Արարատ Մկրտումյան

Արարատ ՄԿրտումյան  |  1957-1988թթ., Հայաստան


*
Չէ, ինչո՞ւ հարբած,
պարզապես գինի էր և շատ էր,
և ամեն անգամ քո կենացն էր լսվում,
և ամեն անգամ դու չէիր լսում:
Պարզապես տարածություն էր, որ հարկավոր էր… խմել:
Որ հարկավոր էր խմել և հասնել քեզ:
Եվ հասնել… և լռել:

Չէ, ի՞նչ կարոտ,
պարզապես դու չես հերիքում,
անընդհատ չես հերիքում,
էլ երբեք չես հերիքում,
էլ երբեք չես հերիքում
իբրև ներկայություն
և մոտեցող ձեռք:

Չէ, ի՞նչ սեր,
պարզապես դու փակում ես աչքերդ,
որ ես երազ տեսնեմ,
քայլում ես, որ ես հոգնեմ.
ծնվում ես, որ շարունակվեմ.
հիվանդանում ես, որ ինձ համար բժիշկ կանչեն,
ասում ես` գարուն է,
որ ճերմակ ծաղկաբուրմունք հնչի իմ աչքերում,
ժպտում ես, որովհետև ինձ սազում է,
ծիծաղում ես, որ մարդիկ իմ մասին ասեն` ուրախ մարդ է,
հագնվում ես, որ ես չմրսեմ,
արձակում ես կոճակներդ,
որովհետև ես եմ շոգում…

…Ապրիր,
թե չէ մարդիկ դժվարությամբ կտանեն
իմ աճյունը ծառերի միջով:

ՀՈՐՍ

Երեկոն մայիսյան էր և անձրևոտ,
դու մենակ էիր
և ծննդատան առաջ
ետուառաջ քայլելով մտածում էիր,
որ արու զավակները
չպետք է ծնվեն անձրևոտ մի օր,
թե չէ շատ կսիրեն արեգակին,
թե չէ… կվառվեն:

Դու մենակ էիր,
և հեռու էր Լեռը,
և մտածեցիր,
որ քո որդին անպայման կունենա
Անունը Լեռան,
և տխրությամբ հասկացար,
որ նա էլ մենակ կլինի
քեզ նման
և Լեռան պես

…Դու որդուդ հետ էիր,
և քո որդու հայրը
չուներ հայր,
և ծննդատան առաջ,
ետուառաջ քայլելով,
հանկարծ նայեցիր աչքերի մեջ որդուդ
և հասկացար,
որ նա էլ շատ է ուզում
ունենալ որդի,
որ… չկորցնի քեզ:


ՍԵՐ

Ասել է թե`
արթնացել ես այսօր,
որ վաղը հիշես,
թե ինչ էիր անելու երեկ:

Ասել է թե`
երկու խնձորներից
քեզ չի հերիքում
երրորդը
և անընդհատ թվում է, որ այդ պահին
մեկը տրոփում է
քո մասին:

Ասել է թե`
փողոցի շներն անգամ
քեզ ճանաչում են
և «բարև» են հաչում,
որ չմոռանաս
սովորականի պես
ծխախոտ վառել
և շարունակել կիսատ զրույցդ:

Ասել է թե`
արթնանում ես կեսգիշերին
և վախով հասկանում,
որ գիշերուկես է արդեն
ինչ
չես տեսել նրան:


*

Մեր բաժանումը ինձ սովորեցրեց
քո հետքերը փնտրել միայն
հայտնության մեջ իմ կորուսյալ
պատրանքների
և լոկ այնտեղ,
որտեղ չկաս
ու չես եղել մինչև անգամ:
Մեր բաժանումը ինձ սովորեցրեց
քեզ հիշելիս
հիշողության մեհյաններում
հեթանոսվող գիշերներին զոհ մատուցել:
Մեր բաժանումը ինձ հիշեցրեց
մեր հիշողության մեհյաններում հեթանոսվող գիշերներին
զոհ մատուցել`
քրիստոնյա մի բաժակ սուրճ,
անքնություն,
խաչված մի ցանց պատկերազարդ
և քեզ երբեք չհիշելու ջանքեր
իզուր:

Եվ հիշելով քո շուրթերի գգվանքը գիրգ`
ցնորածիր նախկին տենդով
ջերմ համբուրել
տաք շուրթերը
ծխախոտի
և ծխի անգո քուլաների մեջ
որոնել ինչ-որ պատրանք մնայուն:

Ես սովորեցի աշխարհին նայել
առանք քո աչքերի,
քո ժպիտով չժպտալ մարդկանց
Եվ չփնտրել քո խենթությամբ
անհայտ արահետներ:
Ես սովորեցի փողոցներում
Չորոնել քո հայացքի տաքությունը`
ծարավ մոլեգնությամբ:

Ես հասկացա,
որ ամենից քիչ
ինքներս հենց մենք գիտենք
և այդ պատճառով
մենք մեզ փնտրում ենք ուրիշների մեջ,
իսկ երբ որ գտնում ենք ինչ-որ չափով`
միայն կորուստն է դրանից դառնում ծանր ավելի…

Եվ հասկացա,
որ այն չափազանց ճշմարիտ է
բարձր ասելու համար
(իսկ մենք սիրում ենք գեղեցիկ ստեր),
որ այս ամենը կարելի է
լոկ հասկանալ
և հանկարծ… լռել,
և բաժանվել կարելի է…
չբաժանվելով,
ինչպես և սիրել… չսիրելու պես
և համուրել կարելի է… (նույնիսկ համբուրել)
խղճալու նման…
և ես հիմա
սովորում եմ
բաժանվելով
չբաժանվել…
…այսինքն` իսկապես
բաժանվել քեզնից…


ՊԱՏԱՀԱՐ

Օրը սովորական է,
ինչպես ժամացույցի միալար չխկչխկոցը
հոգսի և պարտականության ճկուն ողնաշարում:
Եվ տղամարդիկ ելնում են անկողնուց,
շտապ հագնվում են,
շտապ նախաճաշում,
հապճեպ համբուրում են քնած երեխաներին,
մի թեթև կսմթում են
իրենց կնոջ այտը
և շտապում գործի…

Եվ լուրջ-ինքնավստահ,
և լուրջ-մտազբաղ,
և լուրջ-գործնական
գլորվում է օրը
տղամարդկանց ուսերի վրայով:

Եվ հանկարծ տղամարդկանցից մեկը,
չգիտես ինչու, հիշում է,
որ ինքը հարևանի աղջկան համբուրելիս
բարձրացել էր թաթերին,
և շունչը կտրվում էր…

Եվ հանկարծ տղամարդկանցից մեկը,
չգիտես ինչու, հիշում է,
որ ինքը սիրում էր պեպենոտ մի աղջկա,
որը 14 տարեկանում վթարի ենթարկվեց
և մեռավ…
Եվ հանկարծ տղամարդկանցից երրորդի
աչքերը սառում են,
և նա շփոթված ծխախոտ է փնտրում
գրպաններում…
և հանկարծ…
և տղամարդկանցից շատերը…
և հանկարծ…
և բոլոր տղամարդիկ…

Եվ քիչ հետո
քաղաքը լցվում է պարապ տղամարդկանցով,
որոնք շփոթված են ու տխուր,
որոնք ծխախոտ են ճմռում գրպաններում
և քիչ է մնում «Դու ողջ լինես» ասեն`
իրար ձեռք սեղմելով…
Եվ բոլորը միասին քայլում են
դեպի գարեջրատուն,
որտեղ գարեջուրը դառն է,
ծխախոտը` կծու,
և բոլորը միասին են,
և միասին լինելը հեշտ է…

Եվ հետո շփոթված ու տխուր,
և հետո առանձին ու տխուր
շտապում են տուն`
իրենց երեխաներին համբուրելու
և սպասելու իրենց կանանց,
որոնք շփոթված ու տխուր
հավաքվել են ինչ-որ սրճարանում
և ինչ-որ բան են հիշում,
և ինչ-որ բան են հիշում,
և ինչ-որ բան են հիշում…

*
– Ամենադժվարը բաժանման առաջին օրերն են, –
հանգստացնում է տղան`
աղջկա մազերը շոյելով:
– Չէ, միշտ էլ դժվար կլինի
մինչև քո վերադարձը, –
լացակումած բողոքում է աղջիկը:

…-Ծառ,
հիշեցրու նրանց,
որ ամենադժվարը
այդ խոսքերը
հետո հիշելն է:

No Comments

Post A Comment