Ջեյմս Բոլդուին | James Baldwin

Ջեյմս Բոլդուին | 1924-1987թթ., ԱՄՆ

 

Ջիովանիի սենյակը

           Նվիրվում է Լյուսիենին

Ես տղամարդ եմ, ես տառապել եմ, ես այնտեղ էի:
Ուիթմեն

Առավոտյան ես հավանաբար հարբած կլինեմ, բայց դրանից ոչինչ չի փոխվի։ Ամեն դեպքում ես կնստեմ Փարիզ մեկնող գնացքը։ Գնացքը կլինի նույնը, մարդիկ, որ պայքարում են հարմարավետության և նույնիսկ արժանապատվության համար երրորդ դասի փայտե նստարանների վրա, կլինեն նույնը, և ես կլինեմ նույնը։ Մենք կճամփորդենք փոփոխվող գյուղերի միջով  դեպի հյուսիս՝ ետևում թողնելով ձիթենու ծառերն ու ծովը ու  հարավային փոթորկուն երկինքը, դեպի Փարիզի մառախուղն ու անձրևը։ Ինչ-որ մեկը կառաջակի ինձ կիսել իր սենդվիչը, մեկը կառաջարկի մի կում իր գինուց, մյուսը լուցկի կխնդրի։ Դիմացս նստած աղջիկը կզարմանա, թե ինչու չեմ սեթևեթում իր հետ…
Կա մի տուն՝ քաղաքից դուրս մի հանգստավայր. այն դեռ դատարկ է, եղանակը ցուրտ է։ Ընկերուհիս՝ Հելլան, ու ես վարձել էինք այն դեռ Փարիզում լուսանկարների միջոցով ամիսներ առաջ։ Հիմա արդեն մեկ շաբաթ է, ինչ ընկերուհիս հեռացել է։ Նա արդեն Ամերիկայի ճանապարհին է։ 

Ես տեսնում եմ նրան՝ նրբաճաշակ, ձիգ և շողշողուն՝ շրջապատված լույսով, որ լցնում է շոգենավի սալոնը, չափազանց շատ խմելիս, ծիծաղելիս և տղամարդկանց ուսումնասիրելիս։ Հենց այդպես ես հանդիպեցի նրան Սեն-Ժերմեն-դը-Պրեի բարերից մեկում.  նա խմում էր ու շուրջը նայում, և այդ պատճառով նա իմ դուրը եկավ,  կարծեցի, որ հաճելի կլինի նրա հետ զվարճանալ։ Ամեն ինչ այդպես սկսվեց, և համոզված չեմ, որ երբևէ ուրիշ բան եմ ցանկացել։ Եվ չեմ կարծում, որ Հելլան ուրիշ բան էր ցանկանում, իսկ հետո Իսպանիա մեկնեց ու այնտեղ հասկացավ, որ գուցե ինքը չի ուզում կյանքում միայն խմել ու տղամարդկանց նայել։  Սակայն այդ ժամանակ շատ ուշ էր։ Ես արդեն Ջիովանիի հետ էի։ Իսպանիա ուղևորվելուց առաջ ես Հելլային ամուսնության առաջարկություն արեցի, ու նա ծիծաղեց, ու ես ծիծաղեցի, բայց դրանից առաջարկս ավելի լրջացավ, և ես պնդեցի, իսկ հետո նա ասաց, որ կհեռանա ու կմտածի դրա մասին։ Վերջին գիշերը Փարիզում՝ վերջին անգամ, երբ տեսա նրան ճամպրուկները դասավորելիս, ասացի, որ մի ժամանակ սիրել եմ նրան և ստիպեցի ինքս ինձ հավատալ խոսքերիս։

Ես մտածում էի այն օրերի մասին, երբ ասացի Հելլային, որ սիրում են նրան, երբ դեռ ոչ մի  սարսափելի կամ անուղղելի բան չէր պատահել ինձ հետ, երբ սիրավեպն ընդամենը սիրավեպ էր։ Այժմ՝ այս գիշերվանից հետո, առաջիկա առավոտվանից հետո, անկախ, թե քանի անկողիններում կպառկեմ, մինչև իմ վերջին մահիճը ես այլևս չեմ կարողանա վերապրել այն պատանեկան, խանդավառ սիրավեպերը, որ, եթե լավ մտածես, ինքնաբավարարման ավելի բարձր, ավելի հավակնոտ տեսակն են։ Մարդիկ չափազանց բազմազան են, որպեսզի այդքան թեթև վերաբերվես նրանց։ Ես չափազանց բազմազան եմ, որպեսզի ինձ վստահեն։ Եթե դա այդպես չլիներ, այս գիշեր տանը միայնակ չէի լինի։ Հելլան չէր լինի ծովի վրա։ Իսկ Ջիովանին շուտով չէր անհետանա, այս գիշերվա ու առավոտվա արանքում, գիլիոտինի վրա։

Երկար տարիներ չէի մտածել այն տղայի՝ Ջոուիի մասին, բայց այս գիշեր նրան պարզ տեսնում եմ։ Մի քանի տարի է անցել։ Ես դեռ պատանի էի, նա՝ նույնպես՝ մեկ տարի ավել կամ պակաս։ Շատ լավ տղա էր, շատ ճարպիկ ու մութ և միշտ ծիծաղում էր։ Որոշ ժամանակ նա իմ ամենամտերիմ ընկերն էր։ Հետագայում այն միտքը, որ նման անձնավորությունը կարող էր լինել իմ ամենամտերիմ ընկերը, ահաբեկիչ արատներիս ապացույցն էր։ Ուստի, ես մոռացա նրան։ Բայց այս գիշեր ես նրան շատ պարզ եմ տեսնում։
Ամառ էր, դպրոցը փակ էր։ Նրա ծնողները շաբաթ-կիրակի տանը չէին լինելու, և մենք միասին էինք անցկացնում այդ օրերը։ Հիշում եմ, որ պառկած էինք ծովափին, մի քիչ լողացինք, նայում էինք անցնող կիսամերկ աղջիկներին, սուլում էինք նրանց ետևից ու ծիծաղում։ Համոզված եմ, որ ոչ մի աղջիկ, ում ետևից սուլեցինք այդ օրը, որևէ կերպ չպատասխանեց մեզ, և օվկիանոսը բավական խորը չէր, որ ծածկեր մեր ամոթն ու սարսափը։ Բայց աղջիկները,  հավանաբար դատելով մեր սուլոցներից, անկասկած, գլխի էին ընկնում դրա մասին, և անտեսում էին մեզ։

Կարծում եմ՝ դա սկսվեց լոգարանում։ Գիտեմ, որ ինչ-որ բան զգացի, երբ վարգում էինք այդ փոքր գոլորշապատ սենյակում՝ խայթելով միմյանց թաց սրբիչներով, մի բան, որ չէի զգացել նախկինում, որն առեղծվածորեն և միևնույն ժամանակ աննպատակ կլանել էր ինձ։ Հիշում եմ հագնվելու իմ դժկամությունը. մեղավոր էր շոգը։ Բայց ի վերջո քիչ, թե շատ հագնվեցինք և սառը բաներ կերանք սառցախցիկից ու շատ գարեջուր խմեցինք։ Պետք է, որ կինո գնացած լինեինք։ Չեմ մտաբերում որևէ պատճառ, որպեսզի դուրս գնայինք, բայց հիշում եմ, թե ինչպես էինք քայլում Բրուկլինի մութ արևադարձային փողոցներով, մայթերից ջերմություն էր բարձրանում, ձեռքս՝ Ջոուիի ուսին։ Երևի հպարտ էի, որովհետև նրա գլուխը հազիվ ականջիս էր հասնում։ Մենք քայլում էինք, ու Ջոուիին կեղտոտ կատակներ էր անում, ու մենք ծիծաղում էինք։ Տարօրինակ է այսքան տարիների ընթացքում առաջին անգամ վերհիշել, թե որքան լավ էի ինձ զգում այդ գիշեր, որքան տարված էի Ջոուիով…

Բայց այդ կյանքը կարճ էր, պարփակված գիշերվա մեջ. այն ավարտվեց առավոտյան։ Ես արթնացա, երբ Ջոուին դեռ քնած էր՝ կուչ եկած երեխայի պես, դեմքով դեպի ինձ…Ջոուի մարմինը թուխ էր, քրտնած, ամենագեղեցիկ արարումը, որ մինչ այդ տեսել էի. Կդիպչեի նրան, որպեսզի արթնացնեի, բայց ինչ-որ բան կանգնեցրեց ինձ։ Հանկարծ ես սկսեցի վախենալ։ Գուցե որովհետև այնտեղ պառկած նա այնքան անմեղ տեսք ուներ, գուցե որովհետև նա այնքան ավելի երիտասարդ էր, քան ես. իմ մարմինը հանկարծ թվաց գռեհիկ ու կոպիտ, իսկ ցանկությունը, որ գլուխ էր բարձրացնում իմ ներսում`հրեշավոր։ Բայց ամենից զատ ես հանկարծ սկսեցի վախենալ։ Մտքովս անցավ. «Բայց Ջոուին տղա է»։ Հանկարծ նկատեցի  նրա կոնքերի, նրա բազուկների և թույլ սեղմած բռունցքների ուժը։ Այդ մարմնի ուժն ու խոստումն ու առեղծվածն ինձ վախեցնում էին։ Այդ մարմինը հանկարծ վերածվեց մութ քարանձավի, որտեղ ինձ խոստանում էին տանջել մինչև կատարյալ խելագարություն, որտեղ ես կկորցնեի իմ առնականությունը։ Հիրավի, ես ցանկանում էի ճանաչել այդ առեղծվածն ու զգալ այդ ուժն ու իրացնել այդ խոստումը։ Մեջքիս քրտինքը սառեց։ Ես ամաչում էի։  Հենց այդ մահճակալը՝ իր քաղցր թափթփվածությամբ վկայում էր իմ նողկալի էությունը։ Հետաքրիր է՝ ի՞նչ կմտածեր Ջոուիի մայրը, երբ տեսներ սավանը։ Հետո մտածեցի հորս մասին, ով ինձնից բացի աշխարհում ոչ ոք չուներ. մայրս մահացել էր, երբ փոքր էի։ Գլխումս բացվեց քարանձավը՝ խավար, լի բամբասանքով,ակնարկներով, կես-լուրջ, կես-մոռացված, կես-հասկացված, լի անպարկեշտ բառերով։ Կարծում եմ՝ իմ ապագան տեսա այդ քարանձավում։ Ես վախենում էի։ Հավանաբար ես լաց եղա, լաց եղա ամոթից ու սարսափից, լաց եղա՝ չհասկանալով, թե ինչպես կարող էր դա պատահել ինձ հետ, ինչպես կարող էր դա պատահել ինձ հետ։ Եվ ես որոշում կայացրեցի։ Վեր կացա անկողնուց, լողացա, հագնվեցի, նախաճաշ պատրաստեցի, մինչև Ջոուին կարթնանար…

Այդ օրվանից երիտասարդի առեղծվածային, խորամանկ և սոսկալի լարվածությամբ, ես արհամարհում էի հորս ու ատում էի հորաքրոջս՝ Էլենին։ Դժվար է ասել, թե ինչու, բայց այն թույլ տվեց, որ Էլենի մարգարեություններն իմ մասին իրականանային։ Նա ասել էր, որ կգա մի ժամանակ, երբ ոչինչ և ոչ ոք ի վիճակի չի լինի ինձ կառավարել։ Եվ այդ ժամանակը եկել էր։

Դա սկսվեց Ջոուիից հետո։ Ջոուիի հետ միջադեպը ինձ խորապես տակնուվրա էր արել, և արդյուքնում ես դարձել էի գաղտնապահ ու դաժան։ Ոչ մեկի հետ չէի կարող քննարկել, թե ինչ էր պատահել, նույնիսկ չէի կարող ինքս ինձ խոստովանել, և մինչ ես երբեք չէի անդրադառնում պատահածին, այդուհանդերձ, այն մնացել էր իմ ուղեղի մեջ նույնքան անշարժ ու սարսափելի, որքան փտող դիակը… Չէի ուզում, որ հայրս ինձ ճանաչեր։ Չէի ուզում, որ որևէ մեկն ինձ ճանաչեր…

…Երբ հանդիպեցի Ջիովանիին, երկու տարի էր, ինչ ապրում էի Փարիզում, փող չունեի։ Մեր հանդիպման երեկոյի նախօրեին ինձ դուրս էին արել սենյակիցս։ Ես չափից դուրս շատ փող չունեի, ընդամենը վեց հազար ֆրանկ, բայց փարիզյան հյուրանոցների տերերը աղքատությունը հոտոտելու ինչ-որ ձև ունեն.  նրանք վարվում են այնպես, ինչպես կվարվի վատ հոտ առնող ցանկացած մեկը. դուրս կշպրտեն գարշահոտությունը…
Ճեմափողոցի սառը սրճարաններից մեկում ես թերթեցի նոթատետրս, ու որոշեցի զանգահարել հին ծանոթներիցս մեկին, ով միշտ խնդրում էր ինձ զանգահարել` ծերացող, Բելգիայում ծնված Ժակ անունով ամերիկացի մի գործարարի։ Նա մեծ, հարմարավետ բնակարան ուներ, խմելու շատ բան ու շատ փող… Որոշ ժամանակ առաջ  ես կարծում էի, որ նա իր մեծ բնակարանով, իր բարյացակամ խոստումներով, իր վիսկիով, իր մարիխուանայով, իր գինարբուքներով օգնել էին սպանել Ջիովանիին։ Գուցե իսկապես այդպես էր։ Սակայն Ժակի ձեռքերն ավելի արյունոտ չէին, քան իմը։
Ես տեսա Ժակին Ջիովանիի դարտապարտումից հետո…Նա լավ տեսք չուներ, դեմքը բծերով էր ծածկված, ակնոցի տակ թաքնված աչքերը մեռնող մարդու աչքեր էին հիշեցնում, որ ամենուր սպեղանի են փնտրում։
– Լսե՞լ ես, – շշնջաց նա, երբ իրեն միացա, – Ջիովանիի մասին։
Ես գլխով արեցի։ Հիշում եմ, թե ինչպես էր փայլում ձմեռվա արևը, բայց ես արևի պես սառն էի ու հեռու։
– Սարսափելի է, սարսափելի, սարսափելի, – մրմնջաց Ժակը, – սարսափելի։
– Այո, – ասացի ես։
Ուրիշ ոչինչ չէի կարող ասել։
– Զարմանում եմ, թե ինչու դա արեց, – շարունակեց Ժակը, – ինչու ընկերներից օգնություն չխնդրեց։
Նա ինձ նայեց։ Երկուսս էլ գիտեինք, որ վերջին անգամ Ջիովանին Ժակից փող էր խնդրել, Ժակը մերժել էր։ Ես ոչինչ չասացի։
– Ասում են, որ նա ափիոն էր սկսել օգտագործել, – ասաց Ժակը, – որ ափիոնի համար գումար էր անհրաժեշտ։ Լսե՞լ էիր։
Լսել էի։ Լրագրային ասեկոսե էր, որին, այդուհանդերձ, հավատալու իմ պատճառներն ունեի՝ հիշելով  Ջիովանիի հուսահատության չափը, գիտենալով, թե որքան հեռու էր տարել նրան իր սարսափը` այնքան լայնարձակ, որ պարզապես վերածվել էր անդունդի։ «Ես, ես ուզում եմ փախչել, – ասում էր նա, – je veux m’envader (ֆր. ես ուզում եմ փախչել)՝ այս կեղտոտ աշխարհից, այդ կեղտոտ մարմնից։ Այլևս չեմ ուզում սեր անել սոսկ մարմնից բացի ուրիշ  բանի հետ»…
…- Դուք միասին երջանի՞կ չէիք, – հարցրեց Ժակը։
– Ոչ, – ասացի ու ոտքի կանգնեցի։ – Ավելի լավ կլիներ, եթե նա մնար իր իտալական գյուղում, տնկեր ձիթենիներ, շատ երեխաներ ունենար ու ծեծեր իր կնոջը։ Նա սիրում էր երգել, – հանկարծ հիշեցի ես, – գուցե մնար այնտեղ և ամբողջ կյանքը երգեր ու մեռներ ակողնու մեջ։
Բայց Ժակը մի բան ասաց, որ ինձ ապշեցրեց…
– Ոչ ոք չի կարող մնալ դրախտի այգում, – հետո ավելացրել։ –  Հետաքրքիր է՝ ինչու՞։

Ժակը ծիծաղեց։
– Դու չգիտես, թե ինչ է նշանակում ընկերություն, բայց ունես զգացմունքներ, որոնք վտանգավոր են։ Վախենում ես, որ գուցե դրանք կփոխեն քեզ։ Ի՞նչ ընկերներ ես ունեցել։
Ես ոչինչ չասացի։
– Այդ դեպքում, – նա շարունակեց, – ի՞նչ տիպի սիրավեպեր ես ունեցել…
– Սիրի՛ր նրան, – կրքոտ կերպով ասաց Ժակը, – սիրի՛ր նրան և թու՛յլ տուր, որ քեզ սիրեն։ Կարծում ես՝ երկրի վրա ուրիշ ինչ-որ բան իմաստ ունի՞։ Եվ լավագույն դեպքում որքա՞ն երկար կարող է դա տևել։ Քանի որ երկուսդ էլ տղամարդ եք և դեռ երկար ճանապարհ ունեք անցնելու։ Միայն հինգ րոպե, հավաստիացնում եմ քեզ, միայն հինգ րոպե, և դրանց մեծ մասը մթության մեջ։ Եվ եթե համարես այդ հինգ րոպեն կեղտոտ, ապա դրանք իսկապես կեղտոտ կլինեն, դրանք կեղտոտ կլինեն, որովետև դու ոչինչ չես ունենա տալու, դու կատես ձեր մարմինները։ Բայց դու կարող ես ձեր համատեղ ժամանակը դարձնել ավելին, քան կեղտոտ, դուք կարող եք միմյանց տալ մի բան, որ երկուսիդ էլ կդարձնի ավելի լավը՝ ընդմիշտ, եթե չամաչեք, եթե ռիսկի դիմեք… Ինչ-որ մեկը, – ասաց Ժակը, – իմ հայրը կամ քոնը, պետք է մեզ սովորեցներ, որ սիրելուց շատ մարդ չի մեռել…

Ես հասա Ջիովանիի սենյակ ուշ երեկոյան…Նա դիմավորեց ինձ, երկար նայեց դեմքիս, ապա շրջվեց ու սկսեց լաց լինել…
– Ջիովանի՛, – ասացի ես, – դու միշտ էլ իմացել ես, որ մի օր ես հեռանալու եմ։ Դու գիտեիր, որ իմ հարսնացուն վերադառնում է Փարիզ։
– Դու ինձ հանուն նրա չես լքում, – ասաց նա, – դու ինձ ուրիշ պատճառով ես լքում։ Դու այնքան շատ ես ստում, որ ստիպված ես հավատալ քո բոլոր ստերին։ Բայց ես, ես զգացումներ ունեմ։ Դու ինձ չես թողնում կնոջ համար։ Եթե դու իսկապես սիրեիր այդ աղջնակին, դու այդքան դաժան չէիր լինի իմ հանդեպ… Դու երբեք ոչ մեկին չես սիրել։ Համոզված եմ՝ երբեք չես սիրի։ Դու սիրում ես քո մաքրությունը, քո հայելին. կարծես մի կույս լինես, որ քայլում է ձեռքերն առջևում պահած, ոնց որ ոտքերի արանքը թանկարժեք մետաղ, ոսկի, արծաթ, սուտակ, գուցե ադամանդ ունի… դու ուզում ես մաքուր մնալ…
– Բայց ես տղամարդ եմ, – գոչեցի ես, – տղամարդ։ Ի՞նչ կարող է լինել մեր միջև։
– Շատ լավ գիտես, թե ինչ, – ցածրաձայն պատասխանեց Ջիովանին։ – Այդ պատճառով էլ հեռանում ես ինձանից… Եթե կարողանայի քեզ ստիպել մնալ, ապա կստիպեի։ Եթե ստիպված լինեի քեզ ծեծել, շղթայել, սովի մատնել, եթե կարողանայի քեզ ստիպել մնալ, կանեի…
– Ջիովանի՛, – ասացի, – ես այլևս չեմ վերադառնա։ Դու գիտես, որ ետ չեմ գալու։

…           

Սարսափելի սկանդալ էր։ Եթե այդ ժամանակ գտնվում էիք Փարիզում, ապա անշուշտ լսած կլինեիք դրա մասին, կամ թերթերում տեսած կլինեիք Ջիովանիի ձերբակալման լուսանկարները ։ Հոդվածներ  գրվեցին, և ճառեր ասվեցին, իսկ Գիյոմի բարի տիպի այլ բարեր փակվեցին (դրանք երկար փակ չմնացին)։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները շրջում էին թաղամասերում, պահանջում բոլորի փաստաթղթերը։ Ջիովանիին ոչ մի տեղ չէին կարողանում գտնել։ Բոլոր ապացույցներից զատ՝ հենց նրա անհետացումն էր հուշում, որ նա էր մարդասպանը…Անհրաժեշտ էր ամենասեղմ ժամանակահատվածում մի բացատրություն գտնել, մի լուծում և մի զոհ։ Բերման ենթարկված տղամարդկանցից շատերը ոչ մի կապ չունեին սպանության հետ։ Նրանց բերման էին ենթարկում, ինչպես ֆրանսիացիներն են անվանում les goûts particuliers (ֆր.առանձնահատուկ ճաշակ) ունենալու կասկածանքով։ Այդպիսի ճաշակը Ֆրանսիայում հանցանք չէր, այնումենայնիվ, հասարակության զգալի մասի կողմից դատապարտման էր ենթարկվում։ Երբ Գիյոմի դին հայտնաբերեցին, միայն փողոցային տղաներ չէին, որ վախեցան. իրականում, տղաներն ավելի քիչ անհանգստացան, քան հասուն տղամարդիկ, ովքեր թափառում էին փողոցներով նրանց գնելու համար, ում կարիերան, պաշտոնն ու հեղինակությունը երբեք չէին դիմանա նման համբավին։ Ընտանիքի հայրերը, մեծ տների զավակները, Բելվիլից ժամանած հետաքրքրասեր արկածախնդիրները՝ բոլորը չափազանց անհամբեր էին, որպեսզի գործը փակվեր, որպեսզի արդյունքում գուցե ամեն ինչ վերադառնար սովորականին, և բարոյականության սարսռազդու մտրակը չխարազաներ նրանց մեջքը…
Բարեբախտաբար, Ջիովանին օտարերկրացի էր։ Կարծես, ինչ-որ արտառոց, անխոս պայմանավորվածությամբ, ամեն օր, ինչ Ջիովանին ազատության մեջ էր, մամուլը դառնում էր ավելի թունոտ՝ նրա և ավելի նուրբ Գիյոմի հանդեպ։ Հիշեցին, որ Գիյոմը Ֆրանսիայի ամենահին անուններից մեկն էր։ Կիրակնօրյա համարները գովաբանում էին նրա ընտանիքի պատմությունը, և նրա ծեր ազնվազարմ մայրը, ով մահացավ սպանության դատավարության ընթացքում, ցուցմունք տվեց իր որդու փայլուն հատկանիշների մասին ու հայտնեց իր հիասթափությունը, թե կաշառակերությունը Ֆրանսիայում հասել է այնքան մեծ մասշտաբների, որ նման հանցանքը այդքան երկար մնում է անպատիժ։ Նման զգացմունքների հետ ժողովուրդը, անշուշտ, պատրաստ էր համաձայնել։ Գուցե այնքան էլ անհավատալի չէր, որքան թվում էր ինձ, բայց Գիյոմի անունը կախարդական ձևով միահյուսվել էր ֆրանսիական պատմությանը, ֆրանսիական պատվի, ֆրանսիական փառքի հետ և գրեթե դարձել էր ֆրանսիական առնականության խորհրդանիշը…
…Գուցե ես միակ մարդն էի Փարիզում, որ գիտեի՝ Ջիովանին չէր ուզում սպանել, որ կարող էի տպագրված մանրամասների մեջ տեսնել, թե ինչու էր այդպես վարվել…Ես, կարծես, կարող էի լսել նրանց զրույցը.
– Alors, tu es revenu? (ֆր. Այսպիսով, դու վերադարձե՞լ ես), – ասում է Գիյոմը գրավիչ, չարախինդ ձայնով…
– Մտածեցի՝ քեզ բարմեն է հարկավոր, – ասում է Ջիովանին։
– Դու աշխատա՞նք ես փնտրում։ Ինձ թվում էր՝ քո ամերիկացին քեզ համար արդեն նավթի հանք է գնել Թեքսասում։
– Ոչ, իմ ամերկացին, – ձեռքով մի շարժում է անում, – հեռու է փախել։
Երկուսով ծիծաղում են…
– Ավելի ուշ արի՛, բարի փակվելուց հետո, ու մենք կխոսենք աշխատանքի մասին, – վերջապես ասում է Գիյոմը։
Ջիովանին գլխով է անում ու հեռանում։ Պատկերացնում եմ, թե ինչպես է նա փողոցային ծանոթների հետ խմում, ծիծաղում, քաջություն հավաքում, մինչ ժամեր են անցնում։ Նա երազում է՝ որևէ մեկն ասի նրան չվերադառնալ Գիյոմի մոտ, թույլ չտալ, որ Գիյոմը դիպչի իրեն։
Բայց նրա ընկերները պատմում են, թե որքան հարուստ է Գիյոմը, որքան հիմար թագուհի է, որքան շատ բան կարող է ստանալ Գիյոմից, միայն եթե խելացի գտնվի։
Ճեմափողոցում ոչ ոք չկա, որ խոսի նրա հետ, փրկի նրան։ Ջիովանին զգում է, թե ինչպես է մեռնում։
Հետո գալիս է Գիյոմի բարը վերառանալու ժամը։ Նա այնտեղ գնում է միայնակ։ Երկար ներս չի մտնում։ Ուզում է շրջվել, հեռու փախչել, բայց փախչելու տեղ չկա… Գիյոմը տեսնում է նրան ու ազդանշում, որ վերև բարձրանա։ Ջիովանիի ոտքերը թուլանում են։ Նա հայտնվում է Գիյոմի սենյակում՝ շրջապատված մետաքսով, գույներով, օծանելիքով, Գիյոմի անկողնուն նայելիս…
Հավանաբար, այդ պահին Ջիովանին գիտակցում է, որ չի կարող շարունակել, որ կամքի ուժը լքում է իրեն։ Նա հիշում իր աշխատանքը։ Փորձում է զրուցել, լինել գործնական, լինել խելամիտ, բայց, իհարկե, արդեն շատ ուշ է։ Գիյոմը ծովի նման ծածկում է նրան…
Բավարարելով իր հաճույքները, և մինչ Ջիովանին դեռ շնչահեղձ պառկած է, Գիյոմը կրկին վերածվում է գորածարար մարդու և հրաշալի պատճառաբանում, թե ինչու Ջիովանին այլևս չի կարող աշխատել իր բարում։ Գիյոմի հորինած ցանկացած պատճառի տակ թաքնված է իրականը, և նրանք երկուսն էլ աղոտ, իրենց ուրույն ձևով տեսնում են դա. Ջիովանին, ինչպես խամրող մի  կինոաստղ, կորցրել է իր առինքնող հմայքը։ Նրան մասին ամեն ինչ հայտնի է, նրա գաղտնիությունը բացահայտված է։ Ջիովանին, անշուշտ, զգում է այս ամենը, և ցասումը, որ ամիսներ շարունակ կուտակվում էր իր ներսում, այժմ Գիյոմի ձեռքերի և բերանի հուշերի հետ մեկտեղ սկսում է կլանել իրեն։  Նա մի քանի րոպե լուռ նայում է Գիյոմին, իսկ հետո սկսում է բղավել։ Գիյոմը պատասխանում է նրան։ Փոխանակված յուրաքանչյուր բառի հետ Ջիովանիի գլուխը սկսում է մռնչալ, և խավարը ծածկում է նրա աչքերը։ Սակայն Գիյոմը յոթերորդ երկնքում է… չափազանց հրճվում է այն փաստից, որ Ջիովանիի դեմքը կարմրել է… ու նա մի արտահայտություն, մի վիրավորանք, մի ծաղրանք ավելի է ասում և մեկ վայրկյանում գիտակցում է, որ ազատ արձակեց այն, ինչը չի կարող զսպել:
Իհարկե, Ջիովանին չէր ուզում այդպես վարվել։ Բայց նա հարվածեց Գիյոմին։ Եվ ամեն հարվածի հետ սրտի խորքում կուտակված անտանելի բեռը սկսեց թեթևանալ. հիմա Ջիովանիի հերթն էր հրճվել… Գիյոմը փորձեց փախչել սենյակից, սակայն Ջիովանին ցատկեց նրա ետևից, բռնեց խալաթի գոտուց ու փաթաթեց նրա վզին։ Ու ընդամենը ամուր քաշեց՝ հեկեկալով, զգալով, թե ինչպես է ամեն վայրկյան թեթևանում, մինչ Գիյոմի մարմինը ծանրանում էր…
…Շատ բան է գրվել այն  մասին, թե ինչպես է սերը վերածվում ատելության, ինչպես է սիրտը սառչում սիրո մեռնելուց հետո։ Ապշեցուցիչ գործընթաց է։ Ավելի սարսափելի, քան ես երբևէ կարդացել եմ, ավելի սարսափելի, քան երբևէ կկարողանամ պատմել…                   

Անգլերենից թարգմանեց Արմինե Դանիելյանը

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment