Ագուստին Գոմեզ-Արկոս | Agustín Gómez-Arcos

Ագուստին Գոմեզ-Արկոս | 1939-1998թթ., Իսպանիա


Գիշատիչ գառը
(հատված վեպից)

Աչքերս փակ են:

Ոչ մի պատկեր չպետք է կանգնի իմ  և այն մեկի միջև, ում սպասում եմ, չպետք է կաշկանդի իմ հույսը կամ իմ հուշերը: Ես ուզում եմ դատարկություն:  Ինձ տարածություն է հարկավոր քաջ ծանոթ անցյալի և ներկայի միջև, և ես գաղափար չունեմ, թե ինչ է ինձ սպասում:

Ի՞նչ օր է այսօր: Ես նույնիսկ չեմ համարձակվում ինքս ինձ հարցնել: Վերջիվերջո, ինչու՞ պետք է հարցնեմ: Գիտեմ` ուղեղս լցված է հակասական պատասխաններով, որոնք պատրաստ են հայտնվել ու շփոթություն տարածել: Ամենօրյա անորոշության մեջ դու մտածելու ժամանակ  ունես: Հանկարծահաս հուսահատության մեջ ոչինչ չկա… Որովհետև այսօր չորեքշաբթի է` գարնան առաջին օրը` վերածննդի ժամանակը, որը կկանխորոշի իմ ապագան: Վերջապես…

Բացում եմ աչքերս ու նայում այն մահճակալին, որ պատված է հին օրերի սավաններով, սավաններով, որոնցից դեռ Կլարայի սերկևիլի հոտն է գալիս, բայց ես չեմ տեսնում ո՛չ սավանները, ո՛չ մահճակալը. ես տեսնում եմ մի մարմին, քո մարմինը` բարձր ծառի նման ամուր, կուսական բնության պես չվնասված, քրտինքի այն բարակ շիթը, որ նույնիսկ իմ հիշողության մեջ միշտ հոսում է  կրծքավանդակիցդ մինչև պորտդ, ամառ լինի, թե ձմեռ, գալարվում է դեպի կոնքերդ` իր հետ տանելով լույսի շողեր: Աչքերս բաց են, բայց ինձ միայն հին տեսիլքներն են այցելում` ապագայի այդ հուշերը:

Սակայն սա հենց այն է, ինչ ես ուզում եմ: Սա է իմ կամքը: Այն վերստեղծում է այն օրը, երբ ես Փարիզում ստացա քո հեռագիրը. «Գարնան սկզբին ես վերադառնում եմ տուն: Կհանդիպենք այնտեղ»:

Անհեթեթ մանրամասներ. քո հեռագիրը` լցված անպետք ու թանկարժեք բառերով, հասավ ինձ, երբ ես ոչ մի կոպեկ չունեի, երբ ես հրաժարվել էի ամեն ինչից: Այդ ավելորդ բառերի վրա ծախսած գումարով մտածեցի, որ կարող էի  գնել մի քիչ ֆրի ու նրբերշիկ`Փարիզում աղքատի խնջույք, ու վրայից էլ մի գավաթ գարեջուր: Դու կարող էիր ասել. «Գալիս եմ տուն: Սպասում եմ քեզ»: Կամ պարզապես. «Տուն արի՛»: Ես կարող էի ինձ ծխախոտ գնել: Եվ գրողը տանի՛, արդեն մարտի 15-ն էր: Ճանապարհը կտևեր ընդամենը երկու օր, հետևաբար ու՞մ էր պետք ստույգ ամսաթիվը: Ոչինչ չէր կարող ինձ խոչընդոտել:  Ինչու՞ «գարնան սկզբին»: Վենեսուլայում երևի հեշտ ու արագ են փող վաստակում:

Բայց հետո ես հասկացա: «Գարնան սկիզբը» հույսի ծածկագրված ուղերձ էր: Մարտի 21-ը իմ առաջին հաղորդության օրն էր, մեր առաջին իրական գրկախառնւթյան օրը թիթեռների քուլաների մեջ:  

Ես կառչում եմ այդ անորոշությունից: Իմ ամեն կիսամեռ բջիջ արթնանում է կյանքի այս վերջին ջղաձգումից: Վրեժի իմ ճիչը սրբեց սպասավորի վարձածս սենյակից (յոթերորդ հարկ, ոչ վերելակ, ոչ հոսող ջուր, ոչ ջեռուցում) ամենօրյա հուսահատության բոլոր հետքերը, ու ես դասավորեցի իմ ճամպրուկը: Վազեցի կայարան ու մի տոմս գնեցի: Նպատակակետը` ԴՈՒ:

…Ես ոչինչ չէի ուտում: Ոչինչ չէի խմում: Միայն ծխում էի: Գնացքներով ու նիկոտինով լցված երկու օր, որպեսզի ամբողջ կյանքս ետ վերադարձնեմ: Երկու կարճ անվերջանալի օր:

Գյուղի խանութում միաժամանակ և՛ բաց, և՛ փակ աչքերով ես մի կտոր օճառ գնեցի, որի բույրը արդեն յոթ տարի է, ինչ հիշում եմ, քեզնից էի առնում: (Ես այլևս չգիտեմ` արդյոք քո բույրն էր, թե օճառինը: Մայրիկը սովորաբար գնում էր դրանք վեցհատանոց տուփերով, ըստ նրա` միայն հոտի պատճառով: Բայց ես միշտ ամեն ինչ շփոթում եմ, դեռ մանուկ հասակից` քո շնորհիվ, դու էիր մեղավոր, ես երբեք չէի կարողանում երկուսն իրարից տարբերել: Այս տարիների ընթացքում, երբ քո մասին հուշերը համառ մուրացկանի պես կառչել են ինձնից, ես էլի չեմ կարողանում: Հիմա, երբ էությանս ամենախորքերում քարացել եմ, բույրերի ալիքը կլանում է ինձ` քո բույրը: Հոտերի պատառիկները պարուրում, թունավորում է ինձ քո հոտը: Ուրեմն, ինչպե՞ս կարող եմ ես ընտրել Մորս խոսքերի և իմ հուշերի ճշգրտության միջև):

Ես գնացի լոգասենյակ, մինչև վերջ բացեցի ծորակները ու մերկ սպասեցի, որ լոգարանն ամբողջությամբ լցվի տաք ջրով: Ներս ցատկեցի, էլի ու էլի ու էլի օճառեցի ինքս ինձ… Այնքան շատ նոր հոտեր պետք է մաքրեի, եթե ուզում եմ վերադարձնել իմ ու քո բույրը: Բոլոր հինգ օրերն էլ օճառում էի ինձ` ուրբաթ, շաբաթ, կիրակի, երկուշաբթի ու կրկին այս առավոտ… Ես տրորում էի անվերջ ու անդադար, որպեսզի մաշկս դառնար այնպիսին, ինչպիսին եղել էր մանուկ տարիքում: Սրանք երեխայի մազեր չեն, բայց դու ծանոթացար դրանց յոթ տարի առաջ` մեր վերջին հրաժեշտի օրը: (Իմ հրաժեշտը` տաք արյան այդ հեղձանքը, որը խրված մնաց կոկորդումս, իսկ քոնը դուրս թռավ, կարծես, սառցե ապտակ լիներ):

Այո՛, ես զառանցում եմ: Կարո՞ղ ես ինձ մեղադրել…

Անգլերենից թարգմանեց Արմինե Դանիելյանը

No Comments

Post A Comment