն է բռնում մեծ տատը, որի իշխանությունը տարածվում է ավելի կանանց հասարակության վրա: Եվ եթե դրանք չկային, «մեծ պապին» հաջորդում է եղբայրներից երեցը, իսկ պառավ տատին մեծ հարսը, այսինքն երեց եղբոր կինը: Հնազանդությունը մինը մյուսին ընտանիքի փոքրիկից սկսվում է աստիճանաբար դեպի բարձր, մինչև հասնում է այն անձինքներին, որ համարվում են գերդաստանի գլխավորները: Կանանց սեռը (բացի պառավ տատից) զրկված է ձայնի իրավունքից: Այդ նախադասությունը պետք է հասկանալ իր բառացի նշանակությամբ. նրանք ոչ միայն չեն կարող խորհրդակցել տան պետքերի մասին, այլ խոսելն անգամ արգելված է նրանց:

Այդ ընդհանուր նկատողությունից հետո ընտանիքի կազմակերպության մասին, ես դառնում եմ դեպի գեղջկուհին, սկսելով նրա ծնունդից:

Գեղջկուհին չէ ծնում դաշտումը, բաց օդի ներքո, խոտի դեզի տակ, թուփերի կամ արտի մեջ, և երկունքից հետո անմիջապես սկսում իր աշխատությունը, որպես այդ լինում է մինչև անգամ բավական քաղաքակիրթ ազգերի գյուղացիների մեջ: Ծնունդը մոտենալու ժամանակ մոր վրա խնամք են տանում, նրան հեռու են պահում ծանր աշխատություններից, թույլ չեն տալիս, որ շալակ վեր առնե, կամ աղբյուրից ջուր բերե: Երբ ծնավ, մինչև մանուկի մկրտվելը, որ սովորաբար տևում է ութն օր, մայրն անկողնի մեջ պառկած է մնում: Եթե ծնունդը տղա էր, նրա անկողինը շրջապատում են մի խումբ պառավներ, որոնք գործ են դնում իրանց ամբողջ կախարդական արհեստը մոր և նորածին մանուկի կյանքն անվնաս պահելու «չարքերից», «ալքերից», «քաջքերից», «դևերից», «մեզնից աղեկներից», «սատանաներից» և այլն: Մանուկի օրորոցը նույնպես զրահավորում են բժժանքներով, հուռութքներով, մահեկներով և մինչև անգամ տերտէրի գրած «բթիկներով»: Իսկ աղջիկը զուրկ է մնում այդ նախախնամություններից: Գյուղացին ծնունդի վրա չէ նայում որպես մի բնական երևույթի վրա, այլ նրա մասին ունի բազմաթիվ նախապաշարմունքներ: Կնոջ անպտղաբերությունը նախատինք է համարվում և այս պատճառով ամեն մի ծնունդ, մանավանդ տղայինը, թե տղամարդի և թե բարեկամների կողմից ընդունվում է ուրախությամբ: Մորը կերակրում են արտաքո կարգի սննդարար կերակուրներով, որոնց մեջ առաջին տեղը բռնում է մեղրով պատրաստած ձվածեղը, որը նա ստանում է հարևաններից: Իսկ աղջկա ծնունդը հանդիպում է խուլ դժգոհության, բարեկամները չեն գնում շնորհավորելու, կամ որպես ասում են` «աչքալուսանք» տալու ծնողներին: Մեր գեղջկուհիքն ըստ մեծի մասին պտղաբեր են լինում, նրանք ծնում են երբեմն մինչև 40-45 տարեկան հասակը: Ամուլ կինը պատիվ չունի որպես ընտանիքի, նույնպես և հասարակության մեջ. նրա վրա նայում են որպես չբերք կովի վրա: Գյուղացին շատ անգամ պարծենում է իր որդիների բազմությունով, որպես իր կապիտալով: Եվ որքան ավելի աճում է կնոջ զավակների թիվը, այնքան նա կշիռ և իրավասություն է ստանում ընտանիքի մեջ. «Ես տասն տղամարդի մայր եմ» — լսվում է շատ անգամ նրա բերանից: Բայց ափսո՛ս, որ երեխաների չափազանց մահացությունը, որ առաջ է գալիս վատ պահպանելուց, չեն բախտավորացնում ամեն մայրերին:

Մայրն ինքն է ծիծ տալիս զավակին, իսկ եթե նա տկար էր, կամ կաթը պակաս էր, օգնում են հարևան կնիկները: Ծնելուց հետո մայրը մինչև քառասուն օր ցերեկով իր օթևանից ոտքը դուրս չէ դնում, «արևի երես չէ տեսնում», այլ «քառասունք» է պահում: Նա դուրս է գալիս, երբ արեգակը մայր է մտնում, մութը բավական պատում է, այն ժամանակ կտուրի վրա կամ բակումը կարող է ման գալ, բայց հարևանի տունը գնալ չէ կարող: «Քառասունքն» ունի խորհրդական նշանակություն ծննդաբերության վերաբերությամբ, որը կապված է զանազան սնահավատությունների հետ [1]: Բայց թեև դա մի կողմից վնասում է կնոջ առողջությանը, մինչև քառասուն օր փակված պահելով տան չորս պատերի մեջ, իսկ մյուս կողմից, բավական նպաստում է մորն ամրացնելու իր սպառված ուժերը և հեռու մնալու դաշտային ծանր աշխատություններից, որ կարող էին վնասել նրան ծնունդից հետո:

[1] «Քառասունքի» սովորությունը այժմ շատ տեղերում անհետանալու վրա է։

«Աղջկա երեսը պինդ կլինի, — ասում է գյուղացին, — նրան եթե ջրաղացի քարի տակն էլ գցես, էլի ողջ դուրս կգա»: Այս պատճառով նրան համարյա թե թողնում են բախտի կամքին: Աղջկա խնամատարությունը սկսյալ ծնունդից այն չէ, ինչ որ տղաներինը: Նրան շատ անգամ ձգում են տանը բոլորովին մենակ, կապած օրորոցի մեջ. մայրը չէ վեր առնում իր հետ, որ չխանգարեր դաշտային գործերում, ողորմելին ամբողջ օրը ճչում է, աղաղակում է, մինչև ձայնը իսպառ կտրվում է: Խիստ սակավ է պատահում, որ հարևանի կինը նրան օգնության հասներ: Պատահում է ևս, որ փոքրիկ երեխան օրորոց էլ չունի, նրան թողեցին տանը քնած մի շորի կտորի վրա, հանկարծ նա զարթնում է և լաց է լինում. մայրը չկա. նա սկսում է սողալ հատակի վրա, կարծես թե փնտրելու մորը, և այսպես հասնում է թոնրի մոտ, մի շարժում բավական է, որ նա ընկնի այդ կրակի խորի մեջ… Ինձ շատ անգամ է պատահել տեսնել գյուղերում կիսով չափ խորոված երեխաներ, կամ չափահասներ, որոնց երեսի և ձեռների վրա դեռ երևում են վերքի նշանները. երբ հարցնում ես պատճառը, պատասխանում են, թե երեխայությանս ժամանակ ընկել եմ թոնիրի մեջ: Ընկնողները մեծ մասամբ ածուխ են դառնում: Բայց աղջկա մահը, ինչ կերպով և հասնելու լիներ, պատճառում է ծնողներին ներքին բավականություն: Ավելորդ բեռը հեռացվում է ընտանիքից:

Երբ երեխան մեկ տարին լրացնում է, մայրը նրան իր հետ է առնում, երբ պետք էր գնալ դուրսը գործելու: Այդ նրան շատ զվարճացնում է: Նստած մի ծառի ներքո, դալար խոտերի վրա, նա հանդարտ և հետաքրքիր աչիկներով նայում է մոր աշխատությանը: Շատ անգամ անձրևը և կարկուտը պատահում են նրան նույն դրության մեջ, և փոքրիկ գեղջկուհին երեխայությունից սկսում է սովորել եղանակների խստություններին: Ամեն անգամ, երբ լաց է լինում նա, մայրը աշխատում է հանգստացնել ապտակներով: Մի անգամ ես առիթ ունեցա հարցնել մորից, որ սաստիկ ծեծում էր երեխային, անդադար կրկնելով` «սո՛ւս», «սո՛ւս», թե ինչո՞ւ է այնպես վարվում: Նա բավական սառնասրտությամբ պատասխանեց, «ծեծում եմ, որ ձենը կտրի»: Թեև ցավի սաստկությունից նա ավելի լաց էր լինում, ավելի ճիչ էր բարձրացնում, բայց մայրը չէր ուզում հասկանալ, թե ինքն է պատճառը: Բայց աղջիկը շուտով է հաշտվում իր վիճակի հետ. նա մանկությունից հասկանում է. թե ինքն իրավունք չունի պահանջել, որ իր հետ մեղմ լինեին, քաղցրությամբ վարվեին, որովհետև նա աղջիկ է:

Երբ փոքրիկ գեղջկուհին սկսում է ոտքի վրա կանգնել, ման գալ, մայրը այլևս չէ նայում նրա վրա. «նա իր գլուխը կպահե», — ասում են և թույլ են տալիս մենակ տնից դուրս գալ և գյուղական երեխաների հետ խաղալ փոշիների և ցեխերի մեջ: Փույթ չէ, եթե ամբողջ օրը նա չէր վերադառնա, նրան մինչև անգամ մոռանում են, և ուրախ են, որ տանը մոր գործերը չէր խանգարում: Իսկ 4-5 տարեկան հասակում նրան արգելում են տղաների հետ խաղալ: Գյուղերում շատ անգամ պատահում են բոլորովին մերկ երեխաներ, որ թափառում են փողոցներում արեգակի այրող ճառագայթների ներքո, կամ թավալվում են ճահիճների ու մորուտների (лужа) մեջ. բայց նրանց թվում հազիվ թե կարելի է մի աղջիկ տեսնել նույն դրության մեջ: Սեռական խտրությունները, սկսյալ մանկությունից, սովորեցնում են փոքրիկ աղջիկներին տղաների մոտ արձակ չլինել: Ո՞վ չէ տեսել Թիֆլիսում, Սաղի վրա, մալականի աղջիկները և կնիկները, տղամարդերի հետ խառն, բազմության աչքի առջև, լողանում են Կուր գետի մեջ: Բայց մեր գյուղերում անկարելի է տեսնել, որ մինչև անգամ 4-5 տարեկան աղջիկներն իրանց հասակակից տղաների հետ լողանային առվակների մեջ: Աղջիկները լողանում են իրանց սեռակիցների հետ և ընտրում են առհասարակ ծածուկ տեղեր, կամ երբ մութը բավական պատել էր երկրի վրա: Տղաները, թեև ավելի սիրվում են ծնողներից, բայց միշտ կտեսնեք նրանց կիսամերկ, կեղտոտ և պատառոտած շորերով: Բայց աղջիկը, չնայելով իր ստոր նշանակությանը, համեմատաբար ավելի մաքուր հագնված է լինում, նրա վրա մերկություն չէ նշմարվում. այս դեպքում ծնողները նրան չեն զրկում:

Աղջիկն արդեն յոթ-ութ տարեկան է. հասել է ժամանակը, որ պետք է մի բան սովորի: Դժբախտաբար մեր գյուղերում դեռ չկան աղջկանց դպրոցներ և եղածներն այնքան փոքրաթիվ են, որ պետք է բացառություն համարել: Նրանց ուղարկում են շատ գյուղերում մի տեսակ կանանց մոտ, որ կոչվում են «ուստա» (վարպետ), որոնք վարժուհու պաշտոն են կատարում: Վարժուհու մոտ օրվա մեծ մասը աշակերտուհիները զբաղված են լինում նրա տնային գործերով. դա մի կողմից վարժեցնում է նրանց տնտեսության մեջ: Երբ գործերը վերջացել էին, վարպետուհին նստեցնում է նրանց իր բոլորտիքը և սովորեցնում է կարել, հյուսել և ուրիշ ձեռագործություններ: Կարդալ նրա մոտ չեն սովորում, որովհետև խիստ հազիվ է պատահում, որ այդ տեսակ վարժուհիները գրագետ լինեին: Վարպետուհին և դաստիարակի պաշտոն է կատարում, ծեծում է և պատժում է իր սանիկներին, երբ նկատում է մի անկարգություն: Ամեն մի այսպիսի վարժուհու մոտ հավաքված են լինում հինգից միչև տասն կամ ավելի աշակերտուհիներ, որոնց ծնողներից ստանում է նա իբրև վարձ տոն օրերում զանազան ընծաներ: Այստեղ աղջիկը պատրաստում է այն բոլոր հագուստները և ուրիշ ձեռագործները, որ պսակվելու ժամանակ պետք է օժիտը կազմեին: Եվ այս պատճառով վարժուհին ստանում է առանձին պարգև փեսայի կողմից, երբ հարսանիքի ժամանակ նորահարսի ձեռագործները հանդեսի էին տրվում և կնիկներից հավանություն էին գտնում: Վարժուհիները լինում են ըստ մեծի մասին փորձված և հասակ առած կանայք. նրանք շատ անգամ գործելու միջոցին իրանց սանիկների ուշադրությունը զբաղեցնում են հեքիաթներով, առակներով և առածներով. իսկ երբեմն բացատրում են աշակերտուհիներին զբաղեցնող երևույթները, կամ մեկնում են երազներ: Այս շկոլայից նրանց գլուխները լեցվում են անթիվ նախապաշարմունքներով: Աղջիկները երթևեկում են վարժուհու մոտ մինչև իրանց մարդի գնալը: Պատահում է, որ աղջիկներին վարժուհու մոտ չեն ուղարկում. նրանք սովորում են տանը կամ մոր և կամ հարսներից մեկի դաստիարակության ներքո և կամ ոչինչ չեն սովորում:

Չէ կարելի մի քանի խոսք չասել գյուղական օրիորդաց դպրոցների մասին. նրանց երկու տեսակի կարելի է բաժանել. մեկը շատ չէ զանազանվում մեր վերոհիշյալ վարպետուհու դպրոցից, մի կին, որ հազիվ գիտե գրել-կարդալ, հավաքում է իր մոտ աղջիկներ և սկսում է ուսում տալ. նրանք նստած են լինում հատակի վրա, նույնպես շարված վարժուհու բոլորտիքը, կամ խոսում են, կամ կարդում են: Մյուսը, որ կոչում ենք կանոնավոր դպրոց, ուր աշակերտուհիները երկար նստարանների վրա են սովորում, կավիճով են գրում, ուր վարժուհին միայն հսկող է, իսկ դաս են տալիս վարժապետները — այսպիսի դպրոցներ մի քանի գյուղերում միայն կարելի է գտնել: Առհասարակ գյուղացին նայում է դպրոցին որպես մի անբարոյականացնող հիմնարկության վրա: Այս կարծիքին պատճառ է տվել նախ ընտանեկան փակ կյանքը, որ չէ ներում հասակ առած աղջկան հրապարակ հանել, երկրորդ, դպրոցում սովորած աղջկա անմիաբանությունն ընտանիքի նահապետական պայմանների հետ, իսկ երրորդ, դպրոցների վատ կազմակերպությունը և մասամբ վարժապետների գայթակղեցուցիչ վարքը: Ոչինչ այնպես չէ կոտրում մի լավ հիմնարկության նշանակությունը ռամկի աչքում, որպես նրա մեջ գործողների չար օրինակը: Գյուղացին իր աղջիկը տալիս է դպրոցը շատ փոքր հասակում, այսինքն այն հասակում, որ նրան կարելի է ամեն մարդու մոտ թողնել: Բայց հենց որ աղջկա կուրծքը բարձրանում է, նա 12-13 տարեկան է դառնում, իսկույն դուրս է բերում, ամենևին չնայելով թե ոչինչ չէ սովորել: Նա սովորում է, իրավ, մասնավոր գրել կարդալ, որը հոր տունը դառնալուց հետո անգործածությունից համարյա մոռանում է: Խիստ սակավ են այն դպրոցները, ուր ուսուցանում են հաշվել, աշխարհագրություն և քրիստոնեական վարդապետություն: Մեր գյուղական դպրոցների անբավականացուցիչ վիճակը գլխավորապես այն բանի մեջ պետք է որոնել, որ թե աշակերտները և թե աշակերտուհիքը երկար չեն մնում դպրոցում: Վերջիններին, այսինքն աշակերտուհիներին շուտ դուրս տանելու պատճառը հայտնի է, բայց տղաներինը բոլորովին այլ է, ծնողքը կամենում են օգուտ քաղել նրանց աշխատությունից իրանց գյուղատնտեսական գործերում, և այս պատճառով տարվա այն եղանակներում, երբ դաշտումը աշխատություն կա, մանուկներին չեն թողնում դպրոցում: Նա սովորում է գլխավորապես ձմեռը, և տարվա մնացած ժամանակում սովորածը մոռանում է:

Աղջիկից շատ գործ չէ պահանջում գյուղացին, միայն մտածում է շուտ մարդու տալ: Եթե դպրոցը նպատակահարմար լիներ, գյուղացին կցանկանար, որ իր զավակն այնտեղ պահվեր մինչև պսակվելը: Նա կթողներ աղջկան դպրոցում, որպես մինչև մարդու գնալը թողնում է վերև հիշած վարպետուհու մոտ, և բնավ կասկած չէր ունենա, թե իր զավակը կփչանա այնտեղ: Բայց ինչ պետք է արած, որ աղջկանց դպրոցները նպատակահարմար լինեին: Իմ կարծիքով կրթության գործի մեջ պետք է ի նկատի ունենալ ժողովրդի սովորությունները, քանի որ ժողովուրդը դեռ անպատշաճ է համարում իր աղջկա վիճակը տղամարդ-վարժապետի ձեռքը հանձնել, քանի որ այս վերջինն այնքան անընդունակ է, որ իր ազնվությամբ չէ կարողանում ռամկի վստահությունը շահել. մնում է մի հնար գյուղացի աղջիկներին դպրոցի հետ կապելու, այն է, որ փոխանակ տղամարդերի, կանայք լինեին նրանց ուսուցիչները: Ես այդ փորձով գիտեմ, որ կանանց մոտ գյուղացի աղջիկներն ավելի լավ են սովորում և ավելի ազատ են զգում իրանց, մինչդեռ տղամարդերի մոտ սեղմված են և անհամարձակ, մանավանդ կոշտ-կոպիտ մեր «խալիֆայների» մոտ, որ պատժական քանոնը ձեռքից չեն գցում, չնայելով, որ քնքուշ սեռի հետ գործ ունեն: Ես դեռ մի օրիորդաց դպրոց եմ ճանաչում, ուր նախակրթարանի մեջ միայն աղջիկները տղաների հետ խառն են սովորում, բայց բարձր դասարաններում բաժանվում են: Ցանկալի կլիներ, որ բոլոր գյուղական դպրոցներում աղջիկները և տղաները միասին սովորեին. դա երկու օգուտ կունենար: Առաջինը, որ ժողովուրդը փոխանակ երկու դպրոցների կպահեր մեկը միայն և ազատ կմնար ավելորդ ծախսերից, իսկ երկրորդը, աղջիկները և տղաները միասին սովորելով, կընտելանային միմյանց, այսպիսով կկազմվեր նրանց մեջ քույր-եղբայրությունը, կլինեին մեկ ընտանիքի-դպրոցի զավակներ, և դա միայն կարող է փշրել մեր մեջ տիրող հին նախապաշարմունքի կապանքը, որ աղջկանից պատրաստում է կանանոցի գերի և խլում է նրանց տղամարդի հասարակությունից: Եվ այս տեսակ խառն երկսեռ դպրոցներն ավելի լավ կլիներ, որ կանանց ձեռքը հանձնվեին: Մեր գյուղերում բարոյականության դեմ ամենևին վտանգ չէ կարելի սպասել դպրոցների հիշյալ կազմակերպությունից, որովհետև թե՛ աշակերտները և թե՛ աշակերտուհիները շատ փոքրիկներ են լինում, բացի դրանից, գյուղական երեխաներն ավելի անմեղ և համեստ են լինում, քան թե քաղաքացիները:

Խոսենք այն ժամանակի մասին, երբ ծնողքը փոքրիկ աղջկան դուրս են տանում դպրոցից, կամ վերև հիշած վարժապետուհու տնից: Դա նրա հասակի փոթորկային ժամանակն է: Աղջիկն այժմ 13-14 տարեկան է: Այդ տարիներում հասունանում է նա և մենակ տնից դուրս չեն թողնում: Նա գնում է այգին, պարտեզը, դաշտը մոր հետ միասին, կամ տան հարսներից մեկի հետ: Միշտ երկու հսկող աչքեր անպակաս են նրա մոտից: Նա գնում է աղբյուրից ջուր բերելու հարևանների աղջիկների հետ. մի քանիսը միայն հավաքվում են և խումբ են կազմում, դրա համար որոշված են վաղ առավոտյան և երեկոյան պահերը, երբ փողոցները դատարկ էին մարդիկներից: Հսկողությունը թեև կատարվում է խստությամբ, բայց աղջիկը չէ նեղանում, և ոչ կարող է երևակայել, թե դա անվայելուչ էր: Նա այնպես համոզված է, թե այլ կերպ լինել անկարելի էր, թե իր հասակում անպատշաճ էր աղջկան մինակ տնից դուրս գալ կամ հեռու տեղ գնալ, և անտրտունջ խոնարհվում է սովորության առջև: Աղջիկը միշտ իրան այն դալար ծառի դրության մեջ է զգում, որ առանց նեցուկի իսկույն ցած կընկներ:

Բայց կան գյուղեր, ուր համեմատաբար արձակ է կյանքը, այսու ամենայնիվ չենք տեսնի հասակ առած աղջկան մինակ դաշտումը, բացառությունները շատ աննշան են:

Իսկ ինչ որ վերաբերում է ընտանեկան կրթությանը, նա միանգամայն պայմանավորվում է աղջկա ապագայի հետ — նրանց նախապատրաստում են մի կրավորական էակ, որպիսին պետք էր մի նահապետական գերդաստանի անդամ լինելու համար: Հնազանդությունը, լռությունը, ամոթխածությունը և պարկեշտությունը նրա վարքի անպայման օրենքներն են: Նա տնեցիների հետ շատ սակավ է խոսում, իսկ օտարների հետ ամենևին չէ խոսում: «Այնքան լավ աղջիկ է, որ միսը կտրես, ձայն չի հանի» — դա ամենամեծ գովասանքն է նրա բարքի մասին: Բոլորովին չինեյական տպավորություն է գործում, երբ հանդիպում ես գյուղացի աղջկան մինակ կամ մոր հետ փողոցում գնալիս, նա աչքերը գցած ունի դեպի գետին, մարդի երեսին ուղիղ չէ նայում, այլ մի կողմ է քաշվում, կանգնում է, խորին կերպով գլուխ է տալիս, և սպասում է մինչև տղամարդն անցնի: Փույթ չէ, եթե նա անծանոթ մարդ լիներ: Այսպես վարվում են և ամենափոքրիկները և հասակավոր կնիկները: Մի գյուղում ինձ պատմեցին, թե աղջիկներն ու կնիկներն առաջ ավելի համեստ էին, երբ փողոցում տղամարդիկ հանդիպում էին, բացի գլուխ տալը, մոտենում էին և նրա ձեռքը համբուրում էին: Այդ արդեն չափից դուրս է, որ մեր պարտավորությունը նրանք կատարեին:

Աղջիկից շատ սակավ են պահանջում դրսի գործերը, նա ավելի աշխատում է տնային տնտեսության մեջ, կամ որպես ասում են, պտտվում է «օջախի» չորս կողմը: Այդ բանի մեջ նա հլու սպասուհի է. նրան միայն հրամայում են «այս բե՛ր» և «այն տա՛ր». իսկ միջամտություն գործել կերակուրների պատրաստության մեջ, նա չէ կարող, այդ իրավունքը պատկանում է հասակավոր կնիկներին: Գյուղական խոհանոցի ցուցակը բավական ընդարձակ է, քան թե առհասարակ լինում է գյուղերում. բոլոր ուտիսվա կերակուրներն ունեն իրանց համապատասխանող պասվա կերակուրները: Կանոնավոր տնտեսությունը բավական զարգացած է մեր գյուղերում, և գյուղացին, երբ կարողությունը ներում է, երբեք իր ընտանիքը կամ իր հյուրերին չէ զրկում ճոխ սեղանից, թեև նա միշտ մնում է խնայող: Տնտեսությունից շատ բան է սովորում աղջիկն ընտանիքի մեջ նկատողական կերպով, և երբեմն նրան թույլ են տալիս պրակտիկաներ անել: Եթե նա եղել է դպրոցում, հոր տունը դառնալուց հետո գրքերը ծալում է և մի կողմ է դնում, բայց կարը, ձևը, հյուսելը նա շարունակում է ավելի եռանդով:

Ես դառնում եմ դեպի բարոյականությունը: Երբ աղջկա հասակը տասնից անցնում է, նա սկսում է իր վրա մտածել, երբ տնից դուրս է գալիս` մազերը սանրված են լինում, աչքերը սուրմայած, նա բավական մաքուր հագնված և լվացված է լինում: Բայց անձնատուր լինել կրքերի, նա երբեք չէ կարող: Կյանքը սաստիկ անազատ է: Աղջիկը կամ միշտ տանն է լինում, կամ եթե թույլ են տալիս դուրս գալ, նա առանց հսկողության չէ: Այսպիսի պայմաններում, հասկանալի է, որ նա միջոց չի ունենա տղաների հետ արձակ հարաբերություններ ունենալ: Ուրիշ ազգերի գյուղերում այսպես չէ. օրինակ, ռուսների մեջ հասակ առած աղջիկները կատարում են շատ դաշտային գործեր. նրանք գնում են խոտհունձ, գնում են արտը խուրձեր հահաքելու, անտառում մինակ սունկ են հավաքում, արածացնում են կովեր և հորթեր, և արձակ դաշտերի կամ անտառների թաքստյան խուլ տեղերում միշտ հանդիպում են տղաների:
Մեր գյուղերում այսպես չէ: Ընտանեկան խիստ պայմաններն աղջկան երկաթի վանդակի մեջ են պահում: Նա սիրո վրա մտածելու ոչ ժամանակ ունի և ոչ կարող է: Թեև հասակը և բնազդումը շատ բան ուսուցել են նրան, բայց նա խեղդում է իր կրքերը սրտի մեջ: Լինում են խիստ հազիվ դեպքեր, որ աղջիկը զոհ է դառնում կրքերի, և եթե նա մայր էր, իր նախատինքը թաքցնում է ինքնասպանությամբ: Իրան թունավորելը կամ խեղդամահ լինելը հասակ առած աղջիկների մեջ պատահում է երբեմն:

Կյանքի պայմանները չեն մոտեցնում տղաներին և աղջիկներին մեկ մեկու հետ: Մեր գյուղերում չէ կարելի տեսնել, որ հասակ առած աղջիկներ խառն տղաների հետ խաղային փողոցներում կամ հրապարակների վրա, և կամ նստած միասին, գյուղական սովորության համեմատ, խոսակցեին տան դռների առջև: Աղջիկները միշտ խաղում են իրանց սեռակիցների հետ, այն ևս ծածուկ տեղերում, հեռու տղամարդի աչքից: Եկեղեցին, որ պիտի միացներ նրանց, ենթարկվում է ընտանիքի սովորության պայմաններին, տղամարդերի և կանանց տեղերը որոշված են: Թողյալ այդ, եկեղեցին հաճախում են պառավները միայն, իսկ աղջիկները և մանկահասակ կիները գյուղերում եկեղեցին գնում են տարվա մեջ մի քանի անգամ միայն, այսինքն` զատկին, երբ պետք էր հաղորդվել: Ուրիշ հասարակական հանդեսներ չկան: Երկու դեպքում միայն աղջիկները և տղաները կարող են տեսնել միմյանց, մեկը հարսանիքներում, մյուսը, եկեղեցիների տոնախմբության, կամ ուխտագնացությունների ժամանակ: Երկուսն էլ շատ նման են միմյանց` թե հարսանիքը և թե եկեղեցու տոնախմբությունը: Ածում են, երգում են, պար են գալիս — կյանքը փոքր ինչ արձակ շրջանակի մեջ է մտնում: Բայց այդ դեպքերում ևս աղջիկը դարձյալ ազատ չէ. նա կարող է պար բռնել, երգել միայն իր ազգականների կամ մերձավոր բարեկամների հետ: Աղջիկն այն ազատությունն է վայելում միայն, որ դեռ կին չդարձած, նրա երեսը չէ ծածկվում քողով, նրա աչքերը բաց են, կարող է նայել մեկի վրա, և կարող են ուրիշները տեսնել նրա դեմքը: Այդ հնար է տալիս տղային գողանալ նրա դեմքից մի ծածուկ հայացք, մի ժպիտ… և իսկույն կազմվում է լուռ սիրահարությունը, թեև խիստ սակավ է պատահում, որ նրանք այնուհետև բախտ ունենային մյուս անգամ հանդիպել միմյանց, կամ պսակվել:

Վեպերում կարելի է տեսնել մեր գյուղական աղջիկների սիրահարությունները, բայց կյանքի մեջ դա սակավ է պատահում: Եվ եթե լինում են դեպքեր, գործը վերջանում է առևանգությունով, այսինքն տղայի` աղջկան հոր տնից գողանալով, և առանց ծնողների կամքի, պսակվելով: Այսպիսի հանգամանքներում ժողովրդական ռոմանտիզմը խիստ խստությամբ է վերաբերվում դեպի սերը. — սիրահարների վարքը կծու պարսավներով երգվում է ժողովրդի բերանում:

Գյուղերում ամուսնությունները կատարվում են հաշիվներով: Պսակվողների բախտը կարգադրում են ծնողները, որպես ցանկանում են: Աղջկա և տղայի զգացմունքը տեղիք չունի գործի մեջ: Պսակները լինում են միշտ հավասարը հավասարի հետ (կարողության կողմից) և ավելի աղջկա ծնողքը աշխատում են, որ իրանց զավակը մեծ տան հարս լինի: Այսուամենայնիվ, այդ ցանկությունը մնում է լուռ, ամոթ կհամարվեր, եթե աղջկա ընտանիքի կողմից առաջարկություն լիներ: Բանակցությունն սկսվում է փեսայի հոր կողմից զանազան պատգամավորների միջոցով, և աղջկա հայրը մինչև համաձայնելը իրանից բավական խնդրել է տալիս: Ամուսնությունները կատարվում են առհասարակ մինչև 15 տարեկան հասակը: Գյուղերում հազիվ կարելի է տեսնել 18-20 տարեկան աղջիկներ, և եթե կային այսպիսիներ, անպատճառ նրանք խուլ ու մունջեր են, կամ խելագարներ: Առհասարակ գյուղացին աղջկան երկար չէ պահում, աշխատում է շուտ ազատվել նրանից, որ իրան շատ զբաղեցնում է: «Աղջիկը այն տեսակ պտուղ է, որ հասնելու ժամանակ փչանում է», — ասում է գյուղական առածը:

Որովհետև ամուսնությունները միշտ հաշիվներով են լինում, այս պատճառով շատ անգամ պատահում են խիստ տարապայման պսակներ: Օրինակ, աղջկա հայրը մի «լավ» փեսա չկորցնելու համար իր 5-6 տարեկան երեխան տալիս է մի չափահաս մարդու, կամ ընդհակառակն, իր 15 տարեկան աղջիկը ամուսնացնում է մի 4 տարեկան տղայի հետ: Եվ մեր գյուղական քահանաները միշտ պատրաստ են մի քանի ապասով այսպիսի պսակներ անել: Երբեմն նշանում են աղջկան, երբ նա դեռ օրորոցումն էր, դա կոչվում է, թուրքերեն բառով «բեշիկքասմա»` այսինքն օրորոցում կտրած կամ վերջացրած: Դուք չեք զարմանա, եթե ասեմ, որ երբեմն աղջկան նշանում են, երբ նա մոր արգանդից դեռ լույս աշխարհ չէր մտել: Փեսայի հայրը ուխտ է դնում աղջկա հոր հետ, ասելով «եթե քո կինը աղջիկ ծնե, նա պետք է իմ որդու հարսը լինի»: Շատ անգամ երկու ընտանիքների մեջ հին տոհմային թշնամությունները վերջանում են միմյանց աղջիկ տալով կամ առնելով [2]:

[2] Մի ծերունի Սյունյաց երկրից պատմում էր, թե ինքը տեսել է, որ Ղարաբաղի գյուղերում աղջիկներին մի ժամանակ պսակում էին գդակի վրա։ Ինձ ծիծաղելի երևաց այդ խոսքը։ Բայց երբ նա բացատրեց պատճառը, ես համոզվեցա թե կարող էր այսպես լինել։ Պարսիկների բռնակալության ժամանակ, երբ խաները առևանգում էին Հայոց աղջիկներին, որը գեղեցիկ էր, ծնողները շտապում էին նրանց շուտով պսակել տալ մի տղայի հետ, որովհետև ամուսնացած կնոջը չէին հափշտակում, այլ իրանց հարեմի համար ընտրում էին միայն կույս աղջիկներ։ Պատահում էր, այն տղան, որի հետ կամենում էին պսակել աղջկան, գտնվում էր հեռու գյուղում, կամ պանդխտության մեջ, պսակի խորհրդին ներկա լինել չէր կարող։ Այն ժամանակ փեսան իր փոխարեն ուղարկում էր իր գդակը, որը ձողի գլխին ցցելով, հարսի հետ տանում էին եկեղեցի և կատարում էին ամուսնության խորհուրդը։ Այդ բանը, առաջ գալով դեպքերի ստիպմունքից, հետզհետե սովորությունների կարգն անցավ։ Ռամկի մեջ առհասարակ գդակը գլխի կամ անձնավորության նշանակություն ունի. – «Գդակդ քեզ հարամ ըլի», «գդակդ թաղեմ», «գդակդ արնով տեսնեմ» – այդ անեծքները սովորական էին գյուղացիների մեջ։ Ինձ պատահել է տեսնել գյուղական խնջույքներում, երբ կոչնականներից մեկը դուրս էր գնում, գդակը դնում էր նստած տեղը, որ մյուսները երևակայեն, թե նա ներկա էր։ Մարդուն ամեն մի պատկանող իրը՝ նրա անձնավորության տեղ ընդունելու շատ օրինակներ կան։ Տեսնում ես, մի գյուղացի իր ծառային կամ որդուն ուղարկում է մի ուրիշ գյուղացու մոտ գործով. պատգամավորը հայտնում է նրա կամքը, ավելացնելով. «Եթե չես հավատում, տե՛ս հորս միրուքի սանդրը»։ Շատերը սանդրի փոխարեն ուղարկում են միրուքից մի մազ։

 Երբ աղջիկն այսպիսի նյութական հաշիվների առարկա է դառնում, շատ հասկանալի է, թե նա որպիսի բախտի կհանդիպի, կամ ինչ կլինի նրա դրությունը ամուսնությունից հետո: Ես ինքս վկա եմ եղել մի եղեռնագործության, որ կատարվեցավ մի գյուղում. մի հասակ առած աղջիկ տվել էին մի փոքրիկ տղայի, որ մի հարուստ տան միակ ժառանգն էր: Աղջիկը մի գիշեր անկողնի մեջ խեղդում է նրան: Բժիշկները քննելով աղջկան, գտան նրա մեջ խելագարության նշաններ, որ առաջ էին եկել սեռական բորբոքումից ուղեղի վրա:

Աղջիկներն առհասարակ վաղ են մարդու գնում և այդ գլխավորապես պահպանում է նրանց բարքի ապականությունից: Օժիտի սովորությունը դեռ մտած չլինելով մեր գյուղերում, բավական հեշտացնում է ծնողներին կատարել իրանց ցանկությունր, աղջիկներին շուտով ամուսնացնելու: Շատ տեղերում դեռ մնացել է այն հին սովորությունը, որ աղջկա հայրը փոխանակ ինքը տալու, ստանում է փեսայի հորից փող կամ ուրիշ մթերք: Դրա մեջ շատերը տեսնում են մի բարբարոսական առևտուր, իբր թե հայրը վաճառում է իր զավակը: Բայց այդպես չէ: Փեսայի հորից ստացածը ծախսում է աղջկա հայրը, գնում է զանազան հագուստներ և կարասիք, որը իր հետն է տանում նորահարսը դարձյալ փեսայի տունը: Աղջկա հայրը ոչինչ չէ շահում, գուցե մի բան էլ ավելի իր քսակից է դնում: Առհասարակ ամուսնությունը, որպես մի նշանավոր պայման ընկերական կյանքի, արտահայտվում է մեր ռամկի մեջ այնպիսի ձևերով, որ ցույց են տալիս նրա խորին հասարակական նշանակությունը: Ժողովուրդը համարում է նրան ընդհանուրի գործ, և այդ դեպքում երևան է գալիս մինը մյուսին օգնելու փոխադարձ համերաշխությունը: Ես կպարզեմ այդ ավելի որոշ կերպով: Գյուղական հարսանիքները կատարվում են ձմեռը, երբ գինին հասունանում է, երբ գյուղացիք անգործ են և կարող են ազատ կերպով զվարճանալ: Հարսանիքները հին սովորության համեմատ տևում են յոթն օր յոթը գիշեր. այժմ թեև թեթևացել են, բայց դարձյալ ծանր են, առավելապես աղքատների համար: Մի քանի օր գյուղի ամբողջ հասարակությունն ուտում, խմում և քեֆ է անում հարսանիքի տանը: Հարսանիքի հանդիսակատարությունը կապված է բազմաթիվ ծեսերի և արարողությունների հետ: Ամոթ է համարվում, եթե մեկը հետ կմնար հասարակաց սովորությունից: Եվ սովորության հետևելը կարող էր պատճառել կատարյալ չքավորություն, եթե հասարակությունը չօգներ: Եվ ահա ի՛նչ է լինում. աղջկա հայրը, որպես հիշեցի, այնքան ստանում է փեսայի հորից, որ համարյա ծածկում է իր ծախսերը, իսկ փեսայի հայրը ստանում է նվերներ ըստ մեծի մասին փողով իր դրացիներից, որ ընծայվում են հարսի անունով: Դրանով նա ազատվում է հարսանիքի ծախսերից և այսպիսով մի զույգ պսակվում են հասարակության փողով, թեև փողը ստացվում է կողմնակի կերպով:

Կին լինելուց հետո աղջիկն իր ազատությունը բոլորովին կորցնում է: Հոր տանը թեև նույնպես ճնշված էր, բայց դարձյալ ուրախ էր, որովհետև յուրայինների մոտ էր գտնվում: Այժմ ընկել է նա մի անծանոթ շրջանի մեջ, ուր ամեն ինչ նրան օտար է: Նույնիսկ փեսային նա նոր է տեսնում և տեսնում է միայն գիշերով: Հոր տան ճնշումներն այստեղ ավելի բարդվում և բաղադրյալ են դառնում: Այնտեղ նա իրավունք չուներ միայն օտարների հետ խոսելու, իսկ այստեղ չէ կարող ոչ ոքի հետ խոսել: Իր փեսայի հետ նա խոսում է գաղտնի, երբ մի երրորդ անձն ներկա չէր, իսկ ընտանիքի մյուս անդամների հետ (բացի երեխաներից) խոսում է պոնտոմիմայով: Հոր տանը նրա երեսը բաց էր, կարող էր ազատ նայել դեպի Աստուծո աշխարհը, իսկ այստեղ նրա դեմքը ծածկված է թանձր կարմիր քողով, ոչ ոքի ցույց տալ չէ կարող, մինչև անգամ իր փեսային, եթե նրա մոտ մի օտար մարդ կար: Կնոջ համար ասել` «երեսը բացված կին է», գյուղացու լեզվում միևնույն նշանակությունն ունի, որպես ասել` լիրբ է, անզգամ է: Կնոջ այս «չխոսկանությունը» [3], այդ փորձությունը հին սովորությունների համեմատ շարունակվում էր յոթը տարի, երբ այդ շրջանն անցնում էր, հասակավոր կնիկները հաւաքվում էին և հանդիսավոր կերպով նրա «քողը փոխում էին», այսինքն կարմիր քողի փոխարեն ձգում էին նրա երեսի վրա սպիտակ, և այն օրից նա արտոնություն էր ստանում երեսը կիսով չափով բաց անել, և ընտանիքի մի քանի անդամների հետ խոսել, բայց ոչ սկեսուրի և սկեսրայրի հետ:

[3] Հունաստանում կար մի դպրոց, ուր աշակերտները մի որոշյալ ժամանակ պետք է միայն լուռ լսեին, խոսելու իրավունք չունեին։

Այժմ հիշյալ պաշտոնական ձևերը շատ տեղերում չեն կատարվում, այլ երբ կինը մի քանի զավակների մայր է դառնում, երբ նա իր մանկությունը անց է կացնում, այն ժամանակ կարմիր քողի փոխարեն սպիտակն է կրում, բերանը փոքր առ փոքր բաց է լինում, և կարողանում է իր դեմքը, եթե ոչ օտարներին, գոնյա իր մերձավոր բարեկամներին ցույց տալ: Կարճ ասած, կինը այն ժամանակ միայն հասարակության անդամ է դառնում (իր նեղ մտքով), երբ պառավում է:

Խոսելով հարսանիքի միայն տնտեսական կողմերի վրա, ես մոռացա մի բան: Առհասարակ գյուղական հարսանիքն այնքան հետաքրքիր խորհուրդներ ունի, որ պետք է նրա մասին մի փոքր մանրամասն խոսել, բայց դա իմ հետազոտության նպատակից դուրս լինելով, ես չեմ կարող լռել այն բանի մասին, որ վերաբերում է կին լինող աղջկա բարոյականությանը:

Ես կրկին վերադառնում եմ այն ժամանակին, երբ աղջիկը կին է դառնում: Հարսի մորը փոխարինում է սկեսուրը: Անձինքը փոխվում են, բայց դերերը մնում են միևնույնը: Սկեսուրը մայր է դառնում, այն զանազանությամբ միայն, որ նրա մեջ մայրական գութը բոլորովին բացակա է գտնվում: Դա ավելի խիստ է, ավելի պահանջող է և ավելի դիտող է: Ամբողջ օրը նա մրթմրթում է, նրան գոհացնել անփորձ հարսը երբեք չէ կարող: Պառավները դյուրագրգիռ են լինում, և նա միշտ բարկանում է: Ոսկրների հետ նրա մեջ քարացել է և սիրտը: Առավոտից մինչև կեսգիշեր հարսը պտտվում է սկեսրոջ շուրջը, նրա զանազան հրամանները կատարելով: Նա չէ կարող մի նշան անգամ ցույց տալ հոգնելու կամ դժգոհության: Ամբողջ օրը նա անց է կացնում ոտքի վրա, իսկ գիշերն իր անկողինն է մտնում, երբ ընտանիքի բոլոր անդամները քնած էին. նա պետք է ամենի տեղերը պատրաստե, ամենին հանգստացնե: Վաղ առավոտյան նա ոտքի վրա է, երբ բոլորը դեռ քնած էին: Սկեսուրը զարթնելով, անպատշաճ է, որ նրան անկողնի մեջ տեսնե: Նա այն աստիճան համբերող է լինում, որ շատ անգամ բավական ծանր հիվանդություններ տանում է ոտքի վրա, առանց պառկելու: Նա ոչ ոքին չէ հայտնում իր տկարության մասին, գուցե գիտե ամուսին այրը, բայց նա նույնպես լռում է: Հիվանդության պատճառով չգործելը` գյուղացի կնոջ մասին համարվում է ծուլության նշան: Ամուսին այրը չէ կարող պաշտպան հանդիսանալ կնոջ տանջանքները թեթևացնելու համար: Եվ միթե՞ նա կարող է հասկանալ, թե նրա կրածները տանջանք է. — այդ զգացմունքը չէ տված գյուղացի մարդուն. նա վարվում է կնոջ հետ նույն անգթությամբ, որպես իր վարող եզան կամ գոմեշի հետ:

Ամուսնության առաջին տարիներում հարսի գործունեությունն ավելի սահմանափակվում է տնային տնտեսության նեղ շրջանում, նրան խիստ սակավ են դուրս թողնում: Եթե նա այգին, պարտեզը կամ դաշտն է գնում, պառավ սկեսուրը կամ մեծ հարսներից մեկն իր հետն են լինում: Այսպիսի հանգամանքներում հասկանալի է մանկահասակ հարսի բարոյականությունը: Այս ասելով ես նպատակ չունեմ պաշտպանել այն միտքը, թե հարեմական դրությունը կարող էր բարոյականություն պահպանել: Բայց միևնույն ժամանակ պետք է նկատել, որ սիրահարությունների համար բավական ժամանակ և ազատություն հարկավոր է, որոնցից զուրկ է գյուղացի կինը: Հոգնած և միշտ աշխատող մարմինը հեշտասիրություն չէ զգում [4]:

[4] Բացի դրանից, ընտանիքը այնպիսի խիստ բարոյական և հաստատուն հիմունքների վրա է կազմված, որ կինը չէր կարող թեթև վարքի տեր լինել։

Գյուղերում կինն այնքան սեղմված է, որ ոչինչ ծածուկ չէ մնում: Կնոջ մի համարձակ նայվածքը, մի բառը օտար տղամարդի հետ, իսկույն բամբասանքի առարկա է դառնում: Ամուսնական անհավատարմությունը խիստ հազուագյուտ է գյուղերում, և եթե լինում են օրինակներ, պատժվում են մահով. խանդոտ տղամարդը ծածուկ կամ հայտնի սպանում է նրան, և հասարակաց կարծիքն արդարացնում է այդ եղեռնագործությունը: Իսկ եթե ամուսինը համբերում է կնոջ անառակությունը, նրա ընտանիքը դուրս է ձգվում գյուղական հասարակությունից: Դրանք զետեղվում են քաղաքներում: Պետք է հիշել և այն, որ գյուղացի կինը սիրել չգիտե. նա միշտ երկու ծայրերի վրա է կանգնում, կամ լինում է հասարակաց կին, կամ իր ամուսնի կինը — սիրականներ պահելու նա ոչ շնորհք և ոչ հարմարություն ունի: Նրա հարաբերություններն իր տղամարդի հետ նույնպես չէ կարելի ասել, թե սիրային բնավորություն ունեն. — որպես նրա ձեռքերը կոշտացել են աշխատության մեջ, այնպես էլ սիրտը կորցրել է իր զգայականությունը: Դուք չեք տեսնի գյուղացի կնկան, որ նա մինչև անգամ իր շատ մերձավոր բարեկամուհիների մոտ խոսեր ամուսնի վրա: Երբ նրա մասին խոսք է բացվում, կինը համարձակություն չունի նրա անունն անգամ բացարձակ կերպով արտասանելու, այլ միշտ գործ է ածում «նա» դերանունը, կամ այսպիսի խոսք «Ստեփանի հայրը», դրանով հասկանում են, որ իր մարդուն է ակնարկում, որովհետև Ստեփանը նրա որդին է:

Ես այժմ դառնում եմ դեպի կնոջ աշխատությունը, թե ինչով է օգնում նա տղամարդին գյուղատնտեսական գործերում: Նորահարսի աշխատություններն ավելի թեթև են լինում, համեմատելով հասակ առած կնիկների աշխատության հետ: Պառավ սկեսուրները նրանց շատ չեն նեղացնում դրսի գործերով և ավելի բանեցնում են տնային տնտեսության մեջ: Այդ առաջ է գալիս մասամբ այն սովորությունից, որ մանկահասակ հարսին իսկույն դուրս թողնելը կարող էր վնասակար ազդեցություն ունենալ նրա վարքի վրա: Այսուամենայնիվ, կանանց աշխատություններն ամեն տեղ միևնույնը չեն, նրանք փոխվում են, նայելով տեղային պահանջներին: Այն գյուղերում, ուր բամբակի մշակություն կա, օրինակ, Երևանի նահանգում, կնիկները բոլորովին խեղդված են աշխատություններով, բամբակի մշակության մեծ մասը նրանց վրա է, «քաղհան» են անում, հավաքում են հասունացած կոզակները, մաքրում են բամբակը կեղևից և կորիզներից, նրանից թել են մանում և այլն: Այն գյուղերում, ուր այգեգործությունը զարգացած է, կնիկները դարձյալ շատ գործ ունեն. պտուղներ հավաքելը, չորացնելը, խաղողի քաղելը, բոլորը նրանց գործն է: Ագարակային բերքերի, պարտեզների, բանջարանոցների մշակությունը նույնպես կնոջ գործ է: Կինը չէ մասնակցում միայն մանգաղի, բահի և արորի գործածության մեջ: Տեղերի հարմարության համեմատ կնոջ աշխատությունն ավելի բարդվում է և բազմատեսակ է դառնում: Մեր գյուղացին ծույլ չէ և ոչ տգետ, նա չէ բավականանում գյուղատնտեսության մի ճյուղովն միայն, երբ հող ունի և տեղային պայմանները ներում են, նա ընդարձակում է իր տնտեսությունը, միևնույն ժամանակ նա երկրագործ է, ցանում է ցորյան, գարի, կտավհատ, քունջութ, կանեփ, գերչակ և այլն, և միևնույն ժամանակ այգեգործ է, գինեգործ է, անասնապահ է, — այդ բոլորը ավելացնում են կնոջ աշխատությունը: Գյուղերում, ուր վարում են կիսախաշնարածական և կիսաերկրագործական կյանք, կնոջ աշխատությունն ավելի բարդվում է. անասունների դարմանելը համարյա նրա վրա է մնում: Նրանք կթում են կաթը, յուղ և պանիր են պատրաստում. նրանք խուզում են ոչխարները, բուրդից թել մանում, և իրանց ամուսինների համար հագուստ պատրաստում: Մի քանի տեղերում կինն արհեստագործում է գեղեցիկ գորգեր, կապերտներ և շալեր, որ վաճառականության նյութ է դառնում: Մեծ տարբերություն կա լեռնային և տափարակային տեղերի մեջ կնոջ թե կյանքի ձևերի և թե պարապմունքի վերաբերությամբ: Լեռնային սարեվանդների վրա կյանքը դեռ չէ փոխվել իր նախնական ձևերից. մարդը դեռ ավելի հովիվ է, քան հողագործ: Իսկ կինն ավելի մոտ է բնությանը: Այստեղ նա ապրում է կատարյալ նահապետական պարզության մեջ: Բայց դաշտային տեղերում, տափարակների վրա, կուլտուրայի ազդեցության ներքո, կնոջ աշխատությունը և կենցաղավարության եղանակը փոխվում են և ավելի բազմատեսակ են դառնում:

Առհասարակ խոսելով, գեղջկուհին շատ է գործում, բայց նա աշխատում է ոչ իբրև ստրկուհի, որին մտրակով վարում են դաշտը, այլ որպես ընտանիքի անդամ, որի հոգսերը նա բաժանում է: Նա գիտակցաբար է գործում, և այդ է, որ չէ հոգնեցնում նրան: Նա գիտե, որ ապրուստն աշխատություն է պահանջում, և չէ ցանկանում բոլորը ձգել տղամարդի վրա: Տնտեսության մեջ կնոջ և տղամարդի աշխատություններն այն աստիճան որոշված են, որ ամեն մինը ճանաչում է իր պարտավորությունը, և երբեք միմյանց չեն խանգարում, և ոչ հարստահարում: Կյանքը ընտանեկան խիստ պայմանների մեջ մշակել է որոշ օրենքներ և կանոններ, որ պահպանվում են սրբությամբ: Եվ եթե մենք ունենք այսօր գյուղացիներ, որ 50 և 100 հազարների տեր են, այդ պետք է որոնել նրանց տոկուն և անընդհատ աշխատության մեջ: Մեր գյուղացին ամբողջ տարին գործում է, մինչև անգամ տիրոջ հանգստյան օրերը նա չէ պահում: Ձմեռը միայն կարողանում է նրան քշել տան ծածկի տակ, բայց այստեղ ևս անգործ չէ մնում: Այսպիսի շարժուն գործունեությունը նրան ետ է պահում շատ մոլություններից և անձնատուր չէ լինում արաղի և արբեցության: Խնայողությունը, ապագայի հոգսը, որպես ամեն հայ մարդու, նույնպես և գյուղացու տնտեսության հատկանիշն է: Բայց զարմանալի տարբերություն է տեսնվում Վրաստանի հայ գյուղացիների և նրանց մեջ, որ մի ժամանակ պարսից տիրապետության ներքո են եղել. առաջինների մեջ նշմարվում է վրացու ծուլությունը և անհոգությունը, թեև համեմատաբար դարձյալ բարձր են վրացուց:

Ճորտությունը խլում է գյուղացուց աշխատության եռանդը, նրա ինքնագործունեությունը, և միևնույն ժամանակ փչացնում ընտանիքի բարոյականությունը: Ճորտությունը պատրաստում է գյուղացուց անասուն իր կատարյալ նշանակությամբ: Այդ նշանները դեռ մնում են թե վրացի և թե ռուս գյուղացու վրա: Բայց հայը ոչ մի ազգի տիրապետության ժամանակ ճորտ չէ եղել, և այդ է պատճառը, որ նա համեմատաբար ավելի շատ է զարգացել ինքնագործունեության մեջ: Մեր գյուղացի կինը գիտե արհեստագործել մինչև անգամ տնտեսական այն անհրաժեշտ պիտույքները, որ ուրիշ երկրներում ստացվում են գործարաններից, օրինակ, պանիր մակարդել, սապոն պատրաստել, մոմ թափել, միս ապխտել, մեղուներ խնամել և այլն: Նա ծանոթ է մի քանի ներկերի հետ, որ ստանում են հանքերից, արմատներից և բոյսերից: Նա ծանոթ է մի քանի բժշկական դեղերի և հնարների հետ, և հարկավորված ժամանակ ինքն է հոգ տանում զավակների հիվանդությանը: Բայց պետք չէ մոռանալ և այն, որ զանազան խուլ տեղերում, այսինքն ճանապարհների հաղորդակցությունից դուրս, տակավին հանդիպում են գյուղեր, որոնց մեջ կյանքը դեռ գտնվում է եթե չասենք իր նախնական վիճակի մեջ, բայց կրում է խորին նահապետական կերպարանք: Մարդիկ բնակվում են Քսենոփոնի նկարագրած գետնափորերի մեջ: Բայց դրանք այլևս գազաններ չեն. ուտում են հաց և մարմինները ծածկված են ըստ մեծի մասին իրանց ձեռքով արհեստագործած հագուստներով. շատերը նրանցից սեփականության տերեր են:

Այժմ ես դառնում եմ դեպի գեղջկուհու մտավոր զարգացումը: Ընթերցողը թող հիշէ այս հետազոտության սկզբում դրած փոքրիկ նկարագիրը, որ պատկերացնում էր գյուղական ընտանիքի կազմակերպությունը: Կինը հպատակում է տղամարդին անպայման հնազանդությամբ, իսկ ընտանիքի բոլոր անդամները խոնարհվում են գերդաստանի երեցների առջև: Կնոջ դերը բոլորովին կրավորական է, իսկ տղամարդինը — ներգործական: Այդ դեպքում հասկանալի է, որ կինը չէր կարող ազդող լինել և փափկացնել տղամարդի բարքի կոշտությունը: Տղամարդը միշտ իրան բարձր է դնում կնկանից, և միշտ այն համոզմունքն ունի, թե «կնկայ ծամը երկայն է, բայց խելքը — կարճ»: Տղամարդը կատարյալ տեր է, իսկ կինը հպատակ: Այսուամենայնիվ, նա չէ ծեծում կնկան. — ծեծը և կռիվն առաջ են գալիս ավելի այն ժամանակ, երբ կինը իրան հավասար աստիճանի մեջ է դնում տղամարդի հետ: Ընտանիքի կազմակերպությունը, որ ենթարկում է կնոջն անպայման հնազանդության, որ խլում է նրանից ամեն ազատություն, որ ստիպեցնում է կուրորեն հետևել բոլոր ընդունված ծեսերին և սովորություններին — մի այսպիսի խիստ միապետական կազմակերպությունը անկարելի է որ չհասցներ կնոջը միակողմանիության, անշարժության և վերջապես — բթամտության: Ավելացնենք աշխատությունը, անդադար և միակերպ աշխատությունը, որ շինում է կնկանից մի մեքենա, մի ողորմելի կրավորական էակ, — այն ժամանակ կպարզվի նրա մտավոր վիճակը: Ամեն մի կին իր մոր շարունակությունն է. նա անփոփոխ ավանդում է իր հաջորդին այն, ինչ որ ստացել էր մորից: Կնոջ խելքը և միտքը այսպիսի պայմաններում զարգանալ կարող չէ: Անընդհատ և դժնդակ աշխատությունը, բացի խելքից, չէր կարող չազդել գյուղացի կնոջ և մարմնական կազմվածքի վրա: Նա խիստ շուտով է կորցնում իր թարմությունը. դեռ երեսուն չհասած, նա արդեն պառավել է: Եվ ի՞նչն է ստիպում նրան պահպանել իր կանացիությունը. ամուսին այրը գործ է պահանջում և ոչ գեղեցկություն: Խիստ սակավ կարելի է տեսնել, որ մինչև անգամ բավական կարողություն ունեցող տան կինը լավ հագնված լիներ: Առհասարակ այն կինը, որ իրան մաքուր է պահում և լվացվում է, համարվում է կասկածավոր: Մինչև այսօր գյուղերում կոշիկներն ընդունված են որպես զարդ և ոչ ոտնամաններ: Մոտեցեք գյուղացի կնոջը, իսկույն ձեր քթին կխփե մի վատ հոտ: Ինչի՞ց է այդ: Ամեն օր թոնիրը վառում են կերակուրի և հաց թխելու համար, ամեն օր ամբողջ տունը լցվում է աթարի կծու ծխով և մխով: Խեղճ կինն այդ ծուխի մեջ ապուխտ է դառնում: Հայ կնոջ աչքերը, որ բնությունից այնքան գեղեցիկ են, բոլորովին փչանում են ծխի և փոշու մեջ և դուք շատ սակավ կտեսնեք առողջ աչքեր: Ծանր աշխատության և ընտանիքի ճնշման ներքո, կինը բոլորովին կորցնում է իր ուրախությունը. նրա երեսին երբեք ծիծաղ չեք տեսնի. նա միշտ տխուր է: Նրա մեջ չկա բնավորության և այն զվարթությունը, որ հատուկ է մինչև անգամ վայրենիներին: Ով գործ է ունեցել գյուղացի կնոջ հետ, գիտե, որ նրա մեջ սիրտը մեռած է…

Քաղաքներին մերձավոր գյուղերը, հարաբերություն ունենալով քաղաքացիների և համեմատաբար ավելի զարգացած հասարակության հետ, ցույց են տալիս մի քանի փոփոխության նշաններ: Քաղաքի մոլությունները ներս են սողում գյուղական համեստ խրճիթներում նորաձևությունների հետ: Թեյի գործածության հետ մտնում է և յուբկաների գործածությունը: Կնիկների երեսները կամաց-կամաց բացվում են, նրանց բերանի փականքը բացվում է:

Այս բոլորից հետո կա մի բան, որ մեծ ապագա է խոստանում: Գյուղացու ընտանեկան կյանքն իր հաստատուն հիմունքներով և իր բարոյական զորությամբ մի շատ արգավանդ հող է կրթության գործի համար: Նրա մեջ կան անմշակ, բայց հարուստ ընդունակություններ: Ես ոչ մի ուրիշ պատճառ չեմ ճանաչում, որ պահպանեց հային իր աննախանձելի պատմության երեսից, — բայց միայն ընտանիքի բարոյական զորությունն իր որոշ առանձնություններով: Դարերի ստրկությունը և ճնշումը չէ քարացրել նրան այն աստիճան, որ անընդունակ լիներ մի նոր փոփոխության. այլ ընդհակառակն, կյանքի կռվի մրցությունը շինել է նրանից բավական գործնական մարդ: Նա չափազանց էլաստիկային և դյուրաթեք բնավորություն ունի: Այս պատճառով մենք չենք կարող ասել, թե ունենք գյուղական հասարակություն, այդ բառի ճիշտ նշանակությամբ: Մեր գյուղացին գիտե հանգամանքներից օգուտ քաղել, նա կյանքի պայմանների հետ այնպես շուտ հաշտվում է, և հարմարությանը նայելով, այնքան ճարպիկ կերպով փոխում է իր պարապմունքների ձևը, որ այսօր նա հողագործ է, մյուս օրը վաճառական է դառնում, հետո արհեստավոր և այլն: Եվ ամեն գործի մեջ նրան հետևում է կինը: Դուք կտեսնեք մեր գյուղացիներից ոչ միայն հարուստ վաճառականներ և արհեստավորներ, այլ ծառայողներ, աստիճանավորներ, բժիշկներ, վարդապետներ և պրոֆեսորներ: Մինչ հզոր պետությունները դժվարանում են պարտադիր ուսումը մտցնել իրանց գյուղացիների մեջ, մերոնք արդեն դպրոցներ ունեն, կամ մտածում են ունենալ: Մի առաջնորդող, մի օրինակ բավական է, որ նա հասկանա կրթության օգուտը: Բայց բոլորի վրա գործնական և շահի կետից է նայում: Օրինակ, տեսնում է, որ դրացու որդին մի վաճառականի մոտ ծառա մտնելով, վերջը գործակատար դարձավ և հարստացավ, — ինքն էլ է աշխատում որդուն վաճառականի հանձնել: Կամ մեկի որդին գավառական դպրոցում սովորելով, վերջը ծառայող դարձավ, ինքն էլ է նրա օրինակին հետևում: Մեր գյուղացի կինը կամ աղջիկը, ամենևին չեք տեսնի, որ քաղաք գնալով, աղախին դառնային. որբ և բոլորովին անտեր աղջիկները բացառություն են. — գնում են քաղաք տղաները միայն, այն ևս ոչ թե տներում սպասավորություն անելու համար, այլ վաճառականի կամ արհեստավորի մոտ մտնելու համար: Մեր գյուղացին բազմատեսակ ընդունակություններ ունի. — այդ նրա գլխավոր հատկանիշն է: Դրանից են առաջ գալիս այն երևույթները, որ տնտեսությունը և կյանքի եղանակները չափազանց տարբերվում են միմյանցից: Դա լավ նշան է: Տեսնում ես գյուղեր, ուր ամբողջ բնակիչները պարապում են վաճառականությունով, թեև այդ գյուղը ոչ կենտրոն է և ոչ վաճառականության հարմարություն ունի: Բայց ինչպե՞ս եղավ: Գյուղացիներից մեկը վաճառականության մեջ բախտ գտավ, և բոլորը հետևեցին նրա օրինակին: Նրանք տարածվում են Ռուսաստանի և Եվրոպայի զանազան քաղաքներ, խոսում են զանազան լեզուներով, և երբեմն միայն վերադառնում են ցիլինդրներով և ոսկյա շղթաներով իրանց կարոտ մնացած ընտանիքը տեսնելու համար: Շատ անգամ 5-6-10 տարի է տևում նրանց պանդխտությունը և ողորմելի կինը համբերում է առանց տղամարդի, միշտ անարատ պահելով իր ամուսնական հավատարմությունը: Եվ նկատել եմ, կանայքը, որ դատապարտված են այդ վիճակին, ըստ մեծի մասին մեռնում են բարակացավով: Զոկերը կարող են այս դասակարգի օրինակ լինել: Կան գյուղեր, ուր բնակիչների մեծ մասը հյուսն, ոսկերիչ, որմնադիր և ուրիշ արհեստավորներ են, որոնց պարապմունքն իրանց տեղում գործադրություն չգտնելով, թափառում են քաղաքից քաղաք: Մինչև անգամ ամենաանբարոյական օրինակները մի ամբողջ գյուղի հասարակության մի կեղտոտ գործով են զբաղեցնում. «խաչագողները» հայտնի են արդեն… Այդ բոլորը կյանքի նշաններ են, բայց վատն այն է, որ գյուղացին, հենց որ փոքրիշատե փող է ձեռք գցում, տեղափոխվում է դեպի քաղաքը: Գյուղական ասպարեզը նեղ է գտնում իր ընդարձակ գործունեության համար: Այն ժամանակ միայն գյուղացին իր կանոնավոր և նորմալ դրության մեջ կմտներ, երբ ճանապարհների հաղորդակցությունը կհեշտանա. գյուղատնտեսությունը նոր ձև կստանա, փոխելով իր նահապետական կերպարանքը:
Պետք չէ մոռանալ և դպրոցի անբարոյականացնող ազդեցությունը: Երևակայեցեք աղջկա դրությունը, որ նա մանկությունից փակված է եղել տան պատերի մեջ, որ նա երբեք տնից դուրս չէ եկել առանց մոր, որ նա մարդերից այնպես է վախում, որպես գայլերից — հանկարծ նրան մենակ դուրս են թողնում, որպես թռչունը վանդակից: Նրա ծնողները ծառա կամ աղախին չունեն, նա մենակ պետք է գնա դպրոցը, որ շատ անգամ հեռու է գտնվում: Արտաքին աշխարհը — փողոցը — այն աստիճան ավերված և անկարգ է, որ չէր կարող վնասակար ազդեցություն չանել նրա վրա, գավառական քաղաքներն ըստ մեծի մասին խառն լինելով մահմեդականների հետ, աղջիկը մինչև դպրոց հասնելը լսում է հազարավոր վատ խոսքեր թուրքի տղաներից (հայ տղերքն էլ նրանցից պակաս չեն): Սկզբում նա երկչոտ է լինում, ուշադրություն չէ դարձնում, անց է կենում: Հետո փոքր առ փոքր սիրտ է առնում, սկսում է պատասխանել… Այս հանգամանքներն ի նկատի ունենալով, ես հասնում եմ այն ցավալի համոզմունքին, թե աղջիկը, որ դպրոցի երես չէ տեսնում, ավելի բախտավոր է, թեև նա մնում է տգետ, բայց պահում է իր բարոյականությունն անարատ: Այլևս չեմ ասում, թե թերի և աննպատակ ուսումը միշտ վնասակար է լինում:

Երբ աղջիկը դառնում է 14-15 տարեկան, ծնողները մտածում են նրան մարդու տալ: Օժիտի սովորությունը սկսված լինելով գավառական քաղաքներում, որքան ընդհանրանում է նա, այնքան ավելի ծանրանում է աղջկա վիճակը աղքատ ընտանիքի վրա: Աշխատում են շուտ ազատվել այդ բեռնից: Այս պատճառով, աղջկա մահը շատ անգամ հանդիպում է ծնողների ներքին հոժարությանը, որ թեթևացնում է նրանց մի մեծ հոգսից: Գյուղացիները բախտավոր են այդ մասին. այնտեղ փեսայի հորից փող են ստանում: Վատն այն է, որ աղջկան թույլ չեն տալիս ինքն իր ապագան տնօրինելու: Այս պայմանում ևս հոր և մոր կամքը գերակշռություն ունի. նրանք պետք է տնօրինեն աղջկա բախտը, նրանք պետք է գտնեն իրանց հավանած և սրտի ուզած մի փեսա: Բայց աղջկան «իրանց սրտի ուզած» մարդուն տալու համար փող պետք է. առհասարակ արհեստավորները փող չեն ունենում: Նրանք կամ պետք է պարտք անեն օժիտ պատրաստելու համար, կամ պետք է աղջկան գցեն առաջին հանդիպող անպիտանի ձեռքը, եթե նա սակավ փող էր պահանջում: Ըստ մեծի մասին պատահում է վերջինը: Սերը ամենևին դեր չէ խաղում արհեստավորների ամուսնության մեջ. և որտե՞ղ կարելի էր սիրել, երբ աղջիկները տղաների հետ բնավ չեն տեսնվում: Չարսավների սովորությունը դեռ ոչ բոլորովին վերացել է գավառական քաղաքներից. աղջիկը տնից դուրս է գալիս ոտքից ցգլուխ ծածկված սպիտակ սփածանելիքի մեջ: Արհեստավորի աղջիկը տալիս են արհեստավորի տղային. շատ անգամ նա պսակվում է իր հոր աշակերտի հետ, եթե այդ վերջինը դուր էր եկել իր վարպետին, կամ խոստանում էր լավ ապագա: Խիստ սակավ է պատահում, որ նա պսակվեր մանր վաճառականի հետ: Աղջիկը տեսնում է իր փեսային այն օրը, երբ նրան տարել էին եկեղեցի պսակելու, այնտեղ միայն քահանան ձևի համար հարցնում է նրա հոժարությունը, արդյոք սիրո՞ւմ էր իր փեսային, արդյոք համաձա՞յն էր կին լինելու… Աղջիկը ոչինչ չէ պատասխանում, միայն հավանական շարժում է անում գլխով: Բայց եթե նա չգիտեր այդ, կամ առաջուց չէին սովորեցրել, մի կին ետևից նրա գլուխը ձեռքով դեպի ցած է խոնարհեցնում, որ նշանակում է «այո՛»… «համաձայն եմ»:

Կին լինելուց հետո նրա վիճակն ավելի վատթարանում է. նա միանգամայն կորցնում է և այն փոքրիկ ազատությունը, որ վայելում էր առաջ: Գավառական քաղաքներում, ավելի ժողովրդի ստոր և միջին դասերի մեջ, կնոջ պահպանությունը դեռ կրում է իր վրա շատ հարեմական առանձնություններ. նրա վրա ավելի խիստ են հսկում, քան թե գյուղերում, ուր տնտեսական աշխատությունները շատ անգամ նրան տունից դուրս են կոչում արտը, այգին, կամ դաշտում բանելու, որտեղ նա գոնյա արձակ աշխարհ է տեսնում: Բայց այստեղ կնոջ աշխարհը փակված է տան պատերի մեջ, և ոչ ոքի հետ հարաբերություն չունի: Նա ապրում է բանտի մեջ, կամ ավելի փափուկ լեզվով խոսելով, որպես մի ծաղիկ թառամում է ապակյա գրվանի ներքո, առանց լույսի և առանց օդի: Եվ իրավ, դուք չեք տեսնի մի կին արհեստավորների մեջ, որ երեսին գույն ունենար, նա միշտ դեղնած է լինում, շրթունքները ցամաքած, որպես տենդոտ, և աչքերը մարած: Հասարակաց զբոսանքի և զվարճության տեղերը, եթե կային այսպիսիները գավառական քաղաքներում, դեռ մատչելի չեն ժողովրդի աղքատ դասին. արհեստավորն իր կնոջը բաց չէ թողնում հաճախել այնպիսի տեղեր, որոնք իր կարծիքով անառակների համար են: Կինը մաշվում է տան մեջ. նրա մեծ զվարճությունն այն է, որ երբեմն նստում է լուսամուտի առջև և նայում է փողոցի անցուդարձին. բայց փողոցի վրա բաց արած լուսամուտներ բոլոր տները չունեն: Նա տեսնվում է խիստ հազիվ անգամ մերձավոր ազգականների հետ. կյանքը շատ առանձնացած է, որովհետև բարեկամների հետ հարաբերություն պահպանելը պահանջում է ծախսեր, պետք է մի բանով գոհացնել հյուրերին:

Ընտանիքի կազմակերպությունը և նրա սովորությունները համարյա նույնն են, որպես գյուղերում, միայն այստեղ ավելի որոշ ձև են ստացել: Նույնպես գերդաստանի հայրը բարձր հեղինակություն ունի, նույնպես կինը ստորադրվում է իր տղամարդին ամենայն հնազանդությամբ, նույնպես օտար տղամարդի հետ չէ խոսում նա և ոչ երևում է մի ուրիշ մարդու աչքին: Իր ամուսնի հետ տեսնվում է նա միայն գիշերով, երբ վերադառնում է նա խանութից բոլորովին հոգնած և շուտով պառկում է հանգստանալու: Մի բան կարող էր նրան մոլորեցնել ուղիղ ճանապարհից, այն է, տարածվող շռայլությունը, որ սկսել է մուտք գործել և արհեստավորի համեստ խրճիթում: Բայց շահվել ուրիշից իր պաճուճանքի և զարդարանքի համար նա չէ կարող, որովհետև մի ավելորդ բան նրա վրա, որ ամուսնի գնածը չէր, իսկույն կարող էր նկատելի լինել մարդու աչքին:

Եթե արհեստավորների կնիկների մեջ կարելի էր գտնել մեկին, որ մեղանչեր ամուսնական հավատարմության դեմ, կարող եմ հաստատ ասել, որ հանցավորը տղամարդ ամուսինն է: Նա կամ արբեցող է, կամ չափազանց ծույլ և անպիտան. օրվա վաստակը գիշերը վատնում է գինեվաճառի մոտ, թողնում է կնոջը տանը քաղցած, և ամենևին չէ մտածում կիսամերկ երեխաների վրա: Նա շաբաթներով տան երես չէ տեսնում. որտե՞ղ է անցկացնում, հայտնի չէ, և երբեմն հարբած տուն է դառնում, կարծես նրա համար միայն, որ կնոջը մի լավ ծեծե: Երբեմն զավակները վկա են լինում սարսափելի տեսարանների իրանց ծնողների մեջ, և այստեղից դրվում է նրանց փչանալու սկիզբը: Բայց չկա մի ավելի երջանիկ, մի ավելի խաղաղ շրջան, որպես աշխատասեր և արդար արհեստավորի ընտանիքը. – ժրաջան կինը տան և երեխաների հոգսն է քաշում, պահում է նրանց մաքուր և առողջ, մարդը գործում է արհեստանոցում, նրանք ապրում են գոհ և անվրդով կյանքով. խնայողությունը իրանց տնտեսության գլխավոր օրենքն է, մտածում են զավակների վրա և ետ են գցում փոքրիկ գումար սև օրվա համար:

Բայց լինում են ցավալի դեպքեր: Կինը, բացի տնային տնտեսությունից, որ արհեստավորի ընտանիքում այնքան ծանր չէ, ուրիշ ոչինչով չէ օգնում տղամարդին, այսինքն, նա չէ սովորել որևիցէ բան, որ կարողանար ինքն ևս ազատ կերպով փող վաստակել: Ընդունված սովորությունները և հասարակական կյանքի պայմանները թույլ չեն տվել նրան ընտանեկան օջախից դուրս մի ուրիշ գործով զբաղվելու: Ընտանիքի գլխավոր աշխատողը, նրա ապրուստը հայթայթողը մնում է տղամարդը: Քանի որ նա կենդանի է, կինը բախտավոր է, նա աշխատում է, և ընտանիքը պահում է: Իսկ երբ տղամարդը մեռավ, առանց թողնելու որևիցէ կարողություն, այն ժամանակ կինը իր ապրուստը շարունակելու համար ունի մի ճանապարհ միայն, կամաց-կամաց դիմել դեպի մահ: Ըստ մեծի մասին այդ պատահում է… Աղքատությունը սարսափելի զոհեր է տանում:

Արհեստավորի կնոջ վիճակը բարձրացնելու համար և նրա ապրուստն ապահովելու համար այնքան պետք չէ ուսումը, որը ոչինչով նրան հաց տալ չէ կարող, որքան պետք է սովորեցնել մի արհեստ, որ նրանով ապրել կարողանար: Այդ միայն կարող է բարձրացնել կնոջ վիճակը և նրան հավասար աստիճանի վրա դնել տղամարդի հետ: Երբ կինը ազատ պարապմունք ունի, երբ նա էլ իր կողմից օգնում է ընտանիքին, այսպիսով նա կախում չի ունենա տղամարդից, և կգցե իր վզից նրա բռնության կոպիտ լուծը: Տղամարդն էլ իր կողմից կունենա դեպի նա, բացի սերից, մի առանձին պատիվ, երբ կգտնի նրա մեջ մի լավ աշխատակից: Այսպիսի կինը միշտ ազատ կմնա այն ախտից, որի մեջ գցում է նրան աղքատությունն ամուսնի մահից հետո. նա կարող կլինի արդար և ազնիվ կերպով հայթայթել իր հացը: Բացի դրանից, երբ կինը մի բան գիտե, երբ նա ունի իր մեջ կենդանի կապիտալ, այն ժամանակ նա կարոտություն չի ունենա մեռած կապիտալով-օժիտով իր համար փեսա գնել. ամեն մարդ կցանկանա իր վիճակը մի այնպիսի ընկերուհու հետ կապել: Բայց արհեստավորի կնոջն իր այժմյան վշտալի դրությունից ազատելու համար, նախ և առաջ պետք է փոխել հասարակական հիմար նախապաշարմունքները, և պետք է նրան դուրս քաշել ընտանիքի փակված շրջանից:

1878թ.

No Comments

Post A Comment