24 Nov Իսիկավա Թաքուբոքու
Իսիկավա Թաքուբոքու 1886-1912թթ., Ճապոնիա | բանաստեղծ, գրաքննադատ:
Ծնվել է Հոնսյու կղզում, հոգևորականի ընտանիքում: Միակ տղա զավակին անվանեցին Հաջիմե, որ նշանակում է «առաջնեկ, անդրանիկ»:
1903թ. որպես գրական կեղծանուն ընտրեց Թաքուբոքուն, որ ճապոներենից թարգմանաբար նշանակում է «փայտփորիկ»: Աշխատել է որպես գյուղական ուսուցիչ, այնուհետև գրական ամսագրում սրբագրիչ: Առավել հայտնի է որպես թանկա և ազատ ոճով գրող բանաստեղծ, սկզբնապես հարել է բնապաշտական պոետների Մյոջո խմբին, այնուհետև միացել է ճապոնացի պոետների սոցիալիստական խմբին: Նրանից մեզ են հասել թանկաների երկհատորյակն ու օրագրերը: Օրագրերը նա գրում էր լատինատառ ճապոներեն, որպեսզի կինը՝ Սեցուկոն, չկարողանա կարդալ: Ամուսնացել էր 1905թ., մինչ այդ նույն թվականին էլ հրատարակել բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Թախիծը», 1912թ.՝ մահվանից երկու ամիս անց, լույս է տեսնում երկրորդ գրքույկը՝ «Տխուր խաղալիքները»: Թաքուբոքուն մահանում է թոքախտից, երբ ընդամենը 26 տարեկան էր:
Չգիտեմ ինչու
Երազում էի
Ես գնացք նստել:
Բայց ահա իջա
Եվ գնալու տեղ չունեմ այլևս:
*
Ինչպես ճամփորդը՝
Քամուց դողացող,
Իր հանդիպածին հարցնում է ճամփան
Այդպես, այդպես եմ
Խոսել ես քեզ հետ:
*
Կեղտոտ ձեռքերս
Հանդարտ լվացի:
Ինչպիսի փոքր մի ուրախություն:
Օրվա ընթացքում
Միակ հրճվանքը:
*
Դատարկ մի տուն
Մտա
Եվ ծխեցի մի քիչ…
Այնպե՜ս էի ուզում
Մենակ մնալ:
*
Տարին վազում է տարվա ետևից:
Քեզանից հեռու,
Ամեն տարվա հետ
Ավելի ուժգին
Ես սիրում եմ քեզ:
*
«Եվ միայն դրա համար
Մեռնե՞լ»:
«Եվ միայն հանուն դրա
Ապրե՞լ»:
Թող և մոռացիր վեճն այդ անիմաստ:
*
Ես ընկերոջս՝
որպես թշնամու, սաստիկ ատեցի,
Բայց երկար, երկար
Ձեռքն էի սեղմում
Բաժանման պահին:
*
Ինչպես խորը ճաքը
Ճերմակ լուսամփոփին,
Այդպես անանց է
Հուշն
Հրաժեշտի:
*
Զայրույթի պահին ես ուզում էի
Ծաղկամանը փշրել:
Ախ, փշրել միանգամից –
Իննսունինն էլ –
Ու մահանալ:
*
Կարող է այդպես տխուր եմ հիմա,
Քանի որ շուրջս
Վառ գույներ չկան:
Մեկին խնդրեցի,
Որպեսզի կարմիր ծաղիկներ գնի:
*
Ես նոր սիրտ էի փնտրում ինձ համար:
Եվ ահա այսօր
Մեն ու միայնակ թափառում էի
Խուլ փողոցներով…
Նրանց անուններն անգամ չգիտեմ:
**
Ինչպես հայրենի գյուղ վերադարձած
հոգնած ճամփորդը
Քնում է խաղաղ,
Այդպես թեթև ու անշշուկ
Ձմեռը եկավ:
**
Գնացքում էի:
Հյուսիսում՝ երկնի պռնկին,
Հայրենի լեռներս
Հանկարծ ինձ երևացին.
Շապկիս օձիքը հպարտ ուղղեցի:
**
Քայլում էի նորից
Հայրենի գյուղիս ճամփեքով:
Երբ հանկարծ զգացի՝
Ինչքա՜ն թեթև էր երթն իմ,
Բայց սիրտս շա՜տ էր ծանրացել:
**
Գյուղի ճամփեզրին
Քարերի կույտ կար:
Այս տարի հաստատ
Փարթամ խոտի մեջ
Թաղվել են նրանք:
*
Կատակով
Մորս ուսերիս դրի:
Սակայն նա, ավաղ, թեթև էր այնքան,
Որ երեք քայլ էլ չկարողացա
Անարցունք անցնել:
*
Հսկայական ծովի հանդեպ
Միայնակ եմ ես:
Ահա արդեն որերորդ անգամ,
երբ արցունքներն են սեղմում կոկորդս,
Հեռանում եմ տանից:
*
Իմ հյուսիսային թափառումները…
Հուզմունքից կարծես դողացող ձայնով
Երկար ու երկար
Ես երգում էի
«Ալիքներն ավազ են լվանում»:
*
Այնտեղ, ուր արցունք է ընկել,
Ավազահատիկներից
Մի խոնավ կույտ է գոյանում:
Որքան ես ծանրանում դու,
Արցո՛ւնք:
*
Ամեն մեկի սրտում,
Եթե իսկապես
Մարդ արարած է,
Տնքում է անհայտ
Մի կալանավոր:
*
Շոյվա՞ծ եմ գովքից.
Ո՛չ, զայրացած եմ:
Որքան տխուր է,
Երբ քեզ դու գիտես
Առավել քան լավ:
**
Բարեկամս
Կերակրում էր ինձ,
Բայց նույնիսկ իր դեմ
Չիմացա լռել, չհամբերեցի,
Այդպիսին եմ ես…
*
«Վիշտը հասու է նրան,
Ով կարդում է սրանք», –
Այսպես բարբառեց
Եվ հրո ճարակ դարձրեց գրքերը:
Ո՜վ մեծ իմաստուն, դու ճիշտ վարվեցիր:
*
Հիշում եմ՝
Ուսուցիչը պատմում էր մեզ,
Թե ինչպես իր կյանքը անդարձ
Կործանեց մի մարդ:
Հանճարեղ մի մարդ:
*
Ձեռնոցս էի հանում
Եվ հանկարծ
Ձեռքս կարկամեց:
Սրտիս վրայով
Մի հուշ գլորվեց:
**
Ամբոխի իրար հրմշտող
Թիկունքների մեջ
Տեսա ես նրան:
Սոսկ մի ակնթարթ,
Բայց օրագրումս իր հետքը մնաց:
*
Փակում եմ աչքերս,
Սակայն նրանց դեմ
Ոչինչ չի կանգնում:
Ես շատ տխուր եմ:
Աչքերս ստիպված բացում եմ նորից:
**
Աչքերի ցավից մուգ ակնոց դրի:
Հենց այդ ժամանակ
Սովորեցրի ինձ
Այնպես լաց լինել,
Որ արցունքներս ոչ ոք չտեսնի:
*
Եթե փողոցում ես պատահաբար
Մի ինչ-որ ծանոթ իրան եմ տեսնում,
Սիրտս խաղում է
Իր մութ վանդակում:
Խղճա՛, խղճա՛ ինձ:
*
Իմ այս խելագար, խելագար կյանքում
Շատ է պատահում,
Որ հանկարծ կանգնում ու խորհում եմ ես…
Դու գիտե՞ս, գիտե՞ս,
Արդյոք ու՞մ մասին:
*
Ուղիղ վեց տարի
Իմ հին գլխարկը
Ես հագնում էի
Ամեն, ամեն օր…
Սակայն ես անգամ նրան կորցրեցի:
*
«Նա գալու է», – ասացին ինձ:
Ես վաղ արթնացա:
Անհանգստացա,
Որ, ավաղ, արդեն էլ թարմ չեն այնքան
Թևքերն իմ ճերմակ վերնաշապիկի:
*
Խոնավ շղարշով պարուրված աչքեր,
Այտին՝ սև մի խալ:
Ահա ամենը, որ ես հիշում եմ,
Երբ ոչ աչքերիս առջև է գալիս
Կինը հեռավոր մի բարեկամիս:
*
«Տարաբախտ իմ սեր», –
Ես շշնջում եմ ինքս ինձ համար:
Կեսգիշերն անց է:
Մարող կրակին
Ածուխ եմ լցնում:
*
Որպեսզի մի գիշերում
Ամբողջովին ծաղկի,
Ես տաքացրի թասն այն,
Ուր սալոր եմ տնկել:
Բայց, ավաղ, ոչ մի ծաղիկ չբացվեց:
*
Ննջելով՝
Իմ սրտին էի ես նախատում:
Նա միշտ սպասում է.
«Ինչ-որ մի լավ բան վաղը կլինի,
Վաղը կլինի»:
*
Ես տարօրինակ մի գլուխ ունեմ:
Միշտ մտածում է
Անհասի մասին:
Մի՞թե այս տարի
Նույնն է լինելու:
*
Նոր տարին անցավ:
Կյանքս գնում է
Իր սովորական
Թախծոտ
Ճամփեքով
*
Հին թերթի համար:
Տես, տես, այ այստեղ,
Բանաստեղծություններս են
Գովում:
Թող որ ընդամենը մեկ-երկու տողով:
*
Բավական է ես թույլ հոգոց հանեմ
Եվ կրծքիս խորքից աղմուկ է ելնում,
Որը տխուր է անգամ
Աշնանային
Հողմի ձայներից:
*
Սպասեցի նրան,
Շատ սպասեցի:
Սակայն նա չեկավ:
Սեղանը տեղափոխեցի
Ես ահա այստեղ:
*
Ես չէի նկատում
Այն ժամանակ,
Թե որքան մանկական
Սխալներ կան այդտեղ՝
Հին նամակների կապոցում:
**
Երբ ինձ թվում է,
Թե մոռացել եմ,
Ցանկացած մանրուք
Հիշեցնում է ինձ.
Դա անհնար է…
*
Արդեն հինգ տարի կլինի,
Ինչ ես չեմ տեսել
Երկինքն լայնահուն:
Մի՞թե կարելի է
Այս կերպով ապրել:
Երկնքի մովում
Գալարվող ծուխ՝
կամաց չքացող անհուն կապույտից:
Ու՞մ եմ հիշում, երբ նայում եմ քեզ.
Մի՞թե ինքս ինձ…
** ռուսերեն տողացիից թարգմանեց ՌՈւԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
No Comments