Հերման Հեսսե | Hermann Hesse

Հեսսեն Մոնտանյոլայի իր տանը, 1950թ.

Հերման Հեսսե | 1877-1962թթ., Գերմանիա

 

ԱՌԱՆՑ ՔԵԶ

Ինձ է նայում բարձս
Տապանաքարի պես դատարկ այս գիշերվա միջից.
Մտքովս չէր անցնում, որ այսչափ դառն է
Մեն-մենակ լինելը,
Ու որ պետք է քնել քո մազերից հեռու:

Ես հիմա պառկած եմ մենակության մեջ իմ լուռ տանը,
Կախված լամպը մերկանում է 
Եվ նրբորեն ձգում ձեռքերը դեպի ինձ
Եվ փափկորեն սեղմում տաք բերանս շուրթերովդ
Նվաղուն ու թույլ…

Հանկարծակի զարթնում եմ,
Իսկ շուրջս շարունակում է փարթամորեն աճել ցուրտ գիշերը.
Իսկ պատուհանի շրջանակում աստղը պայծառ է ու պարզ,
Եվ միայն դու չկաս,
Չկաս իմ կողքին:

Եվ ուր են բացգույն մազերդ,
Եվ ուր է քաղցր բերանդ…
Հիմա խմածս ցավի մեջ շատ է կիրքը,
Եվ գինուս մեջ թույն է խառնած,

Մտքովս երբեք չէր անցնում, որ այսչափ դառն է
Մեն-մենակ լինելը,
Մենակ ու առանց քեզ:      

1915թ.

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Դու մի տխրիր. շուտով գիշեր կգա,
Կտեսնենք ցուրտ մահիկը ոնց է գաղտնաժպտում
Աղոտ արվարձանների մոտակայքում,
Ու ձեռք ձեռքի տված մենք կխաղաղվենք:

Դու մի տխրիր. շուտով ժամանակը  կգա,
Որովհետև խաղաղ ենք մենք, ու մեր փոքրիկ տապանախաչերը
Կողք կողքի կանգնած են ճանապարհի եզրին:
Եվ անձրև է գալիս, և ձյուն է իջնում,
Եվ հետո գալիս են ու գնում նաև քամիները:

1911թ.

ԴԱՇՏԵՐԻ ՄԵՋ

Երկինքների մեջ շարժվող ամպեր են,
Դաշտերի մեջ շարժվում է քամին,
Եվ դաշտերի մեջ կորած երեխան է
Մորս որոնումների:

Փողոցների մեջ քշվող տերևներ են,
Ծառերի մեջ՝ լացը թռչունների,
Եվ լեռների մեջ՝ ամենահեռվում,
Պիտի որ իմ տունը լինի:

1902թ.

Անգլերենից թարգմանեց  Հասմիկ Սիմոնյանը

No Comments

Post A Comment