Լիլիթ Կարապետյան

Լիլիթ Կարապետյան | ծնվ. 1990թ., Հայաստան

 

Անապատի գուշակը
հատված վեպից

Լայնեզր գլխարկով աղջկա փետրագնդակը հայտնվում է ավտոտնակի տանիքին: Նա, կանգնում է ոտնաթաթերի ծայրին և նայում է շուրջը: Աշխարհից թաքնվելու մղումով խաղաթիակը մոտեցնում է երեսին, բարակ թելերը ճաղավանդակներ են կազմում, և նա վանդակների միջից տեսնում է շեկ անապատի ամայությունը: Նրա ետևում մանկապարտեզ հաճախած երբեմնի երեխաների ճակատագրի դժգոհությունից ցնցվում են ժանգոտած խաղահրապարակի կարուսելները: Մեղմիկ քամուց նստարանները պտտվում են և խանդավառ ճիչերը ուղեկցվում են ծառերի տերևաթափությամբ: Երեխաներից մեկը վազվզում է դատարկ ննջասենյակների միջով գտնելու համար իր պահարանը, որտեղ այրի դաստիարակչուհին պահում էր ամենօրյա սրբիչը: Ծնոտից ջրի կաթիլներ են գլորվում ցած: Նա դեմքը լվացել է քաղցր բամբակ ուտելուց հետո, ինչպես խորհուրդ էր տվել նրան ծեր կինը, որ ամեն առավոտ թողնում էր աղջկան խաղահրապարակի դարպասների առջև: Ես բացում եմ դարպասները և մթության միջից հանում եմ ավտոտնակում կանգառած մեքենաս: Հին սրբիչով մաքրում եմ դիմապակիներին նստած հաստ փոշու շերտը: Ընթացքի ժամանակ հնարավոր չէ գծագրել սեփական կենսագրության տիրույթը, որովհետև ուղղությունն անհայտ է: Շարժիչի միալար ձայնը առավել ուժգին է հնչում ականջներումս, ես, գիշերային մթության մեջ, գերազանցել եմ մեքենայի թույլատրված արագությունը և խախտել եմ ինձ երբևէ հայտնի աշխարհագրությունը:

Արագընթացով սլանալով ես  ցանկանում եմ կտրել-անցնել անապատը, թեև մեծ ջանք չեմ գործադրում տիրապետելու ղեկը` խորդուբորդների վրայով փոքրիկ ցատկ կատարելիս: Կաշվե բաճկոնով ես ցերեկները պաշտպանվում եմ սնսպատի փոշուց և կիզիչ արևի ճառագայթներից, գիշերները` ցրտից ու քամուց: Բաճկոնս ճաքճքվել է: Ճաքերի արանքում ավազահատիկներ են լցվում, թեև ձեռքերով թափ եմ տալիս,  այնուամենայնիվ անապատն աստիճանաբար դառնում է իմ մի մասը: Ես ձեռքս հանում եմ մեքենայի պատուհանից դուրս` շոշափելու օդը, սա նոր օտարությունը ճանաչելու սկիզբն է: Անապատը չնվաճվող տարածություն է, անբնակելի է և չի հանդուրժում մարդկային գործունեությունը: Նախընտրում է լինել բուսազուրկ և անհնազանդ: Ես օրուգիշեր ճանապարհորդել եմ և ոչ մի մարդկային շունչ չեմ հանդիպել, այժմ ջրի և բառերի ծարավ եմ զգում, սակայն չեմ պատրաստվում կանգնեցնել մեքենան գոնե մի քանի րոպե, որովհետև շարժման բացակայությունը հավասարազոր է կործանման: Անօգնական հայտնվել ինչ-որ տեղ, ուր ոչ մի արձանագրություն չկա իմ ներկայության մասին, որևէ մեկը չի մոտենում ու անթաքույց սադրանքով պահանջում փաստաթղթերը: Գնում եմ, որովհետև մնալը դժվար է: Երազների քմահաճույքին տրված ես փնտրում եմ հրաշքը: Երևակայությունս գուցե ինչ-որ բան կմոգոնի որպեսզի գոհացնի հոգու պահանջմունքները: Անապատի անծայրածիրությունը արձանագրում է քաղաքակրթությունների ավարտը: Մարդկային հանրածանոթ հարաբերությունները` մանր-մունր վեճերը, բարևից ծագող մեղմ ժպիտը և շրջապատող ընկերների մռայլությունը հօդս են ցնդում: Փուխր ավազը հնազանդ ճզմվում է մեքենայի անիվների տակ, ընդամենը ակնթարթներ են պետք մեղմիկ քամուն, որ կրկին հարթեցնի ավազը, ասես ոչինչ չի պատահել: Անապատի խորքից ետ նայելիս սարսռում եմ գիտակցումից, որ ետդարձի ուղիները փակ են:  Միայնակ շարժվում եմ առաջ: Քամին ավազին է հավասարեցրել իմ թողած հետագիծը, ոչ-ոք չի գա իմ հետքերով, որպեսզի ինձ գտնի: Այս ճանապարհով անհիշելի ժամանակներում անցել են ուղտերի քարավանները` սապատներին ծանրաբեռնված ալմաստի և զմրուխտի զամբյուղներով: Արևի անխնա ճառագայթները պար են բռնել թանկարժեք քարերի ակնախտիղ գույների հետ, որոնք մթության մեջ փայլփլում էին իբրև մարդկային ագահության փարոս, արքաների քմահաճույք, որոնք պետք է բավարարեին առևտրականները ճաշակի  բարձր զգացողությամբ: Քարավանները ստեպ-ստեպ ենթարկվում էին հարձակումների: «Անապատի ծովահեններ» էին անվանում կիսալուսնաձև թրերով և մրրիկից արագավազ ձիերով հարձակվող  ոհմակին: Արյուն էր հեղվում: Գողանում էին մետաքսն ու ոսկյա զարդերը: Իսկ հեռադիտակն ու քարտեզը մնում էին առևտրականի դիակի կողքին:

Կեսօրին անապատը մեռնում է, հոգեվարք ապրող ստվերներն ինքնասպան են լինում: Փշատերև բույսերը ինքնահրկիզվում են, և բոցավառվող կրակօջախներից հրդեհվում է անապատի հոգին: Միայն իրիկնամուտին շիկացած ավազաթմբերը վերակենդանանում են, տապը նահանջ է ապրում: Ես կրկին հիանում եմ բլրակների անվերջությամբ՝ նմանվելով աննպատակ սողացող խլեզի: Նա միայն մտածում է ավելի խորը թաքնվել ավազի տակ արևից պաշտպանվելու համար: Ծարավի, քաղցի պահանջը սաստկանում է: Հյուծախտը սպառնում է ինձ: Ղեկի առջև հավերժությունը որսած հայացքով լսում եմ միայն շարժիչի միօրինակ ձայնը: Ուղղաձիգ անշարժությունից մարմնական թուլությունը սաստկանում է: Այլևս անհնար է զսպել քունը, որից մեքենան մատնվում է ինքնահոսի: Ինչ-որ բան ստիպում է հանկարծակի արթնանալ թմբիրից: Չեմ կռահում  ինչպես եմ խուսափել ավազաթմբերին բախվելուց: Երբևէ չեմ հավատացել, որ այսքան հեռուն կգնամ, և սա դեռ սկիզբն է` իմ առջև օազիսն է իր բնակիչներով: Երկար հագուստներով մարդիկ դիմավորում են ինձ բարեկամի նման: Խաղաղություն կանխագուշակող ժպիտով ծերունին հպվում է մեքենայիս: Մենք ապրում ենք սահմանի մոտ, դու բացառիկ մարդ ես, ում հաջողվել է հասնել մեզ: Եթե հանդիպել ենք, ուրեմն դու կտրել անցել ես անապատը: Անհավատալի է ամայության մեջ հայտվել մարդկային խմբերի, որոնք ճանաչում են անապատի բոլոր գաղտնիքները և դրա համար կարողանում են հարատևել: Նրանց չի ահաբեկում բարբարոս արևը, քաղցի մատնվելու վերահաս վտանգը, որովհետև ճիշտ են հաշվարկում տեղումների հաճախականությունը, իսկ մի քանիսը զբաղվում են միայն լուսնի խավարման հետազոտությամբ: Արթնանում են վաղ առավոտյան: Առավել ջլապինդ տղամարդիկ զբաղվում են հողագործական աշխատանքներով, իսկ ավագները հագուրդ են տալիս ճարտարապետական գիտելիքների վերհանմանը: Պատրաստվում են ցուցասրահ կառուցել, սակայն ժամանակը չի բավականացնում իրագործելու իրենց մտադրությունը: Օազիսի բնակիչները հեռանում էին ստորգետնյա իրենց բնակարանները: Ինձ չէին հրավիրում հետևել իրենց և ես  անհարմար ազատության զգացումով վերադառնում էի մեքենայիս մոտ, նստում էի ղեկի առջև` ինձ զգում էի տանը: Գնալու որոշումս ձգվում էր մինչև երեկո: Երեկոյան սկսվում էին մեղմիկ քննարկումները, որոնք ահագնանում էին մեղվի փեթակի բզզոցի նման: Նրանք չէին վիճում, բայց աննահանջ էին ճշմարտության սեփական ընկալման մեջ: Ծերունիներից ամենաավագը ձեռքով նշան արեց նստել իր կողքին և շարունակեց լռել: Խորասուզված հայացքը ինձ չէր նկատում: Մարդկային աննշանությունն անզոր էր իմաստունի առջև: Ես խախտեցի անտանելի լռությունը, հարցրի, թե որտեղ եմ: Այնտեղ ուր քաղաքակրթության շորշոփները չեն հասնում: Տաթևի մեծ անապատում ես, քո ծագումը կարևոր չէ, բայց կռահում եմ` ինչ ես փնտրում: Նայի’ր, այս մարդկանց: Նրանք հիմնադրում են նոր աշխարհի սկիզբը: Ուզում էի մոտենալ ու շնչակտուր հարցեր տալ հետաքրքրությունս բավարարելու համար, սակայն ծերունին բարկացկոտ կանխեց շարժս. ես կխանգարեի նրանց, կշեղեի ուշադրությունն իրենց առաքելությունից, որովհետև այժմ Մտածելու ժամն է: Կարդալու, Մտածելու, Կարծիք հայտնելու ժամերին խոսքի իրավունքից զրկվում էր ցուցակի համապատասխան գիրքը չկարդացած անդամը: Իմաստունը կանխեց հարցս` նա կարդացել էր անապատի բոլոր գրքերը, նա կարդացել էր նաև մյուս գրքերը, միայն ափսոսում էր, որ չէր հասցրել վերընթերցել ապագայում գրվելիք գրքերը:

Պեղումներն իրականացվում էին մի քանի հերթափոխով: Երիտասրդ և ամրակազմ տղամարդիկ փորում էին անապատի ավազը, բահերը շրշյունով խրվում էին և դուրս գալիս անթիվ-անհամար ավազահատիկներով, իմաստունը պնդում էր, որ մոտավորապես գտել է անապատի ավազահատիկների ընդհանուր թիվը, կարող է ասել բահի ամեն հարվածից մոտավորապես քանի ավազահատիկ էր հեռացրվում գիրք գտնելու ճանապարհից, իսկ դրանց ընդհանուր թիվն ուղիղ համեմատական էր անապատի ավազահատիկի ընդհանուր թվին: Պեղումներից մանկական գանգեր էին դուրս գալիս, մարդկային ոսկորներ, սրվակների մեջ պահպանված ճիչեր, երբ բացում էին դարերի խորքից դուրս էին թողնում տղամարդկային հաղթական ձայներ, պատերազմի ժամանակ սրվակի մեջ էր պահվել հաղթական գոչյունը: Հանդիպում էին կանացի օգնություն աղերսող արտահայտություններ, որոնք սովորաբար պատմական մեծ կոտորածների ժամանակ էին լինում: Երբեմն նաև ձիու խրխնջոց և կապիկի ծիծաղ էր դուրս գալիս սրվակներից, բայց սրանք պատահական ձեռքբերումներ էին, համեմատած մագաղաթե գրքերի, որոնց էջերը խունացել էին ժամանակի ու մարդկային ատելության հզորությունից: Բայց սա աննշան մասն է այն հարստության, որ թողել էին նախնի-մարդիկ:

Տեսնո՞ւմ ես բլրակի վրայի մատուռը: Բազմահազար մոմավառությունից առաստաղը մրոտվել է, հիմա էլ դեռ պատերին պահպանվել են մոմի հետքերը: Մի ժամանակ վանականներն ապրում էին խցերում, այդպիսին էր նաև Տաթևի անապատի կենցաղի ավանդույթը: Մենք վանականների հետնորդներն ենք, նրանք արտագրում էին մատյանները, որովհետև մագաղաթյա գրքերը վերանում էին, եթե ձեռքից ձեռք, սերնդից սերունդ չփոխանցվեին: Մեծ հրդեհի ժամանակ 3846 կտոր գիրք է այրվել, քանի որ ջրհորը ցամաքել էր, իսկ վանականները չէին կարողացել մարել կրակը: Ծուխը բարձրացել էր մինչև երկինք: Ասպատակողներն անխնա կոտորել են վանքում ապաստանած բնակչությանը, ողբի և լացի ճիչերն այրվող ձեռագրերի հետ դարձել են մոխիր: Քառասուն օր հրդեհից և ավերվածություններից հետո ողջ մնացած վանականները ցույց են տվել գաղտնարան տանող ուղին: Կոտորածից մազապուրծ ողջ մանցած գրիչը մանրամասն նկարագրում է հրդեհի օրերը: Ծերունին կարդաց մատյանից մի քանի տող. «Գիտցիր, որ հողն մեջն է, ջուրն ի վերայ հողին բոլոր է, քամին ի վերայ ջրին է և կրակն ի վերայ ամենուն է»: Աղետալի իրադարձություններին հաջորդել են սովի, մարդակերության և մոռացումի տարիները: Ամեն ինչ ամայացավ և մնացին միայն գրիչների թողած տեղեկությունները: Ընթերցելու ժամին իջնում էր հավերժական լռությունը, լսելի էին դառնում անգամ իմաստունի սրտի թույլ բաբախումները: Նրա ձայնը ծերունական հուզմունքով դողում էր` ապակու տակ մագաղաթյա մատյանների լավագույն օրինակները մատնացույց անելիս: Դրանք ի զորու են հիացնել նույնիսկ ամենաքմահաճ այցելուին: Ծերունին ինձ ցույց էր տալիս անապատային կյանքը կազմակերպող շինությունները, ջրամատակարարման համակարգերը, որոնք դեռ կիսատ էին և նախատեսում էր մոտ ժամանակներում ցորենի հասկեր փորձարկել ավազի մեջ: Հրապարակի կենտրոնում ցածր թումբ կար, միակ վայրը որտեղից կարելի էր կարդալ, բարձրաձայն արտասանել սիրելի հեղինակի տողերը: Ծերունին ինձ խորհուրդ տվեց ընթերցել № 9422 կոդեքսը: Ինձ բացառիկ հնարավորությունն էր ընձեռված լինել գրքի առաջին ընթերցողը: Շքեղ նկարազարդ խորաններն ազդարարում էին մուտքը: Յոթ շարքով միմյանց կցված եռանկյունիները կամար կազմած բոցկլտում էին գունագեղությամբ: Թանկարժեք քարերի շղթան հաջորդում էր երկրաչափական զարդատարրերի ծիածանին: Կենտրոնում ծաղկաբույսերը խեղդվում էին ճոխությունից: Խորանների վերին անկյունում վայրի գազանները դուրս էին եկել գիշերային որսի: Եղջերուն հետապնդումից խուսանավելով` վերջին թռիչքն էր կատարում` նախքան գիշատչի երախում հայտնվելը: Որս չդառնալու ցանկությունը բախվում է լաբիրինթոսի վերածված ծաղկահյուսքերի և շրջանների հնազանդ միասնությանը: Սյուների խոյակներին կանգնած են մագաղաթյա գալարակ ընթերցող տիկնայք և պարոնայք: Նրանցից առավել անկաշկանդ բարքերի կողմնակից կանայք մերկացրել են ուսը` թիկնոցը նետելով գետին: Սակայն բարձրաշխարհիկ հասարակությանը` սաղավարտավոր սիրո ասպետին, կնճիռներով թագուհուն և թագը կորցրած իշխանին, անհանգստացնում է միայն Գաբրիել հրեշտակապետի արձակած տիեզերական լուրը, նույնիսկ օղակի միջով թռչող լուսանը մի պահ ետ է շրջվում մարդկանց ահագնացող քչփչոցից, ասում են Աստված տղա է ունենալու: Ես թերթում եմ  մագաղաթի էջը: Ոսկեզօծված պատերով քաղաքում Գաբրիել հրեշտակը մեղմիկ մոտեցել է Աստվածամորը` հայտնելու նրան լուրը: Նա երկնչում է դիպչել մի կնոջ ում անծանոթ է մայրանալու բերկրանքը: Տիրամոր երկար ալիքվող զգեստը քրտնել է մարմնի հուզմունքից: Նա հատակից նահանջել է ետ և կանգնել փափուկ բարձերի վրա, նրա ոտքերը մույկերի մեջ են: Տիրամայրը ընկրկում է ասելով` ինձ չդիպչես: Վախից ձեռքից ընկնում է իլիկը: Մարիամը քաղաքում միակն էր, որ խուսափել էր ծաղիկ հիվանդությունից: Բարձրյալն իր որդու համար ընտրել էր առողջ և սիրո մեջ անփորձ կին: Երուսաղեմը լռում է: Դարակազմիկ իրադարձությունները սովորական բնույթ են կրում Երուսաղեմի փողոցներում: Այստեղ տների պատուհանները նայում են աշտարակներին: Ժամանակը սուղ է, մութն ընկնելուն պես պատկերները անէանում են, ինձ №9422 կոդեքսը դարձրեց ընթերցող: Իրիկնամուտին դեռ կայծկլտում էին տիրամոր լուսապսակի զմրուխտե քարեհատիկները: Եվ ինչպես է մանրանկարիչը համադրել ազնվականը անսահմանության հետ: Ձեռագրերից կրթված իմաստունները ժամանակի ընթացքում նմանակում էին սրբերի կյանքը` բնության հետ ծերանալու համերաշխությունը փոխանցում մեկը մյուսին:

Ես ավազը ձեռնափով տարածում էի շուրջս և ամեն անգամ ինձ թվում էր` ահա լուսապսակի թանկարժեք քարեր եմ հայտնաբերելու: Ձեռագրի էջերը թերթում էի դանդաղ, համոզված էի, որ հաջորդ էջում նոր բացահայտումներ եմ գտնելու: Կանաչով ներկված խորանները գծագրում են երկնքի ու երկրի սահմանը, արևից վեր դրախտային անհնարին ճամփորդության պարագայում ձգվում է տիեզերքը  ծաղիկների և եռանկյունիների մեջ: Ես ցանկանում եմ տիեզերք նկարել սովորել: Գրքերից բացի լցնել դատարկությունը գույներով, ինչը ենթադրում է ժամանակի փոփոխության նոր ընկալում, մենության տարողունակության ճանաչողություն: Ծերունին վստահ չէր, որ հնարավոր է տիեզերք նկարել, նույնիսկ Քյամալ-ալ- Մոլքը` դերվիշների երկրի նկարիչը, ամբողջ կյանքի ընթացքում չէր համարձակվել իրագործել: Տիեզերքը խաբկանք է թվում, հավերժության միջով անցնող անվերջ թունել: Մարդկային կյանքը չի բավականացնում բացահայտել տիեզերքում մեռնող և հարություն առնող կայծուռիկների հանելուկը: Մահը վրա է հասնում հանկարծակի, և առավել չծրագրավորված, քան տրվում է ծնունդը: Եթե մեծագործությունները մահվամից հետո շարունակում են ապրել, ուրեմն ավարտը վերջը չէ և երկնքում  փայլատակելու է  անվանական աստղը:

No Comments

Post A Comment