Տանյա Հովհաննիսյան


Տանյա Հովհաննիսյան | 1948-1988թթ., Հայաստան


*
Եվ աչքերս թաց են,
և սիրտս` կոտրված ափսե,
և ձեռքերս` դողով բռնված,
էլ ինչպես երկարեմ դեպի արևածաղիկը,
և ոտքերս` դողով բռնված,
էլ ինչպես դուրս գամ ճանապարհ:
Որովհետև միստր ճակատագիրը
ձաղկել է մեջքս մերկ –
որպես մի ձիու մեջք մերկ –
ու դեռ պտտվում է օդում
խնդմնդալով –
դաժան ճիպոտն իր քամահրանքի –
սև, օձաձև:

Էլ ինչպես դուրս գամ ճանապարհ –
ոտքերի տակից, ծեծված ու մեռած ու ամոթահար:
Բայց ես ահա թաքուն նայում եմ
ոչ թե ետ – այլ` առաջ,
ուր ինձ թվում է` կանգնած ես դու –
կարմիր բլուզով
ու կանչում ես – զգացումի պես կարմիր:
Եվ ես ջոկում եմ զգեստներիս մեջ ամենագեղեցիկը
ու հասկանում եմ, որ ճակատագրից անդին էլի օր կա
ու – ճանապարհ, գիր ու պարտեզ, –
ծաղկում է պարտեղ:
ինչպես` փակ պարսպից այն կողմ
Եվ ես, մերկ ու ցավոտ,
պարզում եմ մեջքս –
որ համբուրես կապտուկներս
ցավս – ճակատագրից
այն կողմ, ճակատագրից հեռու,
անդին ու դուրս:


*
Ձյան տակ –
Ծառի տակ –
Անգույն մի բան կա,
Անձև, –
Հետո – երբ ես ու դու գրկում ենք իրար
Ու բարձրանում – նստում ենք
Ծառի ամենավերին ճյուղին –
Որ բոլորն են տեսնում, –
Ասում են` դա բողբոջն է,
Ասում են` ծառը բողբոջել է… 

 

*
Ծիտո –
կնոջ կրծքով ճերմակ ու բաց –
փռված սալ քարին-այլեւս անշունչ,-
հիմա դու տես, թե
քանի լաց պիտի լամ ես այսօր –
քանի ողբ ու կական, –
մեկ, որ լռեց ծլվլոցդ,
և մի դրախտ լռեց, –
մեկ, որ- լեշդ անլվա- մեջտեղում
խայտառակ ընկած- մի մեռել ես անպատիվ,
և վերցնող չկա,
և չեն էլ թքում քո վրա,
երբ անցնում-գնում են դրանք փայլփլելով –
դեպի կենտրոն, հրապարակ, պառնաս,
աթոռանիստ –
վերև – դեպի հավերժը գագաթի, –
և մեկ էլ, ծիտո – ամենակարեւոր լացը`
որ – ես նույնպես,
ես – որ դեռ բարի եմ, խիղճ ու տեսքով մարդու-
աչքս նրանց վերեւ տնկած աչքին տնկելով,
ես նույնպես չթքեցի վրադ
և նույնպես անցա-գնացի նրանց հետ`
դեպի վերեւ, դեպի հավերժը գագաթի:
Ամենաթունդ լացը այսօրվա, ծիտո-
այո՛, իմ վրա է,
որ ես ողորմելի մի հետեւող եմ,
մի բարի, մի լղրճուկ բարի- բայց մի
քստմնելի օրինակ վերցնող,
մի անսկզբունք շարժվող
անողնաշարավորների դասից,
մի անլեզու, անբերան անասուն
հոտի անդամ,
կոլեկցիոների մանրադիտակի տակ հազիվ
շարժվող
– մի միկրոբ
մի քեզանից առավել- անշունչ, սատկած
անլվա լեշ, –
որ իբր թե – ամոթու,
որ իբր թե – ինչպես կարող եմ հասարակությանը
զանգվածային չհետևել –
երբ հասարակությունը, անզգա զանգվածը – այլևս –
այս կողմ է շարժվում,
ոչ թե այն կողմ, ծիտո,
իբր թե – թեկուզ թքած իմ անհատական- մարդկային
խղճի ու սրտի վրա, – որ ներքուստ
քո կողմն էր շարժվում –  ծի-տո, –
քո կողմը…


*
Ես սրան եմ ծաղիկ տալիս,
և նրան –
դեռ չգիտեմ,
և այս պատն եմ զարդարում և այն պատը,
և այս դռանն եմ, և այն:
Դեռ գործ անել չգիտեմ,
դեռ սահուն վալս պարել չգիտեմ,
ականջօղեր եմ կախում մարգարիտ,դեռ համեմունքները կարգին չեմ ջոկում,
բայց եղունգներս են սուր,
ուղիղ գիծ քաշել և ճկուն ու ամփոփ շրջագիծ – չգիտեմ,
խառնում եմ իրերը,
դեռ արդարագործ, արդարադատ չեմ:
Սրբում եմ կոշիկներիս փոշին,
հատակն անավլել եմ թողնում,
մայրս ինքն էլ քիչ գիտեր,
քույրս ինքն էլ կարիքի մեջ էր,
մի քիչ սովորում եմ օտար լեզուն,
ճանապարհին մայրենիս եմ մոռանում,
ես դեռ սխալ-մխալ եմ դասավորում,
ես դեռ կարգին տանտիկին չեմ,
ես դեռ կարգին հագնվել, կերակրվել,
նիստուկաց, բարև-աստծուբարին,
ազգուտակ, պատմություն, աշխարհագրություն –
չգիտեմ,
դաշնամուր եմ նվագում երեկոներին –
որդուս հետ խոսքի գալ դեռ չգիտեմ,
դեռ փողոցն անցնել, հյուր գնալ,
թատրոն նայել, աչքերին նայել ու ասել,
քննարկել, ելնել ու կանգնել, բարձրանալ չգիտեմ, –
հայրս ինքն էլ անօգնական էր ամեն հարցում,
եղբայրս էլ հավետ գառ մնաց,
ընկերս արմունկով անշնորհք հրում էր
զուգահեռ ընթացքիս ժամանակ,
և այն կինն անճոռնի աղմուկով
ինչ-որ խփշտում էր համերգի ժամանակ, –
նրանք ինձ ինչ տվեցին – չգիտեմ:
Ես ծարավի եմ, խակ ու անդուռ,
շարժումներս բացազատված չեն,
բնատուր խելքս չծաղկեց,
զգացմունքներս չեն բուրում,
շնորհքներս խեղճ են ու քնած,
կեցվածքս ու կյանքս տարերային ու խճողված:
Պռատությունը ինձնից չի պոկվում,
թերարժեքության պատանքի մեջ եմ,
և վտանգված եմ – ինքս ինձ չսիրելու դառնաղի թույնով:
Սնունդ եմ ընդունում, կերակրվում – խառն ու կոպիտ,
վերջում որովայնս է մղկտում, ցավից գալարվում,
մարմինս է վատթար եղծվում – անտեր, –
և հարևանս էր տաճարից հեռու,
և բարեկամս էր անարվեստ կենցաղ, –
այդպես էլ մնում եմ անմշակ, անտաշ ու աղավաղված,
անկարգին և չկարգված և անդաստիարակ`
իմ ծնող, իմ ընկեր, հարևան և նաև երկիր, –
ձեր կողմից –
մեկընդմիշտ խափանված, –
և ձեզանից – կարծես թե`
դեռ ոչինչ –
չսովորած: –

Երկտող մանկիկիս

Փոքրիկս, ճիշտն ասած – ես այսօր ժամանակին տուն չեմ գա,
մի տեղ կուշանամ – լավ ու սիրուն, ազատ ու անուշաբույր,
անփույթ ու անկաշկանդ, երանավետ ու անդրերկրային մի տեղ,
մի խելքից դուրս տեղ…
Թեև մայրերը կիրակի չունեն- ես այսօր ինքս պիտի տրվեմ
այդ կարմիր օրվան, ազատ կիրակիին, –
և ոտքերս ահա խելառ պիտի պարեն անհոգ դաշտի մեջ,
և թևերս են այսօր թիթեռներ անբեռ, եւ սիրտս է`
նորից աղջիկ,-
ցնդած երազում նոր սեր:
Թե քեզ ո՞վ պիտի խնամի այսօր- չգիտեմ,
ես ո՞ւմ հույսին եմ քեզ թողել- չգիտեմ,-
չպիտի հաց թխեմ- վազվզեմ, ջուր բերեմ- վազվզեմ,
ես այսօր չպիտի շտապեմ, չպիտի խառնվեմ,
չպիտի վշտանամ գունատ երեսիդ նայելով,
չպիտի տագնապեմ, մոլորվեմ, խճճվեմ, կորչեմ:
Այսօր ես պարտք ու պատավորություն գցել եմ
ուսերիցս- հարբեցողի պես կիրակի եմ անում:
Ո՞ւր եմ գցել, հենց այդ չգիտեմ-
տղաս, թե հայր չունես,- այս կիրակի մորիցդ էլ զուրկ մնա,
չեմ խռովում, եւ ի՞նչ վրեժ, կամ ի՞նչ մաղձոտություն ու թույն-
ինձ չէ վայել, կամ քեզ որբ չեմ ասում-
չէ, քավ լիցի- ծնվելուց հետո արդեն- ծնունդ առած մարդուն
որբ չեն ասի,
և այս էլ կա – ճիշտ է, այսօր կիրակի եմ անում,
բայց պայմանով` փորձի օր է այսօր` փորձի ու փորձության-
տեսնեմ- քեզ ով պիտի պահի, նայի այսօր…
Տուն դառնամ, տեսնեմ- սովահար չես եղել,
գունատ երեսդ կարմիր է, կլոր,
տուն դառնամ, տեսնեմ,- առույգ ես, ժպտերես, ժիր,
երեխաների խմբի մեջ ես,-
քեզ չեն նայում` իբրեւ լքվածի ու որբի…
Օ, ես համոզված եմ, այսպես կլինի-
ես կիրակի կանեմ, իսկ դու չես կորսվի,-
ախ, փոքրիկս,- ես ո՞ւմ ասեմ խոսքը
շնորհակալության,
քամո՞ւն, ծառի՞ն ու օրվա՞ն,
քեզ ու հարեւան տատիկի՞ն, բառի քեռիների՞ն,
անցորդ մի աղջկա՞, դաշտի մեջ կարմիր մի կովի՞,
ուրիշ հայրիկների եւ պայծառաչվի ծիծեռնակի՞ն,
որ քեզ գուրգուրեցին, փայփայեցին- մինչեւ կիրակիս արի…
Ես այս էի ուզում տեսնել, տեսնել էի ուզում-
թե երբ չլինեմ, ինչպիսին է լինելու մարդությունը այնժամ:
Օ՜, ես պահել եմ խոսքը երախտիքի,
որ շուտով պիտի ասեմ:

No Comments

Post A Comment