Ջեյմս Ջոյս | 17 հետաքրքիր փաստ

Ջեյմս Ջոյս | 1883-1941թթ., Իռլանդիա

17 հետաքրքիր փաստ Ջոյսի կյանքից

1. 1882թ. ծնվել է ոչ միայն Վիրջինիա Վուլֆը, այլ նաև Ջեյմս Ջոյսը: Երկուսն էլ առաջին անգամ հրապարակվել են 1920թ. և թվերի համակեցությունը չխախտելու համար նույն տարում էլ մահացել:

2. Հինգ տարեկանում Ջոյսի վրա էր հարձակվել հարևանի շունը, ու դրանից հետո նա ամբողջ կյանքում վախենում էր շներից:

3. Ջոյսի սարսափներից էին նաև ամպրոպն ու կայծակը: Իսկ վախեցրել էր դայակը՝ ասելով, թե դա Աստծո զայրույթն է՝ ուղղված փոքրիկ տղային: Այդ վախը ևս ուղեկցեց նրան ողջ կյանքում, իսկ «Ֆիննեգանի հոգեհացը» վեպում նա հորինում է 100 տառանոց մի բառ, որով նկարագրում է ամպրոպն այն պահին, երբ Ադամն ու Եվան վռնդվում են դրախտից: Բառն այդ հնչում է չգիտեմ՝ ոնց, բայց գրվում է այսպես՝ Bababadalgharaghtakamminapronnkonnbronntonnepronntuonnthunntrovarr
hounawnskawntoohoohoordeenenthurnuk:

4. Նա հրաշալի երգում էր, ուներ տենորային ձայն, նվագում էր կիթառ ու դաշնամուր:

5. Տանել չէր կարողանում, երբ ջահել գրողները խնդրում էին լսել կամ կարդալ իրենց գրածները: Ուիլյամ Բաթլեր Յեյթսը բացառություն չէր: Նա տենչալով տենչում էր, որ Ջոյսը գոնե մի րոպե տրամադրի իրեն, Ջոյսն էլ ամեն կերպ խուսափում էր հանդիպումից: Մի անգամ փողոցում Յեյթսը բռնացնում է Ջոյսին ու… «Փողոցում քայլող ամեն ապուշ ավելի հետաքրքիր է ինձ, քան քո գրած բանաստեղծությունը», – ասել էր Ջոյսն ու հարցը փակել:

6. Ջոյսն արագությամբ էր լեզուներ սովորում, թեև որոշ լեզուներ ինչ արագությամբ սովորում էր, նույն արագությամբ էլ մոռանում էր: Օրինակ՝ որպեսզի բնագրով կարդար Չեխովին, նա շատ արագ ռուսերեն է սովորում, բայց ավելի ուշ խոստովանում է, որ ռուսերենից միայն բարևն ու հաջողն է հիշում: Այնուամենայնիվ, նա գիտեր մոտ 30 լեզու, այդ թվում՝ հին անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, իտալերեն, եբրայերեն, ռուսերեն, ճապոներեն, չինարեն, ֆիններեն և այլերեն:

7. Նա սիրում էր փաբերում խմել: Հեմինգուեյն էլ էր սիրում: Բայց ի տարբերություն բոյով, բռնցքամարտիկ Հեմի՝ Ջոյսը թուլակազմ էր: Ու եթե խմած ժամանակ մեկի հետ վիճաբանում էր, արագ թաքնվում էր Հեմի թիկունքում ու բարձրաձայն բղավում՝ ներիր նրան, Հեմինգուեյ, ներիր նրան:

8. 1904թ. հունիսի 10-ին Ջոյսը հանդիպում է Նորա Բարնաքլին, հունիսի 16-ին գնում են ժամադրության, ու Ջոյսը հասկանում է՝ վերջ, գտել է իր միակին: Իհարկե, միակի հետ պաշտոնապես ամուսնանում է 27 տարի անց, այն էլ փաստաբանի հորդորով՝ ժառանգության հետագա դժվարություններից երեխաներին ազատելու համար:

9. Ջոյսն ու Նորան պարբերաբար տեղափոխվում էին, միայն Փարիզում 19 հասցե են փոխում: Մի կարճ շրջան ապրում են Ցյուրիխում (առաջին համաշխարհայինի ժամանակ, ապա երկրորդ աշխարհամարտի սկզբին): Ի դեպ, Ջոյսը վաղ տարիքից էր սովոր թափառաշրջիկ կյանքին: Երբ նրա հայրը դժվարանում էր վարձով տան վճարը մուծել, ընտանիքը գիշերով հավաքում էր իրերն ու թաքուն այլ երկիր տեղափոխվում:

10. Իռլանդիայի առաջին մասնագիտացված կինոթատրոնը բացել է հենց Ջոյսը: 1909թ. Տրիեստում ծանոթացած Ջոյսի գործարար ու հարուստ մտերիմների աջակցությամբ Դուբլինում փորձարկվում է առաջին կինոթատրոնը, բայց ծրագիրը բաղկացած էր իտալական ու ֆրանսիական ֆիլմերից, ինչը բարկացնում է իռլանդացիներին ու հարուցում վերջիններիս դժգոհությունը:

11. Մինչ Ջոյսը կինոթատրոն էր բացում, Նորան Տրիեստում էր, ու կարոտը խեղդում էր սիրահար զույգին: Նրանք ցանկահարույց նամակներ էին գրում՝ չխուսափելով խիստ անպարկեշտ ու կրքոտ նկարագրություններից:

12. 1922թ. մայիսին Ջեյմս Ջոյսն ու Մարսել Պրուստը հրավիրված էին ընթրիքի: Ի դեպ, այդ նույն ընթրիքին ներկա էին նաև Ստրավինսկին ու Պիկասոն: Ջոյսի «Ուլիսը» նոր էր լույս տեսել, ինքն էլ 40 տարեկան էր: Ծանոթացան ինքն ու Պրուստը, հազար ու մի բանից խոսեցին, հատկապես՝ իրենց հիվանդություններից, մինչև որ պարզեցին, որ Ջոյսը ոչ մի տող չի կարդացել Պրուստից, Պրուստն էլ՝ Ջոյսից…

13. Կյանքի ընթացքում Ջոյսը 25 անգամ վիրահատել է աչքերը, ցավոք, վիրահատություններից ոչ մեկն արդյունավետ չի եղել: Կատարակտն ու գլաուկոման խրոնիկ էին: Ցավերին դիմանալու համար օգտագործում էր մորֆին ու կոկաին, իսկ աչքերին տզրուկներ էին դնում: Որպեսզի կարողանար ձեռագրերում ուղղումներ անել, պառկում էր հատուկ թեքությամբ ու աչքերը նեղացնելով՝ փորձում տեսնել:

14. Կյանքի վերջում՝ 1930-40-ականներին, Ջոյսը համարյա կուրացավ: Նա չէր կարողանում առանց օգնականի տեղաշարժվել. անընդհատ խփվում էր տան կահույքին: Ջոյսի աղջիկը հիշում էր, թե ինչպես էր հայրը լաց լինում. նա այլևս չէր կարող գրել:

15. Ջոյսին անչափ օգնում է ջահել Բեքեթը: Նա բարձրաձայն կարդում էր Ջոյսի համար, իսկ ավելի ուշ համաձայնում է դառնալ նաև նրա գրագիրը: Ջոյսը թելադրում էր, Բեքեթը՝ գրում:

16. Երբ հին ու բարի Իռլանդիայից գալիս էին մարդիկ՝ կույր Ջոյսին տեսակցության ու փորձում էին նրա հետ խոսել գրականությունից, Ջոյսը զրույցի թեման փոխում էր և հարցուփորձ անում Դուբլինի խանութներից ու փաբերից: Նա ստիպում էր մարդկանց հերթականությամբ նշել Ամյենս փողոցի ամեն խանութն ու խանութատիրոջը ու այդպես մինչև մինչև Նելսոնի սյունը:

17. Ջոյսի վերջին խոսքերն էին՝ մի՞թե ինձ ոչ ոք չի հասկանում…

No Comments

Post A Comment