Ջենեթ Վինթերսոն | Jeanette Winterson

Ջենեթ Վինթերսոն | ծնվ. 1959թ., Անգլիա

 

Նարինջը միակ միրգը չէ
(հատված վեպից)

Ինչպես շատերը, ես երկար ժամանակ ապրում էի մորս ու հորս հետ։ Հայրս սիրում էր նայել ըմբշամարտ, մայրս նախընտրում էր ըմբշամարտել՝ կապ չունի ինչի հետ։ Նա սպիտակ անկյունում էր, իսկ մնացածը կարևոր չէր…
Նա երբեք չէր լսել հակասական զգացումների մասին. կային բարեկամներ ու թշնամիներ։

Թշնամի էին – Սատանան (դրա տարբեր դրսևորումները), կողքի հարևանը, սեքսը (դրա տարբեր դրսևորումները), խխունջները։

Բարեկամ էին – Աստված, մեր շունը, մորաքույր Մաջը, Շարլոտ Բրոնտեի վեպերը, խխունջների դեմ պայքարի միջոցները։

…Չեմ հիշում մի ժամանակ, երբ չգիտեի, որ ես ընտրյալ եմ։ Մենք Մոգեր չունեինք, քանի որ մայրս չէր հավատում, որ տղամարդիկ կարող են մոգական լինել, բայց մենք ոչխարներ ունեինք։ Մանկական իմ վաղ հուշերում Սուրբ Զատիկին ես նստած էի մի ոչխարի վրա, մինչ մայրս պատմում էր զոհաբերյալ ոչխարի պատմությունը։ Ամեն կիրակի կարտոֆիլով ոչխարի միս էինք ուտում…

Խեղճ Մելանի, նա չէր հասկանում ոչ մի բան, միայն գիտեր, որ Հիսուսի կարիքն ուներ։ Այնուհետև նա խնդրեց ինձ, որ դառնամ իր հոգևոր ուսուցիչը, և ես համաձայնեցի ամեն երկուշաբթի նրա տուն գնալ, մինչ նրա մայրն աշխատում էր ակումբում։ Մենք միասին էինք ճանապարհ ընկնում. ես՝ իններորդ երկնքում, Մելանին՝ ծանր պայուսակներով, որ լցված էին Սուրբ Հոգու պարգևների մասին պատմող տրակտատներով և նորահավատների համար խորհուրդներով… Մենք, ինչպես միշտ, Աստվածաշունչ էինք կարդում, ու հետո նա ասաց, թե որքան երջանիկ է, որ Տիրոջ օգնությամբ մենք գտել ենք միմյանց։ Նա երկար շոյեց իմ գլուխը, այնուհետև մենք գրկախառնվեցինք, և հանկարծ թվաց, որ խեղդվում ենք։ Ես վախենում էի, բայց չէի կարող կանգ առնել։ Ինչ-որ բան սողոսկում էր որովայնիս մեջ։ Ներսումս ութոտնուկ էր…
…Շուտով ես որոշեցի պատմել մորս իմ զգացումների մասին։ Ես բացատրում էի, թե որքան եմ ուզում լինել Մելանիի հետ, որ կարող եմ զրուցել նրա հետ, որ այդպիսի ընկերոջ կարիք ունեի։ Եվ… Եվ… Բայց այդպես էլ երբեք չկարողացա խոսել այն միասին, որ… Մայրս շատ լուռ էր, ժամանակ առ ժամանակ գլխով էր անում, ու ինձ թվաց, որ որոշ բաներ հասկացավ։ Երբ վերջացրեցի, համբուրեցի մորս, ինչը, կարծում եմ, զարմացրեց նրան. մենք երբեք չենք դիպչում միմյանց՝ բացառությամբ զայրացած իրավիճակների։
-Այժմ գնա քնելու,- ասաց նա ու վերցրեց իր Աստվածաշունչը։
…Եկեղեցին սովորականի պես լեփ-լեցուն էր, և ամեն անգամ, երբ հայացքով որևէ մեկին էի հանդիպում, նրանք ժպտում էին կամ գլխով անում։ Դա ինձ երջանկացնում էր։ Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չէի ուզենա լինել։ Երբ շարականn ավարտվեց, ես ավելի մոտ կանգնեցի Մելանիին ու փորձեցի ուշադրությունս կենտրոնացնել Տիրոջ վրա։ «Միևնույն է,- մտածում էի ես,- Մելանին Տիրոջ պարգևն է, և անշնորհակալ կլինեմ, եթե չգնահատեմ նրան»։ Ես խորասուզված էի մտածմունքների մեջ, երբ գլխի ընկա, որ մի անհանգստացնող բան է տեղի ունենում։ Եկեղեցին շատ լուռ էր, իսկ հոգևոր հովիվը կանգնած էր ստորին հարթակին, կողքին մայրս հեկեկում էր…
– Աստծո այս զավակները, – սկսեց հովիվը, –  Սատանայի գաղթակղությանն են տրվել։
Վզիս դրած նրա ձեռքը տաք էր ու ծանր։ Բոլոր հավաքվածները մոմե արձանների էին նմանվել։
-Աստծո այս զավակները իրենց կրքերի զոհն են դարձել։
-Մի րոպե…, – խոսեցի ես, բայց նա ուշադրություն չդարձրեց։
– Այս երեխաների մեջ բազմաթիվ դևեր կան։
Սարսափի ճիչ անցավ եկեղեցով մեկ։
-Իմ մեջ դևեր չկան, – գոռացի ես, – ոչ էլ Մելանիի մեջ։
– Ակա՛նջ դրեք Սատանայի ձայնին, – դիմեց հովիվը եկեղեցուն՝ մատնացույց անելով ինձ։ – Ահա, թե ինչպես է ամենալավը դառնում ամենավատը։
– Ինչի՞ մասին եք խոսում, – հուսահատ հարցրեցի ես։
– Ժխտու՞մ ես, որ դու սիրում ես այս կնոջը այն սիրով, որ նախատեսված է տղամարդու և կնոջ համար։
– Ո՛չ, այո՛, նկատի ունեմ, իհարկե, ես սիրում եմ նրան։
– Ես կկարդամ քեզ Սուրբ Պետրոսի խոսքերը, – ասաց հովիվը, և կարդաց, ու շատ ուրիշ խոսքեր անբնական կիրքերի և դևերի նշանների մասին։
– Անմեղի համար ամեն բան անմեղ է, – բղավեցի ես ,- Դուք եք դիվահար, ոչ թե մենք։
Հովիվը շրջվեց դեպի Մելանին։
– Խոստանու՞մ ես հրաժարվել այս մեղքից և աղերսել Տիրոջը, որ քեզ ների։
– Այո՛,- Մելանին անկառավարելի դողում էր։ Հազիվ լսեցի, թե ինչ ասաց։
– Այդ դեպքում տիկին Ուայթի հետ գնա աղոթարան, մեծերը կգան ու կաղոթեն քեզ համար։ Շատ ուշ չէ նրանց համար, ովքեր իսկապես զղջում են։
Նա շրջվեց դեպի ինձ։
– Ես սիրում եմ Մելանիին։
– Ուրեմն դու չես սիրում Տիրոջը։
– Ո՛չ, ես երկուսին էլ սիրում եմ։
– Դու չես կարող։
– Կարող եմ, կարող եմ, ազա՛տ թողեք ինձ։
Բայց նա ամուր բռնեց ձեռքս։
– Եկեղեցին թույլ չի տա, որ դու տառապես, տուն գնա՛ և սպասի՛ր, որ մենք գանք օգնության…
– …Մենք կվերադառնանք երկու օրից, – ասաց հովիվը մորս։ – Մինչ այդ թու՛յլ չտաս, որ դուրս գա սենյակից, ու չկերակրես նրան։ Նա պետք է կորցնի իր ուժը, որպեսզի հետո կարողանա վերականգնվել։
Մայրս շարունակ գլխով էր անում։ Նա կողպեց իմ սենյակի դուռը. ինձ վերմակ տվեց, բայց վերցրեց էլեկտրական լամպը։ Հաջորդող երեսունվեց ժամվա ընթացքում ես մտածում էի սատանայի և այլ բաների մասին։
Գիտեի, որ չարքերը տիրում են քեզ, երբ թուլանում ես։ Եթե իմ մեջ սատանա կար, ապա իմ թուլությունը Մելանին էր, բայց նա գեղեցիկ էր, լավը ու սիրում էր ինձ։
Կարո՞ղ էր իրոք սերը պատկանել սատանային։
Ի՞նչ տեսակ սատանա էր։ Շագանակագու՞յն, որ զրնգացնում է ականջները։ Կարմի՞ր սատանա, որ պարում է եղջերափողի հնչյունների տակ։ Ջրայի՞ն սատանա, որ սրտխառնոց է առաջացնում։ Նարնջագու՞յն, որ մոլորության է մատնում։ Յուրաքանչյուրն ունի իր սատանան, ինչպես կատուները ունեն ոջիլներ։
Ես մտածեցի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքի մասին. «Եթե թույլ տամ, որ ազատեն ինձ իմ դևերից, ես ստիպված կլինեմ հրաժարվել նրանից, ինչ գտել եմ»…

 

Ամեն ինչի հիմքում, կարծես, այն փաստն էր, որ ես սխալ տիպի մարդկանց էի սիրահարվում։ Նրանք ճիշտ տիպի էին՝ բացառությամբ մի բանի. ռոմանտիկ սերն ուրիշ կնոջ նկատմամբ մեղք էր։
– Կապկում են տղամարկանց, – ասում էր մայրս զզվանքով։
Հիմա եթե ես կապկում էի տղամարդկանց, նա ամեն պատճառ ուներ զզվելու։ Որքան ես տեղյակ էի, տղամարդիկ մի բան էին, որ կարելի էր գտնել շրջակայքում, առանձնապես հետաքրքիր չէին, բայց բավականին անվնաս էին։ Ես նույնիսկ մի փոքր զգացմունք չեմ ապրել նրանց նկատմամբ, և նրանց հետ ընդհանուր ոչինչ չունեի, եթե չհաշվենք, որ ես էլ երբեք կիսաշրջազգեստ չեմ կրել։ Հիշում եմ այն հայտնի միջադեպը, երբ մի տղամարդ եկեղեցի եկավ իր ընկերոջ հետ։ Նրանք ձեռք ձեռքի էին բռնել։
-Այն մեկը պետք է, որ կին լիներ, – նկատեց մայրս։
Պարզ է` դա այդպես չէր։ Այն ժամանակ ես գաղափար չունեի սեռական քաղաքականության մասին, բայց ենթադրում էի, որ նույնասեռականությունը ավելի հեռու է կնոջից, քան ռնգեղջյուրը։ Հիմա, երբ որոշ պատկերացումներ ունեմ սեռական քաղաքականության մասին. իմ նախկին եզրահանգումն ուժի մեջ է։ Գոյություն ունեն իմաստային որոշ նրբություններ, բայց տղամարդը տղամարդ է մնում, որտեղ էլ որ նրան հանդիպես…
Էքսորցիզմից հետո ես փորձեցի փոխատեղել իմ աշխարհը մեկ ուրիշով, բայց չկարողացա։ Ես սիրում էի Աստծուն և սիրում էի եկեղեցին, բայց ամեն ինչ ավելի ու ավելի էր բարդացել։ Չէր օգնում նաև այն փաստը, որ ես միսիոներ դառնալու ոչ մի մտադրություն չունեի։
-Բայց քո ուսուցումը հենց դրա համար էր, –  տրտնջում էր մայրս։
– Ես տանն էլ կարող եմ քարոզել։
– Օ՜, դու կամուսնանաս ու կսկսես զբաղվել եկեղեցու գործերով։
Նա դառնացած էր։
Տարօրինակ էր, որովհետև ակնհայտ ես չէի պատրաստվում ամուսնանալ։ Սկզբում կարծում էի` նա գոհ կլինի։ Մայրս անհասկանալի ուղեղ ուներ։

Քեյթին ու ես մեկ շաբաթով գնացել էինք Մորկամբում գտնվող որբերի համար նախատեսված ամառանոցը։ Ազատ սեզոն էր, ու բոլորը կարող էին գնալ՝ սգավոր, թե ոչ, սակայն ձմռանը միշտ շատ խիստ էր։ Քեյթիի ընտանիքը մեկնել էր հանգստանալու, հետևաբար մենք մեզ ապահով էինք զգում։ Ես իմ նամակները զգուշությամբ պահում էի շաբաթօրյա աշխատանքային դարակում և որքանով տեղյակ էի, ոչ ոք մեզ չէր կասկածում։ Այդուհանդերձ, մեր առաջին գիշերը հյուղակում մենք անմիտ գտնվեցինք։ Ամբողջ շաբաթ ազատ լինելու միտքը մեզ չափազանց ոգևորել էր, և ես մոռացել էի դուռը կողպել։ Քեյթին ինձ անկողնու վրա էր հրել, երբ ես  նեղլիկ լույսի շող նկատեցի մահճակալի մոտ փռված գորգի վրա։ Վիզս ծակծկեց, ու բերանս չորացավ։ Դռան մոտ կանգնած մեկը կար։ Մենք անշարժացանք, և որոշ ժամանակ անց լույսն անհետացավ։ Շրջվելով դեպի Քեյթին՝ ես ամուր սղմեցի նրա ձեռքն ու խոստացա, որ մի բան կմտածենք։
Մենք ելք գտանք։ Դա իմ փայլուն կարիերայի ամենաստեղծարար մտահղացումն էր, և ըստ Քեյթիի՝ կարելի էր անթելի իրագործել։ Բայց ես կորած էի։
…Ես պատմեցի, որ իմ սիրավեպը Մեալնիի հետ իրականում երբեք չէր ավարտվել, որ Մելանիին ինձ ամիսներ շարունակ գրում էր, և ինքս էլ սիրուց տանջվելով՝ խնդրել էի Քեյթիին ինձ օգնել մի հանդիպում կազմակերպել… Քեյթին ապահով էր, և դա ամենակարևորն էր։ Նա ինձ նման համառ էր ու բարկացած, սակայն ի տարբերություն ինձ՝ նա չէր կարող պայքարել մեր եկեղեցու մութ կողմերի դեմ։ Ես հաստատապես ուզում էի ազատել Քեյթիին սատանաների ու նմանատիպ այլ պատմություններից։ Ենթադրաբար, ես պետք է անցկացնեի օրս աղոթքների մեջ, իսկ Մելանին արդեն հեռացել էր։ Սակայն այդ օրը ես Քեյթիի հետ անկողնում էի…
Երբ մայրս տուն վերադարձավ, հրամայեց, որ ես իմ սենյակ գնամ, թերևս, անհրաժեշտ էր ենթարկվել նրան։ Մահճակալս նեղ էր։ Ես պառկել էր ու չէի կարողանում ներել ինքն ինձ, չէի կարողանում ներել մորս։ Կանոնավոր ընդմիջումներով լսում էի, թե ինչպես է նա աղերսում Տիրոջը որևէ նշան ուղարկել։ Անխոս, ժամանեց նաև հոգևոր հովիվը, բայց որքան էլ որ մայրս ուրախացավ, մինևնույն է, կարծում եմ, նա կգերադասեր ավելի թատերական մի իրավիճակ, օրինակ` հրդեհը կլաներ ինձ և իմ ննջարանը, մինչդեռ ամբողջ տունը անվնաս մնար։ Ներքևի հարկում նրանք  երկար խոսում էին։ Գրեթե քնած էի, երբ հայտնվեց հովիվը ետևում օրորվող մորս հետ։ Նա ապահով հեռավորության վրա էր կանգնել, կարծես վարակված էի։ Ես գլուխս դրեցի բարձի տակ, որովհետև ուրիշ չգիտեի ինչ անել։ Հովիվը այն մի կողմ շպրտեց և հնարավորինս ցածրաձայն ինձ բացատրեց, որ ես մեծ չարիքի զոհ եմ։ Որ ինձ խոշտանգել են ու կեղեքել, որ ես դավաճանել եմ հոտին։
– Սատանան, – հայտարարեց նա շատ դանդաղ, – վերադարձել է յոթնապատիկ։
Մայրս ցածր ճիչ արձակեց ու կրկին զայրացավ։ Ես էի մեղավոր։ Իմ այլասերվածությունը։ Նրանք երկուսով սկսեցին վիճել, արդյո՞ք ես դժբախտ զոհ եմ, թե՞ պարզապես վատ մարդ։ Որոշ ժամանակ ես լսում էի նրանց. ոչ մեկը համոզիչ չէր, և բացի այդ յոթ հասած նարինջներ ընկան պատուհանագոգին։
– Նարինջ կերե՛ք, – առաջարկեցի ես՝ միջամտելով զրույցը։ Նրանք երկուսն էլ նայեցին ինձ, կարծես խելագար էի։
– Այնտեղ են,- մատնացույց արեցի պատուհանը։
– Նա զառանցում է, – տարակուսելով ասաց մայրս (նա ատում էր խելագարներին)։
– Դա նրա տիրակալն է խոսում, – դառնորեն պատասխանեց հովիվը։ – Անտեսի՛ր նրան։ Այս դեպքի մասին ես կպատմեմ խորհրդին. այն ինձ համար շատ բարդ է։ Աչքդ չթեքե՛ս նրանից, բայց թույլ կտաս, որ եկեղեցի գնա…
Ես շուրջս նայեցի։ Լավ մարդիկ էին, հասարակ, բայց հիմա ի՞նչ էր լինելու նրանց հետ։ Գիտեմ՝ մայրս հույս ուներ, որ ես ինքս ինձ եմ մեղադրելու, բայց ես չէի մեղադրում։ Գիտեի՝ որտեղ էր թաքնված պատճառը։ Եթե գոյություն ուներ հոգևոր անառակություն, ապա մայրս պոռնիկ էր։
Եվ ահա ես, իմ բացահայտ հաջողությունները իմ անկման պատճառն էին։ Սատանան հարձակվել էր իմ ամենաթույլ կետին` իմ սեռի սահմանները գիտակցելու անկարողությանը…
Հովիվն ինձ ասաց, որ պայքարից հետո ես հանգստանալու կարիք ունեմ։ Որ մայրս հանգստի կարիք ունի։
– Նա կարող է հանգստանալ։ Ես հեռանում եմ եկեղեցուց, այնպես որ դուք կարող եք մոռանալ ամեն ինչ։
Բոլոր ապշեցին։ Ես ամուր բռնել էի փոքրիկ շագանակագույն խճաքարը, ու հույս ունեի, որ բոլորը կհեռանան։ Նրանք ոչ մի տեղ չգնացին։ Սկսեցին ինձ բացատրել, աղաչել, բարկացած դուրս եկան սենյակից, դադար վերցրեցին ու վերադարձան։ Նրանք նույնիսկ ինձ ետ առաջարկեցին իմ Աստվածաշնչյան դասընթացները, իհարկե հսկողության տակ։ Վերջապես, հովիվը գլուխը թափ տվեց ու հայտարարեց, որ ես այն հրեաներից եմ, ում հետ անհնար է ճշմարտությունից խոսել:
Նա ինձ վերջին անգամ հարցրեց.
– Դու զղջու՞մ ես։
– Ոչ, – և ես այնքան երկար նայեցի նրա դեմքին, մինչև նա հայացքը չթեքեց…
– Դու պետք է հեռանաս տնից, – ասաց մայրս, – ես այստեղ չարքեր չեմ պահելու։
– Ես ոչ մի տեղ չունեմ գնալու, – հակաճառեցի ես։
– Սատանան հոգ է տանում իր հետևորդների մասին, – պատասխանեց նա՝ ինձ դուրս հրելով…

Անգլերենից թարգմանեց Արմինե Դանիելյանը

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment